Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
Եթե մենք նախազգուշացնող նշաններ տեսնենք կամ լսենք, բայց արձագանք չտանք, հետևանքը կարող է ողբերգական լինել։ Սակայն շատ ավելի կարևոր է Եհովայի տված հոգևոր առաջնորդության համաձայն գործելը։ Այս հարցը կքննարկվի գալիք ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովին։ Համաժողովի թեման է՝ «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք լսում» (Ղուկ. 8։18, ՆԱ)։
Հրավիրված հռետորը իր առաջին ելույթում կքննարկի, թե ինչ կիրառություն ունի մեր օրերում այն խորհուրդները, որոնք արձանագրված են Պողոսի՝ եբրայեցիներին ուղղած ներշնչյալ նամակի սկզբի գլուխներում։ Եզրափակիչ ելույթում, որի վերնագիրն է՝ «Շարունակ ուշադրություն դարձրեք աստվածային ուսուցմանը», հռետորը կօգնի ներկաներին քննել, թե արդյոք իսկապես լսում են Եհովային, նրա Որդուն ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յին]» (Մատթ. 24։45)։
Ծրագրի որոշ բաժիններ օգտակար կլինեն հատկապես ընտանիքների համար։ «Ընտանիքներ, որոնք առանց շեղվելու լսում են Աստծո Խոսքը» վերնագրով ելույթը կօգնի մեզ այնպես անել, որ աշխարհը չդանդաղեցնի մեր հոգևոր աճը։ Այս ելույթում կանցկացվեն նաև հարցազրույցներ նրանց հետ, ովքեր փոփոխություններ են մտցրել իրենց կյանքում, որպեսզի հոգևոր բաները առաջին տեղում դնեն։ «Աստծո Խոսքը ուշադրությամբ լսելն ինչպե՞ս է ամրացնում մեր պատանիներին» վերնագրով ելույթում կընդգրկվեն հարցազրույցներ այն պատանիների հետ, ովքեր դպրոցում, հասակակիցների շրջանում կամ ծառայության մեջ թիկունք են կանգնել ճշմարտությանը։ «Երեխաներ, որոնք լսում են Աստծուն և սովորում» վերնագրով ելույթը կօգնի մեզ ճիշտ գնահատել երեխաների սովորելու կարողությունը։ Մի քանի երեխաների և նրանց ծնողների հետ հարցազրույցներ կանցկացվեն, որոնք ցույց կտան, թե ինչ օգուտներ է բերում երեխաներին մանկուց Եհովայի ուղիներով կրթելը։
Մինչ Սատանան մոլորեցնում է «բովանդակ աշխարհքը», Եհովան իր հավատարիմ ծառաներին ցույց է տալիս այն ուղին, որով նրանք պետք է ընթանան (Յայտն. 12։9; Ես. 30։21)։ Նրա խորհուրդները ուշադրությամբ լսելը և հնազանդորեն դրանք կյանքում կիրառելը իմաստուն է դարձնում մեզ, երջանկություն պարգևում, ինչպես նաև հավիտենական կյանքի առաջնորդում (Առակ. 8։32–35)։