Օգուտներ քաղեք լավագույն կրթությունից
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Եհովա Աստված ներկայացվում է որպես բոլոր բաների, այդ թվում նաև մարդկանց Արարիչ (Ծննդոց 1։27; Յայտնութիւն 4։11)։ Լինելով Մեծ Խրատող՝ նա կրթեց առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, և նախապատրաստեց Եդեմի գեղեցիկ պարտեզում բնակվելու համար։ Աստված նպատակ ուներ շարունակաբար նրանց կրթելու և հավիտյան հոգ տանելու նրանց կարիքների մասին (Ծննդոց 1։28, 29; 2։15–17; Եսայիա 30։20 ՆԱ, 21)։ Միայն խորհեք, թե ինչ հեռանկար ունեին առաջին մարդիկ։
Ցավոք, առաջին զույգը ամեն ինչ կորցրեց։ Նրանց անհնազանդության հետևանքով մարդկությունը հետընթաց ապրեց թե՛ բարոյական և թե՛ ֆիզիկական առումներով (Ծննդոց 3։17–19; Հռովմայեցիս 5։12)։ Խոսելով մարդկային առաջին հասարակության մասին՝ Աստվածաշունչն ասում է. «Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6։5)։
Այն ժամանակվանից, երբ Եհովան տեսավ, որ մարդիկ հակված են չար բաներ անելու, անցել է գրեթե 4 500 տարի։ Սակայն հիմա հասարակությունը գտնվում է շատ ավելի վատ վիճակում։ Շատերը անամոթաբար սուտ են խոսում, զբաղվում են գողությամբ կամ բռնություն են գործում։ Օր օրի խնդիրներն ավելանում են, իսկ մերձավորի հանդեպ հոգատարությունը՝ նվազում։ Մարդիկ, անգամ միևնույն ընտանիքի անդամները, վատ են վերաբերվում միմյանց։ Բայց Աստված մեղավոր չէ ներկայումս տիրող պայմանների համար և ոչ էլ աչք է փակում այսօրվա խնդիրների վրա։ Եհովան միշտ էլ հետաքրքրված է եղել մարդկանց բարօրությամբ և մինչև օրս էլ պատրաստ է կրթել այն անհատներին, ովքեր փնտրում են իր առաջնորդությունը՝ կյանքում երջանկության հասնելու համար։ Մոտավորապես 2 000 տարի առաջ նա երկիր ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ ցույց տալով, որ ցանկանում է կրթել այդպիսի մարդկանց։ Հիսուսը կատարյալ կրթություն ստացած անհատի օրինակ է, քանի որ անթիվ–անհամար տարիներ եղել է Մեծ Խրատողի աշակերտը։
Ճշմարիտ քրիստոնեություն՝ կրթության աղբյուր
Հիսուս Քրիստոսը սկիզբ դրեց ճշմարիտ քրիստոնեությանը. կյանքի մի ուղի, որի հիմքում ընկած է սերը։ Ճշմարիտ քրիստոնյաներն իրենց բոլոր խոսքերն ու գործերը պետք է համապատասխանեցնեն Աստծու կամքին, որպեսզի փառք ու պատիվ բերեն նրա անվանը (Մատթէոս 22։37–39; Եբրայեցիս 10։7)։ Հիսուսի ուսուցումները, որոնք ցույց էին տալիս կյանքի ուղին, նրա Հոր՝ Եհովայի ուսուցումներն էին։ Այն մասին, որ Հիսուսը աջակցություն էր ստանում Աստծուց, Յովհաննէս 8։29–ում կարդում ենք. «Ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մինակ չէ թողել Հայրը, որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»։ Այո՛, իր ծառայության ընթացքում Հիսուսը միշտ աջակցություն և առաջնորդություն էր ստանում իր Հորից։ Նրա առաջին աշակերտները նույնպես առանց առաջնորդության չէին մնացել կյանքի դժվարություններին բախվելիս։ Եհովան նրանց կրթում էր իր Որդու միջոցով։ Կիրառելով Հիսուսի ուսուցումները և հետևելով նրա օրինակին՝ աշակերտները դառնում էին ավելի լավ մարդիկ։ Նույնը կարելի է ասել նաև Հիսուսի ժամանակակից հետևորդների մասին (տե՛ս Հիսուսի և նրա ուսուցումների արդյունքը, էջ 6)։
