Պահեք
Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Այս ներդիրում ընդգրկված են Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ հոդվածների հիմնական մտքերը։ Այդ հոդվածների շարքը տպագրվել է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի համարներում։ Հորդորում ենք բոլորին պահել այս ներդիրը և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս օգտվել դրանից։ Բացի այդ, այս ներդիրում եղած մտքերը կարելի է օգտագործել քարոզչական ծառայության հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ծառայողական վերակացուները Գրքի ուսումնասիրության խմբերն այցելելիս կարող են իրենց ելույթները հիմնել այդ մտքերի վրա։
Մաս 1—Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը
Եթե կանոնավորապես Աստվածաշնչի թեմայով քննարկումներ ես անցկացնում, նույնիսկ կարճ քննարկումներ՝ գործածելով Աստվածաշունչը կամ Աստվածաշնչի հետ ուսումնասիրության համար նախատեսված հրատարակություններից որևէ մեկը, նշանակում է, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում։ Ուսումնասիրությունը կարելի է գրանցել հաշվետվության մեջ այն դեպքում, եթե անհատին ցույց ես տվել, թե ինչպես է անցկացվում այն, և դրանից հետո երկու անգամ ուսումնասիրել եք, նաև եթե հիմքեր կան մտածելու, որ ուսումնասիրությունը կշարունակվի (km04 07, էջ 1)։
Ուսումնասիրության համար նախատեսված հրատարակությունները
◼ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»
◼ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»
◼ «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն»
◼ «Դու կարող ես դառնալ Աստծու բարեկամը» գրքույկը կարելի է գործածել ուսումնասիրելու համար այն անհատների հետ, ովքեր սահմանափակ կրթություն են ստացել կամ կարդալ չգիտեն։
Մաս 2—Նախապատրաստվենք ուսումնասիրությանը
Մենք պետք է տեղեկություններն այնպես մատուցենք, որ դրանք հասնեն ուսումնասիրողի սրտին։ Ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ կերպով նախապատրաստվել՝ ի մտի ունենալով տվյալ ուսումնասիրողի կարիքները (km04 08, էջ 1)։
Ինչպես նախապատրաստվել
◼ Քննիր գլխի կամ դասի վերնագիրը, ենթավերնագրերը և զննական միջոցները։
◼ Փորձիր գտնել տպագրված հարցերի պատասխանները՝ ընդգծելով միայն գլխավոր բառերն ու արտահայտությունները։
◼ Որոշիր, թե որ համարներն եք ընթերցելու ուսումնասիրության ժամանակ։ Համառոտ նշումներ կատարիր հրատարակության լուսանցքներում։
◼ Նախապատրաստվիր ուսումնասիրության վերջում գլխավոր մտքերը հակիճորեն կրկնելուն։
Թեման հարմարեցրու անհատի կարիքներին
◼ Աղոթիր ուսումնասիրողի, ինչպես նաև նրա կարիքների մասին։
◼ Նախապես մտածիր, թե ո՛ր մտքերը ուսումնասիրողը գուցե դժվարությամբ հասկանա կամ ընդունի։
◼ Մտածիր. ի՞նչ պետք է նա հասկանա կամ ինչի՞ վրա պետք է աշխատի հոգևորապես առաջադիմելու համար։ Ինչպե՞ս կարող եմ հասնել նրա սրտին։
◼ Անհրաժեշտության դեպքում օրինակ բեր, բացատրություն տուր կամ մի շարք հարցեր ուղղիր, որպեսզի օգնես ուսումնասիրողին հասկանալ որևէ մտքի կամ որևէ սուրբգրային համարի իմաստը։
