Եհովայի վկաների 2007 թվականի՝ «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող մարզային համաժողովը
1, 2. ա) Ինչո՞ւ Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին միասին հավաքվել։ բ) Ինչպե՞ս կարող ենք արդեն այսօր նախապատրաստվել համաժողովին։
1 Մովսեսը բոլոր իսրայելացիներին և օտարականներին պատվիրեց յոթերորդ տարին մեկ հավաքվել, որպեսզի Օրենքը կարդացվեր նրանց համար։ Ի՞նչ նպատակով։ «Որ լսեն, եւ որ սովորեն» (Բ Օրին. 31։10–12)։ Եհովան անհրաժեշտ էր համարում հավաքելու իր ողջ ժողովրդին։ Շուտով Եհովայի ժողովուրդը կրկին կհավաքվի «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող երեքօրյա մարզային համաժողովին։
2 Սկսե՞լ ես արդեն նախապատրաստվել։ Անհրաժե՞շտ է գործատիրոջիցդ աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրել։ Կարո՞ղ ես օգնել նրանց, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, կամ ընտանիքիդ ոչ Վկա անդամներին գալու քեզ հետ համաժողովի։ Կա՞ն ժողովում անհատներ, որոնց հարկավոր է օգնել։ Պլանավորո՞ւմ ես այցելել ոչ թե այն համաժողովը, որին հրավիրված է քո ժողովը, այլ մեկ ուրիշ համաժողով։ Հարկավո՞ր է մտածել կացարան գտնելու մասին։ Ներքոհիշյալ տեղեկությունը կօգնի քեզ նախապատրաստվել։
3. ա) Ինչպե՞ս են մեր օրերում կատարվում Եսայիա 25։6–ի խոսքերը։ բ) Ի՞նչ է նկատվել ուրբաթ օրերին համաժողովին ներկա լինելու հետ կապված, և ի՞նչ պետք է անենք անձամբ մենք։
3 Ներկա եղիր բոլոր երեք օրերին։ Եհովան իր ժողովրդին առատ հոգևոր սնունդ է տալիս (Ես. 25։6)։ Նա դա անում է, օրինակ, հոգևոր խնջույքների՝ մեր տարեկան համաժողովների միջոցով։ Նկատվել է, որ ուրբաթ օրերին շատ ավելի քիչ մարդ է ներկա լինում, քան հաջորդ օրերին։ Նպատակ դիր օգուտներ քաղել համաժողովի բոլոր երեք օրերի թարմացուցիչ ծրագրից, որը Եհովայի կազմակերպությունը պատրաստել է մեզ համար։ Եթե հարկավոր է խնդրել գործատիրոջդ, որ թույլ տա քեզ բացակայել աշխատանքից, ապա աղոթիր դրա մասին։ Իսկ երբ արդեն պարզ դառնա համաժողովի անցկացման ամսաթիվը, համարձակությամբ լցվիր և խոսիր նրա հետ (Ա Թեսաղ. 2։2; Նէեմ. 2։4, 5)։ Թերևս օգտակար լինի բացատրել նրան, որ տարեկան համաժողովները քո երկրպագության մասն են կազմում։ Դրա մասին գործատիրոջդ նախօրոք ասելը հնարավորություն կտա նրան փոփոխություններ անելու և կատարելու քո խնդրանքը։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին և մեր ընտանիքի ոչ Վկա անդամներին գալու համաժողովին։
4 Օգնիր Աստվածաշունչ ուսումնասիրողներին և ընտանիքիդ անդամներին նախապատրաստվել։ Որքա՜ն հաճելի կլինի, որ նրանք, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, գան քեզ հետ համաժողովի և վայելեն քրիստոնեական եղբայրության սերը «մեծ ժողովին մէջ» (Սաղ. 22։25, ԱԱ)։ Տեղյակ պահիր նրանց բավական վաղօրոք, որ կարողանան պլանավորել իրենց գործերը համաժողովին այցելելու համար։ Պատմիր նրանց, թե ինչու է անձամբ քեզ դուր գալիս համաժողովներին ներկա լինելը։ Որպեսզի նրանք պատկերացում կազմեն համաժողովների մասին, կարող ես առաջարկել նրանց դիտելու այն տեսաերիզները, որոնք պարունակում են դրվագներ անցած համաժողովներից։ Պլաններիդ մասին հայտնիր նաև ընտանիքիդ ոչ Վկա անդամներին։ Հավանաբար նրանք կկարողանան այնպես ծրագրել իրենց գործերը, որպեսզի դիտեն դրաման կամ քեզ հետ ներկա գտնվեն համաժողովի գոնե մեկ օրվան։
5, 6. ա) Ինչպե՞ս կարող ենք ցուցաբերել այն առատաձեռնության ոգին, որի մասին խոսվում է Ա Տիմոթէոս 6։18–ում։ բ) Ի՞նչ է նախատեսված նրանց համար, ովքեր կացարանի կարիք ունեն։
5 Աջակցիր եղբայրներիդ և քույրերիդ։ Պողոս առաքյալը նյութապես ապահովված քրիստոնյաներին խորհուրդ տվեց, որ «բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն» (Ա Տիմոթ. 6։17, 18)։ Պողոսի հորդորին հետևելով՝ մենք կարող ենք առատաձեռնության ոգի դրսևորել նրանով, որ համաժողովին պատրաստվելիս հաշվի առնենք նաև տարեցների, տկարների, ինչպես նաև լիաժամ ծառայողների, միայնակ ծնողների ու ժողովի այլ անդամների կարիքները, որոնց թերևս հարկավոր է օգնություն ցույց տալ համաժողովին ներկա լինելու համար։ Այդպիսի մարդկանց կարիքների մասին հոգ տանելու համար առաջին հերթին պատասխանատու են նրանց հարազատները, որոնք ճշմարտության մեջ են, այնուամենայնիվ, երեցներն ու ժողովի այլ անդամները կարող խորաթափանցություն հանդես բերել և սիրալիր կերպով պետք եղած օգնությունն առաջարկել (Գաղ. 6։10; Ա Տիմոթ. 5։4)։
