Լավ շարժուձևը՝ Աստծո ժողովրդին բնորոշ մի գիծ
1 Լավ շարժուձևը այսօր հազվադեպ բան է։ Իսկ ինչո՞ւ։ Մարդիկ այնքան զբաղված են լինում, որ թերևս հազվադեպ են մտածում քաղաքավարության մասին՝ ասելու համար «խնդրեմ», «շնորհակալություն» կամ «ներեցեք» բառերը։ Աստծո Խոսքում նախագուշակվել է վերջին օրերում բարքերի անկման մասին և նշվում է, որ մարդիկ կլինեն ‘անձնասեր, հպարտ, ամբարտավան, անշնորհակալ, անհաշտ, անժուժկալ, անբարեսեր և հանդուգն’ (Բ Տիմոթ. 3։1–4)։ Այս բոլոր գծերը վատ շարժուձևի դրսևորում են։ Որպես Աստծո ժողովուրդ՝ քրիստոնյաները պետք է զգոն լինեն, որպեսզի չորդեգրեն աշխարհի վարքը՝ մարդկանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը։
2 Ի՞նչ է շարժուձևը։ Լավ շարժուձևը կարելի է նկարագրել որպես մարդկանց զգացմունքների մասին իրազեկություն, ուրիշների հետ խաղաղությամբ ապրելու կարողություն։ Լավ շարժուձևի դրսևորումներ են ուշադրությունը, քաղաքավարությունը, բարությունը, բարեհամբույրությունը, նրբանկատությունը և հոգատարությունը։ Այս գծերը սկիզբ են առնում Աստծո և դրացու հանդեպ սիրուց (Ղուկ. 10։27)։ Դրանք ցուցաբերելը զոհեր չեն պահանջում, բայց և ամեն բան արժեն, երբ խոսքը վերաբերում է ուրիշների հետ հաղորդակցության կապերն ավելի ամրացնելուն։
3 Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ թողեց։ Նա միշտ կիրառում էր Ոսկե կանոնը. «Ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց» (Ղուկ. 6։31)։ Արդյոք մեզ չի՞ հիացնում աշակերտների հետ Հիսուսի հոգատար և սիրալիր վերաբերմունքը (Մատթ. 11։28–30)։ Նրա լավ շարժուձևերը էթիկայի գրքերում արձանագրված կանոնների վրա չէին հիմնված։ Դրանք նրա անկեղծ ու մեծ սրտից էին բխում։ Մենք պետք է ջանանք հետևել նրա հիանալի օրինակին։
4 Ե՞րբ պետք է քրիստոնյաները լավ շարժուձև դրսևորեն։ Միայն հատուկ առիթների ժամանա՞կ, երբ ցանկանում են լավ տպավորություն թողնել ուրիշների վրա։ Միայն այն դեպքում, երբ փորձում են ազդե՞լ ուրիշների վրա։ Ո՛չ։ Մենք պետք է լավ շարժուձև ցույց տանք ամեն ժամանակ։ Իսկ ի՞նչ կերպերով հատկապես պետք է ցույց տանք, որ մտահոգված ենք այդ հարցով ժողովում մյուսների հետ հաղորդակցվելիս։
5 Թագավորության սրահում։ Թագավորության սրահը մեր երկրպագության վայրն է։ Մենք այնտեղ գնում ենք Եհովա Աստծո հրավերով։ Այդ առումով՝ մենք հյուր ենք (Սաղ. 15։1, ՆԱ)։ Թագավորության սրահում դրսևորո՞ւմ ենք մեզ որպես օրինակելի հյուրեր։ Ինչպես հարկն է ուշադրություն դարձնո՞ւմ ենք մեր հագուստին ու արտաքին տեսքին։ Անշուշտ, մենք պետք է խուսափենք անփույթ և ծայրահեղական հանդերձանքից։ Թե՛ համաժողովներին և թե՛ ժողովի շաբաթական հանդիպումներին հաճախելիս Եհովայի ժողովուրդը աչքի է ընկել իր հարգանք ներշնչող արտաքին տեսքով, որը հատուկ է նրանց ովքեր ակնածանք են ցույց տալիս Աստծո հանդեպ (Ա Տիմոթ. 2։9, 10)։ Այսպիսով՝ մենք պատշաճ ուշադրություն և հարգանք ենք ցուցաբերում և՛ երկնային Տանտիրոջ, և՛ մյուս հրավիրվածների նկատմամբ։
