Մաս 3—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Արդյունավետորեն գործածենք Աստվածաշունչը
1. Ինչո՞ւ պետք է հատուկ շեշտ դնենք Աստվածաշնչի վրա, երբ ուսումնասիրություն ենք անցկացնում։
1 Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակն է՝ ‘աշակերտներ’ պատրաստել՝ օգնելով նրանց հասկանալ և ընդունել Աստվածաշնչի ուսուցումները և դրանք կիրառել կյանքում (Մատթ. 28։19, 20; Ա Թեսաղ. 2։13)։ Ուստի ուսումնասիրության ժամանակ պետք է ուսումնասիրողի ուշադրությունը կենտրոնացնել Աստվածաշնչի վրա։ Կարելի է նախ ցույց տալ, թե նա ինչպես կարող է որոշակի համարներ գտնել իր Աստվածաշնչում։ Ինչպե՞ս կարող ենք գործածել Աստվածաշունչը, որպեսզի օգնենք այդ անհատին հոգևորապես աճել։
2. Ինչպե՞ս ենք որոշում, թե Աստվածաշնչի ո՛ր համարներն ենք կարդալու և քննարկելու։
2 Որոշիր, թե որ սուրբգրային համարներն եք կարդալու։ Ուսումնասիրության պատրաստվելիս ուշադրություն դարձրու, թե դասում բերված սուրբգրային համարներից որոնք են կապված քննարկվող մտքի հետ, և որոշիր, թե որ համարներն եք կարդալու և քննարկելու ուսումնասիրության ժամանակ։ Ցանկալի է կարդալ այն համարները, որոնք ցույց են տալիս, որ մեր հավատալիքները Աստվածաշնչի վրա են հիմնված։ Իսկ այն համարները, որոնք ընդհանուր տեղեկություն են պարունակում, կարելի է չընթերցել։ Հաշվի առ յուրաքանչյուր ուսումնասիրողի կարիքներն ու հանգամանքները։
3. Ինչո՞վ է օգտավետ հարցեր տալը, և ինչպե՞ս կարող ենք անել դա։
3 Հարցեր տուր։ Սուրբգրային համարներն անձամբ բացատրելու փոխարեն՝ օգնիր ուսումնասիրողին, որ նա բացատրի։ Դա կարող ես անել հմտորեն հարցեր գործածելով։ Եթե համարի կիրառությունը ակնհայտ է, կարող ես պարզապես հարցնել, թե ինչպես է տվյալ համարը թիկունք կանգնում պարբերության մեջ գրվածին։ Այլ դեպքերում գուցե հարկ համարես ավելի կոնկրետ հարց կամ մեկից ավելի հարցեր տալ, որպեսզի օգնես ուսումնասիրողին ճիշտ եզրակացության հանգել։ Եթե անհրաժեշտ է, ապա լրացուցիչ բացատրություններ կարելի է տալ ուսումնասիրողի պատասխանը լսելուց հետո։
4. Որքա՞ն մանրամասնորեն է հարկավոր բացատրել ընթերցվող սուրբգրային համարները։
4 Համարները պարզ ներկայացրու։ Հմուտ նետաձիգը ընդամենը մեկ նետով կարող է հարվածել թիրախին։ Նմանապես, հմուտ ուսուցիչը շատ բառերի կարիք չունի որևէ միտք բացատրելու համար։ Նա կարող է նյութը փոխանցել պարզ, հստակ և ճշգրտությամբ։ Սուրբգրային համարը հասկանալու և այն ճիշտ բացատրելու համար երբեմն գուցե անհրաժեշտ լինի փնտրտուքներ կատարել քրիստոնեական հրատարակություններում (Բ Տիմոթ. 2։15)։ Սակայն հարկ չկա բացատրել յուրաքանչյուր համարի բոլոր երեսակները։ Ընդգրկիր միայն այն, ինչ անհրաժեշտ է քննարկվող միտքը պարզաբանելու համար։
5, 6. Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին, որ Աստծո պատվերները կիրառի կյանքում, բայց ի՞նչ չպետք է անենք։
5 Ցույց տուր գործնական կիրառությունը։ Եթե հարմար է, օգնիր ուսումնասիրողին հասկանալ, թե աստվածաշնչային համարներն ինչպես են վերաբերում իրեն։ Օրինակ՝ երբ Եբրայեցիս 10։24, 25 համարները քննարկում ես ուսումնասիրողի հետ, որը դեռ չի հաճախում քրիստոնեական հանդիպումներին, կարող ես պատմել հանդիպումներից մեկի մասին և հրավիրել նրան ներկա գտնվել այդ հանդիպմանը։ Սակայն ճնշում մի՛ բանեցրու նրա վրա։ Թույլ տուր, որ Աստծո Խոսքը մղի նրան անձամբ քայլեր անել Եհովային հաճեցնելու համար (Եբր. 4։12)։
6 Մինչ կատարում ենք աշակերտներ պատրաստելու պատվերը, եկեք, արդյունավետորեն Աստվածաշունչը գործածելով, օգնենք մարդկանց «հնազանդվ[ել] հաւատին» (Հռովմ. 16։26)։