Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 11/15 էջ 24–29
  • Աստծու Ծառաները Պետք է Քաղաքավարի Լինեն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծու Ծառաները Պետք է Քաղաքավարի Լինեն
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քաղաքավարության գերազանց օրինակներ
  • «Բարևի՛ր մարդկանց։ Խոսի՛ր նրանց հետ»
  • Քաղաքավարություն՝ լարված իրավիճակում
  • Օգնիր երեխաներիդ
  • Քաղաքավարություն՝ տարբերակիչ նշան
  • Լավ շարժուձևը՝ Աստծո ժողովրդին բնորոշ մի գիծ
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարեկիրթ վարվեցողությունը իսկապե՞ս կարևոր է
    Երիտասարդները հարցնում են
  • Սովորեցրեք ձեր երեխաներին լինել հարգալից
    2011 Դիտարան
  • Ծնողնե՛ր, լա՛վ օրինակ ծառայեք ձեր երեխաների համար
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2009 Դիտարան
w09 11/15 էջ 24–29

Աստծու ծառաները պետք է քաղաքավարի լինեն

«Ընդօրինակե՛ք Աստծուն» (ԵՓԵՍ. 5։1)։

1, 2. ա) Ինչո՞ւ պետք է քաղաքավարի լինենք։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

«ԵՐԲԵՔ չպետք է մոռանանք քաղաքավարության մասին, անգամ կարճ ժամանակով,— ասել է գրող Սյու Ֆոքսը։— Քաղաքավարությունը միշտ դրական արդյունք է բերում, որտեղ էլ լինենք»։ Եվ իրոք, քաղաքավարի մարդը քիչ խնդիրներ է ունենում ուրիշների հետ։ Ունենալու դեպքում էլ, հեշտությամբ լուծում է դրանք։ Իսկ կոպիտ ու անքաղաքավարի անձնավորությունը անընդհատ վեճերի մեջ է, զայրացած է ու մռայլ։

2 Քրիստոնեական ժողովի անդամները աչքի են ընկնում իրենց քաղաքավարությամբ։ Բայց քանի որ աշխարհն այլ բարքեր է խրախուսում, պետք է զգույշ լինենք, որ չորդեգրենք դրանք։ Ուստի այժմ կքննարկենք, թե այս հարցում ինչպես կարող են օգնել Աստվածաշնչի սկզբունքները։ Կիրառելով դրանք՝ կպաշտպանենք ինքներս մեզ։ Բացի այդ, կմղենք ուրիշներին գալու դեպի ճշմարտության լույսը։ Որպեսզի լիովին հասկանանք, թե ինչ է քաղաքավարությունը, քննենք Եհովայի և նրա Որդու օրինակները։

Քաղաքավարության գերազանց օրինակներ

3. Ինչի՞ց է երևում Եհովայի քաղաքավարությունը։

3 Եհովան քաղաքավարության կատարյալ օրինակ է։ Չնայած որ նա Տիեզերքի Գերիշխանն է, սակայն բարությամբ ու հարգանքով է վերաբերվում մարդկանց։ Դա երևում է թեկուզ այն բանից, թե ինչպես է Աստված խոսել Աբրահամի ու Մովսեսի հետ։ Ծննդոց 13։14 ու Ելից 4։6 համարների եբրայերեն տեքստում այնպիսի բառ է օգտագործվում, որը հաճախ թարգմանվում է «խնդրեմ» կամ «խնդրում եմ» ձևերով։ Բացի այդ, Եհովան «գթած է.... ողորմած ու երկայնամիտ» իր այն ծառաների նկատմամբ, ովքեր որևէ սխալ են թույլ տվել։ Աստված «հարուստ [է] քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով» (Սաղ. 86։15)։ Որքա՜ն է նա տարբերվում անկատար մարդկանցից, ովքեր ցասումով են արձագանքում ուրիշների սխալներին։

4. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային՝ մարդկանց լսելու հարցում։

