Սովորեցրեք ձեր երեխաներին լինել հարգալից
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ մի առակ ասում է. «Գլխարկը ձեռքին՝ մարդը կարող է անցնել ողջ երկիրը»։ Շատ մշակույթներում, երբ մարդը հանում էր գլխարկը որևէ մեկի տուն մտնելիս կամ ինչ-որ մեկին ողջունելիս, դա քաղաքավարության ժեստ էր համարվում, ինչի շնորհիվ նա հարգանքի էր արժանանում։ Ուստի վերոհիշյալ առակի իմաստն այն է, որ մարդիկ հակված են բարեհամբույր լինելու և ավելի լավ են տրամադրված քաղաքավարի անհատների նկատմամբ։
Որքա՜ն հաճելի է, երբ երեխաները քաղաքավարի են։ Հոնդուրասում ապրող մի շրջանային վերակացու, որը տարբեր տարիքի քարոզիչների հետ քարոզում է տնից տուն, նշում է. «Ես հաճախ եմ նկատել, որ դաստիարակված և հարգալից երեխան ավելի լավ ազդեցություն է թողնում տանտիրոջ վրա, քան իմ խոսքերը»։
Մեր օրերում, երբ մարդիկ ավելի անհարգալից են դարձել, գործնական ու օգտակար է իմանալ, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։ Ավելին, Սուրբ Գիրքը հորդորում է մեզ «Քրիստոսի մասին բարի լուրին արժանի կերպով վարվել» (Փիլիպ. 1։27; 2 Տիմոթ. 3։1–5)։ Ուստի շատ կարևոր է սովորեցնել երեխաներին հարգել ուրիշներին։ Ինչպե՞ս կարող են նրանք սովորել լինել ոչ թե պարզապես քաղաքավարի, այլ իսկապես հարգալիցa։
Սովորեցրեք ձեր օրինակով
Երեխաները սովորում են՝ ընդօրինակելով նրանց, ում տեսնում են։ Հետևաբար լավագույն միջոցը, որով ծնողները կարող են երեխաներին օգնել լավ պահվածք ունենալու, իրենց անձնական օրինակն է (2 Օրենք 6։6, 7)։ Բավարար չէ միայն ասել երեխաներին, որ կարևոր է լինել քաղաքավարի։ Հիշեցումների հետ մեկտեղ ձեր լավ օրինակը մեծ նշանակություն ունի։
Քննենք Պաուլայիb օրինակը, որը մեծացել է քրիստոնյա ընտանիքում, և որի մայրը մենակ է մեծացրել երեխաներին։ Բոլորի նկատմամբ հարգալից լինելը նրան բնորոշ հատկանիշներից էր։ Ինչո՞ւ։ Պաուլան պատասխանում է. «Մայրս օրինակ էր մեզ համար, ուստի մեզ՝ երեխաներիս համար բնական բան էր հարգալից լինելը»։ Ուոլտեր անունով մի քրիստոնյա սովորեցրել էր իր տղաներին հարգել իրենց մորը, որը չուներ իրենց համոզմունքները։ Նա պատմում է. «Ես փորձում էի տղաներիս սովորեցնել հարգել իրենց մորը իմ անձնական օրինակով և երբեք վատ բաներ չէի ասում կնոջս հասցեին»։ Ուոլտերը շարունակում էր կրթել իր որդիներին Աստծու Խոսքով և աղոթում էր Եհովային օգնության համար։ Նրանցից մեկն այժմ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղում, իսկ մյուսը ռահվիրայություն է անում։ Երկու տղաներն էլ սիրում և հարգում են իրենց ծնողներին։
Աստվածաշունչն ասում է. «Աստված ոչ թե անկարգության Աստված է, այլ խաղաղության» (1 Կորնթ. 14։33)։ Եհովան ամեն բան կարգուկանոնով է անում։ Քրիստոնյաները պետք է ձգտեն ընդօրինակել նրան և չթափթփեն իրերը։ Որոշ ծնողներ սովորեցնում են իրենց երեխաներին, որ ամեն օր հարդարեն անկողինը դպրոց գնալուց առաջ, շորերը դնեն համապատասխան տեղում և օգնեն տնային գործերում։ Եթե երեխաները տեսնեն, որ տան մյուս սենյակները հավաքված ու մաքուր են, հավանականությունը ավելի մեծ կլինի, որ իրենք էլ իրենց սենյակներն ու անձնական իրերը մաքուր և կոկիկ կպահեն։
