Խոսքով զորացրու համագործակցիդ
1. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոս առաքյալին, երբ ծառայում ենք մեր հավատակիցների հետ։
1 Հավատակիցների հետ անցկացրած ժամանակը Պողոս առաքյալը համարում էր «փոխադարձ քաջալերության» հնարավորություն (Հռոմ. 1։12)։ Երբ ծառայում ես հավատակցիդ հետ, արդյոք այդ ժամանակը օգտագործո՞ւմ ես նրան քաջալերելու և օգնելու համար։ Լուռ համագործակից լինելու փոխարեն՝ կարող ես նրան պատմել, թե ինչն է քեզ օգնել դառնալու արդյունավետ քարոզիչ։
2. Ինչպե՞ս կարող ենք օգնել հավատակցին լինելու վստահ, և ինչո՞ւ է դա կարևոր։
2 Օգնիր լինելու վստահ։ Որոշ քարոզիչներ վստահության պակաս ունեն, ինչը կարող է երևալ նրանց դեմքի արտահայտությունից և ձայնի տոնից։ Մենք կարող ենք օգնել նրանց լինելու վստահ՝ գովեստի անկեղծ խոսքեր ասելով։ Ուրիշ ինչպե՞ս կարող ենք օգնել այս հարցում։ Մի շրջագայող վերակացու վստահության պակաս ունեցող քարոզիչների հետ ծառայելիս նրանց անկեղծորեն պատմում է իր ունեցած անհանգստությունների մասին և ասում, որ հաճախ աղոթում է այդ զգացումները հաղթահարելու համար։ Մեկ ուրիշ եղբայր պատմում է. «Ամեն ինչ սկսվում է ժպիտից։ Երբեմն պետք է աղոթեմ Եհովային, որպեսզի կարողանամ ժպտալ»։ Իսկ ի՞նչն է քեզ օգնել ավելի վստահ դառնալու ծառայության մեջ։ Պատմիր այդ մասին քո ծառայակցին։
3. Ինչի՞ մասին կարող ենք մեր ծառայակցին պատմել, ինչը կօգնի նրան ծառայության մեջ ավելի արդյունավետ լինելու։
3 Խոսիր քո օգտագործած մեթոդների մասին։ Ծառայակցիդ պատմիր, թե ինչպես է պարզ հարց կամ մատուցում օգտագործելը կամ ձեր տարածքում տեղի ունեցած իրադարձության մասին խոսելը քեզ օգնում զրույց սկսելու։ Կամ պատմիր, թե ինչպես է մատուցումը քո խոսքերով ներկայացնելը լավ արդյունքներ բերել (Առակ. 27։17)։ Վերայցելության գնալիս ճանապարհին ծառայակցիդ կարող ես պատմել, թե որն է այցելության նպատակը, և թե ինչպես ես հասնելու դրան։ Իսկ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուց հետո կարող ես ասել, թե հաշվի առնելով ուսումնասիրողի կարիքները՝ ինչու ասացիր այս կամ այն միտքը, ինչու կարդացիր տվյալ սուրբգրային համարը կամ թե ինչու էիր տվյալ մեթոդով սովորեցնում։
4. Ինչո՞ւ պետք է օգնենք մեր հավատակիցներին։
4 Առաջին դարի քրիստոնյաները չէին կենտրոնանում միայն մարդկանց քարոզելու վրա։ Նրանք հասկանում էին, որ նաև կարևոր է քաջալերել ու զորացնել հավատակիցներին (Գործ. 11։23; 15։32)։ Պողոս առաքյալը, որը Տիմոթեոսին մարզել էր ծառայության մեջ, նրան հորդորեց, որ ուրիշներին փոխանցի այն, ինչ սովորել էր (2 Տիմոթ. 2։2)։ Ծառայության մեջ մեր հավատակիցներին բարիք անելով՝ նրանց օգնում ենք լինելու ուրախ և արդյունավետ քարոզիչներ, ինչպես նաև ուրախացնում ենք մեր երկնային Հորը (Եբր. 13։15, 16)։