Դու կարող ես ավելի լավ ուսուցանել
1. Ինչո՞ւ պետք է ձգտենք հմտանալ ուսուցանելու գործում։
1 Բոլոր քարոզիչները ուսուցիչներ են։ Անկախ այն բանից, առաջին անգամ ենք այցելում մարդուն, վերայցելում ենք, թե Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում, մենք գիտելիք ենք փոխանցում։ Իսկ այն, ինչ սովորեցնում ենք, յուրահատուկ է։ Մենք լույս ենք սփռում «սուրբ գրքերի» վրա, ինչը կարող է մարդկանց «իմաստուն դարձնել փրկության համար» (2 Տիմոթ. 3։15)։ Սա մեծ առանձնաշնորհում է, ուստի կարևոր է կիրառել ստորև բերվող երեք խորհուրդները, որպեսզի դառնանք հմուտ ուսուցիչ։
2. Ինչպե՞ս կարող ենք սովորեցնել պարզ խոսքերով։
2 Խոսիր պարզ։ Քանի որ մենք լավ գիտենք ուսումնասիրության նյութը, գուցե մոռանանք, որ այն կարող է շատ բարդ լինել ուրիշների համար։ Ուստի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս ասելիքդ մի բարդացրու անտեղի մանրամասնություններով։ Փոխարենը՝ ընդգծիր գլխավոր մտքերը։ Շատ խոսել դեռ չի նշանակում ավելի լավ ուսուցանել (Առակ. 10։19)։ Հիմնականում անհրաժեշտ է կարդալ միայն գլխավոր համարները։ Համարը կարդալուց հետո կենտրոնացիր այն բառերի վրա, որոնք առնչվում են թեմային։ Հիսուսը Լեռան քարոզում (Մատթեոս 5–7-րդ գլուխներ) խորիմաստ ճշմարտություններ սովորեցրեց մարդկանց, բայց դա արեց առանց բարդացնելու և առանց ավելորդ խոսքեր ասելու։
3. Ինչո՞վ են արժեքավոր օրինակները, և հաճախ ո՞ր օրինակներն են լավագույնը։
3 Պատկերավոր խոսք և օրինակներ։ Սրանք խթանում են միտքը, հույզեր են արթնացնում և նպաստում են սովորածը մտապահելուն։ Մի մտածիր, որ լավ օրինակներ բերելու համար պետք է լավ պատմող լինել։ Հիսուսն հաճախ էր պատմում կարճ և հասարակ օրինակներ (Մատթ. 7։3–5; 18։2–4)։ Թղթի վրա պատկերված պարզ նկարները նույնպես կարող են շատ արդյունավետ լինել։ Եթե նախօրոք մի քիչ խորհրդածես, կկարողանաս բերել այնպիսի օրինակներ, որոնք կհասնեն ուսումնասիրողի սրտին։
4. Ինչպե՞ս կարող ենք հարցերը արդյունավետ կերպով գործածել։
4 Հարցեր։ Երբ մարդուն հարց են տալիս, նա պետք է մտածի, որ կարողանա ճիշտ պատասխանել։ Հետևաբար, երբ հարց ես տալիս ուսումնասիրողին, եղիր համբերատար ու սպասիր նրա պատասխանին։ Եթե ինքդ անմիջապես ասես հարցի պատասխանը, ապա չես իմանա, թե իրականում ինչ է հասկացել ուսումնասիրողը։ Իսկ եթե նա սխալ է պատասխանում, լրացուցիչ հարցերի միջոցով օգնիր գալու ճիշտ եզրահանգման և ոչ թե պարզապես նրան ուղղիր (Մատթ. 17։24–27)։ Ինչ խոսք, մեզնից ոչ ոք կատարյալ ուսուցիչ չէ։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը հորդորում է շարունակ ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես ենք ուսուցանում։ Սա անելով՝ հավիտենական օրհնություններ կբերենք ինչպես մեզ, այնպես էլ մեզ լսողներին (1 Տիմոթ. 4։16)։