Ինչպե՞ս են ձեր երեխաները վերաբերվում այն ամենին, ինչ սովորում են դպրոցում։ Արտահայտո՞ւմ են իրենց երախտագիտությունը ուսուցիչների աշխատանքի համար։ Իսկ դուք արտահայտո՞ւմ եք ձեր երախտագիտությունը։ Ուսուցիչների և տնային աշխատանքների հանդեպ ձեր երեխաները կունենան այն նույն վերաբերմունքը, որը դուք ունեք։ Կարելի է քաջալերել նրանց, որ շնորհակալություն հայտնեն ուսուցիչներին։ Հարգանք դրսևորելու գերազանց միջոց է ուսուցիչներին, բժիշկներին, խանութի աշխատողներին և ուրիշներին շնորհակալություն հայտնելը (Ղուկ. 17։15, 16)։ Երիտասարդ քրիստոնյաները, որոնք տարբերվում են իրենց համադասարանցիներից քաղաքավարի լինելու և լավ վարք դրսևորելու շնորհիվ, գովեստի են արժանի։
Քրիստոնեական ժողովի անդամները պետք է օրինակ լինեն վարվելակերպի հարցում։ Որքա՜ն հաճելի է տեսնել, որ այն երիտասարդները, ովքեր հաճախում են ժողովի հանդիպումներին, քաղաքավարություն են դրսևորում՝ ասելով՝ «խնդրում եմ» կամ «շնորհակալություն»։ Երբ մեծերը հարգանք են դրսևորում Եհովայի հանդեպ՝ ուշադիր լինելով այն հրահանգներին, որ տրվում են այդ հանդիպումների ժամանակ, երիտասարդները մղվում են ընդօրինակելու նրանց։ Երեխաները կարող են սովորել հարգել ուրիշներին՝ տեսնելով մյուսների լավ վարքը Թագավորության սրահում։ Օրինակ՝ չորս տարեկան Էնդրյուն արդեն սովորել է ասել՝ «ներողություն», երբ ուզում է, որ մեծերը ճանապարհ տան իրեն։
Է՞լ ինչ կարող են անել ծնողները, որ օգնեն երեխաներին սովորելու, թե ինչպիսի վարք է ակնկալվում իրենցից։ Ծնողները կարող են և պետք է ժամանակ տրամադրեն միասին քննելու, թե ինչ դասեր կարող են սովորել Աստծու Խոսքում արձանագրված բազմաթիվ օրինակներից (Հռոմ. 15։4)։
Սովորեցրեք աստվածաշնչյան օրինակներով
Սամուելի մայրը, ամենայն հավանականությամբ, սովորեցրել էր որդուն խոնարհվել Հեղի քահանայապետի առաջ։ Երբ նա Սամուելին տարավ խորան, վերջինս հավանաբար ընդամենը երեք կամ չորս տարեկան էր (1 Սամ. 1։28)։ Կարո՞ղ եք ձեր փոքրիկներին սովորեցնել ողջունել, օրինակ՝ ասել «բարի լույս», «բարի օր», «բարի գիշեր» կամ որևէ այլ բան, որ ընդունված է ձեր տեղանքում։ Փոքրիկ Սամուելի նման՝ ձեր երեխաները նույնպես կարող են «հաճելի դառնալ թե՛ Եհովային և թե՛ մարդկանց» (1 Սամ. 2։26)։
Կարող եք օգտագործել Աստվածաշնչի պատմությունները՝ ընդգծելու համար տարբերությունը հարգալից և անհարգալից վերաբերմունքի միջև։ Օրինակ՝ երբ Իսրայելի անհավատարիմ թագավոր Օքոզիան ցանկացավ տեսնել Եղիա մարգարեին, նա «հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով», որ կանչի նրան։ Հիսնապետը պահանջեց, որ մարգարեն հետևի իրեն։ Սա Աստծու ներկայացուցչի հետ խոսելու լավ ձև չէր։ Ի՞նչ պատասխան տվեց Եղիան։ «Եթե ես Աստծու մարդ եմ, ապա թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն մարդկանց»,— ասաց նա։ Հենց այդպես էլ եղավ։ «Երկնքից կրակ իջավ ու լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց» (2 Թագ. 1։9, 10)։
