Սովորենք փորձառու քարոզիչներից
Մենք շատ թանկ ենք գնահատում փորձառու քարոզիչներին։ Նրանցից ոմանք երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային, մյուսները վերջերս են հմտացել ծառայության մեջ։ Այս քարոզիչները ականատեսներն են այն բանի, թե վերջին օրերում ինչպես է Հիսուսը առաջնորդում քրիստոնեական ժողովը՝ ընդլայնելով քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթ. 28։19, 20)։ Այս ծառայությունը կատարելու, ինչպես նաև իրենց խնդիրներն ու փորձությունները հաղթահարելու համար նրանք ստանում են «սովորականին գերազանցող ուժը» (2 Կորնթ. 4։7)։ Ինչ խոսք, մենք շատ բան կարող ենք սովորել այս փորձառու քարոզիչներից։ Նրանք հաճույքով են սովորեցնում ուրիշներին այն ամենը, ինչ իրենք են սովորել (Սաղ. 71։18)։ Ուստի ձգտիր սովորել նրանցից։ Ինչպե՞ս։
Ծառայության ժամանակ։ Ծառայության մեջ արդյունավետ դառնալու համար նոր կամ ոչ հմուտ քարոզիչները պետք է շատ բաներ սովորեն։ Հետևաբար, լավ կլինի համագործակցել հասուն քրիստոնյաների հետ ու տեսնել, թե ինչպես են նրանք կատարում իրենց ծառայությունը (տե՛ս «Դիտարանի» 2015թ. փետրվարի 15-ի համարը՝ «Պահպանիր եռանդդ ծառայության մեջ» հոդվածի՝ «Օգնիր նոր քարոզիչներին» ենթավերնագրի 3-րդ պարբերությունը)։ Ի՞նչ օգուտներ ես ստացել՝ համագործակցելով փորձառու քարոզիչների հետ։
Կարող ես որևէ հմուտ քարոզչի հրավիրել ծառայության։ Եթե վերջինիս հնարավորությունները հիվանդության կամ տարիքի պատճառով սահմանափակ են դարձել, կարող ես ժամանակ առ ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություններից մեկը անցկացնել նրա տանը։ Ուսումնասիրությունից հետո խնդրիր նրան որևէ խորհուրդ տալ քեզ։
Նրանց հետ ժամանակ անցկացրու։ Դու կարող ես ավելի լավ ճանաչել փորձառու քարոզիչներին, եթե նրանց հետ ժամանակ անցկացնես։ Հրավիրիր մի փորձառու քարոզչի ձեր ընտանեկան երկրպագությանը և խնդրիր նրան պատմել իր ծառայության մասին։ Իսկ եթե այդ քարոզչի հնարավորությունները հիվանդության կամ տարիքի պատճառով սահմանափակ են, կարող ես ընտանեկան երկրպագությունը անցկացնել նրա տանը։ Հարցրու, թե ինչպես է նա իմացել ճշմարտությունը։ Ի՞նչ օրհնություններ է ունեցել։ Ի՞նչ աճ է տեղի ունեցել ձեր տարածքում, որի ականատեսն է նա եղել։ Ի՞նչն է նրան ուրախություն պատճառել Եհովային ծառայելիս։
Փորձառու քարոզիչներից օգնություն խնդրելու հարցում իրատես եղիր։ Բոլոր քարոզիչների նման՝ փորձառու քարոզիչները ծառայության մեջ տարբեր պարգևներ ունեն (Հռոմ. 12։6–8)։ Սակայն ոմանք տարիքի պատճառով ի վիճակի չեն շատ ժամանակ անցկացնելու մեզ հետ։ Այնուամենայնիվ, մենք շատ բան կարող ենք սովորել այդ քարոզիչներից, քանի որ նրանք Եհովային հավատարմորեն ծառայելու մեծ փորձ ունեն։