Մաս 3—Արդյունավետորեն գործածենք Աստվածաշունչը
Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակն է՝ ‘աշակերտներ’ պատրաստել՝ օգնելով նրանց հասկանալ և ընդունել Աստվածաշնչի ուսուցումները և դրանք կիրառել կյանքում (Մատթ. 28։19, 20; Ա Թեսաղ. 2։13)։ Ուստի ուսումնասիրության ժամանակ պետք է ուսումնասիրողի ուշադրությունը կենտրոնացնել Աստվածաշնչի վրա (km04 11, էջ 4)։
Սովորեցրու Աստծու Խոսքից
◼ Ցույց տուր ուսումնասիրողին, թե ինչպես կարող է որոշակի համարներ գտնել իր Աստվածաշնչում։
◼ Բաց արա և քննարկիր այն սուրբգրային համարները, որոնք ցույց են տալիս, որ մեր հավատալիքները Աստվածաշնչի վրա են հիմնված։
◼ Հարցեր տուր։ Սուրբգրային համարներն անձամբ բացատրելու փոխարեն՝ խրախուսիր ուսումնասիրողին, որ նա բացատրի։
◼ Համարները պարզ ներկայացրու։ Մի փորձիր բացատրել սուրբգրային համարի բոլոր երեսակները։ Ընդգրկիր միայն այն, ինչ անհրաժեշտ է քննարկվող միտքը պարզաբանելու համար։
◼ Ցույց տուր գործնական կիրառությունը։ Օգնիր ուսումնասիրողին հասկանալ, թե աստվածաշնչային համարներն ինչպես են վերաբերում անձամբ իրեն։
Մաս 4—Սովորեցնենք ուսումնասիրողին նախապատրաստվել
Այն ուսումնասիրողը, որը նախապես կարդում է դասը, ընդգծում պատասխանները և մտածում է, թե ինչպես կարող է սեփական բառերով պատասխանել հարցերին, ավելի արագ է առաջադիմում։ Հետևաբար երբ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունը կանոնավոր ընթացք է ստանում, ուսումնասիրողի հետ միասին պատրաստիր մի դաս, որպեսզի նա տեսնի, թե ինչպես է պետք նախապատրաստվել։ Ուսումնասիրողների մեծամասնության հետ օգտակար կլինի նախապատրաստել մի ամբողջ գլուխ կամ դաս (km04 12, էջ 1)։
Ընդգծումներ և նշումներ
◼ Բացատրիր ուսումնասիրողին, թե ինչպես կարելի է պարբերության մեջ գտնել տպագրված հարցերի անմիջական պատասխանները։
◼ Ցույց տուր ուսումնասիրության քո ձեռնարկը, որում ընդգծել ես միայն հիմնական բառերն ու արտահայտությունները։
◼ Օգնիր ուսումնասիրողին տեսնել, որ այդ համարներից յուրաքանչյուրը կապվում է պարբերության որևէ մտքի հետ, և ցույց տուր նրան, թե ինչպես կարող է կարճ նշումներ անել իր ձեռնարկի լուսանցքներում։
Նյութն աչքի անցկացնելն ու կրկնելը
Ցույց տուր ուսումնասիրողին, թե ինչպես կարող է քննել գլխի վերնագիրը, ենթավերնագրերը և նկարները նախքան նյութի մանրակրկիտ ուսումնասիրությանն անցնելը։
◼ Խրախուսիր ուսումնասիրողին նախապատրաստվելուց հետո հակիրճ կրկնել դասի հիմնական մտքերը։
Մաս 5—Որոշիր, թե ինչ ծավալի նյութ եք ուսումնասիրելու
Քննարկվելիք նյութի ծավալը կախված է թե՛ ուսուցանողի և թե՛ ուսումնասիրողի ընդունակություններից ու հանգամանքներից (km05 01, էջ 1)։
Օգնիր ամուր հավատ կերտել
◼ Ավելի կարևոր է այն, որ օգնենք ուսումնասիրողին պարզ հասկանալ քննարկվող նյութը և ոչ թե կարճ ժամանակում մեծ ծավալի նյութ անցնենք նրա հետ։
◼ Հատկացրու այնքան ժամանակ, որքան որ հարկավոր է ուսումնասիրողին՝ Աստծու Խոսքից սովորած ճշմարտությունները հասկանալու և սրտանց ընդունելու համար։