Ճշմարիտ քրիստոնեությունը առանձնահատուկ է նրանով, որ յուրօրինակ կրթություն է տալիս։ Այդ կրթությունն ազդեցություն է գործում մարդու սրտի ու մտքի վրա և փոխում է նրա անձնավորությունը (Եփեսացիս 4։23, 24)։ Դա ապացուցելու համար բավարար է քննարկել ընդամենը մեկ օրինակ։ Ամուսնական կյանքում հավատարիմ լինելու մասին Հիսուսն ասաց. «Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութիւն մի՛ անիր։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։27, 28)։ Այս խոսքերով Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին, որ հարկավոր է սիրտը մաքուր պահել, և որ անբարո մտքերն ու ցանկությունները (անգամ եթե դրանք դեռ չեն վերածվել գործերի) կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Մի՞թե ճշմարիտ չէ, որ վատ մտքերը կարող են առաջնորդել այնպիսի քայլերի, որոնք տհաճություն կպատճառեն Աստծուն և վնաս կհասցնեն ուրիշներին։
Ուստի Աստվածաշունչը այսպիսի խորհուրդ է տալիս. «Մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ «Արդյո՞ք հնարավոր է ‘նորոգել միտքը’ կրթության միջոցով»,— գուցե հարցնեք դուք։ Նորոգել միտքը նշանակում է փոխել մտածելակերպը՝ միտքը լցնելով Աստծու Խոսքում տեղ գտած սկզբունքներով և ուսուցումներով։ Իսկ դա հնարավոր է այն կրթության շնորհիվ, որը Աստված տալիս է իր Խոսքի միջոցով։
Մղված են փոխվելու
«Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։ Այն զորավոր ազդեցություն է թողնում մարդկանց վրա մինչև օրս, ինչն ապացուցում է, որ Աստվածաշնչում զետեղված մտքերը չեն հնացել։ Աստծու Խոսքը կարող է մղել մարդուն փոխելու իր կյանքի ուղին, ընդունելու ճշմարիտ քրիստոնեությունը և դառնալու լավ անձնավորություն։ Ահա մի քանի օրինականեր, որոնք ցույց են տալիս, թե որքան արժեքավոր է աստվածաշնչյան կրթությունը։
Էմիլիան, որի մասին խոսեցինք նախորդ հոդվածում, գրում է. «Սեփական ուժերով ես չէի կարողանա փոխել այն իրավիճակը, որ ստեղծվել էր մեր տանը։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնաիրել Եհովայի վկաների հետ, հասկացա, որ հույս կա, և աստիճանաբար փոխեցի մտածելակերպս։ Ես սովորեցի ավելի համբերատար լինել և չկորցնել ինքնատիրապետումս։ Ժամանակի ընթացքում ամուսինս միացավ ինձ։ Թեև նրա համար հեշտ չէր հրաժարվել խմիչքից, սակայն նա կարողացավ հաղթահարել այդ խնդիրը։ Դա փրկեց մեր ամուսնությունը։ Այժմ մենք երջանիկ քրիստոնեական ընտանիք ենք և ձգտում ենք մեր երեխաների մեջ սերմանել Աստվածաշնչի օգտակար սկզբունքները» (Բ Օրինաց 6։7)։
