Քարոզիր հրատապության ոգով
1. Պողոսի ո՞ր հորդորն է կարևոր մեր օրերում։
1 «Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով» (2 Տիմոթ. 4։2)։ Տեսնենք, թե Պողոսի այս հորդորն ինչու է շատ կարևոր մեր օրերում, և թե նրա այս խոսքերն ինչպես կարող են մեծապես առնչվել մեր և ուրիշների կյանքին։
2. Ինչո՞ւ ենք եռանդորեն փնտրում այն մարդկանց, ովքեր դեռ չեն լսել բարի լուրը։
2 Կյանքեր են վտանգված։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դեռևս չեն լսել բարի լուրը, լուր, որը կարող է փրկել նրանց կյանքը (Հռոմ. 10։13–15; 1 Տիմոթ. 4։16)։ Ազնվասիրտ մարդկանց կարող ենք հանդիպել հենց այն տարածքներում, որոնք հաճախակի են մշակվում։ Ինչպե՞ս։ Եթե տարբեր օրերի կամ օրվա տարբեր ժամերի գնանք տնետուն, ապա թերևս տարբեր մարդկանց հանդիպենք։ Այսպիսի եռանդուն որոնումը թույլ կտա մեզ ասելու, որ մեր խիղճը մաքուր է, և մենք արյունապարտ չենք (Գործ. 20։26)։
3. Երբ ծառայում ենք, ինչպե՞ս կարող ենք իմաստուն կերպով օգտագործել ժամանակը։
3 Չնայած դաժան հալածանքին՝ առաջին դարի քրիստոնյաները «Երուսաղեմը լցրեցին իրենց ուսմունքով» (Գործ. 5։28)։ Իսկ մենք նրանց պես վճռակա՞ն ենք «հիմնովին վկայություն տալու» (Գործ. 10։42)։ Երբ ծառայում ենք, իմաստո՞ւն կերպով ենք ժամանակն օգտագործում։ Օրինակ՝ եթե խմբակային ծառայություն է, և մենք սպասում ենք մյուսներին, մինչ նրանք վերայցելություն են անում, արդյոք փորձո՞ւմ ենք այդ ընթացքում խոսել անցորդների հետ։
4. Հրատապության ոգով քարոզելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ մնալու արթուն։
4 Օգնում է զգոն լինել։ Իրերի այս համակարգը մոտենում է իր ավարտին, ուստի պետք է զգոն լինենք, միշտ արթուն մնանք (1 Թեսաղ. 5։1–6)։ Եթե կանոնավորաբար խոսենք Թագավորության հույսի մասին, այդպիսով թույլ չենք տա, որ այս համակարգը ծանրաբեռնի մեզ (Ղուկ. 21։34–36)։ Իսկ եթե Եհովայի օրը մեր մտքում վառ պահենք, մեր սիրտը կմղի մեզ ավելացնելու մասնակցությունը փրկարար քարոզչական գործին (2 Պետ. 3։11, 12)։
5. Հարգանքը կյանքի հանդեպ ինչպե՞ս կարող է մղիչ ուժ լինել մեզ համար։
5 Քարոզելով հրատապության ոգով՝ մենք արտացոլում ենք կյանքի վերաբերյալ Եհովայի տեսակետը. «[Նա] չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջման գան» (2 Պետ. 3։9; Եզեկ. 33։11)։ Թող որ վճռենք մեր տարածքում հնարավորին չափ շատ մարդկանց հետ զրուցել, և այս ամենը՝ ի փառս Եհովայի (Սաղ. 109։30)։