Ընդօրինակիր մարգարեներին. Միքիա
1. Միքիան հավանաբար ի՞նչ հարցի շուրջ էր մտածում, սակայն ինչո՞ւ նրա կատարած աշխատանքը զուր չէր։
1 «Ե՞րբ է, ի վերջո, գալու այս ամբարշտության վերջը»։ Միքիա մարգարեն, հավանաբար, մտածում էր այսպիսի հարցի շուրջ, երբ Եհովայի դատաստանական լուրն էր հայտնում Իսրայելի և Հուդայի թագավորությունների դեմ։ Սակայն նրա կատարած աշխատանքը զուր չէր։ Միքիայի ժամանակներում՝ մ.թ.ա. 740թ.-ին, Եհովայի խոսքի համաձայն, Սամարիան կործանվեց (Միք. 1։6, 7)։ Ավելի ուշ՝ մ.թ.ա. 607թ.-ին, կործանվեց Երուսաղեմը (Միք. 3։12)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Միքիային, մինչ սպասում ենք Եհովայի դատավճիռների իրականացմանը։
2. Ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է համբերություն դրսևորենք, մինչ սպասում ենք Եհովայի օրվան։
2 Համբերատար եղիր։ Միքիան գրեց. «Ես արթնությամբ կսպասեմ Եհովային։ Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն» (Միք. 7։7)։ Անշուշտ, մարգարեն ձեռքերը ծալած չէր սպասում վերջին։ Լինելով Եհովայի մարգարե՝ նա զբաղված էր իր ծառայությամբ։ Մինչ սպասում ենք Եհովայի օրվան, մենք նույնպես պետք է «սուրբ վարքին բնորոշ արարքներ և աստվածանվեր գործեր» անենք (2 Պետ. 3։11, 12)։ Եհովայի համբերությունը մարդկանց հնարավորություն է տալիս զղջալու (2 Պետ. 3։9)։ Ուստի մենք, հետևելով աստվածաշնչյան խորհրդին, համբերելու հարցում ընդօրինակում ենք մարգարեներին (Հակ. 5։10)։
3. Ինչո՞ւ պետք է Եհովային խնդրես, որ իր սուրբ ոգին տա քեզ։
3 Ապավինիր Եհովայի զորությանը։ Միքիան դժվար հանձնարարություն ուներ, ուստի այն կատարելու համար ապավինում էր Եհովայի զորությանը (Միք. 3։8)։ Պատահական չէ, որ Եհովայի Խոսքը մեզ հորդորում է ուժ ստանալու համար աղոթել։ Աստված առատաձեռնորեն զորություն է տալիս իր այն ծառաներին, ովքեր հոգնած են, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց աստվածապետական պարտականությունները (Սաղ. 84։5, 7; Ես. 40։28–31)։ Դու անձամբ զգացե՞լ ես դա քո կյանքում։ Իսկ կանոնավորաբար խնդրո՞ւմ ես Եհովային, որ իր սուրբ ոգին օգնի քեզ (Ղուկ. 11։13)։
4. Միքիայի ապրելակերպը ի՞նչ հիանալի օրինակ է մեզ համար այսօր։
4 Միքիան Աստծու կամքը կատարելը իր ամբողջ կյանքում առաջին տեղում դրեց։ Ապրելով բարոյապես ապականված հասարակության մեջ՝ նա վճռել էր հավատարիմ մնալ Եհովային։ Միքիայի նման՝ մեր անարատությունը ամեն օր փորձվում է։ Թող որ ամրացնենք մեր վճռականությունը «մեր Աստված Եհովայի անունով [քայլելու] դարեդար, հավիտյան» (Միք. 4։5)։