«Թող ձեր լույսը շողա»
1. Ի՞նչ առանձնաշնորհում ունենք մենք։
1 Արևածագից մինչև արևամուտ զարմանահրաշ լույսը՝ իր բազմերանգ ցոլքերով, փառք է բերում Եհովա Աստծուն։ Սակայն այն լույսը, որ Հիսուսն առաջարկում էր իր աշակերտներին, «կյանքի լույս» էր (Հովհ. 8։12)։ Այս հոգևոր լույսն ունենալը յուրահատուկ առանձնաշնորհում է, որը լուրջ պատասխանատվություն է իր հետ բերում։ Հիսուսը պատվիրեց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև»՝ այդպիսով օգուտ բերելով ուրիշներին (Մատթ. 5։16)։ Այսօր, երբ աշխարհը հոգևոր խավարի մեջ է, մենք պետք է բաժին հանենք այդ «լույսից» ուրիշներին, քանի որ նրանք դրա կարիքը ավելի քան երբևէ ունեն։ Սակայն ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի նման շողացնել մեր լույսը։
2. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց հոգևոր լույսը տարածելու կարևորությունը։
2 Քարոզելով։ Հիսուսը չխնայեց իր ժամանակը, ուժը և միջոցները, որպեսզի ճշմարտության լույսը փոխանցի մարդկանց, ուր էլ որ լինեն՝ տներում, հրապարակներում թե լեռան վրա։ Նա գիտակցում էր, թե ինչ հարատև օգուտներ կարող է բերել մարդկանց ճշմարտության հոգևոր լույսը (Հովհ. 12։46)։ Ուստի այն շատերին հասցնելու համար պատրաստեց իր աշակերտներին, որ «աշխարհի լույսը» լինեն (Մատթ. 5։14)։ Նրանք իրենց լույսը շողացնում էին՝ մերձավորների համար բարի գործեր անելով և հոգևոր ճշմարտություններ տարածելով։
3. Ինչպե՞ս կարող ենք անկեղծ գնահատանք ցույց տալ ճշմարտության լույսի հանդեպ։
3 Աստծու ժողովուրդը լրջորեն է վերաբերվում այն պատասխանատվությանը, որ պետք է «շարունակի քայլել լույսի զավակների պես», այդ պատճառով էլ քարոզում է ամենուր (Եփես. 5։8)։ Մարդաշատ վայրերում, օրինակ՝ աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ, դպրոցում դասամիջոցին, պարզապես Աստվածաշունչ կամ էլ դրա վրա հիմնված գրականություն ընթերցելը կարող է աստվածաշնչյան թեմաներով զրույցների դուռ բացել։ Այսպես մի պատանի քույր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց և իր դասարանցիներին 12 գիրք բաժանեց։
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր լույսը շողացնելու համար պետք է օրինակելի վարք դրսևորենք։
4 Լավ գործերով։ Մեր լույսը կարող ենք շողացնել նաև մեր վարքով (Եփես. 5։9)։ Աշխատավայրում, դպրոցում և այլ մարդաշատ վայրերում քրիստոնեավայել վարքը չի վրիպում ուրիշների աչքից և առիթներ է ստեղծում աստվածաշնչյան ճշմարտությունները տարածելու համար (1 Պետ. 2։12)։ Օրինակ՝ հնգամյա մի տղայի վարքը մղեց իր ուսուցչուհուն կանչելու նրա ծնողներին։ Նա ասաց. «Ես երբեք չեմ տեսել, որ երեխան այսքան հստակ տարբերի ճիշտն ու սխալը»։ Այո՛, մեր ծառայությունը և մեր լավ վարքը ձգում են մարդկանց դեպի «կյանքի լույսը» և փառք են բերում մեր Աստծուն։