4 Աստծու քաղաքավարությունը երևում է նաև այն բանից, թե ինչպես է նա լսում մարդկանց։ Օրինակ՝ երբ Աբրահամը Սոդոմի կործանման վերաբերյալ հարցերի մի ամբողջ շարան ուղղեց Եհովային, նա համբերությամբ լսեց ու պատասխանեց յուրաքանչյուր հարցին (Ծննդ. 18։23–32)։ Աստված չակնարկեց, թե Աբրահամը վատնում է իր ժամանակը։ Այո՛, նա լսում է իր ծառաների աղոթքները, ականջ է դնում զղջացող մեղավորների աղաչանքին (կարդա՛ Սաղմոս 51։11, 17)։ Ուստի մենք էլ պետք է ընդօրինակենք Եհովային և ուշադրությամբ լսենք մարդկանց։

5. Ինչպե՞ս կվարվենք ուրիշների հետ, եթե ընդօրինակենք Հիսուսին։

5 Հիսուս Քրիստոսը բազմաթիվ բաներ է սովորել իր Հորից, այդ թվում նաև քաղաքավարություն։ Թեպետ ծառայությունը շատ ուժ և ժամանակ էր խլում նրանից, սակայն Հիսուսը չէր մոռանում համբերատարության ու բարության մասին։ Բոլորը՝ բորոտները, հաց մուրացող կույրերը, կարիքավոր այլ մարդիկ, անկաշկանդ մոտենում էին նրան, և Հիսուսը պատրաստակամորեն օգնության ձեռք էր մեկնում։ Թեև նրանք հաճախ գալիս էին առանց հրավերի, Աստծու Որդին սիրով ընդունում էր նրանց։ Հաճախ նա նույնիսկ մի կողմ էր դնում իր գործերը, որպեսզի օգնի ճնշված մարդկանց։ Հիսուսն առանձնահատուկ քաղաքավարություն էր դրսևորում այն անհատների նկատմամբ, ովքեր հավատ էին ընծայում իրեն (Մարկ. 5։30–34; Ղուկ. 18։35–41)։ Մենք, լինելով Հիսուսի հետևորդները, ընդօրինակում ենք նրան՝ բարություն ցուցաբերելով և մարդկանց օգնելով։ Նման վարքը դժվար թե վրիպի մեր հարազատների, հարևանների և մյուսների ուշադրությունից։ Ավելին, այն փառք կբերի Եհովային և անսահման ուրախություն կպատճառի մեզ։

6. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում մարդկանց։

6 Հիսուսի քաղաքավարությունը երևում է նաև այն բանից, որ նա մարդկանց դիմում էր անունով։ Որքա՜ն էր նա տարբերվում հրեա կրոնական առաջնորդներից, որոնք Մովսիսական օրենքը չիմացողներին «անիծված» էին համարում և արհամարհանքով էին վերաբերվում (Հովհ. 7։49)։ Մինչդեռ Հիսուսը շատերին, օրինակ՝ Մարթային, Մարիամին, Զակքեոսին, անունով էր դիմում (Ղուկ. 10։41, 42; 19։5)։ Թեև տարբեր երկրներում մարդկանց դիմելու ձևը և քաղաքավարության կանոնները տարբեր են, Եհովայի ծառաները, միևնույն է, ջերմորեն են վերաբերվում բոլորինa։ Նրանք թույլ չեն տալիս, որ դասակարգային անհավասարությունը խանգարի իրենց հարգանքով վերաբերվելու հավատակիցներին և մյուս մարդկանց (կարդա՛ Հակոբոս 2։1–4)։

7. Աստվածաշնչի սկզբունքներն ինչպե՞ս են օգնում մեզ քաղաքավարի լինելու տարբեր ազգերի մարդկանց հետ։

7 Եհովան ու Հիսուսը ողորմածորեն և հարգանքով են վերաբերվում բոլոր ազգերի մարդկանց, ինչը գրավում է ազնվասիրտ անհատներին։ Քանի որ բարքերն ու քաղաքավարության կանոնները երկրեերկիր տարբեր են, մենք կուրորեն չենք առաջնորդվում դրանցով։ Իրականում, աստվածաշնչյան սկզբունքներն են օգնում մեզ լինելու ճկուն և մարդկանց վերաբերվելու արժանապատվորեն։ Քաղաքավարությունը օգնում է նաև լինելու արդյունավետ քարոզիչներ։ Տեսնենք թե ինչպես։

