Հաստատակամորեն քարոզենք
1 Մենք ապրում ենք չար ժամանակներում։ Քաղաքացիական կռիվները, էթնիկական պատերազմները, բնական աղետները և ուրիշ ահասարսուռ դեպքեր սովորական երևույթ են դարձել։ Այսօր առավել քան երբևէ մարդկային ընտանիքը կարիք ունի լսելու բարի լուրը։ Սակայն անտարբերությունը հոգևորի հանդեպ լայնատարած բնույթ է կրում։ Որոշ վայրերում գուցե դժվար է մարդկանց տանը գտնել։ Բայց ավելի դժվար է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր կլսեն մեզ, կամ կցանկանան ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այնուհանդերձ, շատ կարևոր է, որ մենք հաստատակամորեն քարոզենք Աստծու հաստատած Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։
2 Սեր մարդկանց հանդեպ։ Մեր քարոզչությունն ընդգծում է մարդկանց հանդեպ Եհովայի սերը։ Նա «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետ. 3։9; Եզեկ. 33։11)։ Ուստի ինչպես Հիսուսն ասաց, Աստված պատվիրել է, որ «բոլոր ազգերին.... առաջ աւետարանը քարոզուի» (Մարկ. 13։10)։ Նա կոչ է անում մարդկանց, որ դեպի իրեն դառնան և վերապրեն Սատանայի աշխարհի վրա եկող դատաստանը (Յովէլ 2։28, 29, 32; Սոփ. 2։2, 3)։ Մի՞թե երախտապարտ չենք, որ Եհովան այսպիսի հնարավորություն է տվել մեզ (Ա Տիմոթ. 1։12, 13)։
3 Համաշխարհային հաշվետվությունը ցույց է տալիս, որ 2004 թ. ծառայողական տարվա ընթացքում ամեն ամիս միջին հաշվով Աստվածաշնչի 6 085 387 ուսումնասիրություններ են անցկացվել, և ամեն շաբաթ մոտ 5 000 նոր անհատներ են մկրտվել։ Նրանցից ոմանք գտնվել են այն բանի շնորհիվ, որ Եհովան օրհնել է քարոզիչների հաստատակամ ջանքերը, որ նրանք գործադրել են իրենց տարածքի յուրաքանչյուր մարդու հետ խոսելու համար։ Ի՜նչ մեծ ուրախություն է դա առաջ բերել ժողովներում, և ի՜նչ առանձնաշնորհում է այս փրկարար գործում լինել Աստծու գործակիցը (Ա Կորնթ. 3։5, 6, 9)։
4 Փառաբանենք Աստծու անունը։ Մենք հաստատակամորեն քարոզում ենք, որպեսզի հրապարակավ փառաբանենք Եհովային և բոլոր մարդկանց առաջ սրբացնենք նրա անունը (Եբր. 13։15)։ Սատանան մոլորեցրել է «բովանդակ աշխարհքը»՝ հավատացնելով, թե Աստված չի կարող լուծել մարդկանց խնդիրները, թե նա անտարբեր է մարդկային տառապանքի հանդեպ, կամ էլ նա պարզապես գոյություն չունի (Յայտն. 12։9)։ Քարոզչական ծառայությամբ մենք թիկունք ենք կանգնում մեր փառահեղ երկնային Հոր մասին ճշմարտությանը։ Թող որ փառք բերենք նրա անվանը միշտ՝ այսօր և հավիտյան (Սաղ. 145։1, 2)։