Երիտասարդնե՛ր, ապագայի լավ հիմք դրեք
1 Ի՞նչն է քեզ համար ամենակարևորը։ Ինչի՞ մասին ես մտածում։ Առաջին հերթին մտահոգված ես ներկա՞ բաներով, թե՞ մտածում ես ապագայի մասին և ուշադրությունդ կենտրոնացնում Աստծո խոստումների վրա (Մատթ. 6։24, 31–33; Ղուկ. 8։14)։ Աստծո խոստումներին ներդաշնակ գործելու համար ամուր հավատ է անհրաժեշտ, ինչպես կարելի է տեսնել Աբրահամի և Մովսեսի օրինակներից (Եբր. 11։8–10, 24–26)։ Ինչպե՞ս կարող ես այդպիսի հավատ զարգացնել և «բարի հիմ» դնել «հանդերձեալի», այսինքն՝ ապագայի համար (Ա Տիմոթ. 6։19)։
2 Եհովային փնտրիր։ Եթե ձեր ընտանիքում հոգևոր գործունեությունների գրաֆիկ ունենք, դա շատ գովելի է։ Բայց մի կարծիր, թե այդպիսի գրաֆիկ ունենալն ինքնին ամուր հավատ կզարգացնի քո մեջ։ «Աստուծոյ գիտութիւնը» գտնելու համար դու անձամբ պետք է փնտրես Եհովային (Առակ. 2։3–5; Ա Մնաց. 28։9)։ Երիտասարդ Հովսիա թագավորը այդպես վարվեց։ Թեև նա մեծացել էր այնպիսի հոգևոր միջավայրում, որը հեռու էր իդեալական լինելուց, սակայն «սկսեց խնդրել [«փնտրել», ՆԱ] իր հայր Դաւիթի Աստուծուն», երբ դեռ 15 տարեկան էր (Բ Մնաց. 34։3)։
3 Ինչպե՞ս կարող ես փնտրել Եհովային։ Ուշադրությամբ քննելով հավատալիքներդ և ‘հավաստիանալով’ (ՆԱ), որ դա է իսկապես ճշմարտությունը (Հռովմ. 12։2)։ Օրինակ՝ կարո՞ղ ես բացատրել, թե ինչ է ասվում Աստվածաշնչում արյան մասին, կամ կարո՞ղ ես փաստերով ցույց տալ, որ Աստծո Թագավորությունը սկսել է կառավարել երկնքում 1914–ին։ «Ճշմարտության ճշգրիտ գիտությ[ու]նը» (ՆԱ) ընդունելը ապագայի համար լավ հիմք դնելու կարևոր պայման է (Ա Տիմոթ. 2։3, 4)։
4 Այն, որ Հովսիան փնտրեց Աստծուն, լավ արդյունքներ բերեց։ Մինչև 20 տարեկան դառնալը նա, քաջություն դրսևորելով, երկիրը մաքրեց կեղծ երկրպագությունից (Բ Մնաց. 34։3–7)։ Քո հոգևոր առաջադիմությունը ևս տեսանելի կլինի քո գործերի միջոցով (Ա Տիմոթ. 4։15)։ Եթե չմկրտված քարոզիչ ես, ձգտիր բարձրացնել ծառայությանդ որակը։ Մի բավարարվիր միայն գրականություն առաջարկելով։ Նպատակ դիր գործածել Աստվածաշունչը, տրամաբանել մարդկանց հետ և զարգացնել ցույց տրված ցանկացած հետաքրքրություն (Հռովմ. 12։7)։ Դա կօգնի քեզ աճել հոգևորապես։
5 Լավագույնը տուր Եհովային։ Երբ մկրտվելով խորհրդանշում ես նվիրումդ Եհովային, պաշտոնապես դառնում ես Աստծո ծառա (Բ Կորնթ. 3։5, 6)։ Դա քեզ համար հնարավորություն է բաց անում Եհովային լիաժամ ծառայելու։ Վերջինս կարող է լինել ռահվիրայությունը, Բեթելի ծառայությունը, միսիոներական ծառայությունը, միջազգային ծառայող լինելը։ Կամ գուցե ծառայությունդ ընդարձակելու այլ կերպեր լինեն օտար լեզու սովորելը կամ այնպիսի վայր տեղափոխվելը, որտեղ քարոզիչների ավելի մեծ պահանջ կա։
6 Անշուշտ, ոչ բոլորը կարող են մասնակցել ծառայության վերոհիշյալ ձևերին, մինչդեռ մեզանից յուրաքանչյուրը կարող է լավագույնը տալ Եհովային (Մատթ. 22։37)։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքներդ, Եհովային ծառայելը կյանքիդ գլխավոր նպատակը դարձրու (Սաղ. 16։5)։ Այդպես վարվելով՝ դու լավ հիմք կդնես ապագայի համար։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչո՞ւ երիտասարդ քրիստոնյաները պետք է ամուր հավատ զարգացնեն։
2. Ի՞նչ ենք սովորում Հովսիա թագավորի օրինակից։
3. Ինչպե՞ս կարող են այսօր երիտասարդ քրիստոնյաները փնտրել Եհովային։
4. Ինչպե՞ս կարող են չմկրտված քարոզիչները իրենց առաջադիմությունը տեսանելի դարձնել։
5. Ծառայությունն ընդարձակելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն մկրտված քրիստոնյաները։
6. Ինչպե՞ս կարող ենք բոլորս լավ հիմք դնել ապագայի համար։