6 Հանդիպումների հետ կապված լավ շարժուձև դրսևորելու մեկ այլ կերպը ժամանակին գալն է։ Իհարկե, դա անելը միշտ հեշտ չէ։ Հնարավոր է, որ ոմանք շատ հեռու են ապրում Սրահից կամ թերևս մեծ ընտանիք ունեն և ընտանիքի անդամներին պետք է պատրաստվել ժողովի գնալու համար։ Այնուամենայնիվ, նկատվել է, որ որոշ ժողովներում քարոզիչների 25 տոկոսը սովորություն ունի բացման երգից ու աղոթքից հետո գալ։ Սա լուրջ հարց է։ Հարկ է հիշել, որ շարժուձևերը պետք է դրսևորել՝ հաշվի առնելով ուրիշների զգացմունքները։ Եհովան՝ մեր գթառատ Տանտերը, այս հոգևոր խնջույքները կազմակերպել է մեր իսկ օգտի համար։ Ուստի, մենք գնահատանք և հարգանք ենք դրսևորում նրա զգացմունքների հանդեպ մեր ճշտապահությամբ։ Բացի այդ, հանդիպումներին ուշացած գալը շեղում է արդեն ներկա գտնվողներին, ինչպես նաև դա անհարգալից վերաբերմունք է նրանց հանդեպ։
7 Հանդիպումների ժամանակ նոր անհատների նկատո՞ւմ եք։ Նրանց ողջունելը լավ շարժուձևի դրսևորում է (Մատթ. 5։47, ԱԹ; Հռովմ. 15։7)։ Բարեհամբույր ողջույնը, ջերմ ձեռքսեղմումը, սիրալիր ժպիտը՝ սրանք բոլորն էլ փոքր բաներ են, բայց լրացուցիչ կերպով ցույց են տալիս, որ մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք (Յովհ. 13։35)։ Առաջին անգամ Թագավորության սրահ այցելելուց հետո մի մարդ ասաց. «Մեկ օրում ես հանդիպեցի ավելի շատ սիրալիր անհատների, որոնք ինձ բոլորովին անծանոթ էին, քան երբևիցե եկեղեցում, ուր ես միշտ հաճախել եմ։ Ինձ համար բացահայտ էր, որ ճշմարտությունն էի գտել»։ Արդյունքը եղավ այն, որ նա փոխեց իր ապրելակերպը և յոթ ամիս անց մկրտվեց։ Այո՛, լավ շարժուձևը շատ մեծ արդյունքներ կարող է բերել։
8 Եթե մենք լավ շարժուձև ենք դրսևորում մեզ անծանոթ մարդկանց հանդեպ, արդյոք չպե՞տք է այդպես վարվենք «մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղ. 6։10, ԱԹ)։ Կիրառելի է հետևյալ սկզբունքը. «Ծերին [կին թե տղամարդ] պատուիր» (Ղեւտ. 19։32)։ Երբեք չպետք է անտեսենք ծերերին մեր հավաքույթների ժամանակ։
9 Շատ ուշադիր լինելով։ Ժողովի հանդիպումների ժամանակ Աստծո ծառաները ներկայացնում են ելույթներ, որպեսզի որոշ հոգևոր շնորհներ տան մեզ. շնորհներ, որոնք ամրապնդում են մեզ (Հռովմ. 1։11)։ Անշուշտ վատ շարժուձևի ցուցաբերում կլիներ մեր կողմից հանդիպման ժամանակ ննջելը, ծամոն ծամելը, մեր կողքին նստած անհատի հետ անընդհատ փսփսալը, անհարկի զուգարան գնալ–գալը, քննարկվող թեմայի հետ կապ չունեցող նյութ ընթերցելը կամ էլ կողմնակի բաների հետևելը։ Այս հարցում երեցները պետք է օրինակ ծառայեն։ Քրիստոնեական լավ շարժուձևերը պետք է մղեն մեզ հարգանք ցույց տալ ելույթ ունեցողի հանդեպ, ինչպես նաև նրա հաղորդած լուրի, որը հիմնված է Աստվածաշնչի վրա, իսկ դա կարելի է անել անշեղ ուշադրությամբ։
10 Ի լրումն այս ամենի՝ հարգանք ցուցաբերելով թե՛ ելույթ ունեցողի և թե՛ ունկնդիրների հանդեպ, պետք է այնպես պահենք մեր էլեկտրոնային փեյջերներն ու բջջային հեռախոսները, որպեսզի չխանգարենք հանդիպումները։
