Կյանքդ կառուցիր Եհովային ծառայելու վրա
1 Հիսուսն իր ունկնդիրներին նմանեցրեց երկու տարբեր «շինարարների»։ Մեկն իր կյանքը «կառուցեց ժայռի» վրա, այսինքն՝ հնազանդվեց Քրիստոսին, որի շնորհիվ կարողացավ հաղթահարել հակառակության և դժբախտության «փոթորիկները»։ Իսկ մյուսը «կառուցեց ավազի»՝ եսասիրական անհնազանդության վրա և չկարողացավ դիմանալ ճնշումներին (Մատթ. 7։24—27)։ Ապրելով իրերի ներկա համակարգի ավարտին մոտեցող ժամանակներում՝ մենք շատ փորձությունների «փոթորիկների» ենք ենթարկվում։ Հորիզոնում արագությամբ կուտակվում են մեծ նեղության «սև ամպերը»։ Մեր հավատի ամրությամբ մինչև վերջ հաստատ կմնա՞նք (Մատթ. 24։3, 13, 21)։ Շատ բան կախված է նրանից, թե այսօ՛ր ինչի վրա ենք կառուցում մեր կյանքը։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք քրիստոնեական կյանքս ամրությամբ կառուցո՞ւմ եմ Աստծուն հնազանդորեն ծառայելու վրա»։
2 Ի՞նչ է նշանակում Եհովային ծառայելու վրա մեր կյանքը հիմնելը։ Դա նշանակում է, որ Եհովան մեր կյանքի ամենագլխավոր տեղում պետք է լինի։ Դա նաև նշանակում է, որ մեր գլխավոր հետաքրքրությունը պետք է լինի Թագավորության վրա կենտրոնանալը։ Արդյունքում՝ մեր կյանքի բոլոր մարզերում կհնազանդվենք Եհովային։ Անհրաժեշտ է նաև, որ սրտանց Աստվածաշնչի անձնական, ընտանեկան ուսումնասիրություն անցկացնենք, պատրաստվենք ժողովներին և մասնակցենք դաշտի ծառայությանը՝ դրանք մեր կյանքում առաջնահերթ տեղը դնելով (Ժող. 12։13; Մատթ. 6։33)։ Այսպիսի հնազանդ ընթացքի հետևանքը կլինի այն, որ «ժայռանման» հավատ կունենանք, որը երբեք չի խորտակվի, երբ փորձությունների առաջ կանգնենք։
3 Հաճելի է տեսնել, որ միլիոնավոր մարդիկ Հիսուսի նման իրենց կյանքը և ապագայի հույսերը վստահորեն կառուցում են Աստծուն ծառայելու վրա (Յովհ. 4։34)։ Նրանք հետևում են աստվածապետական գործունեությունների հաստատուն ծրագրին և, որպես արդյունք, մեծ օրհնություններ վայելում։ Մի քրիստոնյա մայր պատմում է, թե ինչպես են ամուսնու հետ հաջողությամբ կրթել իրենց երկու որդիներին, որպեսզի նրանք ծառայեին Եհովային. «Մենք մեր կյանքը ճշմարտությամբ էինք լցնում՝ բոլոր համաժողովներին ներկա գտնվելով, նախօրոք պատրաստվելով ու հաճախելով ժողովի հանդիպումներին և դաշտի ծառայությանը մասնակցելը մեր կյանքի անբաժան մասը դարձնելով»։ Իսկ ամուսինն ավելացրեց. «Ճշմարտությունը մեր կյանքի մի մասը չէ, այն մեր կյանքն է։ Մնացած բոլոր բաները նրա շուրջն են պտտվում»։ Դու էլ քո ընտանիքում Եհովային ծառայելը կյանքում ամենագլխավոր բանը համարո՞ւմ ես։
4 Գործող շաբաթական ծրագիր կազմիր։ Եհովայի կազմակերպությունը, շաբաթական հինգ հանդիպումներ կազմակերպելով, օգնում է մեզ, որպեսզի արդյունաբեր հոգևոր ծրագրի հետևենք։ Այն քրիստոնյաները, ովքեր իրենց կյանքը կառուցում են Եհովային ծառայելու վրա, իրենց աշխատանքը և ընտանեկան գործերն այնպես են ծրագրում, որ ներկա գտնվեն բոլոր այս կարևոր հանդիպումներին։ Նրանք թույլ չեն տալիս, որ քիչ կարևորություն ունեցող գործերը խոչընդոտ հանդիսանան հանդիպումներին կանոնավորաբար հաճախելուն (Փիլիպ. 1։10; Եբր. 10։25)։
