Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/15 էջ 6–10
  • Սուրբ ոգու դերը արարչագործության մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սուրբ ոգու դերը արարչագործության մեջ
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արարչագործության հրաշքը
  • Աստծու անսահման զորությունը
  • Սուրբ ոգին ու Երկիրը
  • Սուրբ ոգին և կենդանի օրգանիզմները
  • Արարչագործության գլուխգործոցը
  • Ընդունենք սուրբ ոգու դերը
  • Սուրբ ոգին և Աստծու հանդեպ մեր հավատը
  • Արարչագործության վերաբերյալ հնագույն մի աղբյուր՝ արժանահավա՞տ է արդյոք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Ի՞նչ է սուրբ ոգին
    2009 Դիտարան
  • Ինչո՞ւ արժե առաջնորդվել Աստծու ոգով
    2011 Դիտարան
  • Արարելու զորություն. «երկնքի ու երկրի» Ստեղծիչը
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2011 Դիտարան
w11 2/15 էջ 6–10

Սուրբ ոգու դերը արարչագործության մեջ

«Եհովայի խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի ոգով՝ նրա բոլոր զորքերը» (ՍԱՂ. 33։6)։

1, 2. ա) Ինչպե՞ս է մարդը ժամանակի ընթացքում ավելացրել իր գիտելիքները երկնքի ու երկրի մասին։ բ) Ո՞ր հարցին պետք է պատասխան տրվի։

ԵՐԲ 1905​թ.-ին Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց հարաբերականության հատուկ տեսությունը, նա և շատ ուրիշ գիտնականներ կարծում էին, թե տիեզերքում ընդամենը մեկ գալակտիկա կա՝ Ծիր կաթինը։ Ի՜նչ թյուր կարծիք ունեին նրանք տիեզերքի չափերի մասին։ Այսօր, սակայն, գիտնականների կարծիքով՝ գոյություն ունի ավելի քան 100 միլիարդ գալակտիկա, և դրանցից մի քանիսը բաղկացած են միլիարդավոր աստղերից։ Գերհզոր աստղադիտակները, որոնք օգտագործվում են երկրի վրա կամ դուրս են բերվում երկրամերձ ուղեծիր, ավելի ու ավելի շատ գալակտիկաներ են հայտնաբերում։

2 1905​թ.-ին գիտնականները սահմանափակ տեղեկություններ ունեին ոչ միայն երկնքի, այլև երկրի մասին։ Ճիշտ է, մեկ դար առաջ ապրող մարդիկ ավելի շատ բան գիտեին, քան նախորդ սերունդները, սակայն այսօր մարդիկ շատ ավելի մեծ գիտելիքներ ունեն, ինչի շնորհիվ ավելի շատ են հիանում կյանքի գեղեցկությամբ, բարդությամբ և այն համակարգերով, որոնք պահպանում են կյանքը։ Հետագայում, անկասկած, մենք ավելի շատ բաներ կիմանանք երկնքի ու երկրի մասին։ Այնուհանդերձ, կարևոր է գտնել հետևյալ հարցի պատասխանը. «Ինչպե՞ս առաջ եկավ այս ամենը»։ Ի դեպ, այս հարցի պատասխանը կարող ենք ստանալ միմիայն այն բանի շնորհիվ, որ Սուրբ Գրքում Արարիչը հայտնել է դա։

Արարչագործության հրաշքը

3, 4. Ինչպե՞ս Աստված ստեղծեց տիեզերքը, և ինչպե՞ս են նրա գործերը փառաբանում իրեն։

3 Տիեզերքի առաջացման մասին իմանում ենք Աստվածաշնչի առաջին խոսքերից. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1)։ Երբ դեռ ոչ մի մատերիա գոյություն չուներ, Եհովան օգտագործեց իր սուրբ ոգին՝ հզոր գործուն ուժը, որ ստեղծի երկինքը, երկիրը և տիեզերքում գոյություն ունեցող մնացած բոլոր բաները։ Արհեստավորը ինչ-որ բան շինելու համար օգտագործում է իր ձեռքերն ու գործիքները, իսկ Աստված մեծամեծ գործեր կատարելու համար ուղարկում է իր սուրբ ոգին։

4 Աստվածաշնչում սուրբ ոգու մասին փոխաբերական իմաստով խոսվում է որպես Աստծու «մատի» (Ղուկ. 11։20; Մատթ. 12։28)։ «Նրա ձեռքերի գործը», այսինքն՝ այն, ինչ Եհովան ստեղծել է իր սուրբ ոգու միջոցով, մեծ փառք է բերում իրեն։ «Երկինքը հռչակում է Աստծու փառքը,— երգեց սաղմոսերգու Դավիթը,— և երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը» (Սաղ. 19։1)։ Այո՛, ֆիզիկական ստեղծագործությունը վկայում է Աստծու սուրբ ոգու ահռելի զորության մասին (Հռոմ. 1։20)։ Ինչպե՞ս։

