Հարցերի Արկղ
◼ Ո՞վ պետք է լրացնի կտրոնը կամ ինտերնետային հայտը։
Մեր հրատարակություններում կան կտրոններ, որոնք կարելի է լրացնել և ուղարկել մասնաճյուղ՝ գրականություն պատվիրելու համար կամ էլ խնդրելու, որ Եհովայի վկաները այցելեն հետաքրքրություն ցույց տված անհատին։ Բացի այդ, եթե անհատը ցանկանում է, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեն, կարող է օգտվել մեր վեբ կայքից՝ www.watchtower.org։ Այս միջոցները օգնում են շատերին իմանալու ճշմարտությունը։ Սակայն խնդիրներ են ծագել, երբ քարոզիչները օգտվել են այս միջոցներից, որպեսզի իրենց հարազատների և ուրիշների համար գրականություն պատվիրեն կամ ինչ-որ մեկը նրանց այցելի։
Որոշ մարդիկ, ովքեր մասնաճյուղից գրականություն են ստացել, որը, սակայն, չէին պատվիրել, բողոքել են՝ նշելով, որ մեր կազմակերպությունը անհանգստացնում է իրենց և առանց թույլտվության՝ ընդգրկել է մշտական բաժանորդների ցուցակում։ Իսկ քարոզիչները, որոնց խնդրել էին այցելել այն անհատներին, ովքեր այցի համար անձամբ հայտ չէին ներկայացրել, անհարմար իրավիճակում են հայտնվել, երբ վերջիններս արտահայտել են իրենց վրդովմունքը։ Այդ պատճառով ոչ թե քարոզիչները, այլ անձամբ հետաքրքրվող անհատները պետք է լրացնեն մեր վեբ կայքի հայտը կամ կտրոնը, եթե ուզում են գրականություն պատվիրել կամ որ ինչ-որ մեկը այցելի իրենց։ Եթե մասնաճյուղը հասկանա, որ հայտը քարոզիչն է լրացրել և ուղարկել, ապա այն հաշվի չի առնվի։
Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք օգնել մեր հարազատին կամ ծանոթին հոգևոր կրթություն ստանալու։ Եթե ուզում ենք, որ նա գրականություն ստանա, կարող ենք մեր անունից որևէ հրատարակություն ուղարկել որպես նվեր։ Եթե նա ցանկանա, որ իրեն այցելեն Վկաները, և չգիտենք, թե ինչպես կապ հաստատել տեղի ժողովի երեցների հետ, պետք է լրացնենք «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և փոխանցենք այն ժողովի քարտուղարին, որն էլ իր հերթին կվերանայի բլանկը և կուղարկի մասնաճյուղ։ Իսկ եթե հետաքրքրվող անհատը գտնվում է բանտում, ռեաբիլիտացիոն կենտրոնում կամ հատուկ հիվանդանոցում, պետք չէ նրա փոխարեն կապ հաստատել մասնաճյուղի հետ։ Ընդհակառակը՝ պետք է հորդորել, որ նա անձամբ խոսի այդ վայր այցելող եղբայրների հետ կամ էլ նամակ գրի մասնաճյուղ։