Ռահվիրայական ոգի ցուցաբերիր
1. Ինչպե՞ս կնկարագրեիր ռահվիրայական ոգին։
1 Թագավորության բոլոր քարոզիչները՝ անկախ նրանից՝ ծառայում են նրանք որպես ռահվիրաներ, թե՝ ոչ, կարող են ռահվիրայական ոգի ցուցաբերել։ Նրանք բոլորն էլ մեծապես ցանկանում են հնազանդվել քարոզելու ու աշակերտներ պատրաստելու մասին պատվերին (Մատթ. 28։19, 20; Գործք 18։5)։ Նրանք հոգատարություն են ցույց տալիս մարդկանց հանդեպ և զոհողությունների են գնում, որպեսզի կատարեն իրենց ծառայությունը (Մատթ. 9։36; Գործք 20։24)։ Եհովայի ծառաները պատրաստ են անել ամեն բան, ինչ անհրաժեշտ է ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու համար (Ա Կորնթ. 9։19–23)։ Եկեք քննենք մի քրիստոնյայի՝ Փիլիպպոս ավետարանչի օրինակը, որն այդպիսի ոգի է ցուցաբերել։
2. Ինչպե՞ս կարող են երեցներն ու ծառայող օգնականները հետևել Փիլիպպոսի օրինակին ծառայության մեջ եռանդուն լինելու հարցում։
2 Քարոզչություն և ուսուցում։Փիլիպպոսը կարևոր պատասխանատվություններ ուներ առաջին դարի քրիստոնեական ժողովում (Գործք 6։1–6)։ Սակայն նա առաջին հերթին բարի լուրի եռանդուն քարոզիչ էր (Գործք 8։40)։ Նմանապես այսօր երեցներն ու ծառայող օգնականները կարող են ռահվիրայական ոգի ցուցաբերել, եթե իրենց պատասխանատվությունները կատարելու հետ մեկտեղ՝ ժրաջանորեն առաջնորդություն վերցնեն քարոզչության մեջ։ Որքա՜ն լավ է դա անդրադառնում ժողովի ոգու վրա (Հռովմ. 12։11)։
3. Ինչպե՞ս կարող ենք ռահվիրայական ոգի ցուցաբերել փորձությունների ենթարկվելիս։
3 Ստեփանոսի մահից հետո հալածանքի մի մեծ ալիք բարձրացավ, որի պատճառով մեծ խռովություն առաջացավ աշակերտների մեջ։ Սակայն Փիլիպպոսը շարունակեց քարոզել, և հենց նա կարևոր դեր խաղաց քարոզչական գործը սամարացիների շրջանում սկսելու հարցում (Գործք 7։59բ, 8։1, 4–6, 12, 14–17)։ Մենք կարող ենք ընդօրինակել նրան՝ շարունակելով հռչակել բարի լուրը, նույնիսկ երբ փորձություններ ենք կրում, նաև անաչառորեն քարոզելով ցանկացած մարդու, ում հանդիպում ենք (Յովհ. 4։9)։
4. Ի՞նչ օրինակ է մեզ համար թողել Փիլիպպոսը՝ որպես ուսուցիչ։
4 Այն, որ Փիլիպպոսը Աստծո Խոսքի հմուտ ուսուցիչ էր, երևում է այն դեպքից, երբ եթովպացի ներքինին դավանափոխ եղավ (Գործք 8։26–38)։ Ռահվիրայական ոգի ցուցաբերելու միջոցներից է Աստվածաշունչը գործածելու, ինչպես նաև Գրությունների հիման վրա տրամաբանելու կարողություն զարգացնելը (Գործք 17։2, 3, ՆԱ)։ Փիլիպպոսի նման՝ մենք էլ ձգտում ենք բարի լուրը հաղորդել մարդկանց, որտեղ էլ նրանց հանդիպենք, և անում ենք դա ցանկացած հարմար առիթի դեպքում։
5. Ի՞նչը կօգնի քրիստոնյա ծնողներին իրենց երեխաների մեջ ռահվիրայական ոգի զարգացնել։
5 Ընտանիքը և ժողովը։ Փիլիպպոսի վերաբերմունքը և օրինակը անշուշտ լավ ազդեցություն էին թողել նրա դուստրերի վրա (Գործք 21։9)։ Նմանապես այն քրիստոնյա ծնողները, որոնց համար Թագավորության շահերը առաջին տեղում են, խրախուսում են իրենց երեխաներին նույնը անել։ Ծնողը գուցե հոգնածություն զգա շաբաթվա վերջում, սակայն եթե նա ժրաջանորեն մասնակցի քարոզչական գործին, ապա դա կարող է անջնջելիորեն դրոշմվել երեխայի սրտում (Առակ. 22։6)։
6. Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ ժողովի ռահվիրաների նկատմամբ։
6 Փիլիպպոսը հյուրասիրություն ցույց տվեց Պողոսի ու Ղուկասի հանդեպ՝ այդ եռանդուն քրիստոնյաների, որոնք ջանք չէին խնայում Եհովայի ծառայության մեջ (Գործք 21։8, 10)։ Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ մեր օրերի եռանդուն քարոզիչների հանդեպ, ինչպես նաև աջակցել նրանց։ Գուցե առաջարկենք ռահվիրաներին նրանց հետ ծառայել առավոտյան կամ ետճաշյա ժամերին, երբ քչերն են գնում ծառայության (Փիլիպ. 2։4)։ Նաև կարող ենք նրանց հյուր հրավիրել՝ միմյանց հետ կերտիչ ընկերակցություն վայելելու։ Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, եկեք բոլորս էլ ձգտենք ռահվիրայական ոգի ցուցաբերել։