Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 9/15 էջ 21–25
  • Աստվածային կրթության գերազանց արժեքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածային կրթության գերազանց արժեքը
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու կողմից ուսուցանվելը մեծ պատիվ է
  • Փոխում է մարդկանց կյանքը
  • Նախապատրաստում է ապագային
  • Օրհնում է զոհողությունների համար
  • Կրթություն, որ կյանքի է առաջնորդում
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • «Եհովային ծառայեք»
    2013 Դիտարան
  • Օգուտներ քաղեք լավագույն կրթությունից
    2005 Դիտարան
  • Աստվածային իմաստության մեծ արժեքը
    2004 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2009 Դիտարան
w09 9/15 էջ 21–25

Աստվածային կրթության գերազանց արժեքը

«Ես իսկապես ամեն բան կորուստ եմ համարում հանուն.... Քրիստոս Հիսուսի գիտության գերազանց արժեքի» (ՓԻԼԻՊ. 3։8)։

1, 2. Ի՞նչ ընտրություն են կատարում որոշ քրիստոնյաներ և ինչո՞ւ։

ՌՈԲԵՐՏԸ հենց առաջին դասարանից գերազանց էր սովորում։ Երբ նա ընդամենը ութ տարեկան էր, ուսուցչուհիներից մեկն այցելեց Ռոբերտին ու ասաց, որ նա տաղանդավոր երեխա է և կյանքում շատ մեծ հաջողությունների կարող է հասնել։ Վերջում ուսուցչուհին հույս հայտնեց, որ նա բժիշկ կդառնա։ Ռոբերտը դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով. նրա առջև հնարավորություն բացվեց սովորելու իրենց երկրի լավագույն համալսարաններից որևէ մեկում։ Շատերը դա համարում էին եզակի հնարավորություն, որը չպետք է բաց թողնել։ Բայց Ռոբերտը հրաժարվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև նա նպատակ ուներ դառնալու ընդհանուր ռահվիրա։

2 Ռոբերտի նման՝ շատ քրիստոնյաներ հնարավորություն ունեն առաջ գնալու ներկա համակարգում։ Սակայն շատերը լիովին չեն օգտվում այդ հնարավորությունից, որպեսզի կարողանան ձգտել ու հասնել հոգևոր նպատակների (1 Կորնթ. 7։29–31)։ Ի՞նչն է մղում Ռոբերտի պես քրիստոնյաներին ջանք չխնայելու քարոզչական գործում։ Նրանք սիրում են Եհովային, և սա ամենակարևոր պատճառն է, նաև բարձր են գնահատում աստվածային կրթության գերազանց արժեքը։ Եթե խորհրդածենք, թե ինչ օգուտներ ենք ստանում Եհովայի կողմից կրթվելու շնորհիվ, բարձր կգնահատենք բարի լուրը և այն կքարոզենք եռանդորեն։ Եկեք մի պահ մտածենք. «Ինչի՞ նման կլիներ մեր կյանքը, եթե չիմանայինք ճշմարտությունը»։

Աստծու կողմից ուսուցանվելը մեծ պատիվ է

3. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան ուզում է ուսուցանել անկատար մարդկանց։

3 Լինելով բարի գործեր անող Աստված՝ Եհովան ուզում է ուսուցանել անկատար մարդկանց։ Եսայիա 54։13–ում օծյալ քրիստոնյաների մասին մարգարեացվել էր. «Քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը»։ Այս խոսքերը սկզբունքորեն կիրառելի են նաև Քրիստոսի «ուրիշ ոչխարների» առնչությամբ (Հովհ. 10։16)։ Այն, որ Եհովան կրթում է, երևում է նաև մեկ ուրիշ մարգարեությունից, որը կատարվում է մեր օրերում։ Եսայիան տեսիլքում տեսավ մարդկանց՝ բոլոր ազգերից, ովքեր հորդում էին դեպի ճշմարիտ երկրպագության սարը։ Նրանք իրար ասում էին. «Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը» (Ես. 2։1–3)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է ուսուցանվել Աստծու կողմից։