Աստծու անսահման զորությունը

5. Բացատրի՛ր, թե ինչ զորություն ունի Եհովայի սուրբ ոգին։

5 Մեր աներևակայելի ընդարձակ տիեզերքը փաստում է, որ Եհովայի զորությունն ու էներգիան անսպառ են (կարդա՛ Եսայիա 40։26)։ Ժամանակակից գիտությանը հայտնի է, որ մատերիան կարող է փոխակերպվել էներգիայի, իսկ էներգիան՝ մատերիայի։ Արեգակի օրինակը օգնում է մեզ տեսնելու, որ մատերիան փոխակերպվում է էներգիայի։ Յուրաքանչյուր վայրկյան այս աստղը փոխակերպում է մոտ չորս միլիոն տոննա մատերիա արեգակնային և ճառագայթային էներգիայի այլ տեսակների։ Այդ էներգիայի չնչին մասը, որը հասնում է մեզ, բավական է երկրի վրա կյանքը պահպանելու համար։ Ակնհայտ է, որ հսկայական զորություն և էներգիա էր պահանջվում ոչ միայն Արեգակը, այլև միլիարդավոր աստղերը ստեղծելու համար։ Եհովան ուներ այդ անհրաժեշտ էներգիան, դեռ մի բան էլ ավել։

6, 7. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված իր սուրբ ոգով ամեն բան կարգուկանոնով է ստեղծել։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ տիեզերքը պատահականորեն չի առաջացել։

6 Աստված իր սուրբ ոգով ամեն բան կարգուկանոնով է ստեղծել։ Այդ կարգուկանոնը երևում է մեր շրջապատում։ Բերենք մի օրինակ. պատկերացրու՝ մի տուփ ունես, որի մեջ տարբեր գույների գնդակներ կան։ Դու թափահարում ես տուփը, խառնում գնդակները և միանգամից թափում գետին։ Կակնկալե՞ս, որ գնդակները գետնի վրա հավաքվեն ըստ գույների՝ կապույտները կապույտների հետ, դեղինները՝ դեղինների և այսպես շարունակ։ Իհա՛րկե ոչ։ Չվերահսկվող գործողությունների արդյունքում քաոս է առաջանում, և կարգուկանոն չի հաստատվում։ Այս փաստն ընդունում են բոլորըa։

7 Երբ բարձրացնում ենք մեր աչքերը դեպի երկինք կամ հեռադիտակով ուսումնասիրում ենք տիեզերքը, ի՞նչ ենք տեսնում։ Տեսնում ենք հսկայական գալակտիկաներ, աստղեր և մոլորակներ, որոնք շարժվում են մեծ ճշգրտությամբ ու կարգուկանոնով։ Դա չէր կարող լինել պատահականության կամ չվերահսկվող գործողությունների արդյունք։ Հետևաբար հարց է ծագում. «Ի՞նչ ուժ է գործի դրվել, որ առաջ գա տիեզերքը, որտեղ կարգուկանոն է տիրում»։ Մենք չենք կարող բնորոշել այդ ուժը միայն գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների միջոցով։ Աստվածաշունչն այն անվանում է Աստծու սուրբ ոգի, որը տիեզերքի ամենահզոր ուժն է։ Սաղմոսերգուն երգեց. «Եհովայի խոսքով ստեղծվեց երկինքը, նրա բերանի ոգով՝ նրա բոլոր զորքերը» (Սաղ. 33։6)։ Երբ հիանում ենք գիշերային աստղազարդ երկնքով, կարող ենք տեսնել աստղերի «զորքերի» միայն մի փոքր մասը։

Սուրբ ոգին ու Երկիրը

8. Իրականում որքա՞ն բան գիտենք Եհովայի գործերի մասին։

8 Այն, ինչ այժմ գիտենք բնության մասին, շատ քիչ է՝ համեմատած այն ամենին, ինչ դեռ սովորելու ենք ապագայում։ Աստծու արարչագործության մասին մեր իմացածը շատ սահմանափակ է, ինչպեսև հավատարիմ Հոբը եզրակացրեց. «Ահա սրանք նրա ճանապարհների եզրերն են, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին» (Հոբ 26։14)։ Դարեր անց Սողոմոն թագավորը՝ Եհովայի ստեղծագործության խորաթափանց դիտորդը, հայտարարեց. «Ամեն ինչ [Աստված] գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է» (Ժող. 3։11; 8։17)։