«Բարևի՛ր մարդկանց։ Խոսի՛ր նրանց հետ»

8, 9. ա) Ո՞ր սովորությունը կարող է դիտվել որպես անքաղաքավարություն։ բ) Մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում ինչո՞ւ պետք է հաշվի առնենք Մատթեոս 5։47–ում գրված սկզբունքը։

8 Այսօր մարդիկ այնքան զբաղված են, որ մոռանում են անգամ բարևել միմյանց։ Իհարկե, մեզնից չի ակնկալվում բարևել փողոցով քայլող յուրաքանչյուր անցորդի։ Սակայն բազմաթիվ այլ իրավիճակներում ողջույնի խոսքերը միանգամայն տեղին են ու ցանկանալի։ Բարևո՞ւմ ես մարդկանց, թե՞ լուռ ու անժպիտ անցնում ես նրանց կողքով։ Հնարավոր է՝ չես էլ կռահում, որ չբարևելու սովորություն ունես։ Այնինչ դա կարող է դիտվել որպես անքաղաքավարություն։

9 Մի առիթով Հիսուսն ասաց. «Եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ մի արտասովոր բան արած կլինեք։ Մի՞թե ուրիշ ազգերի մարդիկ էլ նույնը չեն անում» (Մատթ. 5։47)։ Սա կարևոր հիշեցում է բոլորիս համար։ Ահա թե ինչ է ասում ամերիկյան մի ընկերության նախագահ, խորհրդատու Դոնալդ Վայսը. «Մարդը սովորաբար վիրավորվում է, երբ որևէ ծանոթ անտարբեր անցնում է իր կողքով և անգամ բարև չի տալիս։ Գրեթե անհնար է արդարացնել նման վարքը։ Սակայն դրանից խուսափելու մի պարզ միջոց կա. բարևի՛ր մարդկանց։ Խոսի՛ր նրան հետ»։ Մենք լավ հարաբերություններ կունենանք բոլորի հետ, եթե սառը և անտարբեր չլինենք։

10. Քաղաքավարությունը ինչպե՞ս կարող է օգնել ծառայության մեջ (տե՛ս «Առաջին քայլը ժպիտն է» շրջանակը)։

10 Թոմն ու Քերոլը, որ ապրում են հյուսիսամերիկյան մի մեծ քաղաքում, ծառայության հետաքրքրիր ձև են գտել։ Նրանք հաճելի զրույցներ են վարում հարևանությամբ ապրող և աշխատող մարդկանց հետ։ Ինչպե՞ս։ Ահա թե ինչ է ասում Թոմը՝ ակնարկելով Հակոբոս 3։18–ում գրված սկզբունքը. «Մենք ձգտում ենք բարեհամբույր լինել ու խաղաղություն պահպանել։ Մոտենում ենք բոլոր նրանց, ում տեսնում ենք իրենց տան բակում կամ աշխատանքի վայրում։ Ժպտում ենք ու բարևում։ Խոսում ենք այնպիսի թեմաներից, որոնք այդ մարդկանց կհետաքրքրեն. երեխաներից, ապրուստից, աշխատանքից կամ, թեկուզ, իրենց շնից։ Ժամանակի ընթացքում ընկերանում ենք»։ Իսկ Քերոլն ասում է. «Հաջորդ այցելությունների ժամանակ հայտնում ենք մեր անունը, հարցնում ենք իրենցը։ Փոքր–ինչ պատմում ենք մեր գործունեության մասին, սակայն աշխատում ենք երկար չխոսել։ Ի վերջո կարողանում ենք նրանց վկայություն տալ»։ Թոմն ու Քերոլը շահել են հարևանների մեծ մասի վստահությունը։ Նրանցից շատերը աստվածաշնչյան գրականություն են վերցրել, մի քանիսն էլ ուսումնասիրություն են սկսել։

