«Արժե՞ տեղափոխվել»
1 Արձագանքելով Հիսուսի պատվերին՝ «գնացէ՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին»՝ Եհովային նվիրված շատ քրիստոնյաներ տեղափոխվել են ուրիշ տարածքներ, որտեղ քարոզիչների ավելի մեծ պահանջ կա (Մատթ. 28։19)։ Նրանք ընդօրինակում են Պողոսին, որը ժամանակին նույնպես պատասխանեց հետևյալ հրավերին. «Մակեդոնիա անցի՛ր եւ օգնի՛ր մեզ» (Գործք 16։9)։ Ինչպե՞ս կարելի է այս հարցին գործնական մոտեցում ցույց տալ։
2 Ամեն անգամ մեկ քայլ կատարիր։ Տեղյա՞կ ես՝ ձեր ժողովին հազվադեպ քարոզվող տարածք հատկացվա՞ծ է։ Եթե այո, ապա կարելի է աշխատել այդպիսի տարածքներում։ Մինչև տեղափոխվելու որոշում կայացնելը, խորհրդակցիր ձեր ժողովի երեցների հետ հավաստիանալու համար, թե արդյոք պատրա՞ստ ես տեղափոխվելու։ Կարող ես նաև զրուցել շրջանային վերակացուի հետ։ Հնարավոր է, որ նա տեղյակ լինի մոտակա ժողովներին պատկանող տարածքների մասին, որտեղ կարող ես ընդարձակել ծառայությունդ։ Մյուս կողմից, անհրաժեշտ ծախսերը ուշադրությամբ հաշվելուց հետո միգուցե ցանկանաս ծառայել երկրի մեկ ուրիշ մասում, կամ էլ՝ օտար երկրում։ Նման ցանկության դեպքում ձեր ժողովի երեցների խորհրդի հետ միասին պետք է նամակ գրես մասնաճյուղ՝ նշելով այն տարածքի մասին, ուր պատրաստվում ես տեղափոխվել. նաև հարկավոր է որոշ տեղեկություններ տալ քո աստվածապետական կենսագրության մասին։ Իմաստուն քայլ կլիներ մշտական բնակության համար տեղափոխվելու որոշում կայացնելուց առաջ նախապես այցելել այդ տարածքը։
3 Շրջահայաց եղիր տեղափոխվելու հարցում։ Գնալով ավելանում է մեր այն հավատակիցների թիվը, ովքեր տեղափոխվում են ուրիշ երկրներ՝ ավելի բարձր կենսամակարդակ փնտրելու կամ էլ ճնշումներից խուսափելու նպատակով։ Նրանցից ոմանք ընկել են անազնիվ մարդկանց ծուղակը, ովքեր խոստացել են օգնել նոր բնակավայր տեղափոխվելու հարցում, սակայն, մեծ գումար վերցնելով, լքել են նրանց։ Որոշ դեպքերում այդ անհատները նույնիսկ փորձում են ներգաղթյալներին բռնությամբ անառակության դրդել։ Հակառակվելու դեպքում վերջիններս մնում են անօգնական օտար երկրում։ Այդպիսի դեպքերում նրանք հայտնվում են ավելի վատթար վիճակում, քան իրենց հայրենի երկրում էր։ Հնարավոր է, որ նրանք նույնիսկ դիմեն եղբայրներին բնակվելու տեղ կամ այլ կարգի օգնություն ստանալու համար, ինչն էլ կծանրաբեռնի տեղի քրիստոնյա ընտանիքներին, որոնք իրենց հերթին ևս ունեն դժվարություններ ու խնդիրներ։ Նման անխոհեմ տեղափոխությունները հանգեցնում են նրան, որ որոշ ընտանիքի անդամներ ստիպված են լինում առանձնանալ, և արդյունքում՝ թուլանում է ընտանիքի հոգևոր վիճակը (Ա Տիմոթ. 6։8–11)։
4 Եթե ցանկություն ունես անձնական շարժառիթներով տեղափոխվել նոր բնակավայր, հիշիր՝ որտեղ էլ ապրես, խնդիրների հանդիպելու ես։ Եվ ավելի հեշտ է այդ խնդիրները հաղթահարել այնտեղ, որտեղ քեզ ծանոթ է լեզուն ու մշակույթը, քան թե նոր կյանք սկսել անծանոթ միջավայրում։