Ուսուցանելիս գործածենք զննական միջոցները
1 Եհովան իր վաղեմի ծառաներին կարևոր տեղեկություններ հաղորդելիս երբեմն տեսիլքներ և երազներ էր գործածում։ Պատկերացրու տեսիլքի միջոցով Եզեկիելին ցույց տրված Եհովայի երկնային կառքը (Եզեկ. 1։1–28)։ Մտածիր, թե ինչ զգացումներ ուներ Դանիելը այն ժամանակ, երբ մարգարեական երազ տեսավ, որում նկարագրվում էր աշխարհակալ ուժերի երթը (Դան. 7։1–15, 28)։ Կամ հիշիր հայտնության ցնցող նկարագրությունը, որը տրվեց Հովհաննեսին «նշաններով» (ՆԱ) այն իրադարձությունների մասին, որ տեղի էին ունենալու «Տիրոջ օրվա մեջ» (ՆԱ) (Յայտն. 1։1, 10)։ Եհովան իր ծառաներին այդ բաները հաղորդեց՝ գործածելով վառ գույներ և ազդեցիկ նկարագրություններ, և դա ամուր կերպով տպավորվեց նրանց մտքում։
2 Եթե մենք էլ ցանկանում ենք Աստվածաշնչի ճշմարտությունները բացատրել այնպես, որ դրանք տպավորվեն մարդկանց հիշողության մեջ, կարող ենք ուսուցանելիս գործածել մեր տեսաֆիլմերը։ Մեր տեսաֆիլմերը բովանդակում են բազմաթիվ թեմաներով նյութեր և վստահություն են առաջացնում Աստվածաշնչի, Եհովայի կազմակերպության և այն սկզբունքների հանդեպ, որոնք բարելավում են մեր քրիստոնեական անձնավորությունը։ Քննենք մի քանի տեսաֆիլմեր, որոնք կարող ենք գործածել ուսուցանելիս։
3 Ծառայության ժամանակ։ Եթե ինչ–որ մեկի հետ ուսումնասիրում ես Աստվածաշունչը, նրան պատմե՞լ ես մեր համաշխարհային եղբայրության մասին։ Դա կարող ես անել՝ նրա հետ միասին դիտելով «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը (ռուս.)։ Կարող ես տեսաֆիլմը տալ նրան, որ նա դիտի այն մինչև ձեր հաջորդ ուսումնասիրությունը, կամ հաջորդ ուսումնասիրության ժամանակ նրա հետ միասին դիտեք այն։ Ապա քննարկեք ֆիլմը հարցերի օգնությամբ, որոնք կարող ես գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. հոկտեմբերի համարում։
4 Պատանինե՛ր, դուք կարող եք զրուցել ձեր ուսուցչի հետ, որ եթե հնարավոր է, դասարանի հետ միասին դիտեք «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» կամ «Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Խորհրդային Միությունում» վավերագրական ֆիլմերը (ռուս.)։ Առաջարկիր քննարկման համար հարցեր պատրաստել, ինչը կարող ես անել՝ օգտվելով այն հարցերից, որոնք տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. հունիսի կամ 2003 թ. փետրվարի համարներում։
5 Ընտանիքիդ և ընկերներիդ հետ։ Ծնողնե՛ր, մտածեք, թե որքան են մեծացել ձեր երեխաները այն ժամանակից ի վեր, ինչ թողարկվել է «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» տեսաֆիլմը (ռուս.)։ Չարժե՞ արդյոք մեկ անգամ ևս դիտել այն ձեր հաջորդ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. սեպտեմբերի համարում (ռուս.) կգտնեք հարցեր, որոնք կօգնեն անկեղծ և աշխույժ քննարկում անցկացնել։
6 Ընկերներ ունե՞ս ժողովում, որոնց կցանկանայիր հյուր հրավիրել։ «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վստահելի մարգարեություններ» տեսաֆիլմը (ռուս.) միասին դիտելը ոգևորիչ կլինի, հատկապես եթե ֆիլմը դիտելուց հետո քննարկեք այն՝ օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. դեկտեմբերի համարում բերված հարցերից։
7 Այլ հնարավորություններ։ Ինչպե՞ս կարող ես գործածել մեր մյուս 13 տեսաֆիլմերը, որոնք կան ռուսերեն լեզվով։ Այդ ֆիլմերից մեկը կամ երկուսը դիտելը կօգնի՞ այն անհատներից ինչ–որ մեկին, ում կանոնավորաբար այցելում ես, որ հոգևորապես առաջադիմի։ Կարո՞ղ ես առաջարկել տեսաֆիլմերը ծերանոցներում։ Կարո՞ղ ես արդյոք տեսաֆիլմերը օգտագործել, որպեսզի օգնես ոչ Վկա հարազատներիդ, հարևաններիդ և աշխատակիցներիդ լավ կարծիք կազմել մեր մասին։ Մեր տեսաֆիլմերը շատ ազդեցիկ, ուսուցանող և արդյունավետ միջոցներ են։ Օգտագործիր դրանք ուսուցանելիս։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչպե՞ս է Եհովան զննական միջոցների օգնությամբ ուսուցանել իր վաղեմի ծառաներին, և ինչպիսի՞ն է եղել արդյունքը։
2. Ի՞նչ զննական միջոցներ մենք կարող ենք օգտագործել Աստվածաշնչյան ճշմարտությունները ուրիշներին սովորեցնելիս։
3. Ո՞ր տեսաֆիլմի օգնությամբ կարող ես մղել ուսումնասիրողին գալ դեպի կազմակերպությունը։
4. Պատանիները ուսուցանելու ո՞ր միջոցները կարող են գործածել դպրոցում։
5. Ո՞ր տեսաֆիլմը կարող են գործածել ծնողները ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։
6. Ինչպե՞ս կարող ես ընկերներիդ հետ անցկացրած ժամանակը ոգևորիչ դարձնել։
7. Ի՞նչ հնարավորություններ կան մեր տեսաֆիլմերը գործածելու։