Քաղաքավարություն՝ լարված իրավիճակում

11, 12. Ինչո՞ւ չպետք է զարմանանք, եթե ծառայության ժամանակ մեզ կոպտեն կամ վիրավորեն, և ինչպե՞ս պետք է արձագանքենք։

11 Քարոզչական ծառայության ժամանակ մեզ երբեմն կարող են կոպտել ու վիրավորել։ Սակայն դա զարմանալի չէ, քանի որ Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասել էր. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Իսկ ճիշտ կլինի՞ արդյոք կոպտել ի պատասխան։ Ո՛չ, դա լավ արդյունք չի բերի։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվենք։ Պետրոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Ձեր սրտերում սրբացրեք Քրիստոսին՝ որպես Տիրոջ, և միշտ պատրաստ եղեք պաշտպանվելու ամեն մարդու առաջ, ով ձեզանից բացատրություն է պահանջում ձեր մեջ եղած հույսի համար, սակայն դա արեք մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Մեր հարգալից ու մեղմ արձագանքը թերևս հանդարտեցնի հակառակորդներին (Տիտոս 2։7, 8)։

12 Ի՞նչը կօգնի, որ լարված իրավիճակում մեզ դրսևորենք արժանավայել կերպով և դրանով շահենք Աստծու հավանությունը։ Պողոսը խորհուրդ է տալիս. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուր մարդու» (Կող. 4։6)։ Հետևաբար, եթե միշտ քաղաքավարի լինենք ընտանիքի անդամների, համադասարանցիների, աշխատակիցների, ժողովի անդամների հետ, մեզ համար հեշտ կլինի քրիստոնեավայել վարք դրսևորել ծաղրանքի ենթարկվելիս կամ վիրավորական խոսքեր լսելիս (կարդա՛ Հռոմեացիներ 12։17–21)։

13. Ինչպե՞ս կարելի է փոխել հակառակորդների վերաբերմունքը՝ քաղաքավարություն դրսևորելով։ Բե՛ր օրինակ։

13 Լարված իրավիճակներում քաղաքավարություն դրսևորելով՝ լավ արդյունքի կհասնենք։ Օրինակ՝ Ճապոնիայում տնից տուն ծառայության ժամանակ մի Վկա ծաղրուծանակի ենթարկվեց տանտիրոջ և նրա հյուրի կողմից։ Եղբայրը արժանապատվորեն հեռացավ, բայց շարունակեց ծառայել նույն տարածքում։ Որոշ ժամանակ անց նա նկատեց, որ տանտիրոջ հյուրը հեռվից ուշադիր նայում է իրեն։ Երբ եղբայրը մոտեցավ այդ մարդուն, վերջինս ասաց. «Ներողություն եմ խնդրում պատահածի համար։ Ձեզ ինչ ասես ասացինք, բայց դուք, բարկանալու փոխարեն, ժպտում էիք։ Այնքան կուզեի ձեզ նման լինել։ Ի՞նչ անեմ դրա համար»։ Պարզվեց, որ այդ տղամարդուն հեռացրել էին աշխատանքից։ Բացի այդ, վերջերս մահացել էր նրա մայրը։ Այս ամենի պատճառով նա խիստ հուսահատված էր։ Վկան այդ տղամարդուն Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Կարճ ժամանակ անց նա սկսեց ուսումնասիրել շաբաթը երկու անգամ։

Օգնիր երեխաներիդ

14, 15. Եհովայի վաղեմի ծառաներն ի՞նչ են սովորեցրել իրենց երեխաներին։

14 Աստծու վաղեմի ծառաները իրենց երեխաներին սովորեցնում էին քաղաքավարի լինել։ Դա երևում է, օրինակ, Աբրահամի ու նրա որդի Իսահակի միջև եղած զրույցից (Ծննդ. 22։7)։ Մեկ այլ վառ օրինակ է Հովսեփը, որին ծնողները նույնպես լավ կրթել էին այս առումով։ Հետագայում, երբ նա բանտ ընկավ, քաղաքավարի էր իր բանտակիցների հետ (Ծննդ. 40։8, 14)։ Բացի այդ, փարավոնի հետ նրա զրույցից երևում է, որ Հովսեփը գիտեր, թե ինչպես պետք է խոսի բարձր դիրք ունեցող մարդկանց հետ (Ծննդ. 41։16, 33, 34)։

