Ո՞ր կրթությունը երջանկություն կբերի ձեզ
ՊԱՏԱՀԵ՞Լ է, որ խնդիրներն այնքան ճնշեն ձեզ, որ թվա, թե հայտնվել եք մի կատաղի հորձանուտում։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան դժվարությունների առջև կկանգնեիք, եթե որևէ սխալ թույլ տայիք այդ խնդիրներից մեկը կամ մի քանիսը լուծելիս։ Ոչ ոք ի ծնե օժտված չէ իր բոլոր խնդիրները հաջողությամբ լուծելու և ամեն անգամ ճիշտ որոշումներ կայացնելու ունակությամբ։ Ահա թե երբ է պետք գալիս կրթությունը։ Իսկ որտե՞ղ կարող եք այնպիսի կրթություն ստանալ, որը կնախապատրաստի ձեզ կյանքի դժվարություններին։
Կրթությանը մեծ նշանակություն են տալիս շատերը՝ տարեց թե երիտասարդ։ Որոշ մասնագետներ նույնիսկ «լիովին համոզված են, որ անհնար է [լավ] աշխատանք գտնել՝ առանց բարձրագույն կրթության»։ Սակայն մարդն ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար նյութական ձեռքբերումները բավարար չեն։ Օրինակ՝ մի՞թե բարձրագույն կրթությունը կօգնի ձեզ դառնալու լավ ընկեր, ծնող կամ կողակից։ Եվ իրոք, այն մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց մտավոր կարողություններով, կարող են անցանկալի հատկություններ ձեռք բերել և արդյունքում քայքայել իրենց ընտանիքը կամ էլ նույնիսկ դիմել ինքնասպանության։
Ոմանք կրթության և առաջնորդության աղբյուր են համարում կրոնը, սակայն հիասթափություն են ապրում, քանի որ գործնական օգնություն չեն ստանում կյանքի դժվարություններին բախվելիս։ Էմիլիան,a որն ապրում է Մեքսիկայում, այս կապակցությամբ ասում է. «15 տարի առաջ ես ու ամուսինս կանգնած էինք ամուսնալուծության եզրին։ Մենք անընդհատ վիճում էինք։ Ես չէի կարողանում համոզել նրան, որ չտրվի խմիչքին։ Հաճախ ստիպված էի լինում փոքրիկ երեխաներիս մենակ թողնել և գնալ ամուսնուս գտնելու։ Այլևս ուժ չունեի դիմանալու այդ ամենին։ Մի քանի անգամ այցելեցի եկեղեցի՝ հույս ունենալով, որ այնտեղ կգտնեմ խնդիրներիս լուծումը։ Թեև եկեղեցում երբեմն օգտվում էին Աստվածաշնչից, սակայն երբեք չէի լսում այնպիսի խորհուրդ, որը ուղղակիորեն կառնչվեր իմ խնդրին։ Ես չէի հետաքրքրում որևէ մեկի. ոչ ոք չէր մոտենում, որ անձամբ խորհուրդ տար ինձ։ Եկեղեցում նստելն ու աղոթքներ կրկնելը ինձ չէր գոհացնում»։ Ոմանք էլ հիասթափություն են ապրում, երբ տեսնում են, որ իրենց հոգևոր առաջնորդները չեն ապրում բարձր չափանիշներով։ Արդյունքում շատերը կորցնում են իրենց վստահությունը կրոնի հանդեպ, քանի որ չեն ստանում համապատասխան կրթություն՝ կյանքում երջանկության հասնելու համար։
Թերևս ձեր մեջ հարց առաջանա. «Ինչպիսի՞ կրթություն պետք է ստանամ կյանքում երջանիկ լինելու համար»։ Արդյո՞ք ճշմարիտ քրիստոնեական կրոնը կարող է պատասխանել այս կարևոր հարցին։ Այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։