4. Ի՞նչ է Եհովան պահանջում նրանցից, ում կրթում է։

4 Ի՞նչ է մեզնից պահանջվում, որպեսզի ուսուցում ստանանք Եհովայից։ Ամենագլխավոր պահանջն այն է, որ լինենք հեզ ու սովորելու պատրաստ։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Բարի եւ ուղիղ է Տէրը.... Սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը» (Սաղ. 25։8, 9)։ Իսկ Հիսուսն ասաց. «Հանրապես գովաբանում եմ քեզ, Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից խնամքով թաքցրիր և մանուկներին հայտնեցիր» (Ղուկ. 10։21)։ Մենք գիտենք, որ Աստված «խոնարհների հանդեպ անարժան բարություն է ցույց տալիս», և այս բանի իմացությունը մեզ մոտեցնում է նրան (1 Պետ. 5։5)։

5. Միայն ինչի՞ շնորհիվ է հնարավոր գիտելիքներ ստանալ Աստծու մասին։

5 Կարո՞ղ ենք մենք՝ Եհովայի ծառաներս, ասել, որ սեփական ուժերով ու խելքով ենք գտել և հասկացել ճշմարտությունը։ Ո՛չ։ Իրողությունն այն է, որ մենք երբեք չենք կարող մեր ուժերով Աստծու մասին գիտելիքներ ստանալ։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհ. 6։44)։ Քարոզչական գործի և իր սուրբ ոգու միջոցով Եհովան ձգում է հեզ ու խոնարհ մարդկանց՝ «բոլոր ազգերի ցանկալիքին» (Անգէ 2։7)։ Մի՞թե երջանիկ չես, որ դու այն մարդկանցից մեկն ես, ում Եհովան ձգել է իր Որդու կողմը (կարդա՛ Երեմիա 9։23, 24)։

Փոխում է մարդկանց կյանքը

6. Եհովայի մասին գիտելիքները ի՞նչ ուշագրավ փոփոխություններ են առաջ բերում մարդկանց մեջ։

6 Պատկերավոր լեզվով Եսայիան նկարագրում է այն փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում մարդկանց մեջ։ Մարդիկ, որ նախկինում դաժան էին, դառնում են խաղաղասեր (կարդա՛ Եսայիա 11։6–9)։ Ովքեր մի ժամանակ թշնամիներ են եղել ռասայական, ազգային խտրականության կամ նման այլ պատճառներով, սովորել են իրար հետ ապրել միասնության մեջ։ Փոխաբերական լեզվով ասած՝ նրանք իրենց սրերը ձուլել ու դարձրել են խոփեր (Ես. 2։4)։ Ո՞րն է այդ փոփոխությունների պատճառը։ Մարդիկ ստացել են «Տիրոջ գիտությունը», այսինքն՝ գիտելիքներ են ձեռք բերել Եհովայի մասին և կիրառել իրենց կյանքում։ Այո՛, Աստծու ծառաներն անկատար են, բայց նրանք միասնական են և միջազգային եղբայրություն են կազմում, իսկական եղբայրություն։ Այն, որ բարի լուրը գրավիչ է ամեն ազգի մարդկանց համար և հրաշալի պտուղներ է առաջ բերում, վկայում է աստվածային կրթության գերազանց արժեքի մասին (Մատթ. 11։19)։

7, 8. ա) Ի՞նչ «զորավոր ամրություններ» է քանդում աստվածային կրթությունը։ բ) Ի՞նչն է փաստում, որ աստվածային կրթությունը փառք է բերում Եհովային։

7 Պողոս առաքյալը քրիստոնյաների ծառայությունը նմանեցրեց հոգևոր պատերազմի։ Նա գրեց. «Մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով են զորավոր ցանկացած ամրություն քանդելու համար։ Քանզի մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն բարձրամիտ բան, որը հակառակվում է Աստծու գիտությանը» (2 Կորնթ. 10։4, 5)։ Ի՞նչ «զորավոր ամրություններ» է քանդում աստվածային կրթությունը՝ ազատելով մարդկանց գերությունից։ Դրանցից են, օրինակ, կեղծ ուսմունքները, նախապաշարումները և մարդկային փիլիսոփայությունները (Կող. 2։8)։ Աստծու տված կրթությունն օգնում է մարդկանց հաղթահարելու վատ սովորությունները և մշակելու աստվածահաճո հատկություններ (1 Կորնթ. 6։9–11)։ Այն բարելավում է ընտանեկան փոխհարաբերությունները, մարդկանց կյանքը լցնում է հույսով և իսկական իմաստով։ Մարդիկ այսօր հենց այսպիսի կրթության կարիք ունեն։

