Անձնազոհ ոգի ցուցաբերո՞ւմ ես
1 Գնահատելով այն ամենը, ինչ որ Հիսուս Քրիստոսն անշահախնդրորեն արել է մարդկության համար՝ մղվում ենք անձնազոհ կերպով օգտագործելու մեր ընդունակությունները, եռանդն ու ուժը։ Սուրբ գրությունները հորդորում են մեզ. «Պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը [«սուրբ ծառայությունը», ՆԱ]» (Հռովմ. 12։1)։ Ժամանակ առ ժամանակ ինքնաքննությունը կօգնի քեզ գնահատել, թե արդյոք ցուցաբերո՞ւմ ես նման ոգի այն չափով, որ չափով որ թույլ են տալիս անձնական հանգամանքներդ։
2 Աստվածաշնչի գիտությունը հետազոտելիս։ Ժամանակ տրամադրո՞ւմ ես Աստվածաշնչի կանոնավոր անձնական ընթերցանությանն ու ուսումնասիրությանը։ Հետևո՞ւմ ես այդ ծրագրին։ Սովորություն ունե՞ս ժողովի հանդիպումներին լավ նախապատրաստվելու։ Եթե ընտանիքի գլուխ ես, Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն անցկացնո՞ւմ ես ընտանիքիդ հետ։ Այս ամենը ի կատար ածելու համար գուցե հարկ լինի զոհաբերել հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացվող կամ էլ ուրիշ գործերի վրա ծախսվող ժամանակը։ Սակայն որքա՜ն չնչին է թվում մեր արած զոհաբերությունը, երբ գիտակցում ենք, որ Աստծո Խոսքի յուրացմանը ժամանակ հատկացնելը մեզ առաջնորդում է հավիտենական կյանքի (Յովհ. 17։3)։
3 Երեխաներիդ դաստիարակելիս։ Լավագույն ժամանակը, երբ երեխաներին կարելի է սովորեցնել անձնազոհ ոգի ցուցաբերել, մանուկ հասակն է։ Սովորեցրու նրանց, որ ինչպես զվարճություններին են ժամանակ տրամադրում, այնպես էլ պետք է վերաբերվել աշխատանքին և աստվածապետական գործունեությանը (Եփես. 6։4)։ Որևէ օգտակար գործ հանձնարարիր նրանց՝ տան մեջ կատարելու։ Կանոնավոր ծրագիր կազմիր նրանց հետ քարոզչության գնալու համար։ Դաստիարակությունդ ավելի ազդու դարձրու անձնական օրինակով։
4 Ժողովի գործունեության մեջ։ Ժողովը բարվոք վիճակում է այն դեպքում, երբ յուրաքանչյուր անդամ պատրաստակամորեն ծառայում է հօգուտ ընդհանուրին (Եբր. 13։16)։ Կարո՞ղ ես արդյոք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին ավելի շատ ժամանակ տրամադրել, կամ էլ հոժարակամորեն օգնություն ցույց տալ հիվանդ կամ ծեր անհատներին՝ միգուցե օգնելով նրանց տրանսպորտային միջոցներով՝ ժողովի հանդիպումներին ներկա գտնվելու։
5 Նախքան իր մարդկային կյանքը որպես մեծագույն զոհ ներկայացնելը՝ Հիսուսը խորհուրդ տվեց իր աշակերտներին իրենց ուշադրությունը սևեռել Թագավորության շահերին, իսկ մյուս բոլոր բաները երկրորդական տեղում դասել (Մատթ. 6։33)։ Մինչ շարունակում ենք ուրախությամբ ծառայել Եհովային՝ անձնազոհ ոգի ունենալը մեզ մեծ ուրախություն կբերի։