15 Իսրայելի որդիներին տրված Տասը պատվիրաններից մեկում ասվում էր. «Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ» (Ելից 20։12)։ Ծնողներին պատվելու ձևերից մեկը ընտանիքում քաղաքավարի լինելն էր։ Օրինակ՝ Հեփթայեի աղջիկը առանձնահատուկ հարգանք դրսևորեց իր հոր հանդեպ՝ գործելով վերջինիս տված ուխտի համաձայն, թեպետ դա նրա համար հեշտ չէր (Դատ. 11։35–40)։

16–18. ա) Ինչպե՞ս կարելի է երեխաներին քաղաքավարություն սովորեցնել։ բ) Ի՞նչ օգուտներ կստանան երեխաները, եթե ծնողները քաղաքավարություն սովորեցնեն նրանց։

16 Անչափ կարևոր է օգնել երեխաներին քաղաքավարի լինելու։ Հարկավոր է սովորեցնել նրանց պատշաճ ձևով բարևել այցելուներին, պատասխանել հեռախոսազանգերին, իրենց ճիշտ դրսևորել սեղանի շուրջ։ Անհրաժեշտ է բացատրել երեխաներին, թե ինչու պետք է իրենցից հետո եկող մարդու առաջ դուռը բաց պահեն, բարի լինեն ծերերի ու հիվանդների հանդեպ, օգնեն ծանր պայուսակներով գնացողներին։ Երեխաները պետք է հասկանան, որ շատ կարևոր է անկեղծորեն ասել «շնորհակալություն», «խնդրեմ», «կներեք» և այլն։

17 Երեխաներին քաղաքավարություն սովորեցնելը դժվար չի լինի, եթե լավ օրինակ լինենք նրանց համար։ Դա ուսուցանելու լավագույն ձևն է։ Ահա թե ինչ է պատմում քսանհինգամյա Քուրտը այն մասին, թե ինչպես են ինքն ու իր երեք եղբայրները քաղաքավարություն սովորել. «Մեր ծնողները լավ օրինակ էին այդ հարցում։ Նրանք բարյացակամորեն էին խոսում իրար հետ, իսկ ուրիշների հանդեպ համբերատար էին և ուշադիր։ Ժողովի հանդիպումներից առաջ և հետո հայրս ինձ հետ միասին էր մոտենում մյուսներին, որպեսզի զրուցեի տարիքով ավելի մեծ եղբայրների ու քույրերի հետ։ Ես տեսնում էի, թե ինչ հարգանքով էր հայրս վերաբերվում նրանց և ինչպես էր ողջունում։ Ժամանակի ընթացքում որդեգրեցի նրա վարվելակերպը։ Այժմ հատուկ ջանք չեմ թափում քաղաքավարի լինելու, քանի որ դա ինքնաբերաբար է ստացվում։ Ես ոչ թե ստիպված եմ, այլ ցանկանում եմ քաղաքավարի լինել»։

18 Եթե ծնողներն իրենց զավակներին սովորեցնեն քաղաքավարի լինել, ամենայն հավանականությամբ, նրանք հետագայում կկարողանան ընկերներ ձեռք բերել, խաղաղություն պահպանել, հեշտությամբ լեզու գտնել իրենց գործատերերի ու աշխատակիցների հետ։ Այդպիսի երեխաները ուրախություն կպատճառեն իրենց ծնողներին (կարդա՛ Առակաց 23։24, 25)։

Քաղաքավարություն՝ տարբերակիչ նշան

19, 20. Ինչո՞ւ պետք է վճռենք ընդօրինակել Եհովային ու Հիսուսին։

19 Պողոս առաքյալը գրեց. «Ընդօրինակե՛ք Աստծուն, ինչպես սիրելի զավակներ» (Եփես. 5։1)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային և նրա Որդուն։ Կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները, որոնցից մի քանիսը քննարկեցինք այս հոդվածում։ Վարվելով այդպես՝ չենք լինի կեղծավոր մարդկանց նման, ովքեր քաղաքավարություն են դրսևորում իրենց վերադասի աչքը մտնելու կամ շահ ստանալու նպատակով (Հուդա 16)։

