«Լայնացէք»
1. Ի՞նչ պատասխանատվություն ունի մեզանից յուրաքանչյուրը։
1 Քրիստոնեական եղբայրության մեջ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի ժողովում ջերմ մթնոլորտ պահպանելու (Ա Պետ. 1։22; 2։17)։ Դա կարող ենք անել՝ իրար հանդեպ ջերմ զգացմունքներ արտահայտելու մեջ ‘լայնանալով’ (Բ Կորնթ. 6։12, 13)։ Ինչո՞ւ է կարևոր եղբայրներին ու քույրերին լավ ճանաչելը։
2. Ինչո՞ւ է կարևոր հավատակիցների հետ մտերմանալը։
2 Մտերմական կապերն ամրանում են։ Մեր հավատակիցներին ավելի լավ ճանաչելով՝ մենք ավելի բարձր ենք գնահատում նրանց ցուցաբերած հավատը, տոկունությունը և այլ հիանալի հատկություններ։ Այդպիսով նրանց թերությունները ավելի քիչ նշանակություն են ունենում մեզ համար, իսկ նրանց հետ մեր մտերմական կապն ավելի է ամրանում։ Միմյանց լավ ճանաչելով՝ մենք ավելի հեշտ կարող ենք զորացնել ու մխիթարել իրար (Ա Թեսաղ. 5։11)։ Մենք կարող ենք «զորավիգ» (ՆԱ) լինել միմյանց Սատանայի աշխարհի վտանգավոր ազդեցություններին դիմադրելու մեջ (Կող. 4։11)։ Հաշվի առնելով այն, որ ապրում ենք ճնշումներով լի վերջին ժամանակներում՝ որքա՜ն հաճելի է Եհովայի ժողովրդի մեջ լավ ընկերներ ունենալը (Առակ. 18։24)։
3. Ինչպե՞ս կարող ենք «զորավիգ» լինել ուրիշներին։
3 Մտերիմ ընկերը կարող է զորության ու մխիթարության աղբյուր լինել ծանր փորձությունների ժամանակ (Առակ. 17։17)։ Մի քրիստոնյա, որ պայքարում էր անարժեքության զգացումի դեմ, պատմում է. «Ես ունեի ընկերներ, որոնք կարող էին դրական խոսքեր ասել, որպեսզի օգնեին ինձ հաղթահարել այն վատ մտքերը, որ ունենում էի»։ Նման ընկերները օրհնություն են Եհովայի կողմից (Առակ. 27։9)։
4. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել ժողովի անդամներին։
4 Հետաքրքրություն ցույց տուր մարդկանց հանդեպ։ Ինչպե՞ս կարող ենք ‘լայնանալ’ մեր եղբայրների հանդեպ ջերմ զգացմունքներ արտահայտելու մեջ։ Հանդիպումներին նրանց ողջունելուց բացի, ջանք գործադրիր նրանց հետ իմաստալից զրույցներ ունենալու։ Անձնական հետաքրքրություն ցույց տուր՝ առանց միջամտելու նրանց անձնական գործերին (Փիլիպ. 2։4; Ա Պետ. 4։15)։ Եղբայրների հետ մտերմանալու մեկ այլ միջոց է նրանց ճաշի հրավիրելը (Ղուկ. 14։12–14)։ Կամ կարելի է պայմանավորվել նրանց հետ քարոզչական ծառայության գնալու (Ղուկ. 10։1)։ Երբ ինքներս ենք քայլեր ձեռք առնում մեր եղբայրներին ավելի լավ ճանաչելու համար, նպաստում ենք ժողովի միությանը (Կող. 3։14)։
5. Ո՞րն է նոր ընկերներ գտնելու կերպերից մեկը։
5 Արդյոք հակվա՞ծ ենք մտերմություն անելու միայն մեր տարիքի անհատների հետ կամ նրանց, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, ինչ որ մենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ նման բաները սահմանափակեն ժողովում նոր ընկերներ գտնելու մեր հնարավորությունները։ Դավիթն ու Հովնաթանը, Հռութն ու Նոեմին մտերմական ամուր կապ էին հաստատել՝ չնայած տարիքային տարբերությանը և այն բանին, որ տարբեր ծագում ունեին (Հռութ 4։15; Ա Թագ. 18։1)։ Կարո՞ղ ես նոր ընկերներ գտնել։ Դա իր հետ անսպասելի օրհնություններ կբերի։
6. Որո՞նք են եղբայրների հանդեպ ջերմ զգացմունքներ ցույց տալու մեջ ‘լայնանալու’ օգուտներից մի քանիսը։
6 Մեր հավատակիցների հանդեպ ջերմ զգացմունքներ ցույց տալու մեջ ‘լայնանալով’՝ մենք զորացնում ենք միմյանց և նպաստում ժողովում խաղաղություն պահպանելուն։ Բացի այդ, Եհովան օրհնում է մեզ՝ տեսնելով, որ մենք սեր ենք ցույց տալիս եղբայրների հանդեպ (Սաղ. 41։1, 2; Եբր. 6։10)։ Ուրեմն եկեք նպատակ դնենք մեր առջև ավելի լավ ճանաչելու հնարավորին չափ շատ հավատակիցների։