Բարի լուրը հաղորդենք խորաթափանցությամբ
1 Ներշնչյալ մի առակ այսպես է հնչում. «Խոհեմութիւնը [«խորաթափանցություն», ՆԱ] պահողը բարիք կ’գտնէ» (Առակ. 19։8)։ Այս խոսքերի իմաստուն լինելը հաճախ փաստվում է քարոզչական գործունեության մեջ։ Օրինակ՝ շատ քարոզիչներ, լինելով խորաթափանց և նրբանկատ, կարողացել են շարունակել զրույցը առարկությունների հանդիպելիս։ Կամ էլ պարզապես հետագայում վկայություն տալու հիմք են դրել։ Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել։
2 Ինչպես վարվել առարկության հանդիպելիս։ Հաճախ մենք հանդիպում ենք անհատների, որոնք ասում են՝ ես զբաղված եմ։ Իսկապե՞ս նա զբաղված է, թե՞ այդպես է ասում, քանի որ պարզապես չի ցանկանում երկար զրուցել։ Այսպիսի դեպքերում խորաթափանցություն է հարկավոր։ Եթե թվում է, թե տանտերը իսկապես զբաղված չէ, կարելի է հաղթահարել զրույցը սկսելու այս խոչընդոտը։ Կարելի է ասել. «Այդ դեպքում ես կարճ կխոսեմ»։ Ապա կարելի է հակիրճ խոսել այն մասին, ինչ մտադրել ենք՝ չմոռանալով, որ խոստացել ենք երկար չխոսել։ Մեր քննարկման և հետաքըրքըրություն առաջացնող մեկնաբանությունների արդյունքում նույնիսկ հնարավոր է, որ նա ցանկություն հայտնի հենց այդ պահին շարունակել զրույցը։
3 Ենթադրենք, որ տանտերն իսկապես զբաղված է։ Չնայած որ մենք անմիջապես չենք շրջվում ու հեռանում, սակայն եթե համառ կամ ձանձրացնող լինենք, կարող ենք վատ տպավորություն թողնել նրա վրա։ Եթե նա դռանը մոտենում է խոհանոցային որևէ պիտույքը ձեռքին, և եփվող կերակուրի հոտ ենք զգում, շատ հավանական է, որ նա իսկապես զբաղված է։ Հետևաբար, խորաթափանցություն և ճիշտ կշռադատություն է հարկավոր։ Նրբանկատության դրսևորում չի լինի այդ պահին զրույցը շարունակելը։ Որքան ավելի լավ կլինի որևէ թերթիկ տալ նրան և առաջարկել ավելի ուշ այցելել։ Դա ավելի լավ տպավորություն կթողնի նրա վրա, և հաջորդ այցելության ժամանակ կարելի է հիանալի վկայություն տալ նրան։
4 Ուշադիր լինել անհատի տրամադրության նկատմամբ։ Ենթադրենք՝ տնից տուն ծառայության ժամանակ հանդիպում ենք մարդկանց, ովքեր կտրուկ են խոսում մեզ հետ։ Ինչպե՞ս վարվել այսպիսի դեպքերում։ Առակաց 17։27–ում (ՆԱ) կարդում ենք. «Խորաթափանց մարդը անվրդով է»։ Ի՜նչ հիանալի խորհուրդ։ Հոգատարություն արտահայտող, մեղմ ձայնով ասված խոսքերը հաճախ հանդարտեցնում են այդպիսի մարդուն։ Դեռ ավելին, եթե մենք նրբանկատ լինենք և թույլ տանք նրան արտահայտվել իրեն հուզող հարցի մասին, նա թերևս ավելի քիչ պաշտպանողական լինի։ Նույնիսկ եթե նա ընդհատի խոսակցությունը, մեր մեղմ պատասխանի շնորհիվ հավանաբար ավելի լավ կարծիք կկազմի Եհովայի վկաների գործի մասին։ Պետք է որ այդպես վարվելը դրական արդյունք ունենա։ Եվ, իհարկե, եթե տանտերը սկսում է խռովվել ու բարկանալ, լավագույն բանը կլինի լուռ հեռանալը և գուցե մեկ ուրիշ անգամ նրան վկայություն տալու փորձ անելը։
5 Նաև լինում են անհատներ, որոնք թեև սիրում են վիճել, բայց թերևս անկեղծ են։ Այսպիսի պարագաներում մեր համբերության իսկական փորձ կլինի, եթե փորձենք շարունակել նրանց հետ զրույցը։ Բայց եթե խորաթափանց լինենք, չենք եզրակացնի, թե տանտերը հետաքրքրություն չի ցույց տալիս միայն այն պատճառով, որ նա համառորեն ուրիշ տեսակետ է պնդում։ Մենք կարող ենք նրբանկատորեն ուղղել հարցերը՝ փորձելով իմանալ, թե ինչու է նա հավատում այն բանին, ինչին որ հավատում է, և ապա ցույց տալ նրան այդ առնչությամբ Աստվածաշնչի տեսակետը (Առակ. 20։5)։ Կախված նրա արձագանքից՝ մենք կարող ենք որոշել՝ օգտավետ կլինի արդյոք շարունակել զրույցը, թե՝ ոչ։
6 Խորաթափանց քարոզիչը գիտակցում է, որ ժամանակն ու հանգամանքները հաճախ կարող են պատճառ դառնալ, որ տանտերը փոխի Թագավորության պատգամի նկատմամբ իր տեսակետը։ Ուստի, հաջորդ անգամ այցելելիս նա կարող է բոլորովին այլ կերպ արձագանքել։ Պետք է զգույշ լինենք, որպեսզի ենթադրություններ չանենք, թե բացասական արձագանք կստանանք, քանի որ վերջին այցելության ժամանակ տանտերն այդպես է արձագանքել։
7 Զրույցը շարունակելու անհրաժեշտությունը տեսնելը միշտ հեշտ չէ։ Այնուհանդերձ, ուսուցանելու մեր հմտությունը զարգացնելով՝ մենք ավելի արդյունավետ կլինենք բարի լուրը խորաթափանցությամբ հաղորդելու գործում, քանի դեռ Եհովայից օրհնություն ենք խնդրում մեր ջանքերի համար (Ա Կորնթ. 3։6; Տիտ. 1։9)։