9, 10. Ի՞նչ ուժ օգտագործեց Աստված Երկիրը ստեղծելիս, և առաջին երեք արարչագործական օրերին ի՞նչ տեղի ունեցավ։

9 Այնուհանդերձ, Եհովան կարևոր մանրամասներ է հայտնել իր գործերի վերաբերյալ։ Օրինակ՝ Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է, որ Աստծու ոգին անթիվ-անհամար տարիներ առաջ գործում էր Երկրի վրա (կարդա՛ Ծննդոց 1։2)։ Այդ ժամանակ Երկրի վրա չկար ցամաք, լույս և, հավանաբար, շնչելու օդ։

10 Աստվածաշունչը շարունակում է նկարագրել, թե ինչ էր Աստված անում արարչագործական օրերի ընթացքում։ Դրանք 24 ժամից կազմված օրեր չէին, այլ երկար ժամանակահատվածներ։ Արարչագործության առաջին օրը Եհովան այնպես արեց, որ Երկրի մակերևույթի վրա լույս սկսի երևալ։ Այդ պրոցեսը ավարտվելու էր այն ժամանակ, երբ Արեգակը և Լուսինը տեսանելի դառնային Երկրից (Ծննդ. 1։3, 14)։ Երկրորդ օրը առաջացավ մթնոլորտը (Ծննդ. 1։6)։ Երկրի վրա եղավ ջուր, լույս և օդ, սակայն դեռևս ցամաք չկար։ Երրորդ արարչագործական օրվա սկզբում Եհովան իր սուրբ ոգով համաշխարհային օվկիանոսից մայրցամաքներ դուրս բերեց՝ թերևս գործի դնելով երկրաբանական հզոր ուժերը (Ծննդ. 1։9)։ Երրորդ և հետագա արարչագործական օրերին ուրիշ զարմանահրաշ դեպքեր էլ էին տեղի ունենալու։

Սուրբ ոգին և կենդանի օրգանիզմները

11. Ի՞նչ է ցույց տալիս կենդանի օրգանիզմների գեղեցիկ, համաչափ ու բարդ կառուցվածքը։

11 Աստծու ոգին առաջ է բերել նաև կենդանի օրգանիզմներ, որոնք գերազանց կառուցվածք ունեն։ Իր սուրբ ոգով ստեղծագործական մյուս երեք օրերի ընթացքում Աստված ստեղծեց բազմապիսի զարմանահրաշ բույսեր և կենդանիներ (Ծննդ. 1։11, 20–25)։ Այս կենդանի օրգանիզմներից յուրաքանչյուրը գեղեցիկ, համաչափ և միևնույն ժամանակ շատ բարդ կառուցվածք ունի, ինչը վկայում է, որ դրանք հանճարեղ կերպով են ստեղծվել։

12. ա) Ի՞նչ ֆունկցիա է կատարում ԴՆԹ-ն։ բ) Ի՞նչ ենք սովորում ԴՆԹ-ի չընդհատվող ֆունկցիայից։

12 Նկատի առ ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինային թթու), այն քիմիական միացությունը, որի միջոցով օրգանիզմներին բնորոշ գծերը փոխանցվում են սերունդներին։ ԴՆԹ-ի շնորհիվ են վերարտադրվում երկրի վրա եղող բոլոր կենդանի օրգանիզմները՝ միկրոբները, կանաչ խոտերը, փղերը, կապույտ կետերը, ինչպես նաև մարդ արարածը։ Թեև դրանք շատ տարբեր են իրարից, սակայն այն կոդը, որով պայմանավորված են նրանց ժառանգական հատկությունները, կայուն է, ինչի շնորհիվ դարերի ընթացքում կենդանիների հիմնական տեսակների տարբերակիչ հատկանիշները չեն փոփոխվում։ Եհովա Աստծու նպատակի համաձայն՝ բազմազան կենդանի օրգանիզմները շարունակում են կատարել իրենց դերը երկրագնդի բարդ էկոհամակարգում (Սաղ. 139։16)։ Այս շատ արդյունավետ, կարգուկանոնով գործող կոդը նույնպես փաստում է, որ ստեղծագործությունը սուրբ ոգու՝ Աստծու «մատի» արդյունքն է։