8 Ինչպես արդեն նշեցինք, Եհովան օգնում է մարդկանց զարգացնելու իրեն հաճելի հատկություններ։ Դրանցից մեկը ազնվությունն է (Եբր. 13։18)։ Մի կին, որն ապրում է Հնդկաստանում, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և ժամանակի ընթացքում դարձավ չմկրտված քարոզիչ։ Նրանց կողմերում Թագավորության սրահ էր կառուցվում, և նա մասնակցում էր շինարարությանը։ Մի անգամ այդ կինը, երբ վերադառնում էր տուն, ավտոբուսի կանգառի մոտ 800 դոլար արժողությամբ ոսկե շղթա գտավ։ Թեև նա աղքատ էր, բայց այդ շղթան տարավ ու հանձնեց ոստիկանությանը։ Ոստիկանը չէր կարողանում իր աչքերին հավատալ։ Ավելի ուշ մեկ ուրիշ ոստիկան նրան հարցրեց. «Ինչո՞ւ որոշեցիր շղթան հանձնել»։ Կինը պատասխանեց. «Ես Աստվածաշունչ եմ ուսումնասիրում, և այն փոխել է իմ կյանքը։ Այժմ ես ազնիվ մարդ եմ և չեմ կարող վերցնել այն, ինչ իմը չէ»։ Անչափ տպավորված ոստիկանը քրոջն ուղեկցող երեցին ասաց. «Այս նահանգում 38 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Եթե դուք կարողանաք օգնել գոնե տասը մարդու դառնալու այս կնոջ պես, մեծ նվաճում կլինի»։ Իրողությունն այն է, որ աստվածային կրթությունն այսօր միլիոնավոր կյանքեր է փոխել։ Սա այն բազմաթիվ պատճառներից մեկն է, որը մղում է մեզ փառաբանելու Եհովային։

9. Ինչպե՞ս կարող են մարդիկ մեծ փոփոխություններ կատարել իրենց կյանքում։

9 Աստվածաշունչը և Աստծու սուրբ ոգին կարող են օգնել մարդկանց հիմնովին փոխելու իրենց կյանքը (Հռոմ. 12։2; Գաղ. 5։22, 23)։ Կողոսացիներ 3։10 համարում ասվում է. «Նոր անձնավորությունը հագեք, որը նորոգվում է ճշգրիտ գիտությամբ՝ Նրա պատկերի համաձայն, ով ստեղծեց այն»։ Աստծու Խոսքն ի զորու է բացահայտելու մարդու իրական էությունը. այն կարող է փոխել նրա մտածելակերպը և վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ (կարդա՛ Եբրայեցիներ 4։12)։ Անհատը, սուրբգրային ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով և իր կյանքը համապատասխանեցնելով Եհովայի արդար չափանիշներին, կարող է դառնալ նրա ընկերը և ունենալ հավիտենական կյանքի հույս։

Նախապատրաստում է ապագային

10. ա) Ինչո՞ւ միայն Եհովան կարող է օգնել մեզ նախապատրաստվելու ապագային։ բ) Ի՞նչ մեծ փոփոխություններ շուտով տեղի կունենան ամբողջ երկրի վրա։

10 Միայն Եհովան կարող է օգնել մեզ նախապատրաստվելու ապագային, որովհետև գիտի, թե ինչ է սպասվում շուտով։ Նա է որոշում, թե ինչպիսին կլինի մարդկության ապագան (Ես. 46։9, 10)։ Աստվածաշունչն ասում է, որ «մօտ է Տիրոջ մեծ օրը» (Սոփ. 1։14)։ Երբ գա այդ օրը, մենք կտեսնենք Առակաց 11։4–ի կատարումը. «Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կ’ազատէ մահից»։ Այդ ժամանակ ամենակարևոր հարցը կլինի այն, թե արդյոք Աստված հավանում է մեզ։ Փողը ոչ մի արժեք չի ունենա։ Եզեկիէլ 7։19 համարում կարդում ենք. «Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ»։ Այս բաների մասին նախապես իմանալը կարող է օգնել մեզ իմաստնորեն վարվելու այժմ։