11 Շարժուձևերն ու երեխաները։ Ծնողները միշտ պետք է հետևեն իրենց երեխաների վարքին։ Եթե երեխան սկսում է լաց լինել կամ դառնում է անհանգիստ հանդիպման ժամանակ, և դա խանգարում է մյուսներին, խորհուրդ է տրվում երեխային դուրս հանել դահլիճից հնարավորին չափ շուտ՝ նրան լռեցնելու նպատակով։ Երբեմն դա կարող է դժվար լինել, բայց հիշենք, որ դա ցույց է տալիս, որ մենք ուշադիր ենք ուրիշների զգացմունքների նկատմամբ։ Այն ծնողները, որոնք փոքրահասակ, անհանգիստ երեխաներ ունեն, հաճախ նախընտրում են նստել դահլիճի վերջում, որպեսզի հանդիպման ժամանակ լսարանից դուրս գալու անհրաժեշտություն առաջանալիս հնարավորին չափ քչերին խանգարեն։ Անշուշտ, մյուս ներկաները կարող են պատշաճ հոգատարություն ցույց տալ այդպիսի ընտանիքների հանդեպ՝ վերջին շարքերն ազատ թողնելով նրանց համար։
12 Ծնողները նաև պետք է հետևեն իրենց երեխաների վարքին հանդիպումներից առաջ և հետո։ Երեխաները չպետք է վազվզեն շենքի ներսում, քանի որ դա կարող է վնասվածքների պատճառ դառնալ։ Վտանգավոր է նաև դրսում՝ Թագավորության սրահի շուրջը վազվզելը նամանավանդ երեկոյան ժամերին, երբ մութ է։ Դրսում բարձրաձայն խոսելը կարող է խանգարել հարևանների հանգիստը և բացասական կարծիք թողնել մեր երկրպագության մասին։ Այն ծնողները, որոնք բարեխղճորեն ջանում են հսկել իրենց երեխաներին և՛ Սրահում, և՛ Սրահից դուրս, գովասանքի են արժանի, քանի որ դա ավելի հաճելի է դարձնում եղբայրների հետ միաբանությամբ բնակվելը (Սաղ. 133։1, Արևմտ. Աստ.)։
13 Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։ Մենք բարձր ենք գնահատում մեր եղբայրների հյուրասիրությունը, որոնք իրենց բնակարանները տրամադրում են ժողովի հանդիպումների անցկացմանը։ Այդ հանդիպումներին հաճախելիս անհրաժեշտ է հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել տանտիրոջ գույքի նկատմամբ։ Հարկավոր է մինչև ներս մտնելը լավ մաքրել կոշիկները, որպեսզի հատակը կամ գորգերը չաղտոտվեն։ Ծնողները պետք է հսկեն իրենց երեխաներին, որպեսզի վերջիններս մնան բնակարանի այն մասում, որը հատկացված է հանդիպումն անցկացնելուն։ Թեև կարող է խումբը փոքրաթիվ լինել, և տիրող մթնոլորտը՝ փոքր–ինչ ազատ, սակայն մենք չպետք է մեզ չափից ավել ազատ պահենք ուրիշի տանը։ Ծնողները պետք է ուղեկցեն իրենց փոքրահասակ երեխաներին զուգարանից օգտվելիս։ Բացի այդ, Գրքի ուսումնասիրությունը ժողովի հանդիպում է, ուստի մեր հագուստը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ Թագավորության սրահ գնալիս է լինում։
14 Լավ շարժուձևը կարևոր է։ Քրիստոնյային վայել շարժուձևեր ցույց տալը ոչ միայն լավ է անդրադառնում մեր ծառայության վրա, այլև նպաստում է ուրիշների հետ լավ հարաբերություններ ունենալուն (Բ Կորնթ. 6։3, 4, 6)։ Լինելով ուրախ Աստծո երկրպագուներ՝ մեզ համար պետք է որ հեշտ լինի ժպտալ, լինել սիրալիր, նույնիսկ փոքրիկ, հաճելի բաներ անել, որոնք ուրախություն են պատճառում ուրիշներին։ Այսպիսի շարժուձևերը կզարդարեն մեր կյանքը որպես Աստծո ժողովուրդ։