6 Եթե ցանկանում ես կացարան գտնել համաժողովի բնակարանային բաժնի միջոցով, ապա պետք է լրացնես «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը։ Ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է որոշի, թե կարող է արդյոք քարոզիչը լրացնել այդ բլանկը։ Նախքան բլանկը բնակարանային բաժին ուղարկելը հարկավոր է հավաստիանալ, որ երեցների խորհուրդը հաշվի է առել գրասենյակի կողմից ստացված հրահանգները։
7. Ի՞նչ ցուցումների պետք է հետևենք, եթե ցանկանում ենք այցելել մեկ այլ համաժողով։
7 Ուրիշ համաժողով այցելելը։ Եթե քեզ պետք է «Առաջարկվող կացարանների ցուցակը» կամ ցանկացած հավելյալ տեղեկություն ուրիշ համաժողովի մասին, կարող ես նամակ գրել այդ համաժողովի գրասենյակ։ Որպեսզի համաժողովի գրասենյակը կարողանա պատասխանել քո նամակին, անպայման նամակիդ կցիր հետադարձ հասցեով ու նամականիշով ծրար։ Ժողովի քարտուղարը կօգնի քեզ իմանալ այն համաժողովի գրասենյակի հասցեն, որին դու պլանավորում ես այցելել, ինչպես նաև համաժողովի անցկացման ամսաթիվը։ Խնդրում ենք, անձամբ չզանգահարել երկրի գրասենյակ այդ հարցով։
8, 9. ա) Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նախքան համաժողովը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք մեզ համար կատարված աշխատանքը (կարդա՛ Եբրայեցիս 13։17–ը)։
8 Հետևիր ցուցումներին։ Երբ գալիս ենք համաժողովի անցկացման վայր, նկատում ենք, թե որքան շատ աշխատանք է կատարվել, որպեսզի այն տեղի ունենա։ Այն եղբայրները, որոնք ծառայում են որպես սպասարկուներ, ջերմորեն ողջունում են մեզ, տալիս են համաժողովի ծրագրի թերթիկները և օգնում են նստելու տեղեր գտնել։ Տեսնում ենք, որ եղբայրներն ու քույրերը մաքրել են համաժողովի սրահը և գեղեցիկ կերպով պատրաստել բեմը։ Շատ կարևոր գործ է կատարվում նաև բեմի հետևում համաժողովի ելույթները ներկայացնելու, հեռու վայրերից եկող պատվիրակներին կացարանով ապահովելու ու բազմաթիվ մանր գործեր անելու համար։
9 Յուրաքանչյուր համաժողով անցկացնելու համար բազմաթիվ անհատներ ամիսներ շարունակ աշխատել են, որպեսզի անհրաժեշտ պատրաստություններ տեսնեն։ Նրանց ընտանիքները նույնպես զոհողությունների են գնացել՝ համաձայնվելով, որ նրանք իրենց ժամանակը տրամադրեն այդ կարևոր գործերը կատարելու համար։ Մի՞թե չենք գնահատում այն զոհողությունները, որ նրանք արել են հօգուտ մեզ։ Մեր երախտագիտությունը կարող ենք արտահայտել նրանով, որ հետևենք այս հոդվածում տրված ցուցումներին, ինչպես նաև համաժողովից առաջ ստացած ցանկացած այլ հրահանգի (Եբր. 13։17)։ Շնորհիվ այն բանի, որ յուրաքանչյուրը պատրաստակամորեն համագործակցության ոգի է դրսևորում, հնարավոր է դառնում, որ «ամեն բան.... պարկեշտութեամբ եւ կարգով լինի» (Ա Կորնթ. 14։40)։
10. ա) Ինչո՞ւ է մեր ժամանակներում այդքան կարևոր, որ Եհովայի ժողովուրդը հավաքվի։ բ) Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրն արդեն այսօր։
10 Հաշվի առնելով այն, ‘որ օրը մոտենում է’՝ Աստծու ժողովուրդը հասկանում է, որ այսօր միասին հավաքվելը ավելի կարևոր է, քան երբևէ (Եբր. 10։25)։ Մեր քրիստոնեական համաժողովների ժամանակ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով ուսուցում ենք ստանում, որն օգնում է մեզ ‘պահել և կատարել բոլոր խոսքերը’, ինչը և Եհովան ակնկալում է մեզանից (Բ Օրին. 31։12)։ Այսօրվանից իսկ սկսիր պլանավորել, որ ներկա լինես «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող մարզային համաժողովի բոլոր երեք օրերին և այդպիսով օգուտներ քաղես ամբողջ հոգևոր կրթությունից ու հաճելի ընկերակցությունից։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ծրագրի ժամերը
Ուրբաթ և շաբաթ
9։20–17։05
Կիրակի
9։20–16։10