Հաջորդ հիսնապետն ուղարկվեց Եղիայի մոտ։ Նա նույնպես հրամայեց մարգարեին գնալ իր հետ, և այս անգամ էլ կրակ իջավ երկնքից։ Հետո երրորդ հիսնապետը եկավ։ Այս մարդը հարգանք դրսևորեց։ Եղիային հրամայելու փոխարեն՝ նա ծնկի եկավ և աղերսեց. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ, խնդրում եմ, թող իմ հոգին ու քո այս հիսուն ծառաների հոգին թանկ լինեն քո աչքում։ Կրակը, որ իջավ երկնքից, լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսուն մարդկանց, բայց հիմա իմ հոգին թող թանկ լինի քո աչքում»։ Կխնդրե՞ր Աստծու մարգարեն, որ կրակ իջնի մեկի վրա, որը թեև վախով էր լցված, բայց հարգանքով խոսեց։ Դա անմտություն կլիներ։ Եհովայի հրեշտակը ասաց Եղիային, որ գնա այդ հիսնապետի հետ (2 Թագ. 1։11–15)։ Մի՞թե սա չի ընդգծում հարգանք դրսևորելու կարևորությունը։
Երբ հռոմեացի զինվորները Պողոս առաքյալին կալանքի տակ առան տաճարի մոտ, նա հարգալից կերպով զորապետից խոսելու թույլտվություն խնդրեց, քանի որ կարծում էր, որ այդ իրավունքը չունի։ Առաքյալը հարցրեց. «Կարելի՞ է քեզ մի բան ասել»։ Արդյունքում նրան հնարավորություն տրվեց խոսելու՝ ի պաշտպանություն իրեն (Գործ. 21։37–40)։
Դատավարության ժամանակ Հիսուսին ապտակեցին։ Սակայն նա գիտեր՝ ինչպես առարկել. «Եթե սխալ բան ասացի, ասա, բայց եթե ճիշտ ասացի, ապա ինչո՞ւ ես խփում ինձ»։ Ոչ ոք չէր կարող որևէ սխալ գտնել Հիսուսի խոսելաձևի մեջ (Հովհ. 18։22, 23)։
Աստծու Խոսքում նաև կան օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք արձագանքել, երբ մեզ խիստ կերպով են ուղղում, ինչպես հարգալից կերպով ընդունենք անցյալում կատարած սխալները կամ խոստովանենք, որ որոշ հարցերում անփութորեն ենք վարվել (Ծննդ. 41։9–13; Գործ. 8։20–24)։ Օրինակ՝ Աբիգեան ներողություն խնդրեց Դավթից իր ամուսնու՝ Նաբաղի հանդուգն վարքի համար։ Դրանից բացի, նա իր հետ բերեց առատ սննդամթերք։ Դավիթն այնքան տպավորվեց Աբիգեայի արարքից, որ Նաբաղի մահից հետո նրան կնության առավ (1 Սամ. 25։23–41)։
Սովորեցրեք ձեր երեխաներին հարգալից լինել, անկախ այն բանից՝ հարցը դժվարին հանգամանքներում այդպիսին լինելն է, թե պարզապես քաղաքավարի լինելը։ Եթե այս կերպով թույլ տանք, որ մեր «լույսը շողա մարդկանց առջև», փառք կբերենք մեր «Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։16)։
[ծանոթագրություններ]
a Իհարկե, ծնողները պետք է օգնեն իրենց երեխաներին հասկանալու, որ տարբերություն կա մեծերի նկատմամբ հարգալից լինելու և վատ մղումներ ունեցող մարդուն ենթարկվելու միջև։ Տե՛ս 2007թ. հոկտեմբերի «Արթնացե՛ք»-ը, էջ 3–11 (ռուս.)։
b Որոշ անուններ փոխված են։