Աստվածային իմաստության մեծ արժեքը
1 Որոշ մարդկանց կարծիքով՝ Եհովայի վկաները պետք է իրենց ջանքերը ներդնեն մարդկության ներկայիս խնդիրները լուծելու գործում։ Այդպիսի մարդիկ անտեսում են մեր՝ Աստվածաշնչի կրթական աշխատանքի մեծ արժեքը։ Դա նման է այն բանին, ինչ որ գրեց Պողոս առաքյալը. «Խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է» (Ա Կորնթ. 1։18)։ Այո՛, մենք գիտենք, որ մեր ծառայությունը այսօր կատարվող ամենակարևոր գործն է։
2 Ավելի լավ կյանք այսօր։ Մարդկանց ջանքերը, որ գործադրվում են մարդկության խնդիրները լուծելու համար, շատ քիչ արդյունքներ են ունեցել։ Հաստատված օրենքները չեն կանխել ոճրագործության աճը։ Խաղաղության պայմանագրերը և խաղաղություն պահպանելու համար ներդրված ջանքերը վերջ չեն տվել պատերազմներին։ Տնտեսական բարեկարգման ծրագրերը չեն կարողացել արմատախիլ անել աղքատությունը (Սաղ. 146։3, 4; Երեմ. 8։9)։ Հակառակ դրան՝ Թագավորության պատգամը փոխել է միլիոնավոր մարդկանց կյանքերը՝ օգնելով նրանց նոր անձնավորությունը հագնել, որ ընդունելի է Աստծուն (Հռովմ. 12։2; Կող. 3։9, 10)։ Այդպես վարվելով՝ նրանք արդեն հիմա ավելի լավ կյանք են վայելում (Ա Տիմոթ. 4։8)։
3 Պայծառ ապագա։ Բացի այն, որ աստվածային իմաստությունն օգնում է մեզ հաղթահարել կյանքի խնդիրները, այն նաև մեզ կարող է դարձնում ապագայի համար արդյունավետ պլաններ կազմելու գործում (Սաղ. 119։105)։ Այն հեռու է պահում մեզ իրերի ներկա համակարգը բարեփոխելու նպատակով ջանքեր գործադրելուց, որն ապարդյուն է (Ժող. 1։15; Հռովմ. 8։20)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ մեր կյանքը չենք վատնում այնպիսի նպատակներ հետապնդելով, որոնք ընդամենը պատրանք են։ Փոխարենը՝ մենք ուշադրություն ենք ընծայում Եհովայի հաստատուն խոստմանը «նոր երկնքի եւ նոր երկրի» վերաբերյալ, որոնցում արդարություն է բնակվելու։ Երբ Եհովայի դատաստանի օրը գա, հստակորեն կերևա, որ աստվածային իմաստությանն ապավինած մարդիկ ճիշտ ընտրություն են կատարել (Բ Պետ. 3։10–13; Սաղ. 37։34)։
4 Թեև աստվածային իմաստությունը գուցե անօգուտ թվա այն անձանց, ովքեր խորամուխ են եղել ‘աշխարհի իմաստության’ մեջ, սակայն իրականում այդ իմաստությամբ ընթանալը միակ գործնական ուղին է (Ա Կորնթ. 1։21; 2։6–8)։ Ուստի մենք շարունակում ենք համայն աշխարհով մեկ հռչակել այն պատգամը, որը գալիս է միակ իմաստուն Աստծուց (Հռովմ. 16։27)։