Կրթություն, որ կյանքի է առաջնորդում
1 Որքա՜ն քաջալերական է տեսնել, թե ինչպես են մարդկանց աչքերը փայլում ուրախությունից, երբ հասկանում են Աստծու Խոսքից բխող ճշմարտությունը։ Մենք իսկապես մեծ բավականություն ենք ստանում, երբ ուրիշներին պատմում ենք Աստծու, ինչպես նաև մարդկության նկատմամբ նրա նպատակների մասին։ Այսպիսի կրթությունը կարող է անհատին հավիտենական կյանքի առաջնորդել (Յովհ. 17։3)։
2 Որն է այդ կրթության առավելությունը։ Այսօր կարելի է կրթություն ստանալ ցանկացած ձևով և ցանկացած մասնագիտությամբ (Ժող. 12։12)։ Սակայն այսպիսի գիտելիքներն իրենց արժեքով չեն կարող համեմատվել «Աստուծոյ մեծամեծ բաներ[ի]» հետ (Գործք 2։11)։ Արդյո՞ք աշխարհում տրվող կրթության շնորհիվ մարդիկ մոտեցել են Արարչին և գիտելիքներ ձեռք բերել նրա նպատակների մասին։ Օգնե՞լ է այն հասկանալու, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները, կամ ինչու այսքան շատ տառապանք գոյություն ունի։ Այդպիսի կրթության շնորհիվ մարդիկ հույս ձեռք բերե՞լ են։ Նպաստե՞լ է դա ընտանեկան հարաբերությունների բարելավմանը։ Ո՛չ։ Միմիայն Աստծու կողմից տրված կրթության շնորհիվ է հնարավոր գտնել կյանքի կարևորագույն հարցերի պատասխանները։
3 Աստծու կողմից տրվող կրթությունը մեզ ապահովում է բարոյական արժեքներով, որոնք հազվադեպ են դրսևորվում այս աշխարհում։ Աստծու Խոսքը արմատախիլ է անում ռասայական, ազգային և ցեղային խտրականությունը բոլոր նրանց սրտերից, ովքեր ընդունում և կիրառում են սուրբգրային ուսմունքները (Եբր. 4։12)։ Այն մղել է մարդկանց հրաժարվելու բռնության ամեն ձևերից և ‘հագնելու նոր մարդը’ (Կող. 3։9–11; Միք. 4։1–3)։ Ավելին, աստվածային կրթությունը ուժ է տվել միլիոնավոր մարդկանց փոխելու իրենց վարքը և հաղթահարելու խորը արմատներ գցած բնավորության գծերը, որոնք տհաճություն են պատճառում Աստծուն (Ա Կորնթ. 6։9–11)։
4 Ինչու է այսօր հրատապ ստանալ այդ կրթությունը։ Մեր Մեծ Խրատողը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ իմաստ են կրում մեր ապրած ժամանակները։ Նրա մարգարեական դատաստանները ժամանակահարմար տեղեկություններ են պարունակում, որոնք պետք է հռչակվեն ամբողջ աշխարհում (Յայտն. 14։6, 7)։ Քրիստոսն իշխում է երկնքում։ Կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը շուտով կկործանվի։ Աստծու Թագավորությունը վերջ կդնի բոլոր երկրային կառավարություններին (Դան. 2։44; Յայտն. 11։15; 17։16)։ Ուստի հրատապ է, որ մարդիկ ընդունեն Աստծու՝ ներկայումս իշխող Թագավորին, դուրս գան Մեծ Բաբելոնից և հավատով կանչեն Եհովայի անունը (Սաղ. 2։11, 12; Հռովմ. 10։13; Յայտն. 18։4)։ Թող որ օգտագործենք մեր առավելագույն հնարավորությունները՝ մարդկանց փոխանցելու այն կրթությունը, որը կյանքի է առաջնորդում։