Օգնիր Աստվածաշունչն ուսումնասիրողներին գնահատելու Եհովայի անզուգական հատկությունները
1 Մեր ծառայության մեջ մենք ավելին ենք անում, քան պարզապես Աստվածաշնչի հիմնական ճշմարտությունները սովորեցնելը։ Մենք օգնում ենք մարդկանց ճանաչելու Եհովային՝ որպես անձնավորության, և գնահատելու նրա անզուգական հատկությունները։ Երբ ազնվասիրտ մարդիկ սովորում են Աստծու մասին ճշմարտությունը, դա մեծ ազդեցություն է թողնում նրանց վրա և մղում է նրանց փոփոխություններ անելու իրենց կյանքում, որպեսզի «գնա[ն] ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան» (Կող. 1։9, 10; 3։9, 10)։
2 Ուսումնասիրության մեր նոր ձեռնարկը։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի հենց սկզբից ուշադրություն է դարձվում Եհովայի հատկությունների վրա։ Առաջին գլխում տրվում են հետևյալ հարցերի պատասխանները՝ Աստված իրոք հոգ տանո՞ւմ է քո մասին, ինչպիսի՞ն է Աստված, և հնարավո՞ր է մոտենալ Աստծուն։ Այդ գլխում շեշտվում է նաև Եհովայի սրբությունը (պարբ. 10), արդարությունն ու կարեկցանքը (պարբ. 11), սերը (պարբ. 13), զորությունը (պարբ. 16), ողորմածությունը, գութը, ներելու պատրաստ լինելը, համբերատարությունը և նվիրվածությունը (պարբ. 19)։ Որպես եզրափակում այդ գլխում ասվածների՝ 20–րդ պարբերությունում նշվում է հետևյալը. «Որքան ավելի շատ սովորես Եհովայի մասին, այնքան ավելի իրական կդառնա նա քեզ համար։ Որքան ավելի շատ սովորես նրա մասին, այնքան ավելի շատ պատճառներ կունենաս քեզ մոտ զգալու Եհովային և սիրելու նրան»։
3 Ինչպե՞ս կարող ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի միջոցով օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին մոտենալ Եհովային։ Որևէ պարբերություն քննարկելուց հետո, որտեղ քննարկվում է Աստծու հատկություններից ինչ–որ մեկը, կարող ենք հարցնել ուսումնասիրողին. «Այստեղից ի՞նչ ենք սովորում Եհովայի անձնավորության մասին»։ Կամ կարող ենք հարցնել. «Ինչպե՞ս է երևում, որ Աստված հետաքրքրություն է ցույց տալիս անձամբ քո հանդեպ»։ Ժամանակ առ ժամանակ ուսումնասիրության ընթացքում նման հարցեր տալով՝ կօգնենք ուսումնասիրողներին սովորել խորհրդածել իրենց իմացածի շուրջ, ինչպես նաև կօգնենք նրանց ավելի շատ գնահատել Եհովայի անզուգական հատկությունները։
4 Ինչպես օգտագործել կրկնության շրջանակը։ Յուրաքանչյուր գլխի քննարկումից հետո հրավիրիր ուսումնասիրողին իր խոսքերով մեկնաբանել «Ահա թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը» շրջանակի կետերից յուրաքանչյուրը։ Ուշադրություն դարձրու նշված սուրբգրային համարների վրա։ Որպեսզի խրախուսենք ուսումնասիրողին արտահայտելու իր սրտում եղածը, երբեմն կարող ենք հարցնել. «Ի՞նչ կարծիք ունես տվյալ հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տված բացատրության մասին»։ Այդպես վարվելով՝ դու ոչ միայն կընդգծես գլխի հիմնական մտքերը, այլև կկարողանաս հասկանալ, թե ինչին է իրականում հավատում ուսումնասիրողը։ Այս ամենի շնորհիվ անհատը կսկսի Եհովայի հետ փոխհարաբերություններ զարգացնել։