Անվախորեն խոսենք Աստծու խոսքը
1 Երբեմն վարանո՞ւմ ես քո հավատի մասին խոսել, երբ դա անելու հնարավորություն ես ունենում դպրոցում կամ աշխատավայրում։ Արդյոք քեզ համար դժվա՞ր է ոչ պաշտոնական վկայություն տալ բարեկամներիդ և հարևաններիդ կամ գուցե անծանոթ մարդկանց։ Ի՞նչը կօգնի մեզ օգտագործել ցանկացած հարմար առիթ «Աստծու խոսքը անվախորեն խոսելու» համար (Փիլիպ. 1:14)։
2 Մի վարանիր։ Եթե մտերիմ ընկերոջդ կամ բարեկամիդ հասցեին կեղծ մեղադրանքներ լսեիր, արդյոք կվարանեի՞ր պաշտպանելու նրան։ Եհովային՝ մեր ամենամտերիմ ընկերոջը, դարեր շարունակ սխալ ձևով են ներկայացրել։ Մենք եզակի առանձնաշնորհում ունենք մեր մեծ Աստծու մասին վկայություն տալու (Ես. 43:10–12)։ Եհովայի հանդեպ խոր սեր ունենալով՝ մենք անհարմար չենք զգա, որ տարբերվում ենք մեծամասնությունից ու կկարողանանք հաղթահարել այդ զգացումը, ինչպես նաև վախը։ Այդ սերը կմղի մեզ խոսելու, այնպես որ չենք վարանի համարձակորեն վկայություն տալ ճշմարտության մասին (Գործեր 4:26, 29, 31)։
3 Հիշիր, որ մեր հաղորդած լուրը բարի լուր է։ Այն մնայուն օգուտներ կբերի նրանց, ովքեր կլսեն այն։ Եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք քարոզչական գործի վրա և ոչ թե մեզ կամ մեր հակառակորդների, ապա կկարողանանք համարձակորեն քարոզել։
4 Ուրիշների օրինակը։ Մենք կարող ենք զորություն ստանալ այն հավատարիմ անհատների օրինակից, որոնք անվախորեն քարոզել են Աստծու խոսքը։ Օրինակ՝ Ենովքը համարձակորեն հռչակեց Եհովայի դատաստանը անաստված մեղավորների դեմ (Հուդա 14, 15)։ Իսկ Նոյը հավատարմորեն քարոզեց իր ժամանակակիցներին, որոնք անտարբեր մարդիկ էին (Մատթ. 24:37–39)։ Առաջին դարի քրիստոնյաները, որ «անուսում և հասարակ մարդիկ» էին, շարունակում էին քարոզել՝ չնայած դաժան հակառակությանը (Գործեր 4:13, 18–20)։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում հաճախ տպագրվում են այն անհատների կենսագրությունները, ովքեր Եհովայի հանդեպ հավատ դրսևորելով՝ հաղթահարել են մարդավախությունը և դարձել ժրաջան քարոզիչներ։
5 Մենք կարող ենք համարձակություն ձեռք բերել՝ քննելով վաղեմի հավատարիմ ծառաների կյանքը, որոնք դժվար իրավիճակներ են դիմագրավել (Գ Թագ. 19:2, 3; Մարկ. 14:66–71)։ Նրանք համարձակությամբ են լցվել մեր Աստծու շնորհիվ և անվախորեն քարոզել են։ Ուստի մե՛նք էլ կարող ենք նույնը անել (1 Թեսաղ. 2:2)։