◼ Բավարար ժամանակ հատկացրու գլխավոր մտքերն ընդգծելուն, ինչպես նաև այն սուրբգրային համարները քննարկելուն, որոնք ուսմունքների հիմքն են։
Աշխատիր նյութից չշեղվել
◼ Եթե ուսումնասիրողի մեջ անձնական թեմաներով ծավալուն զրույցներ անելու հակում ես նկատում, գուցե հարկ լինի առաջարկել ուսումնասիրությունից հետո զրուցել։
◼ Ուսումնասիրության ժամանակ չափազանց շատ մի խոսիր։ Նվազեցրու երկրորդական մտքերի և դեպքերի քննարկմանը հատկացվող ժամանակը, որ դրանք չխանգարեն ուսումնասիրողին ճշգրիտ գիտություն ստանալ աստվածաշնչյան հիմնական ուսմունքների մասին։
Մաս 6—Երբ ուսումնասիրողը որևէ հարց է տալիս
Եթե Աստվածաշնչի ուսումնասիրությունը կանոնավորաբար է անցկացվում, սովորաբար լավ կլինի աստվածաշնչյան ուսմունքները քննարկել հերթականությամբ և ոչ թե ընտրողաբար։ Դա ուսումնասիրողին կօգնի ճշգրիտ գիտության հիմք դնել և հոգևորապես աճել (km05 02, էջ 6)։
Եղիր խորաթափանց
◼ Քննարկվող թեմայի հետ կապված հարցերին սովորաբար կարելի է անմիջապես պատասխանել։
◼ Եթե հարցը կապված չէ քննարկվող թեմայի հետ, կամ այդ հարցին հիմնովին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ փնտրտուքներ, այն կարելի է քննարկել մեկ ուրիշ անգամ։ Գուցե օգտակար լինի գրի առնել այդպիսի հարցերը։
◼ Եթե ուսումնասիրողը դժվարանում է ընդունել որոշակի ուսմունք, օգտվիր լրացուցիչ նյութից, որում մանրամասնորեն քննարկվում է այդ թեման։
◼ Եթե անհատը չի համոզվում, որոշ ժամանակով հետաձգիր այդ հարցի քննարկումը և շարունակիր ուսումնասիրել հաջորդ գլուխները։
Եղիր համեստ
Եթե չգիտես հարցի պատասխանը, խուսափիր քո անձնական կարծիքը հայտնելուց։
◼ Քայլ առ քայլ սովորեցրու նրան, թե ինչպես նա կարող է փնտրտուքներ կատարել։
Մաս 7—Ուսումնասիրության ժամանակ աղոթենք
Աստվածաշունչ ուսումնասիրողի հոգևոր առաջադիմության համար անհրաժեշտ է Եհովայի օրհնությունը։ Ուստի տեղին է ուսումնասիրությունը սկսել և ավարտել աղոթքով (km05 03, էջ 4)։
Ինչպես աղոթել
◼ Այն մարդկանց հետ, ովքեր հավատում են Աստծուն, կարելի է աղոթել հենց առաջին ուսումնասիրությունից։
◼ Մյուսների դեպքում հարկավոր է խորաթափանցություն դրսևորել՝ որոշելու համար, թե երբ է պետք սկսել աղոթելը։
◼ Կարող ես գործածել Սաղմոս 25։4, 5 և Ա Յովհաննէս 5։14 համարները, որպեսզի օգնես ուսումնասիրողին ըմբռնել, թե ինչու է անհրաժեշտ աղոթել։
◼ Յովհաննէս 15։16 համարը կարելի է կարդալ բացատրելու համար, թե ինչու պետք է Եհովային աղոթել Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ի՞նչի մասին կարելի է աղոթել
◼ Տեղին կլինի գովաբանել Եհովային՝ որպես ուսուցման Աղբյուրի։
◼ Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր ուսումնասիրողի նկատմամբ։
◼ Երախտագիտություն արտահայտիր Եհովայի կազմակերպության համար։
◼ Խնդրիր Եհովային, որ օրհնի ուսումնասիրողի ջանքերը սովորածը կիրառելու մասին։
Մաս 8—Ուսումնասիրողներին դեպի կազմակերպությունն ուղղենք
Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու մեր նպատակն է ոչ միայն աստվածաշնչային ուսմունքներ սովորեցնելը, այլև ուսումնասիրողներին օգնելը, որ դառնան քրիստոնեական ժողովի մեկ մասը։ Ամեն շաբաթ ուսումնասիրության ժամանակ մի քանի րոպե հատկացրու Եհովայի կազմակերպության մասին ինչ–որ բան պատմելուն (km05 04, էջ 8)։
Ժողովի հանդիպումները
◼ Պատմիր ժողովի հանդիպումներից յուրաքանչյուրի մասին։ Առաջին իսկ ուսումնասիրությունից նրանց հրավիրիր ներկա լինել հանդիպումներին։
◼ Պատմիր ուշագրավ մտքեր, որ ներկայացվել են հանդիպումների ժամանակ։
◼ Հետաքրքրություն առաջացրու Հիշատակի երեկոյի, համաժողովների կամ շրջանային վերակացուի այցելության հանդեպ։
◼ Օգտվելով մեր հրատարակություններում տեղ գտած նկարներից՝ օգնիր նրանց պատկերացնել, թե հանդիպումների ընթացքում ինչ է տեղի ունենում։
◼ Հորդորիր նրանց կարդալ «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում» գրքույկը։
Ուսանելի տեսաֆիլմեր
◼ «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում»
Մաս 9—Օգնենք ուսումնասիրողներին սովորել ոչ պաշտոնական վկայություն տալ
Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսում են հավատալ իրենց սովորած բաներին, նրանց մեջ ցանկություն է առաջանում դրանց մասին պատմելու (km05 05, էջ 1)։
Խրախուսիր նրանց վկայություն տալ
◼ Կարո՞ղ են նրանք հրավիրել իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին ներկա լինելու ուսումնասիրությանը։
◼ Նրանց աշխատակիցներից, համադասարանցիներից կամ ծանոթներից որևէ մեկը հետաքրքրություն ցույց տվե՞լ է։
Սովորեցրու նրանց, որ պատմեն իրենց հավատալիքների մասին
◼ Ուսումնասիրության ժամանակ որոշ մտքեր քննարկելիս հարցրու ուսումնասիրողին. «Ինչպե՞ս կգործածեիր Աստվածաշունչը՝ այս ճշմարտությունը քո ընտանիքի անդամներին բացատրելու համար»։
◼ Օգնիր նրան հասկանալ, որ Եհովա Աստծու և նրա նպատակների մասին ուրիշների հետ զրուցելիս հարկավոր է լինել խորաթափանց, հարգալից և բարյացակամ։
◼ Ուսումնասիրողները կարող են իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին առաջարկել «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում» գրքույկը, որը կօգնի նրանց հասկանալ Աստվածաշնչի վրա հիմնված մեր հավատալիքները և գործունեությունը։
Մաս 10—Սովորեցնենք ուսումնասիրողներին ծառայել տնետուն
Երբ երեցները տեսնում են, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, ուսումնասիրողը կարող է սկսել ժողովի հետ միասին մասնակցել քարոզչական գործին (km05 06, էջ 1)։
Պատրաստվեք միասին
◼ Ցույց տուր նոր քարոզչին, թե նա ինչպես կարող է մատուցումներ գտնել։
◼ Օգնիր նրան ընտրել մի պարզ մատուցում, որը գործնական է ձեր տարածքի համար։
◼ Խրախուսիր նրան ծառայության մեջ գործածել Աստվածաշունչը։
◼ Միասին կրկնեք մատուցումը։ Ցույց տուր նրան, թե ինչպես կարելի է նրբանկատորեն պատասխանել այն առարկություններին, որոնք տարածված են ձեր տեղանքում։
Քարոզեք միասին
◼ Թող նա տեսնի, թե ինչպես ես դու ներկայացնում այն մատուցումը, որը միասին պատրաստել եք։