5 Հասուն քրիստոնյաները գիտակցում են, որ ինչպես կարևոր է ամեն օր որոշակի ժամին կանոնավորաբար ֆիզիկական սնունդ ընդունելը, այնպես էլ անհրաժեշտ է անձնական և ընտանեկան ուսումնասիրության, նաև ժողովի հանդիպումներին պատրաստվելու ծրագիր կազմելը (Մատթ. 4։4)։ Կարո՞ղ ես օրվա ընթացքում ամենաքիչը 10—15 րոպե տրամադրել անձնական ուսումնասիրությանը։ Կարևորն այն է, որ թույլ չտաս, որպեսզի ուրիշ գործերը խլեն ուսումնասիրությանը հատկացրած ժամանակդ։ Թող դա քեզ համար օգտակար սովորություն դառնա։ Հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա քո սովորական ժամից առավոտյան ավելի վաղ արթնանալ։ Ամբողջ աշխարհում Բեթելի ընտանիքի 17 000 անդամները առավոտյան վաղ են արթնանում օրվա խոսքը քննարկելու համար։ Իհարկե, վաղ արթնանալու համար պահանջվում է խելամիտ ժամ ընտրել քնելու համար, որպեսզի հաջորդ օրը քեզ կայտառ և հանգստացած զգաս։
6 Եթե ընտանիքի գլուխ ես, աստվածապետական գործունեության համար ընտանեկան ծրագիր կազմելու և այն կազմակերպելու նախաձեռնությունը ձեռքդ վերցրու։ Որոշ ընտանիքներ, ընթրիքից հետո հանգստանալիս, միասին ընթերցում են Աստվածաշունչը, «Տարեգիրքը» կամ մեկ ուրիշ հրատարակություն։ Շատ ծնողներ, որոնց երեխաները տարիների հետ հոգևորապես ամուր քրիստոնյաներ են դարձել, նշում են, որ նման հաջողության հասնելու ազդակներից մեկն այն է, որ իրենց ընտանիքում սովորություն էր դարձել ամեն շաբաթ մի երեկո տրամադրել միասին հոգևորապես սնվելու համար։ Մի քրիստոնյա հայր ասում է. «Ես զգում եմ, որ մեր երեխաների հոգևոր աճի վրա մեծ ազդեցություն է գործել ընտանեկան ուսումնասիրությունը, որն արդեն 30 տարի է, ինչ կանոնավոր անցկացվում է ամեն չորեքշաբթի երեկոյան»։ Նրա երեք երեխաներն էլ մկրտվել են վաղ հասակում և հետագայում լիաժամ ծառայություն սկսել։ Ընտանեկան ուսումնասիրության հետ մեկտեղ կարելի է ժողովի հանդիպման առաջադրանքների կամ դաշտի ծառայության ժամանակ ներածական խոսքեր ներկայացնելու փորձեր անել, նաև ուրիշ օգտակար և զվարճալի միջոցառումների միասին մասնակցել։
7 Քո շաբաթական ծրագրում Թագավորության քարոզչության համար «ժամանակ գնե՞լ ես» (Կող. 4։5, ՆԱ)։ Մեզանից շատերը զբաղված են լինում ընտանիքի և ժողովի պատասխանատվությունները կատարելով։ Եթե որոշակի կարգավորումներ չմտցնենք մեր ծրագրում, որպեսզի ամեն շաբաթ կարողանանք մասնակցել քարոզչական և ուսուցանելու գործին, մյուս հոգսերը շատ հեշտությամբ ետին պլանում կթողնեն այս կարևոր գործունեությունը։ Մի մեծ անասնապահական ֆերմայի սեփականատեր ասաց. «1944–ականներին ես հասկացա, որ ծառայության դուրս գալու համար միակ ելքը դրան որոշակի օր հատկացնելն էր։ Մինչև օրս շաբաթական մեկ օր տրամադրում եմ ծառայությանը»։ Մի քրիստոնյա երեց եզրակացրեց, որ, ծառայության հաստատուն ծրագիր ունենալով, միջին հաշվով ամսական 15 ժամ հնարավորություն է ունենում մասնակցելու քարոզչական գործին։ Եթե պատահում է, որ շաբաթ օրը որևէ ուրիշ գործ է ունենում, ապա այն ծրագրում է առավոտյան դաշտի ծառայությունից հետո։ Կարո՞ղ ես դու ընտանիքիդ հետ միասին շաբաթական առնվազն մեկ օր ծրագրել դաշտի ծառայության համար՝ այն քո հոգևոր կյանքի մի մասը դարձնելով (Փիլիպ. 3։16)։
8 Վերանայիր ապրելակերպդ։ Կան բաներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում մեր կյանքը Եհովային ծառայելու վրա կառուցելու հարցում։ Անակնկալ իրադարձությունները կարող են խախտել մեր ծրագիրը, որը հոգատարությամբ կազմել էինք ուսումնասիրության, ժողովի հանդիպումների և ծառայության համար։ Մեր Հակառակորդը՝ Սատանան, ամեն բան կանի, որպեսզի մեզ արգելք հանդիսանա և խափանի մեր ծրագրերը (Ա Թեսաղ. 2։18; Եփես. 6։12, 13)։ Թույլ մի տուր, որ այս խոչընդոտներն այն աստիճան քեզ վհատեցնեն, որ դու հանձնվես։ Անհրաժեշտ ամեն բան գործադրիր աստվածապետական գործունեության ծրագիրդ վերականգնելու համար։ Վճռականություն և հաստատակամություն է հարկավոր, որպեսզի կատարենք այն, որն իրոք կարևոր է։