11. Ինչպե՞ս է աստվածային կրթությունը մեզ նախապատրաստում Եհովայի օրվան։

11 Աստվածային կրթությունն օգնում է մեզ դնելու ճիշտ առաջնահերթություններ՝ նախապատրաստելով մեզ Եհովայի օրվան։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրեց. «Իրերի ներկա համակարգի հարուստներին պատվիրիր, որ չլինեն գոռոզամիտ և իրենց հույսը չդնեն անկայուն հարստության վրա, այլ դնեն Աստծու վրա»։ Ճիշտ է, այս խոսքերն ուղղված են հարուստներին, բայց եթե հարուստ էլ չենք, կարող ենք օգուտ քաղել Աստծու ներշնչանքով գրված այս խորհրդից։ Ինչպե՞ս։ Նյութական բաների ձգտելու փոխարեն՝ պետք է ջանանք «բարին գործել» և «հարուստ լինել բարի գործերով»։ Հոգևորը մեր կյանքում առաջին տեղում դնելով՝ մենք հավաքում ենք այնպիսի գանձեր, որոնք հավիտենական ապագայի լավ հիմք են (1 Տիմոթ. 6։17–19)։ Նման անձնազոհ ընթացքը գործնական իմաստության դրսևորում է. չէ՞ որ Հիսուսն ասաց. «Ի՞նչ օգուտ կլինի մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց» (Մատթ. 16։26, 27)։ Քանի որ Եհովայի օրը մոտ է, յուրաքանչյուրս պետք է ինքն իրեն հարց տա. «Որտե՞ղ եմ ես գանձեր դիզում։ Աստծո՞ւն եմ ծառայում, թե՞ Հարստությանը» (Մատթ. 6։19, 20, 24)։

12. Ինչո՞ւ չպիտի վհատվենք, երբ ոմանք արհամարհում են մեր ծառայությունը։

12 Աստծու Խոսքում նշված ամենակարևոր բարի գործերից մեկը, որ քրիստոնյաները պետք է անեն, Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու փրկարար գործն է (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Ինչպես որ առաջին դարում էր, այսօր էլ ոմանք գուցե արհամարհեն մեր ծառայությունը (կարդա՛ 1 Կորնթացիներ 1։18–21)։ Բայց դա չի նսեմացնում բարի լուրի արժեքը։ Մենք հասկանում ենք, որ շատ կարևոր է շարունակել յուրաքանչյուր մարդու հնարավորություն տալ հավատալու բարի լուրին, քանի դեռ ժամանակ կա (Հռոմ. 10։13, 14)։ Օգնելով մարդկանց օգուտներ քաղել աստվածային կրթությունից՝ մենք բազմաթիվ օրհնություններ կստանանք։

Օրհնում է զոհողությունների համար

13. Ի՞նչ զոհողություններ արեց Պողոս առաքյալը հանուն բարի լուրի։

13 Պողոս առաքյալին մանկուց խրախուսում էին հաջողությունների հասնել։ Հավանաբար, նա 13 տարեկան էլ չկար, երբ իր հայրենի քաղաք Տարսոնից եկավ Երուսաղեմ՝ սովորելու Օրենքի՝ մեծապես հարգված ուսուցիչ Գամաղիելի մոտ (Գործ. 21։39)։ Ժամանակի ընթացքում Պողոսն ավելի մեծ հաջողությունների հասավ, քան իր հասակակիցները։ Եթե նա այդպես շարունակեր, ապա հուդայականության կարկառուն դեմքերից մեկը կդառնար (Գաղ. 1։13, 14)։ Բայց երբ Պողոսն ընդունեց բարի լուրը և սկսեց քարոզել, նա ամեն ինչ թողեց հետևում։ Ափսոսա՞ց նա դրա համար։ Ո՛չ։ Առաքյալը գրեց. «Ես իսկապես ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի գիտության գերազանց արժեքի։ Հանուն նրա ես կորցրեցի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում» (Փիլիպ. 3։8)։