Արարչագործության գլուխգործոցը

13. Ինչպե՞ս Աստված ստեղծեց մարդուն։

13 Անցան դարեր, Աստված արդեն ստեղծել էր անթիվ-անհամար կենդանի օրգանիզմներ ու անշունչ բաներ, և Երկիրն այլևս «անձև ու դատարկ» չէր։ Սակայն Եհովան չէր դադարել արարելու նպատակով սուրբ ոգին օգտագործելուց։ Նա պատրաստվում էր ստեղծել արարչագործության գլուխգործոցը։ Վեցերորդ օրվա վերջում Աստված ստեղծեց մարդուն։ Ինչպե՞ս։ Նա օգտագործեց իր սուրբ ոգին ու երկրի տարրերը (Ծննդ. 2։7)։

14. Ի՞նչն է մեծապես տարբերում մարդուն կենդանիներից։

14 Ծննդոց 1։27-ում կարդում ենք. «Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց»։ Այն, որ Եհովան ստեղծել է մեզ իր պատկերով, նշանակում է, որ նա մեր մեջ դրել է սեր դրսևորելու, ազատ կամք ունենալու և նույնիսկ Ստեղծչի հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու կարողությունը։ Այդ պատճառով մեր ուղեղը մեծապես տարբերվում է կենդանիների ուղեղից։ Եհովան հատուկ այնպես է ստեղծել մարդու ուղեղը, որ նա կարող է հավիտյան սովորել Աստծու և նրա գործերի մասին ու դրանից ուրախություն ստանալ։

15. Ի՞նչ հեռանկար ունեին Ադամն ու Եվան։

15 Մարդկության պատմության սկզբում Աստված Ադամին ու իր կնոջը՝ Եվային, հանձնարարեց ուսումնասիրել երկիրը, նրա բոլոր հրաշալիքները և հաճույք ստանալ դրանից (Ծննդ. 1։28)։ Եհովան առատ ուտելիք ու դրախտային տուն տվեց նրանց։ Նրանք հավիտյան ապրելու հեռանկար ունեին և կարող էին դառնալ միլիարդավոր կատարյալ սերունդների սիրելի նախածնողները։ Այնուհանդերձ, ամեն բան այլ հունով ընթացավ։

Ընդունենք սուրբ ոգու դերը

16. Թեև առաջին մարդիկ ապստամբեցին, ի՞նչ հույս ունենք մենք։

16 Փոխարեն երախտագիտությունից մղված հնազանդվելու իրենց Արարչին՝ Ադամն ու Եվան, առաջնորդվելով եսասիրական ցանկություններով, ապստամբեցին։ Արդյունքում նրանցից սերված բոլոր մարդիկ անկատարություն ժառանգեցին և մինչև հիմա տառապում են։ Սակայն Աստվածաշունչը բացատրում է, թե ինչպես է Աստված վերացնելու այն բոլոր վնասները, որոնք առաջ են եկել մեր նախածնողների մեղավոր ընթացքի պատճառով։ Աստծու Խոսքը նաև ցույց է տալիս, որ Եհովան իրագործելու է իր սկզբնական նպատակը. երկիրը վերածվելու է դրախտի, որտեղ ապրելու են երջանիկ, առողջ մարդիկ, որոնք օրհնվելու են հավիտենական կյանքով (Ծննդ. 3։15)։ Մենք Աստծու սուրբ ոգու օգնության կարիքն ունենք, որ այդ հրաշալի հեռանկարի հանդեպ մեր հավատը վառ պահենք։

17. Ինչի՞ց պետք է խուսափենք։

17 Մենք պետք է աղոթենք Եհովային սուրբ ոգի ստանալու համար (Ղուկ. 11։13)։ Այդպես վարվելով՝ կամրացնենք մեր համոզվածությունը այն բանի հանդեպ, որ ստեղծագործությունը Աստծու ձեռքի գործն է։ Այսօր մեծ տարածում է գտնում աթեիզմի և էվոլյուցիայի պրոպագանդան, որը սխալ ու անհիմն տրամաբանության արդյունք է։ Չպետք է թույլ տանք, որ դա շփոթեցնի կամ վախեցնի մեզ։ Բոլոր քրիստոնյաները պետք է պատրաստված լինեն, որ մերժեն այդ պրոպագանդան և դիմադրեն շրջապատի ճնշմանը (կարդա՛ Կողոսացիներ 2։8)։

18. Երբ քննում ենք տիեզերքի ու մարդկության ծագումը, ինչո՞ւ խելամիտ չի լինի բացառել բանականություն ունեցող Արարչի գոյությունը։