Այն կրթությունը, որ տալիս է ճշմարիտ քրիստոնեությունը, մղում է մարդուն փոխելու իր անբարո կյանքը և ազատում է նրան բազում չարիքներից։ Մանուելըa սեփական փորձով է համոզվել դրանում։ Երբ նա 13 տարեկան էր, փախավ տնից։ Այդ տարիքում Մանուելը սկսեց մարիխուանա օգտագործել, իսկ հետագայում նաև հերոին։ Նա սեռական հարաբերությունների մեջ էր մտնում տղամարդկանց և կանանց հետ որոշակի գումար ստանալու կամ էլ օթևան գտնելու համար։ Երբեմն էլ Մանուելն իր գոյությունը պահպանում էր՝ թալանելով մարդկանց։ Գրեթե միշտ նա թմրադեղերի ազդեցության տակ էր և իր բռնի վարքի պատճառով հաճախ բանտ էր ընկնում։ Հերթական անգամ բանտարկվելով՝ նա չորս տարի մնաց կալանքի տակ, որտեղ սկսեց զբաղվել զենքի առևտրով։ Հետագայում նա ամուսնացավ։ Սակայն Մանուելը շարունակում էր վարել նույն կյանքը, ինչի հետևանքով կանգնում էր բազում խնդիրների առջև։ Նա պատմում է. «Մենք ապրում էինք հավաբնում։ Ես մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր կինս կերակուր պատրաստում աղյուսների վրա։ Մեր պայմաններն այնքան անհուսալի էին, որ նույնիսկ իմ բարեկամներն էին խորհուրդ տալիս կնոջս հեռանալ ինձանից»։
Իսկ ի՞նչը փոխեց նրա կյանքը։ Մանուելը պատասխանում է այս հարցին. «Ծանոթներիցս մեկը եկավ մեր տուն՝ մեզ հետ Աստվածաշնչի մասին զրուցելու նպատակով։ Ես համաձայնվեցի, որ նա շարունակի այցելել մեզ, զուտ այն պատճառով, որ ապացուցեմ, թե Աստված գոյություն չունի։ Իմ կյանքը դրա վառ ապացույցն էր։ Այդ Վկան ինձ զարմացնում էր իր համբերությամբ և քաղաքավարությամբ։ Թերևս դա է պատճառը, որ համաձայնվեցի այցելել Թագավորության սրահ։ Չնայած այնտեղ գտնվողներից ոմանք գիտեին, թե ինչ անցյալ եմ ունեցել, սակայն բարյացակամորեն ողջունեցին ինձ։ Այդ մարդիկ ինձ հետ այնպես էին վարվում, կարծես նրանցից մեկը լինեի։ Դա անչափ մխիթարական էր ինձ համար։ Ես այնքան տպավորվեցի, որ վճռեցի թողնել թմրադեղերի աշխարհն ու օրինական աշխատանք գտնել։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց չորս ամիս անց արդեն պատրաստ էի Վկաների հետ միասին մասնակցելու քարոզչական ծառայությանը։ Եվս չորս ամիս անց ես մկրտվեցի և դարձա Եհովայի վկա»։
Ի՞նչ օգուտներ բերեց ճշմարիտ քրիստոնեությունը Մանուելին և նրա ընտանիքին։ «Առանց աստվածաշնչյան կրթության՝ ես, անկասկած, մի քանի տարի առաջ մահացած կլինեի։ Ընտրելով կյանքի այն ուղին, որ ցույց է տվել Հիսուսը, վերագտա իմ ընտանիքը։ Հիմա արդեն իմ երկու զավակները ստիպված չեն լինի անցնել այն նույն ճանապարհով, որով ես եմ անցել պատանեկությունից ի վեր։ Ես երջանիկ եմ, որ հիմա լավ փոխհարաբերություններ ունեմ կնոջս հետ, և շնորհակալ եմ Եհովային դրա համար։ Իմ նախկին ծանոթներից ոմանք շնորհավորել են ինձ՝ ասելով, որ այժմ ընտրել եմ կյանքի լավագույն ուղին»։
Կյանքի այս ճանապարհին քրիստոնյան համատեղում է բարոյական մաքրությունը ֆիզիկական մաքրության հետ։ Այս բանում է համոզվել Ջոնը, որ ապրում է Հարավային Աֆրիկայի չքավոր շրջաններից մեկում։ Նա պատմում է. «Մեր դուստրը երբեմն կարող էր մեկ շաբաթ չլվացվել, և դա կարծես չէր անհանգստացնում մեզանից որևէ մեկին»։ Ջոնի կինը նույնպես խոստովանում է, որ իրենց տունը սարսափելի կեղտոտ տեսք ուներ։ Սակայն քրիստոնեական կրթությունը ամեն ինչ փոխեց։ Ջոնը խզեց իր կապերը ավտոմեքենաների առևանգմամբ զբաղվողների հետ և սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել իր ընտանիքին։ «Մենք սովորեցինք, որ քրիստոնյաները պետք է մաքուր պահեն իրենց մարմինն ու հագուստը։ Ինձ դուր եկան Ա Պետրոս 1։16–ում գրված խոսքերը, որոնք հորդորում են մեզ լինել սուրբ, քանի որ Եհովա Աստված նույնպես սուրբ է։ Այժմ ջանք ենք թափում, որ մեր համեստ տունը գեղեցիկ տեսք ունենա»։
