Ընդօրինակենք Եհովայի բարությունը
1 Հրաշալի արևամուտը դիտելուց կամ համեղ կերակուր ընդունելուց հետո արդյոք չե՞նք մղվում Եհովային՝ բոլոր բարիքների Աղբյուրին, շնորհակալության խոսքեր ասելու։ Նրա բարությունը մեր մեջ ցանկություն է առաջացնում իրեն նմանվելու (Սաղ. 119։66, 68; Եփես. 5։1)։ Ինչպե՞ս կարող ենք դրսևորել այդ հատկությունը։
2 Նրանց հանդեպ, ովքեր մեր հավատակիցները չեն։ Եհովայի բարությունն ընդօրինակելու կերպերից մեկը անկեղծ հոգատարությունն է նրանց հանդեպ, ովքեր մեզ հետ հավատով կապված չեն (Գաղ. 6։10)։ Ամենօրյա կյանքում այդ մարդկանց հանդեպ բարություն գործելը կարող է լավ ազդեցություն թողնել Եհովայի վկաների և մեր հաղորդած լուրի հանդեպ նրանց վերաբերմունքի վրա։
3 Օրինակ՝ երիտասարդ մի ռահվիրա բժշկի այցելության իր հերթին սպասելիս նստեց մի կնոջ կողքին, որն, իր կարծիքով, այցելուներից ամենածանր հիվանդն էր։ Երբ եկավ բժշկի մոտ մտնելու իր հերթը, ռահվիրան այն զիջեց այդ կնոջը։ Հետագայում նա կրկին հանդիպեց նրան, բայց այս անգամ շուկայում։ Կինը շատ ուրախ էր ռահվիրային հանդիպելու համար։ Թեպետ նա նախկինում չէր ընդունում բարի լուրը, սակայն եղբորն ասաց, որ այժմ համոզված է, որ Եհովայի վկաներն իսկապես սիրում են իրենց դրացիներին։ Նրա հետ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն սկսվեց։
4 Մեր եղբայրների հանդեպ։ Մենք Եհովայի բարությունն ընդօրինակում ենք՝ մեր հավատակիցներին օգնելով։ Աղետներ պատահելիս առաջինը մենք ենք օգնության ձեռք մեկնում նրանց։ Նույն ոգին դրսևորում ենք, երբ մեր եղբայրներին օգնում ենք տրանսպորտային միջոցներով, որպեսզի նրանք ներկա լինեն հանդիպումներին, երբ այցելում ենք ֆիզիկապես տկար մեր հավատակիցներին, նաև երբ ընդարձակվում ենք սիրո մեջ՝ այն ցուցաբերելով ժողովում նրանց հանդեպ, ում այդքան էլ լավ չենք ճանաչում (Բ Կորնթ. 6։11–13; Եբր. 13։16)։
5 Մեկ այլ կերպը, որով Եհովան բարություն է դրսևորում, այն է, որ նա «ներող» Աստված է (Սաղ. 86։5)։ Ընդօրինակելով նրան՝ մենք ցույց կտանք բարություն գործելու մեր սրտի ցանկությունը՝ մեծահոգաբար ներելով ուրիշներին (Եփես. 4։32)։ Դա օգնում է մեզ մեր հավատակիցների հետ շփումը դարձնել ‘բարի և ցանկալի’ (Սաղ. 133։1–3)։
6 Թող որ Եհովայի առատ բարությունը մղի մեզ անդադար փառաբանել նրան և փայլել ուրախությամբ։ Եվ թող որ այն մղի մեզ, որ մեր բոլոր գործերում ձգտենք նրա բարությունն ընդօրինակել (Սաղ. 145։7; Երեմ. 31։12)։