18 Աստվածաշնչի ու Աստծու հանդեպ հավատն, անշուշտ, կզորանա, եթե ազնվորեն քննենք հօգուտ ստեղծագործության ապացույցները։ Շատերը կարծում են, որ տրամաբանական չէ հավատալ, որ տիեզերքում գոյություն ունեցող ֆիզիկական ուժերից բացի այլ ուժ է մասնակցել տիեզերքի ստեղծմանը։ Սակայն եթե այդ տեսանկյունից նայենք, ապա չենք կարող անկողմնակալ կերպով ծանր ու թեթև անել բոլոր ապացույցները։ Ավելին, այդպիսով կարհամարհենք կարգուկանոնով, նպատակային կերպով արարված ստեղծագործությունները, որոնք «թիվ չունեն» (Հոբ 9։10; Սաղ. 104։25)։ Որպես քրիստոնյաներ՝ մենք վստահ ենք, որ արարչագործությանը մասնակցող ուժը սուրբ ոգին էր, որը գործել է Եհովայի խելամիտ առաջնորդության ներքո։

Սուրբ ոգին և Աստծու հանդեպ մեր հավատը

19. Ինչպե՞ս ենք անձամբ համոզվում, որ Աստված գոյություն ունի և իր սուրբ ոգին գործում է։

19 Պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանանք ստեղծագործության մասին, որպեսզի հավատանք Աստծուն, ինչպես նաև սիրենք ու ակնածենք նրանից։ Եհովայի հանդեպ հավատը հիմնված չէ միայն չոր փաստերի վրա։ Ինչպես որ ընկերների միջև հարաբերություններն են ամրանում, երբ իրար ավելի լավ են սկսում ճանաչել, այնպես էլ Աստծու հանդեպ հավատն է մեծանում, երբ նրա մասին շատ բաներ ենք սովորում։ Իրականում, մենք ավելի ենք համոզվում նրա գոյության մեջ, երբ նա պատասխանում է մեր աղոթքներին ու երբ նկատում ենք, թե ինչ լավ արդյունքներ է բերում նրա տված սկզբունքները կիրառելը։ Մենք ավելի ենք մոտենում Եհովային, երբ անդադար տեսնում ենք, թե ինչպես է առաջնորդում մեր քայլերը, պաշտպանում մեզ, օրհնում ծառայության մեջ ներդրած մեր ջանքերը և տալիս անհրաժեշտ բաները։ Այս ամենը զորեղ կերպով ապացուցում է, որ Աստված գոյությունը ունի և նրա սուրբ ոգին գործում է։

20. ա) Ինչո՞ւ Աստված ստեղծեց տիեզերքն ու մարդուն։ բ) Աստծու սուրբ ոգու առաջնորդությանը շարունակ հետևելու արդյունքը ի՞նչ կլինի։

20 Այն, որ Եհովան օգտագործում է իր գործուն ուժը, ակնառու կերպով փաստում է Աստվածաշունչը, որի գրողները «Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետ. 1։21)։ Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք այն, կարող ենք ամրացնել մեր հավատն Աստծու՝ բոլոր բաների Արարչի հանդեպ (Հայտն. 4։11)։ Սերն է մղել Եհովային արարելու (1 Հովհ. 4։8)։ Ուրեմն եկեք մեր լավագույնն անենք և օգնենք ուրիշներին սովորելու մեր սիրառատ երկնային Հոր ու Ընկերոջ մասին։ Եթե շարունակենք առաջնորդվել Աստծու ոգով, առանձնաշնորհում կունենանք հավիտյան սովորելու նրա մասին (Գաղ. 5։16, 25)։ Թող որ յուրաքանչյուրս շարունակ սովորի, թե ով է Եհովան, ինչ մեծ գործեր է արել, և իր կյանքում արտացոլի այն անսահման սերը, որը նա ցուցաբերեց, երբ սուրբ ոգով ստեղծեց երկինքը, երկիրը և մարդ արարածին։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքի 24, 25-րդ էջերը։

Կարո՞ղ ես բացատրել

• Երկնքի ու երկրի գոյությունը ի՞նչ է սովորեցնում այն մասին, թե ինչպես է Աստված օգտագործում սուրբ ոգին։

• Աստծու պատկերով ստեղծված լինելը ի՞նչ հնարավորություններ է տալիս մեզ։

• Ինչո՞ւ պետք է քննենք արարչագործության ապացույցները։

• Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները ինչպե՞ս կարող են ամրանալ։

[նկար 7-րդ էջի վրա]

Տիեզերքի մեջ եղող կարգուկանոնը ի՞նչ է սովորեցնում մեզ արարչագործության մասին

[թույլտվությամբ]

Stars: Anglo-Australian Observatory/David Malin Images

[նկարներ 8-րդ էջի վրա]

Ի՞նչ դեր ունի ԴՆԹ-ն այս ստեղծագործությունների մեջ

[նկար 10-րդ էջի վրա]

Պատրաստվա՞ծ ես պաշտպանելու հավատդ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը