Հարցերի արկղ
◼ Պե՞տք է արդյոք քարոզիչները ինտերնետի միջոցով վկայություն տան ուրիշ երկրում ապրող անծանոթ մարդկանց կամ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնեն նրանց հետ։
Որոշ քարոզիչներ ինտերնետի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություններ են հաստատել այն երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է կամ քիչ քարոզիչներ կան։ Որոշ դեպքերում նրանք լավ արդյունքների են հասել։ Սակայն վտանգավոր է, երբ քարոզիչները անծանոթների հետ քննարկումներ են անում զրուցարաններում կամ էլեկտրոնային հասցեներ են փոխանակում իրար (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2007թ. հուլիսի համարը, էջ 3)։ Թեև նպատակը Թագավորության լուրը ազնվասիրտ մարդկանց հասցնելն է, սակայն նման քննարկումները կարող են եղբորը կամ քրոջը վատ ընկերակցության մեջ ներքաշել, այդ թվում հավատուրացների (1 Կորնթ. 1։19–25; Կող. 2։8)։ Բացի այդ, այն երկրներում, որտեղ Թագավորության գործը սահմանափակված է կամ արգելված, կառավարությունը կարող է ստուգել նամակագրությունները։ Նման շփման պատճառով տեղի եղբայրներն ու քույրերը հնարավոր է՝ վտանգավոր իրավիճակում հայտնվեն։ Հետևաբար, քարոզիչները չպետք է ինտերնետի միջոցով փնտրեն այլ երկրներում ապրող մարդկանց՝ նրանց բարի լուրը քարոզելու համար։
Եթե տեղի մասնաճյուղից որևէ առաջնորդություն չենք ստացել, ապա մեր երկիր այցելած անծանոթ անհատի ոչ պաշտոնական վկայություն տալուց հետո չպետք է կապ պահել նրա հետ, երբ նա վերադառնա իր երկիր։ Փոխարենը՝ կարող ենք ցույց տալ նրան, թե ինչպես օգտվի jw.org վեբ կայքից՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ ինչպես կապ հաստատի տեղի մասնաճյուղի հետ։ Կարող ենք նաև հորդորել նրան այցելել իր տարածքին մոտ գտնվող Թագավորության սրահ (որոշ երկրներում Թագավորության սրահներ չկան)։ Եթե նա ցանկանում է, որ իր տարածքում ապրող Վկաներից մեկը այցելի իրեն, կարող ենք լրացնել «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և այն քարտուղարին տալ, նա էլ իր հերթին այդ տեղեկությունը մեր կայքի միջոցով կուղարկի մասնաճյուղ։ Մասնաճյուղը, որը վերահսկում է այն երկրի գործունեությունը, որտեղ ապրում է հետաքրքրություն ցույց տված անհատը, գիտի, թե ինչպիսին են տեղի հանգամանքները, ուստի կարող է լավագույն հոգևոր օգնությունը ցույց տալ այդ անհատին (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2014թ. հունիսի համարը, էջ 7 և 2011թ. նոյեմբերի համարը, էջ 2)։
Եթե անհատը, ում այժմ այցելում ենք, տեղափոխվում է մեկ այլ երկիր կամ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում այլ երկրում ապրող որևէ մեկի հետ, ում հետ ծանոթացել ենք ինտերնետի միջոցով, ապա պետք է հետևենք վերը նշված առաջնորդությանը։ Սակայն նախքան այդ անհատը կապ կհաստատի տեղի քարոզիչների հետ, մենք կարող ենք շարունակել զարգացնել նրա հետաքրքրությունը։ Այդուհանդերձ, եթե նա ապրում է այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է կամ արգելված, շատ զգույշ պետք է լինենք, երբ աստվածաշնչյան թեմաներով քննարկումներ ենք անում նամակների, հեռախոսի կամ այլ էլեկտրոնային սարքավորումների միջոցով (Մատթ. 10։16)։