9 Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհիկ ազդեցությունները և մեր անկատար մարմնի հակումները մեր կյանքի մեջ ներմուծեն հակասուրբգրային գործունեություններ, որոնք կարող են ավելի շատ խլել մեր ժամանակն ու ուշադրությունը։ Անհրաժեշտ է անձնաքննություն կատարել հետևյալ հարցերի օգնությամբ. «Արդյոք կյանքս աստիճանաբար չի՞ դարձել անհավասարակշիռ կամ աննպատակ, ինչպես նախկինում։ Չե՞մ սկսել կյանքս այս աշխարհի անցողիկ բաների վրա կառուցել (Ա Յովհ. 2։15—17)։ Որքա՞ն ժամանակ եմ վատնում իմ անձնական գործերի, զվարճալի ճամփորդության, սպորտի կամ ուրիշ զվարճությունների, նաև հեռուստացույց դիտելու կամ ինտերնետին միանալու վրա՝ հոգևոր գործերի հետ համեմատած»։
10 Եթե զգում ես, որ կյանքդ լցվում է ավելի շատ ոչ էական գործունեություններով, ի՞նչ պետք է անես։ Ինչպես Պողոսն աղոթեց իր եղբայրների ‘հաստատության’ համար, ինչո՞ւ չխնդրել Եհովայից, որ օգնի մեկ անգամ ևս կենտրոնանալու իրեն ծառայելու վրա (Բ Կորնթ. 13։9, 11)։ Այնուհետև, վճռական եղիր որոշմանդ համաձայն ապրելու և անհրաժեշտ փոփոխություններ արա (Ա Կորնթ. 9։26, 27)։ Եհովան կօգնի քեզ, որ հնազանդորեն իրեն ծառայելիս աջ կամ ձախ չխոտորվես (համեմատիր Ես. 30։20, 21)։
11 Զբաղված մնա՝ Աստծուն ուրախությամբ ծառայելով։ Միլիոնավոր մարդիկ ձգտում են երջանկության հասնել, բայց երբ մահը մոտենում է, նրանք հայտնաբերում են, որ եռանդորեն կուտակած նյութական բաները նրանց հարատև երջանկություն չեն բերել։ Դա «քամիի աշխատանք» է եղել (Ժող. 2։11)։ Սակայն երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք Եհովային ծառայելու վրա, ‘ամեն ժամանակ Աստծուն մեր առաջը դնելով’, մեծ բավականություն ենք ստանում (Սաղ. 16։8, 11)։ Դա այդպես է, քանի որ մեր գոյության պատճառը միմիայն Եհովան է (Յայտն. 4։11)։ Առանց նրա՝ վեհապանծ նպատակների Տիրոջ, կյանքն անիմաստ է։ Եհովային ծառայելը մեր կյանքը լցնում է արժեքավոր, նպատակասլաց գործունեությամբ, որը երկարատև, նույնիսկ հավիտյան օրհնություններ է բերում ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին։
12 Կարևոր է, որ մենք ինքնավստահ չլինենք և հրատապության ոգին չկորցնենք Սատանայի աշխարհի վրա գալիք վախճանի կապակցությամբ։ Ապագայի մեր հույսը ազդեցություն է գործում մեր ամենօրյա կյանքի վրա։ Նոյի օրերում մարդիկ չէին հավատում, որ համաշխարհային ջրհեղեղ էր լինելու։ Նրանք «մի բան չիմացան», քանի որ կենտրոնացել էին առօրյա անձնական գործերի վրա՝ ուտելու, խմելու և ամուսնանալու, մինչև որ ջրհեղեղը «վերցրեց տարաւ բոլորին» (Մատթ. 24։37—39)։ Այսօր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը կենտրոնացնում են այս աշխարհի վրա, կտեսնեն, որ ապագայի իրենց հույսերը խորտակվելու են այն ամենամեծ կործանման օրը, որպիսին մարդ արարածը չի տեսել՝ «Եհովայի օրը» (Բ Պետ. 3։10—12, ՆԱ)։
13 Ուստի, կյանքդ կառուցիր կենդանի Աստծո՝ Եհովայի և նրա կամքը կատարելու վրա։ Դա քո կյանքի ամենավստահելի քայլը կլինի, քանի որ դրա երաշխավորը Եհովան է։ Նա չի կարող ստել. նա կատարելու է իր խոստումները (Տիտոս 1։2)։ Եհովան վերջ չունի, և ինչ որ կա իր ձեռքում, երբեք չի կորի (Ամբ. 1։12; Բ Տիմ. 1։12)։ Հավատով և հնազանդությամբ լի մեր կյանքը, որն այսօր կառուցում ենք, ընդամենը սկիզբն է այն կյանքի, որը հավիտյան է լինելու մեր երջանիկ Աստծուն ուրախությամբ ծառայելու մեջ (Ա Տիմոթ. 1։11; 6։19)։
[3 էջի վրայի ներդիրը]
«Ճշմարտությունը մեր կյանքի մի մասը չէ, այն մեր կյանքն է։ Մնացած բոլոր բաները նրա շուրջն են պտտվում»։