14, 15. Լինելով «Աստծու համագործակիցներ»՝ ի՞նչ օրհնություններ ենք ստանում։

14 Պողոսի պես՝ քրիստոնյաներն այսօր զոհողություններ են անում բարի լուրի համար (Մարկ. 10։29, 30)։ Իսկ զրկվո՞ւմ են նրանք ինչ–որ բանից դրա պատճառով։ Ռոբերտը, որի մասին նշվեց վերևում, շատերի տեսակետն է արտահայտում՝ ասելով. «Ես բոլորովին չեմ ափսոսում։ Ծառայելով լիաժամ՝ ես ուրախ եմ և բավարարված։ Ծառայությունս ինձ հնարավորություն է տալիս «ճաշակելու և տեսնելու, որ Եհովան քաղցր է»։ Երբ էլ որ նյութական զոհողություններ եմ արել հանուն հոգևոր նպատակների, Եհովան օրհնել է ինձ ավելի շատ, քան իմ արած զոհողություններն են եղել։ Կարծես իրականում ոչ մի զոհողություն էլ չեմ արել, այլ միայն օրհնություններ եմ ստացել» (Սաղ. 34։8; Առակ. 10։22)։

15 Եթե արդեն որոշ ժամանակ է, ինչ մասնակցում ես քարոզելու և ուսուցանելու գործին, ապա, անկասկած, բազմաթիվ առիթներ ես ունեցել ճաշակելու և տեսնելու, որ Եհովան քաղցր է։ Թերևս զգացել ես, թե ինչպես է Եհովայի ոգին օգնել քեզ քարոզչության ժամանակ, և տեսել ես, թե ինչպես են մարդու աչքերը փայլել, երբ Եհովան բացել է նրա սիրտը բարի լուրի առջև (Գործ. 16։14)։ Հնարավոր է՝ ցանկացել ես ծառայությունդ ընդլայնել, բայց եղել են խոչընդոտներ, և Աստված օգնել է քեզ հաղթահարելու դրանք։ Իսկ երբ զգացել ես, որ ուժերդ սպառվում են, Եհովան քեզ զորացրել է, որ շարունակես ծառայությունդ (Փիլիպ. 4։13)։ Այո՛, երբ անձամբ ենք զգում, որ Եհովան օգնում է մեզ ծառայության մեջ, նա դառնում է ավելի իրական, և մենք ավելի ենք մտերմանում նրա հետ (Ես. 41։10)։ Մի՞թե օրհնություն չէ լինել «Աստծու համագործակիցը» (1 Կորնթ. 3։9)։

16. Ինչպե՞ս ես վերաբերվում Եհովայի մասին սովորեցնելու գործին։

16 Շատ մարդիկ ցանկանում են իրենց կյանքի ընթացքում մնայուն արժեքներ ստեղծել։ Բայց այս աշխարհում նույնիսկ ամենից ուշագրավ նվաճումները հաճախ մոռացվում են։ Իսկ Եհովայի այն գործերը, որոնք նա անում է մեր ժամանակներում իր անվան սրբացման համար, անկասկած, կհիշվեն հավիտյան։ Դրանք միշտ կմնան աստվածապետական պատմության էջերում (Առակ. 10։7; Եբր. 6։10)։ Մենք պատիվ ունենք մարդկանց սովորեցնելու Եհովայի մասին, մի գործ, որը երբեք չի մոռացվի։ Թող որ միշտ բարձր գնահատենք մեր այս առանձնաշնորհումը։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչ է Եհովան պահանջում նրանցից, ում ուսուցանում է։

• Աստվածային կրթությունն ինչպե՞ս է փոխում մարդկանց կյանքը։

• Ի՞նչ օրհնություններ ենք ստանում՝ օգնելով մարդկանց օգուտներ քաղելու աստվածային կրթությունից։

[նկար 23–րդ էջի վրա]

Եհովայից ուսուցում ստացածները միջազգային եղբայրություն են կազմում

[նկար 24–րդ էջի վրա]

Մի՞թե օրհնություն չէ լինել «Աստծու համագործակիցը»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը