Հարցերի արկղ
◼ Կարելի՞ է արդյոք, որ Եհովայի վկաները իրար փոխանցեն ելույթների ձայնագրությունները կամ տեքստերը։
Աստվածաշնչի վրա հիմնված ելույթները զորացնում ու քաջալերում են մեզ (Գործ. 15։32)։ Ուստի միանգամայն բնական է, որ ցանկանանք այդ ելույթներում հնչած որոշ քաջալերական մտքեր փոխանցել նրանց, ովքեր ներկա չեն եղել հանդիպմանը։ Մեր օրերում, երբ գոյություն ունեն ամենատարբեր ձայնագրիչ սարքեր, ելույթը հնարավոր է հեշտությամբ ձայնագրել և տալ բազմաթիվ մարդկանց։ Ոմանք պահում են ձայնագրված ելույթները, նույնիսկ այն ելույթները, որոնք երկար տարիներ առաջ են ներկայացվել։ Լավ մղումներից ելնելով՝ նրանք այդ ձայնագրությունները տալիս են իրենց ընկերներին՝ լսելու կամ պատճենում են դրանք նրանց համար։ Մյուսներն էլ ստեղծում են ինտերնետային կայքեր և ելույթները տեղադրում այնտեղ, որպեսզի ցանկացողները բեռնեն դրանք իրենց համար։
Իհարկե, ոչ մի սխալ բան չկա, եթե ձայնագրում ենք ելույթները մեզ համար կամ մեր ընտանիքի անդամների համար։ Բացի այդ, երեցները կարող են հոգ տանել, որ ելույթները ձայնագրվեն ժողովի այն անդամների համար, ովքեր հիվանդության կամ տկարության պատճառով չեն կարող ներկա լինել հանդիպումներին։ Այդուհանդերձ, կան լուրջ պատճառներ, թե ինչու ճիշտ չէ ելույթների ձայնագրությունները կամ տեքստերը իրար փոխանցել կամ տարածել։
Հաճախ եղբայրները, երբ ելույթներ են ունենում, հաշվի են առնում տեղական կարիքները։ Ուստի երբ մենք, տեղյակ չլինելով, թե ինչ հանգամանքներում է ներկայացվել ձայնագրված կամ արտագրված ելույթը, լսում կամ կարդում ենք այն, հեշտությամբ կարող ենք որոշ մտքեր սխալ մեկնաբանել։ Նաև մեզ համար դժվար կլինի պարզել, թե ելույթը ում կողմից և երբ է ներկայացվել, այսինքն՝ թե արդյոք այդ ելույթը պարունակում է թարմ ու ճշգրիտ տեղեկություններ (Ղուկ. 1։1–4)։ Բացի այդ, եթե տարածենք ելույթների ձայնագրությունները կամ տեքստերը, գուցե դրդենք ոմանց անտեղի ուշադրություն և պատիվ տալու կամ ընդունելու (1 Կորնթ. 3։5–7)։
Հավատարիմ և իմաստուն ծառան մեծ ջանքեր է թափում, որպեսզի Աստծու ծառաներին «իրենց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին» (Ղուկ. 12։42)։ Դրա մեջ մտնում են Եհովայի վկաների ժողովներում հնչող ելույթները և այն ձայնագրությունները, որոնք կարող ենք վերցնել jw.org պաշտոնական կայքից։ Կարող ենք համոզված լինել, որ հավատարիմ և իմաստուն ծառան և նրա Կառավարիչ մարմինը մեզ կապահովեն այն ամենով, ինչ անհրաժեշտ է հավատի մեջ հաստատված մնալու համար (Գործ. 16։4, 5)։