◼ Հաշվի առ ուսումնասիրողի անհատականությունը և կարողությունները։ Որոշ դեպքերում ավելի լավ կլինի, որ նոր քարոզիչը ներկայացնի մատուցման միայն մեկ մասը։
◼ Օգնիր նոր քարոզչին, որ ծառայությանը մասնակցելու կանոնավոր գրաֆիկ կազմի։
Մաս 11—Օգնենք ուսումնասիրողներին վերայցելություններ կատարել
Կրկնակի այցելությանը նախապատրաստվելը սկսվում է առաջին այցելության ժամանակ։ Խրախուսիր ուսումնասիրողին, որ անկեղծ հետաքրքրություն ցույց տա այն մարդկանց հանդեպ, որոնց հետ նա զրուցում է։ Քայլ առ քայլ սովորեցրու ուսումնասիրողին, թե ինչպես նա կարող է հարցնել նրանց կարծիքը, լսել նրանց պատասխանը և փորձել հասկանալ, թե ինչ հարցեր են նրանց մտահոգում (km05 07, էջ 1)։
Նախապատրաստվեք վերայցելությանը
◼ Միասին վերհիշեք առաջին զրույցը, և օգնիր ուսումնասիրողին ընտրել Թագավորության լուրի հետ կապված մի միտք, որը կհետաքրքրի տանտիրոջը։
◼ Պատրաստեք մի կարճ մատուցում, որի մեջ ընդգրկված են մի սուրբգրային համար և ուսումնասիրության ինչ–որ ձեռնարկից մի պարբերություն։
◼ Պատրաստեք մի հարց, որը կարելի է բարձրացնել քննարկման վերջում՝ հաջորդ այցելության համար հիմք նախապատրաստելու նպատակով։
Ժրաջան եղիր վերայցելություններ կատարելու մեջ
◼ Քաջալերիր ուսումնասիրողին, որ առանց հետաձգելու վերայցելի հետաքրքրություն ցույց տված բոլոր անհատներին։
◼ Օգնիր ուսումնասիրողին հասկանալ, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել զրուցելու համար նրանց հետ, ում դժվար է գտնել տանը։
◼ Ցույց տուր ուսումնասիրողին, թե ինչպես կարող է պայմանավորվել հաջորդ այցելությունների համար, և օգնիր նրան հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ վերայցելել անհատին, ինչպես որ խոստացել է։
Մաս 12—Օգնենք ուսումնասիրողներին Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել և անցկացնել
Շատ կարևոր է ընդօրինակել Հիսուսին՝ ծառայության մեջ լավ օրինակ լինելով։ Տեսնելով, թե ինչպես ես դու վկայություն տալիս ծառայության ժամանակ՝ ուսումնասիրողը կհասկանա, որ կրկնակի այցելությունների նպատակը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելն է (km05 08, էջ 1)։
Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելը
◼ Բացատրիր ուսումնասիրողին, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ամենայն մանրամասնությամբ պատմել, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։
◼ Հաճախ լավագույն կերպն այն է, որ դա ցույց տանք ուսումնասիրության ձեռնարկից մեկ կամ երկու պարբերության օգնությամբ։
◼ Կրկնեք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու մատուցումներից որևէ մեկը (km05 08, էջ 8; km02 01, էջ 6)։
Սովորեցնենք նոր քարոզիչներին ուսուցանել
◼ Քաջալերիր ուսումնասիրողներին ցուցակագրվել Աստվածապետական ծառայության դպրոցին։
◼ Միջոցներ ձեռնարկիր, որ նոր քարոզչի հետ միասին գնաք Աստվածաշնչի ուսումնասիրությունների, որոնց ժամանակ նա կարող է որոշ չափով մասնակցություն բերել ուսուցանելու մեջ։