Ընտանեկան գրաֆիկ. ժողովի հանդիպումները
1 Եթե քրիստոնյա ծնող ես, անշուշտ, ցանկանում ես այնպես դաստիարակել երեխաներիդ, որ նրանք սիրեն ու ծառայեն Եհովային, և ապագայում հավիտենական կյանք ստանան Աստծու խոստացած նոր աշխարհում։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրանց Եհովայի երկրպագությունը կյանքում առաջին տեղում դնել։ Գլխավորապես քո օրինակով (Առակ. 20։7)։ Մի քույր, վերհիշելով իր քրիստոնյա մոր օրինակը, ասել է. «Երբեք հարց չէր առաջանում՝ գնալո՞ւ ենք ժողովի հանդիպման, թե՞ ոչ»։ Դա մնայուն ազդեցություն է թողել այդ քրոջ կյանքում։
2 Իսկ ձեր ընտանիքը հասկանո՞ւմ է, թե որն է ժողովի հանդիպումների նպատակը։ Այդ հանդիպումների ժամանակ ստացած ուսուցումը զորացնում է մեզ, որ շարունակենք կատարել Աստծու կամքը, իսկ այն ընկերակցությունը, որ վայելում ենք մեր եղբայրների հետ, քաջալերանքի մեծ աղբյուր է (Ես. 54։13; Հռովմ. 1։11, 12)։ Սակայն այս հանդիպումների նպատակը գլխավորապես Եհովային «ժողովուրդների մէջ» փառաբանելն է (Սաղ. 26։12)։ Քրիստոնեական հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս ցուցաբերել Եհովայի հանդեպ մեր սերը և երկրպագել նրան։
3 «Զգուշութեամբ վարուիք»։ Մեր հանդիպումների սուրբ նպատակը հասկանալը կմղի մեզ ‘զգույշ’ լինել, որ ոչ կարևոր գործերի պատճառով ժողովի հանդիպումները բաց թողնելը աստիճանաբար սովորություն չդարձնենք (Եփես. 5։15, 16; Եբր. 10։24, 25)։ Ձեր ընտանեկան գրաֆիկը կազմելիս կարող ես առաջին հերթին նշել ժողովի հանդիպումների ժամերը։ Թույլ մի տուր, որ այլ գործերը խանգարեն այդ գրաֆիկին հետևելու։ Ամեն բան արա, որ ձեր ընտանիքի համար ժողովի հանդիպումներին հաճախելը առաջնային տեղում լինի։
4 Արդյոք մեր սրտերը չե՞ն հուզվում, երբ կարդում ենք այն մասին, թե ինչ խոչընդոտներ են հաղթահարում մեր եղբայրները՝ ժողովի հանդիպումներին և համաժողովներին ներկա լինելու համար։ Թեև քո հանգամանքները գուցե այնքան ծանր չլինեն, ինչպես նրանցը, հավանաբար, դու նույնպես հանդիպում ես խոչընդոտների։ Սատանան ավելի ու ավելի մեծ դժվարություններ է ստեղծում, որպեսզի Աստծու ծառաների համար դժվար լինի Եհովային երկրպագելը։ Այնուամենայնիվ, համոզված եղիր, որ քո երեխաները, անկասկած, կնկատեն, որ ձեր ընտանիքը վճռական ջանքեր է գործադրում հաճախելու ժողովի հանդիպումներին։ Այդպես վարվելով՝ դու հոգևոր պարգև կտաս ձեր երեխաներին, որի մասին նրանք երբեք չեն մոռանա։