«Յարմար ժամանակին խօսուած խօսքը»
1 Բարի լուրը մարդկանց հաղորդելը դժվարությո՞ւն է ներկայացնում քեզ համար։ Արդյոք այն կարծիքի՞ն ես, թե պետք է խորը գաղափարներ շոշափել ունկնդրին տպավորելու համար։ Իր աշակերտներին քարոզելու ուղարկելիս Հիսուսն ասաց. «Երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»» (Մատթ. 10։7)։ Այդ լուրը իրենից բարդություն չէր ներկայացնում, և այն հաղորդելը հեշտ էր։ Այսօր էլ այդպես է։
2 Հաճախ խոսակցություն սկսելու համար նույնիսկ մի քանի խոսքն էլ բավական է։ Երբ Փիլիպպոսը հանդիպեց մի եթովպացի ներքինու, նա ընդամենը հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես» (Գործք 8։31)։ Ի՜նչ հիանալի արդյունքներ բերեց «յարմար ժամանակին խօսուած խօսքը» (Առակ. 25։11)։
3 Դո՛ւ էլ կարող ես նման մոտեցում ցույց տալ ծառայությանդ նկատմամբ։ Ինչպե՞ս. ուշադիր լինելով և տվյալ իրադրությանը համապատասխան բառեր ընտրելով։ Հարց ուղղելիս ուշադիր լսիր պատասխանը։
4 Մի քանի հիմնական հարցեր։ Ներքոհիշյալ հարցերից որևէ մեկի օգնությամբ փորձիր խոսակցություն սկսել.
◼ «Ձեր երկրպագության մեջ օգտագործո՞ւմ եք «Հայր մեր»–ը» (Մատթ. 6։9, 10)։ Կարդա այդ աղոթքից մի հատված, ապա ավելացրու. «Ոմանք հարցնում են. «Ի՞նչ է Աստծո անունը, որի մասին Հիսուսն ասաց, որ պետք է սրբացնել»։ Ուրիշներն ասում են. «Հիսուսը ի՞նչ Թագավորության մասին սովորեցրեց աղոթել»։ Այս հարցերի վերաբերյալ ձեզ բավարարող պատասխան գտե՞լ եք»։
◼ «Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ, թե ո՛րն է կյանքի իմաստը»։ Ցույց տուր, որ այն կապ ունի Աստծո մասին գիտություն ստանալու հետ (Ժող. 12։13; Յովհ. 17։3)։
◼ «Հավատո՞ւմ եք, որ մահը երբևիցե վերջ կգտնի»։ Եսայիա 25։8 և Յայտնութիւն 21։4 համարների օգնությամբ արժանահավատ պատասխան ներկայացրու։
◼ «Հնարավո՞ր է արդյոք որևէ հեշտ ու պարզ ճանապարհով վերջ դնել աշխարհում տիրող քաոսին»։ Որպես պատասխան՝ ցույց տուր, որ Աստված սովորեցնում է ‘սիրել ընկերոջը’ (Մատթ. 22։39)։
◼ «Արդյո՞ք Երկիր մոլորակը կործանվելու է ինչ–որ տիեզերական աղետի հետևանքով»։ Ցույց տուր Աստվածաշնչի խոստումը, որ երկիրը երբեք չի փլուզվելու (Սաղ. 104։5)։
5 Բարի լուրը հաղորդիր պարզ, հստակ բառերով և բարեհամբույր ձևով։ Ճշմարտությունը մարդկանց հաղորդելիս Եհովան կօրհնի քո նույնիսկ մեկ «խոսքը»։