Դուք կարող եք ստանալ լավագույն կրթությունը
Վերոհիշյալ դեպքերը բացառություններ չեն։ Աստվածաշնչյան կրթության արդյունքում հազարավոր մարդիկ բարեփոխել են իրենց կյանքը։ Ազնիվ և աշխատասեր լինելու շնորհիվ նրանք բարձր են գնահատվում աշխատանքի վայրում։ Նրանք դարձել են լավ հարևաններ ու ընկերներ և անկեղծորեն հետաքրքրվում են ուրիշների բարօրությամբ։ Նրանք վճռել են հեռու մնալ չար գործերից և մարմնական ցանկություններից, ինչով և ավելի լավ են հոգ տանում իրենց ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առողջությանը։ Իրենց միջոցները վնասակար բաների վրա վատնելու փոխարեն՝ քրիստոնյաները դրանք օգտագործում են իրենց ընտանիքների բարօրության համար (Ա Կորնթացիս 6։9–11; Կողոսացիս 3։18–23)։ Անկասկած, այն արդյունքները, որ մարդը ստանում է՝ կիրառելով Եհովայի սկզբունքները, ցույց են տալիս, որ ճշմարիտ քրիստոնեությունը կյանքի լավագույն ճանապարհն է՝ լավագույն կրթության աղբյուրը։ Աստծու օրենքներով ապրող մարդու մասին Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։3)։
Շատ քաջալերական է իմանալ, որ Ամենակարող Աստված՝ Եհովան, ցանկանում է կրթել մեզ։ Իր մասին նա ասում է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Եհովան ցույց է տվել այդ ուղին իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի օրինակով և ուսուցումներով։ Երբ նա երկրի վրա էր, իր ուսուցումներով փոխեց շատերի կյանքը։ Նույնը տեղի է ունենում այն մարդկանց հետ, ովքեր մեր օրերում են առաջնորդվում Հիսուսի ուսուցումներով։ Ինչո՞ւ ժամանակ չհատկացնեք նրա ուսուցումներին ավելի լավ ծանոթանալու համար։ Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնել ձեզ ստանալու այդ հրաշալի կրթությունը։
[Ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[Շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Հիսուսի և նրա ուսուցումների արդյունքը
Հարկահավաքի իր պաշտոնը չարաշահելով՝ Զաքեոսը հարստացել էր հասարակ մարդկանց հաշվին։ Սակայն նա փոխեց իր կյանքը Հիսուսի ուսուցումների շնորհիվ (Ղուկաս 19։1–10)։
Տարսոնացի Սողոսը դադարեց հալածել քրիստոնյաներին և նույնիսկ ինքը դարձավ քրիստոնյա՝ հետագայում ճանաչվելով որպես Պողոս առաքյալ (Գործք 22։6–21; Փիլիպպեցիս 3։4–9)։
Կորնթոսում բնակվող քրիստոնյաներից ոմանք եղել էին ‘շնացողներ, իգացողներ, արվամոլներ, գողեր, ագահներ, հարբեցողներ, բամբասողներ, և հափշտակողներ’։ Սակայն սերտելով ճշմարիտ քրիստոնեության ուղին՝ նրանք ‘լվացվել էին, մաքրվել, արդարացվել Տեր Հիսուս Քրիստոսի անունով’ (Ա Կորնթացիս 6։9–11)։
[Նկար 7–րդ էջի վրա]
Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ երջանկության հասնել կյանքում