Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսենք դռան շեմին և հեռախոսով
1 Մարդիկ այսօր զբաղված են։ Չնայած դրան՝ շատերը հետաքրքրվում են հոգևոր հարցերով։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց բավարարելու իրենց հոգևոր կարիքները (Մատթ. 5։3)։ Շատ քարոզիչներ կարող են Աստվածաշունչը ուսումնասիրել մարդկանց հետ դռան շեմին կամ հեռախոսով։ Կարո՞ղ ես ընդարձակել ծառայությունդ այդ ձևերով։
2 Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար մենք պետք է պատրաստված լինենք, որպեսզի ամեն հարմար առիթի դեպքում կարողանանք ցույց տալ, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է դա անել։
3 Դռան շեմին։ Երբ հանդիպում ես այնպիսի անհատի, որը ցանկանում է զրուցել Աստվածաշնչի մասին, պարզապես բաց արա մի պարբերություն, որ նախապես պատրաստել ես, օրինակ՝ «Աստված պահանջում է» գրքույկի առաջին դասի առաջին պարբերությունը, և սկսիր։ Կարդա պարբերությունը, քննարկիր հարցը, ինչպես նաև մեկ կամ երկու նշված սուրբգրային համարներ։ Հաճախ դա կարելի է անել հենց դռան շեմին 5–10 րոպեում։ Եթե անհատին դուր եկավ քննարկումը, պայմանավորվիր հաջորդ մեկ կամ երկու պարբերությունները քննարկել մեկ ուրիշ անգամ (ուսումնասիրություններ սկսելու վերաբերյալ ուղղակի մոտեցում գործածելու լրացուցիչ խորհուրդներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի համարում, էջ 6)։
4 Այդ նույն մոտեցումը կարելի է կիրառել վերայցելություններ կատարելիս՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու նպատակով։ Օրինակ՝ կարող ես ներկայացնել «Աստված պահանջում է» գրքույկը և ցույց տալ Աստծու անունը 2–րդ դասի 1–ին և 2–րդ պարբերությունների օգնությամբ։ Հաջորդ այցելության ժամանակ կարող ես քննարկել, թե ինչ է Աստվածաշունչը հայտնում Եհովայի հատկությունների մասին՝ օգտագործելով 3–րդ և 4–րդ պարբերությունները։ Իսկ մյուս անգամ կարող ես քննարկել 5–րդ և 6–րդ պարբերություններն ու 5–րդ էջի նկարը՝ ցույց տալու համար, թե ինչպես է Աստվածաշնչի ուսումնասիրությունը օգնում մեզ ճանաչել Եհովային։ Այս ամենը կարելի է անել դռան մոտ։
5 Հեռախոսով։ Ոմանք գուցե ավելի շատ ցանկանան, որ իրենց հետ հեռախոսով ուսումնասիրենք Աստվածաշունչը, քան այցելենք իրենց։ Ահա մի դեպք. մի քույր տնից տուն քարոզելիս հանդիպեց մի երիտասարդ կնոջ, որը մայր էր և գործարար կին։ Չկարողանալով հանդիպել նրան տանը՝ քույրը որոշեց զանգահարել նրան։ Այդ կինն ասաց, որ բոլորովին ժամանակ չունի Աստվածաշնչի մասին խոսելու։ Քույրն ասաց. «10–15 րոպեում դուք կարող եք մի նոր բան սովորել նույնիսկ հեռախոսով»։ «Լավ, եթե հեռախոսով՝ համաձայն եմ»,— պատասխանեց կինը։ Քույրը շուտով սկսեց Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն անցկացնել հեռախոսով։
6 Այն անհատներից ոմանք, որոնց վերայցելում ես, չէի՞ն ցանկանա ուսումնասիրություն սկսել հեռախոսով։ Կարող ես կիրառել վերը նկարագրված մոտեցումը կամ պարզապես ասել. «Եթե ցանկանում եք, կարող ենք հեռախոսով ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այդպես ձեզ հարմար կլինի՞»։ Ձգտելով հարմարվել մարդկանց հանգամանքներին նրանց հետ ուսումնասիրություն սկսելու համար՝ մենք կօգնենք նրանց «Աստուծոյ գիտութիւնը» գտնել (Առակ. 2։5; Ա Կորնթ. 9։23)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1, 2. Ինչպե՞ս կարելի է զբաղված մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
3. Ինչո՞ւ է հարկավոր առաջին այցելության ժամանակ ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և ինչպե՞ս կարելի է դա անել։
4. Ինչպե՞ս կարող ենք դռան մոտ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել վերայցելություններ կատարելիս։
5, 6. ա) Ինչո՞ւ ոմանք գուցե գերադասեն հեռախոսով ուսումնասիրել Աստվածաշունչը։ բ) Ի՞նչ մոտեցում կարող ենք կիրառել, երբ առաջարկում ենք հեռախոսով ուսումնասիրել Աստվածաշունչը։