Հարցերի արկղ
◼ Ինչպե՞ս պետք է Եհովայի վկաները վերաբերվեն այն ձայներիզներին, որոնք թողարկված չեն Ընկերության կողմից։
Ընկերությունը մեզ առատորեն մատակարարում է բազմատեսակ հոգևոր սնունդ։ Այս հոգևոր սննդի մեջ է մտնում նաև ձայներիզների ձայնագրությունը։ Վերջինիս թվին է դասվում Աստվածաշնչի ձայնագրությունը և Ընկերության հրատարակությունների, ինչպես օրինակ՝ «Դիտարանի», «Արթնացե՛ք»–ի, «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» և «Լսեցե՛ք մեծագույն Ուսուցչին» հրատարակությունների վրա հիմնված ձայնագրությունները։ Թողարկվել են նաև Թագավորության երգերի և մի քանի դրամաների ձայներիզներ։ Այնուամենայնիվ, մենք պետք է զգույշ լինենք շրջանառության մեջ եղող այնպիսի ձայնագրություններից, որոնք իրենց բնույթով նման են թվում Ընկերության կողմից թողարկվածներին։ Քանի որ մենք ունենք վստահելի եղբայրություն, ոմանք, թերևս, ուրիշներից վերցնեն և լսեն ձայներիզների օրինակներ՝ առանց պարզելու նրանց սկզբնաղբյուրը։
Երբեմն շրջանառության մեջ գտնվող ձայնագրված ելույթները իրենց մեջ պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք հիմնված են ենթադրությունների վրա կամ էլ ցնցող տպավորություն են գործում։ Հետևաբար, ավելի խելամիտ չի՞ լինի հետևել Բ Տիմոթէոս 3։14–ի մեջ արձանագրված Պողոսի խրատին։ Այնտեղ խաբեբա մարդկանց մասին զգուշացնելուց հետո Պողոսը շեշտում է, որ կարևոր է լավ ճանաչել այն մարդկանց, որոնց մենք լսում ենք։ Մենք պետք է համոզված լինենք, որ մեր լսած բաները Սուրբ գրություններում «գրվածիցն ավելի» (ԱԹ) չլինեն, ինչպես նաև համապատասխանեն այն հոգևոր կերակուրին, որը մատակարարում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Ա Կորնթ. 4։6; Մատթ. 24։45–47)։
Որոշ տեղերում երեխաներին Աստվածաշունչը սովորեցնելու նպատակով ձայներիզներ են գովազդում և վաճառում։ Ենթադրվում է, որ այս ձայներիզները պատրաստվել են եղբայրների կողմից և տարածում են գտել որոշ ժողովներում։ Չնայած կարող է թվալ, թե դա արվում է լավ դրդապատճառներից ելնելով, սակայն սա հավասար չէ՞ արդյոք աստվածապետական կապերը անձնական շահի համար օգտագործելուն։ Մեր երեխաներին Աստվածաշունչն ուսուցանելու համար Եհովայի կազմակերպությունն արդեն բավականաչափ կրթելու միջոցներ, այդ թվում նաև ձայներիզներ ունի։ Հետևաբար մենք չենք քաջալերում նման ձայներիզների շրջանառությունը։
Ոմանք իրենց համար թերևս ցանկանան ձայնագրել ժողովի կամ համաժողովի ծրագրերը։ Այդ ձայներիզները կարող են օգտակար լինել ժողովի այն անդամների համար, ովքեր հարգելի պատճառներով բաց են թողել ժողովի հանդիպումները։ Բայցևայնպես, այդպիսի ձայներիզները չպետք է տարածել եղբայրների մեջ կամ առաջարկել վաճառքի՝ ուրիշներին։ Ուրեմն, եկեք օգտագործենք այն ամենը, ինչ Եհովան է պատրաստել իր կազմակերպության միջոցով մեր հոգևորի ամրապնդման ու մեր քաջալերության համար։