Հարցերի արկղ (2)
◼ Երբ ժողովին խնդրում են օգնել կազմակերպելու թաղման արարողությունը, գուցե հետևյալ հարցերը առաջանան։
Ո՞վ պետք է ներկայացնի թաղման ելույթը։ Այս հարցը որոշում են մահացածի ընտանիքի անդամները։ Նրանք կարող են խնդրել, որ ելույթը ներկայացնի որևէ օրինակելի մկրտված եղբայր։ Իսկ եթե օգնության համար դիմում են երեցների խորհրդին, ապա կընտրվի մի հմուտ երեց, որը կազմակերպության ելույթի պլանի վրա հիմնված մահախոսական կներկայացնի։ Թերևս տեղին լինի, առանց մահացածին մեծարելու, հիշատակել ընդօրինակման արժանի նրա հատկությունները։
Կարո՞ղ է օգտագործվել Թագավորության սրահը։ Կարող է, եթե երեցների խորհուրդը հավանություն է տալիս, և ելույթը չի խանգարում սրահում անցկացվող ժողովի հանդիպումներին։ Սրահը կարող է օգտագործվել, եթե մահացածը եղել է բարի համբավ ունեցող ժողովի անդամ կամ ժողովի անդամի անչափահաս երեխան։ Եթե մահացածը ոչ քրիստոնեավայել վարք է ունեցել կամ գոյություն ունեն այլ գործոններ, որոնք գուցե բացասաբար անդրադառնան ժողովի անվան վրա, ապա երեցները թերևս որոշեն թույլ չտալ օգտագործելու սրահը (Տե՛ս «Կազմակերպված ենք», էջ 122)։
Սովորաբար Թագավորության սրահը չի օգտագործվում ոչ Վկա անհատի մահախոսականը ներկայացնելու համար։ Հնարավոր է բացառություն անել, եթե մահացածի ընտանիքի անդամները ակտիվ քարոզիչներ են, ժողովի քարոզիչները ճանաչել են մահացած անհատին՝ որպես ճշմարտության հանդեպ դրական վերաբերմունք ունեցողի և լավ համբավ ունեցողի, բացի այդ, թաղման ժամանակ տեղ չեն գտնի աշխարհիկ ավանդությունները։
Եթե երեցների խորհուրդը հավանություն է տալիս օգտագործելու Թագավորության սրահը, ապա հաշվի կառնի, թե տվյալ տարածքում ընդունելի է, որ սրահում, որտեղ ներկայացվում է մահախոսականը, դրվի դագաղը։ Եթե ընդունված է, ապա երեցների խորհուրդը կարող է թույլ տալ, որ դագաղը սրահում դրվի։
Ինչպե՞ս վարվել ոչ Վկա անհատի թաղման դեպքում։ Եթե մահացածը լավ համբավ է ունեցել, եղբայրը կարող է Աստվածաշնչի վրա հիմնված մխիթարական ելույթ ներկայացնել սգո սրահում կամ գերեզմանոցում։ Եթե մահացածը անբարո վարք է ունեցել, օրինազանց է եղել կամ աստվածաշնչյան սկզբունքներին հակասող ապրելակերպ է ունեցել, ժողովը կհրաժարվի նրա թաղման արարողությունը կազմակերպելուց։ Ինչ խոսք, եղբայրը չի մասնակցի այնպիսի արարողության, որն անցկացնում է քահանան, կամ որն անցկացվում է Մեծ Բաբելոնի որևէ եկեղեցում։
Ինչպե՞ս վարվել, եթե մահացածը ընկերակցությունից զրկված է եղել։ Նման դեպքերում սովորաբար ժողովը թաղման հետ կապված հարցերում չի միջամտում, իսկ Թագավորության սրահը չի օգտագործվում։ Եթե անհատը ցույց է տվել, որ զղջում է և վերականգնվելու ցանկություն է հայտնել, ապա եղբոր խիղճը գուցե թույլ տա աստվածաշնչյան ելույթ ներկայացնելու սգո սրահում կամ գերեզմանոցում ոչ Վկա հարազատներին վկայություն տալու և մխիթարելու համար։ Սակայն իմաստուն կլինի, որ եղբայրը նախապես խորհրդակցի երեցների խորհրդի հետ և հաշվի առնի նրանց դիտարկումները։ Իսկ եթե հանգամանքներն այնպիսին են, որ խելամիտ չի լինի, որ եղբայրը ներկայացնի ելույթը, ապա գուցե տեղին լինի, որ հարազատներին մխիթարելու համար մահախոսական ներկայացնի այն եղբայրը, ով մահացածի ընտանիքի անդամն է։
Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 1990 թ. հոկտեմբերի 15-ի համարը, էջ 30, 31; 1982 թ. մարտի 1-ի համարը, էջ 23 (ռուս.)։