20 Սատանան, քաջ գիտակցելով, որ իր չար իշխանության վերջը մոտ է, ամեն ինչ անում է Եհովայի չափանիշները ջնջելու համար։ Սակայն նրան չի հաջողվի ստիպել ճշմարիտ քրիստոնյաներին անքաղաքավարի դառնալ։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը վճռի նմանվել Եհովա Աստծուն և նրա Որդուն ու լինել քաղաքավարի։ Եթե այդպես վարվենք, մեր վարքով ու խոսելաձևով կտարբերվենք այս աշխարհի անքաղաքավարի մարդկանցից։ Դրա շնորհիվ փառք կբերենք մեր Աստծուն և կմղենք ազնվասիրտ մարդկանց ընդունելու ճշմարտությունը։

[ծանոթագրություն]

a Որոշ երկրներում պատշաճ չէ, որ երիտասարդը տարիքով ավելի մեծ մարդուն անունով դիմի, մինչև վերջինս թույլ չտա նրան։ Քրիստոնյաները պետք է հաշվի առնեն այդպիսի բարքերը և վարվեն համապատասխանաբար։

Հիշո՞ւմ ես

• Ի՞նչ ենք սովորում Եհովայից ու Հիսուսից քաղաքավարության վերաբերյալ։

• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ջերմորեն բարևելով՝ կմղենք մարդկանց դրականորեն մտածելու մեր մասին։

• Քաղաքավարությունն ինչպե՞ս է օգնում մեզ ծառայության մեջ։

• Ի՞նչ դեր են խաղում ծնողները երեխաներին քաղաքավարություն սովորեցնելու հարցում։

[շրջանակ 27–րդ էջի վրա]

Առաջին քայլը ժպիտն է

Շատերը վարանում են զրույց սկսել անծանոթ մարդկանց հետ։ Սակայն Եհովայի վկաները, Աստծու և մերձավորի հանդեպ սիրուց մղված, ջանադրաբար սովորում են զրույցներ վարել՝ աստվածաշնչյան ճշմարտությունը մարդկանց հայտնելու նպատակով։ Ի՞նչը կօգնի քեզ այս հարցում։

Փիլիպպեցիներ 2։4–ում կարդում ենք հետևյալ արժեքավոր խորհուրդը. «Փնտրեք ոչ միայն ձեր սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը»։ Խորհիր. եթե մեկին հանդիպում ես առաջին անգամ, ուրեմն նա քեզ անծանոթ է համարում։ Ի՞նչ կարող ես անել, որ այդ մարդը քեզ հետ իրեն հանգիստ զգա։ Ջերմորեն ժպտա և սրտանց բարևիր։ Բայց սա ընդամենը առաջին քայլն է։

Սովորաբար, երբ որևէ մեկի հետ զրույց ենք սկսում, կտրում ենք նրան այն մտքերից, որոնց շուրջ նա մինչ այդ խորհում էր։ Եթե դրանից հետո խոսենք մեր մտքում եղածի մասին, հազիվ թե դրական արդյունքի հասնենք։ Ուստի հնարավորության սահմաններում փորձիր կռահել, թե ինչի մասին է մտածում դիմացինդ և հենց դրանից սկսիր զրույցդ։ Այդպես վարվեց Հիսուսը, երբ ջրհորի մոտ քարոզեց սամարացի կնոջը (Հովհ. 4։7–26)։ Վերջինս այդ պահին մտածում էր ջրի մասին։ Այդ պատճառով էլ Հիսուսն իր զրույցը ջրից սկսեց, ինչը դրական արդյունք բերեց։

[նկար 26–րդ էջի վրա]

Եթե բարեհամբույր լինենք, կկարողանանք լավ վկայություն տալ մարդկանց

[նկար 28–րդ էջի վրա]

Քաղաքավարությունը միշտ էլ տեղի է

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը