Բարի լուրին արժանի կերպով վարվեք
1, 2. Ինչպե՞ս կարող ենք բարի լուրին արժանի կերպով վարվել և ինչո՞ւ պետք է այդպես վարվենք։
1 Որպես Եհովայի վկաներ՝ մենք ցանկանում ենք փառք բերել Աստծու անվանը։ Գաղտնիք չէ, որ մեր վարքը, խոսքը, հարդարանքն ու հագուկապը կարող են ազդել ուրիշների՝ ճշմարիտ երկրպագության վերաբերյալ ունեցած տեսակետի վրա։ Հատկապես պետք է ուշադիր լինենք, երբ ներկա ենք ժողովի հանդիպումներին։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն, ինչ ասում կամ անում ենք հանդիպումների ժամանակ, վայել է բարի լուրին և փառք է բերում Եհովային (Փիլիպ. 2։4)։
2 Հագուկապի և հարդարանքի վերաբերյալ աշխարհում ընդունված չափանիշների մեծ մասը անընդունելի է քրիստոնյաների համար։ Բարի լուրի քարոզիչները պետք է լրջորեն մոտենան այս հարցին։ «Դիտարանի» 1989թ. հունիսի 1-ի համարում ասվում էր. «Պարտադիր չէ, որ թանկարժեք հագուստ կրենք, բայց կարևոր է, որ այն լինի մաքուր, ճաշակով և համեստ։ Մեր կոշիկները նույնպես պետք է լավ վիճակում լինեն և թարմ տեսք ունենան։ Ժողովի ցանկացած հանդիպման հաճախելիս մեր մարմինը պետք է մաքուր լինի, իսկ հագուկապը՝ կոկիկ ու վայելուչ»։
3. Ի՞նչ ենք ցույց տալիս, երբ ժամանակին ենք գալիս հանդիպումներին։
3 Մեր սերն ու հարգանքը կարտահայտենք հավատակիցների նկատմամբ, եթե ձգտենք չուշանալ ժողովի հանդիպումներից։ Երբեմն անսպասելի իրավիճակների պատճառով գուցե չկարողանանք ժամանակին հասնել ժողովի հանդիպմանը։ Սակայն եթե դա սովորություն դարձնենք, ցույց կտանք, որ չենք գիտակցում այդ միջոցառման վեհությունը և որ չենք հարգում ուրիշներին։ Նրանք, ովքեր ուշանում են, հաճախ շեղում են ներկաների ուշադրությունը և թույլ չեն տալիս նրանց լիարժեքորեն օգուտներ քաղել ծրագրից։ Մինչդեռ երբ ժամանակին ենք գալիս, ցույց ենք տալիս, որ հարգում ենք մեր հավատակիցներին և մտածում ենք նրանց մասին։
4. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել ուրիշների նկատմամբ հանդիպումների ընթացքում։
4 Եթե հասկացել ենք մերձավորին սիրելու սկզբունքը, ժողովի ընթացքում կխուսափենք մեր հավատակիցների ուշադրությունը շեղելուց։ Շշուկով խոսելը, ինչ-որ բան ուտելը, ծամոն ծամելը, աղմուկով թերթելը և անհարկի զուգարան գնալը կարող է խանգարել մյուսներին կենտրոնանալ քննարկվող նյութի վրա և պատճառ հանդիսանալ, որ նրանք պատշաճ հարգանքով չվերաբերվեն Եհովայի երկրպագության վայրին։ Տեղին չի լինի հանդիպման ժամանակ զբաղվել ժողովի գործերով կամ զրուցել ուրիշների հետ (խոսքը չի վերաբերում արտակարգ իրավիճակներին, երբ անհրաժեշտ է լինում, որ եղբայրները վեր կենան իրենց տեղից)։ Մնացած դեպքերում բոլորը պետք է նստեն և լսեն ծրագիրը, որպեսզի թե՛ իրենք և թե՛ իրենց ընտանիքի անդամները օգուտներ քաղեն։ Թագավորության սրահում անքաղաքավարի վարվելակերպ ու շարժուձև չպետք է դրսևորենք, քանի որ «սերը.... անպատշաճ վարմունք չի ունենում» (1 Կորնթ. 13։4, 5; Գաղ. 6։10)։
5. Ի՞նչ կարող են անել ծնողները հանդիպումների ժամանակ։
5 Մեր երեխաների լավ վարքը, որ դրսևորում են հանդիպումների ժամանակ, փառք ու պատիվ է բերում Եհովայի անվանը։ Ինչ խոսք, այս հարցում մեծ դեր են խաղում ծնողները, որոնք պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ։ Նրանք պետք է քաջալերեն երեխաներին լսել ծրագիրը և մեկնաբանություններ տալ։ Շատ ծնողներ, ովքեր փոքրիկ երեխաներ ունեն, նախընտրում են զբաղեցնել այն տեղերը, որտեղից կարող են առանց ուրիշների ուշադրությունը շեղելու հեշտությամբ դուրս գալ և հոգալ իրենց երեխաների կարիքները։
6. Պողոս առաքյալի ո՞ր խորհրդին պետք է ուշադրություն դարձնենք։
6 Պողոսը նախազգուշացրեց. «Բարի լուրին արժանի կերպով վարվեք» (Փիլիպ. 1։27)։ Եկեք ուրեմն ժողովներ հաճախելիս ձգտենք լինել քաղաքավարի և նրբանկատ։ Եթե բոլորս համագործակցենք այս հարցում, ապա կարող ենք վստահ լինել, որ «փոխադարձ քաջալերություն կստանանք միմյանց հավատով» (Հռոմ. 1։12)։