Սովորեցրու նրանց, ովքեր դժվարությամբ են ընթերցում
1. Ի՞նչ խնդրի առաջ ենք կանգնում ծառայության ժամանակ։
1 Ծառայության ժամանակ հաճախ կանգնում ենք մի խնդրի առաջ։ Ճշմարտությունը պետք է սովորեցնենք մի մարդու, ով դժվարությամբ է կարդում։ Ի՞նչ կարող ենք անել նման դեպքում։
2. Ինչո՞ւ պետք է հարգանք դրսևորենք սահմանափակ կարողություններ ունեցող անհատի հանդեպ և ինչպե՞ս կարող ենք դա անել։
2 Հարգիր նրա արժանապատվությունը։ Եհովան կարևորում է ոչ թե անհատի ստացած կրթությունը, այլ նրա սրտի վիճակը (Ա Թագ. 16։7; Առակ. 21։2)։ Այդ պատճառով մենք չպետք է մեզ բարձր դասենք նրանից, ով սահմանափակ կարողություններ ունի։ Եթե համբերատար լինենք և հարգանքով վերաբերվենք այդ մարդուն, ապա հավանականությունը մեծ է, որ նա կընդունի ճշմարտությունը (1 Պետ. 3։15)։ Լավ կլինի չստիպել անհատին կարդալ տեքստը կամ պարբերությունը։ Պարզապես սովորեցրու նրան Աստվածաշնչի ճշմարտությունները։ Աստիճանաբար նրա մեջ վարժ կարդալու ցանկություն կառաջանա։ Այդ ժամանակ նա մեծ ուրախություն կստանա Աստծու Խոսքը գիշեր–ցերեկ կիսաձայն կարդալուց (Սաղ. 1։2, 3)։
3. Ինչպիսի՞ մեթոդներով կարելի է ուսուցանել։
3 Աստվածաշունչը ուսուցանելու մեթոդներ։ Երբ ուսումնասիրություն ենք անցկացնում այսպիսի անձնավորության հետ, նկարների օգնությամբ կարող ենք օգնել նրան մտապահելու իր սովորածը։ Հարցրու, թե ինչ է տեսնում նկարի մեջ։ Այնուհետև այնպիսի հարցեր ուղղիր նրան, որոնք կօգնեն հասկանալու, թե ինչ է սովորեցնում նկարը։ Կարդա այն սուրբգրային համարները, որոնք համապատասխանում են նկարին։ Ամփոփիր դասը նկարների օգնությամբ։ Անցիր քիչ քանակությամբ նյութ։ Շեշտիր տվյալ դասի թեման և գլխավոր մտքերը։ Մի՛ քննարկիր այնպիսի մտքեր, որոնք ընդգրկված չեն այդ դասի մեջ։ Սուրբգրային համարները կարդա անմիջապես Աստվածաշնչից և հարցեր տուր ուսումնասիրողին, որպեսզի համոզվես, որ նա հասկացել է կարդացածը։ Եթե այս մեթոդներով ուսուցանես, թերևս նրա մեջ կարդալու ցանկություն կառաջանա, իսկ հետագայում նա ինքնուրույն կուսումնասիրի Աստվածաշնչի ճշմարտությունները։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին սովորել վարժ ընթերցել։
4 Միջոցներ, որոնք նպաստում են վարժ ընթերցելուն։ Պետք է հիշել, որ նրանք, ովքեր սահմանափակ կարողություններ ունեն և վարժ չեն ընթերցում, սովորաբար շատ լավ են հասկանում տեղեկությունը և հեշտությամբ են մտապահում։ Դու կարող ես քաջալերել նրանց օգտագործել մեր հրատարակությունների ձայնագրությունները։ Առաջարկիր նրան ուշադրությամբ լսել և միևնույն ժամանակ տպագրված օրինակով հետևել ընթերցանությանը, ինչպես նաև կիսաձայն կրկնել բառերը։ Այդպես նա կսովորի ավելի լավ ընթերցել։ Թերևս երեցները ընթերցանության դասեր կազմակերպեն ժողովում։ Եթե կիրառենք այս գործնական առաջարկները, կկարողանանք օգնել սահմանափակ ընդունակություններ ունեցող անհատին հասկանալու «սուրբ գրությունները» և փրկության հույս ունենալ (2 Տիմոթ. 3։15)։