Ինչո՞ւ շարունակել քարոզչությունը
1 Երկար ժամանա՞կ է, ինչ Թագավորության քարոզչության գործը շարունակվում է ձեր բնակավայրում (Մատթ. 24։14)։ Եթե այո, հավանաբար, ձեզ կարող է թվալ, թե ձեր ժողովի տարածքը արդեն բավականաչափ քարոզված է։ Եվ այժմ թերևս նկատում եք, որ ձեզ հանդիպած մարդկանց մեծամասնությունը Թագավորության պատգամի նկատմամբ դարձել է անտարբեր։ Նույնիսկ եթե իրավիճակն այդպիսին է, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում Հիսուսի ճշմարիտ աշակերտների մասին «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի երկրորդ հատորի 141–րդ էջում (ռուս.). «Որոշ վայրերում, նրանց թափած ջանքերի ու կատարած գործի հետ համեմատած, նրանց ծառայության արդյունքները կարող են աննշան թվալ, սակայն նրանք տոկունություն են դրսևորում»։ Ուրեմն՝ ինչո՞ւ շարունակել քարոզչությունը։
2 Հիշեցեք Երեմիային։ Քարոզչության գործում մեր տոկունությունը չպետք է կախում ունենա այն հանգամանքից, թե արդյոք լսում են մեզ մարդիկ, թե՝ ոչ։ Երեմիան մոտ 40 տարի քարոզեց նույն տարածքում, չնայած որ շատ քչերն էին լսում նրան. մեծամասնությունը դեմ էր նրա պատգամին։ Երեմիան ինչո՞ւ այդ գործում հարատևեց։ Նախ՝ որովհետև Աստված էր պատվիրել այն կատարել, և հետո՝ նա գիտակցում էր, թե ապագայում ինչ է սպասվում, ու դա ստիպում էր նրան, որ խոսի (Երեմ. 1։17; 20։9)։
3 Մենք էլ ենք գտնվում նույնանման իրավիճակում։ Հիսուսն է «պատուիրել մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին» (Գործք 10։42)։ Մեր հաղորդած պատգամը լսողների համար կյանքի և մահվան հարց է։ Մարդիկ պիտի դատվեն բարի լուրի հանդեպ իրենց տված արձագանքի հիման վրա։ Ու քանի որ այդպես է, մեր պատասխանատվությունն է ճշգրտորեն կատարել այն, ինչ որ մեզ պատվիրված է։ Նույնիսկ երբ մեզ մերժում են, մենք հնարավորություն ունենք մարդկանց հանդեպ մեր սիրո խորությունը և Եհովայի հանդեպ մեր նվիրումը ցույց տալ, երբ շարունակում ենք այն գործը, որ պարտավոր ենք կատարել։ Բայց ուրիշ օգուտներ էլ կան։
4 Մենք ենք օգտվում։ Չնայած տարածքում հանդիպած հակազդեցությանը՝ Աստծո կամքը կատարելը բերում է ներքին խաղաղություն, գոհացում և երջանկություն, որոնք անհնար է ձեռք բերել որևէ այլ կերպ (Սաղ. 40։8)։ Մեր կյանքը լցվում է իսկական իմաստով ու նպատակով։ Որքան շատ ենք մասնակցում ծառայությանը, այնքան ավելի են մեր սրտերն ու մտքերը կենտրոնանում Աստծո նոր աշխարհում ապրելու հույսի և ուրախության վրա։ Սուրբգրային խոստումների շուրջ խորհրդածելը նպաստում է մեր հոգևոր աճին և ամրապնդում մեր հարաբերությունը Եհովայի հետ։
5 Նույնիսկ եթե չտեսնենք մեր քարոզչական գործունեության անմիջական արդյունքները, դարձյալ շատ հնարավոր է, որ անհատի սրտում մեր ցանած ճշմարտության սերմերը աճեն Եհովայի որոշած ժամանակին (Յովհ. 6։44; Ա Կորնթ. 3։6)։ Մեզանից ոչ ոք չգիտի, թե Եհովայի ժողովրդի թափած ջանքերի շնորհիվ դեռ քանի հոգի կընդունեն Թագավորության պատգամը՝ լինի դա մեր թաղամասում թե ամբողջ աշխարհում։
6 Հիմա, առավել քան երբևէ, մենք պետք է ուշադրություն ընծայենք Հիսուսի հրահանգին. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք» (Մարկ. 13։33, 37)։ Ուրեմն՝ թող որ բոլորս միասին շարունակենք հռչակել Թագավորության բարի լուրը և ուրախացնենք Եհովայի սիրտը՝ բերելով մեր բաժինը իր մեծ ու սուրբ անունը սրբացնելու գործում։