ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 52
Օգնիր հավատակիցներիդ դիմանալ նեղությանը
«Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու» (ԱՌԱԿ. 3։27)։
ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Եհովան հաճախ ինչպե՞ս է պատասխանում իր ծառաների աղոթքներին։
ԳԻՏԵԻ՞Ր, որ Եհովան քո միջոցով կարող է պատասխանել ինչ-որ մեկի ջերմեռանդ աղոթքին։ Եվ դա անկախ նրանից՝ երեց ես, ծառայող օգնական, ռահվիրա, թե քարոզիչ։ Նաև կապ չունի՝ երիտասարդ ես, թե տարեց, քույր ես, թե եղբայր։ Երբ Եհովան լսում է, որ իրեն սիրողներից մեկը օգնության է կանչում, երեցներին և իր մյուս հավատարիմ ծառաներին մխիթարության աղբյուր է դարձնում այդ անհատի համար (Կող. 4։11)։ Ի՜նչ մեծ պատիվ է այդպիսով ծառայել Եհովային և մեր եղբայրներին։ Մենք հնարավորություն ենք ունենում օգնելու մեր հավատակիցներին, հատկապես երբ համավարակ է բռնկվում, աղետ է լինում, կամ երբ մեզ հալածում են։
ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ
2. Համավարակի ժամանակ ինչո՞ւ գուցե դժվար լինի օգնել ուրիշներին։
2 Համավարակի ժամանակ գուցե դժվար լինի օգնել միմյանց։ Օրինակ, հնարավոր է, ցանկանում ենք այցելել մեր ընկերներին, բայց հասկանում ենք, որ այդպես վարվելը անվտանգ չէ։ Կամ գուցե ուզում ենք ճաշի հրավիրել կարիքի մեջ գտնվող հավատակցին, սակայն դա նույնպես ապահով չէ։ Բացի այդ՝ մեզ համար թերևս դժվար լինի օգնել ուրիշներին, հատկապես եթե հիվանդ կամ կարիքի մեջ եղող ընտանիքի անդամներ ունենք։ Չնայած այս խոչընդոտներին՝ մենք մեծ ցանկություն ունենք օգնելու մեր հավատակիցներին։ Եվ երբ մեր ձեռքից եկածն անում ենք, որ հոգ տանենք նրանց մասին, Եհովան անչափ ուրախանում է (Առակ. 3։27; 19։17)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել նման հանգամանքներում։
3. Ի՞նչ ենք սովորում Դեսիի ժողովի երեցներից (Երեմիա 23։4)։
3 Ի՞նչ կարող են անել երեցները։ Եթե երեց ես, ձգտիր լավ ճանաչել հավատակիցներիդ (կարդա Երեմիա 23։4)։ Դեսին,b ում մասին խոսեցինք նախորդ հոդվածում, ասում է. «Մեր քարոզչական խմբի երեցները հաճախ էին իմ և մյուսների հետ ծառայում, ինչպես նաև մեզ հետ ընկերական հավաքույթների մասնակցում»։ Դրա շնորհիվ այդ երեցների համար ավելի հեշտ եղավ օգնել Դեսիին, երբ COVID-19-ի պատճառով մահացան նրա ընտանիքի անդամներից մի քանիսը։
4. Ինչի՞ շնորհիվ երեցներին հաջողվեց օգնել Դեսիին, և ի՞նչ ենք սովորում դրանից։
4 Դեսին ասում է. «Քանի որ արդեն մտերիմ էի երեցների հետ, ինձ համար դժվար չէր նրանց պատմել իմ ապրումների ու մտահոգությունների մասին»։ Ի՞նչ կարող են սովորել երեցները։ Սիրելի՛ երեցներ, հովվեք ձեր հոգածության տակ եղող գառներին, նախքան նրանք նեղության մեջ կհայտնվեն։ Նրանց համար ընկեր եղեք։ Եթե համավարակի պատճառով չեք կարողանում ֆիզիկապես այցելել նրանց, հաղորդակցվելու այլ կերպեր փնտրեք։ Դեսին ասում է. «Լինում էին օրեր, երբ ոչ թե մեկ, այլ մի քանի երեց էին զանգահարում ինձ կամ հաղորդագրություններ ուղարկում։ Նրանց նշած սուրբգրային համարները, անգամ այն համարները, որոնց քաջածանոթ էի, մխիթարում էին ինձ»։
5. Երեցներն ինչպե՞ս կարող են իմանալ, թե ինչի կարիք ունեն եղբայրներն ու քույրերը, և ի՞նչ կարող են անել, որ օգնեն նրանց։
5 Մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչի կարիք ունեն մեր եղբայրներն ու քույրերը։ Դա անելու կերպերից մեկը նրանց նրբանկատ հարցեր տալն է (Առակ. 20։5)։ Կարող ենք հետաքրքրվել, թե արդյոք նրանք ունեն բավականաչափ սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ բաներ։ Վտանգ կա՞, որ նրանք կկորցնեն իրենց աշխատանքը կամ չեն կարողանա վճարել բնակարանի վարձակալության գումարը։ Նպաստ ստանալու համար կառավարությանը դիմելու հարցում նրանք օգնության կարիք ունե՞ն։ Հավատակիցները Դեսիին նյութապես օգնեցին, սակայն քրոջ համար հատկապես մեծ օգնություն էր այն, որ երեցները զգացապես և հոգևոր առումով աջակցում էին իրեն։ Նա ասում է. «Երեցներն աղոթում էին ինձ հետ։ Ճիշտ է, չեմ հիշում, թե կոնկրետ ինչ էին ասում, բայց լավ հիշում եմ, թե ես ինչ էի զգում։ Եհովան կարծես ինձ ասում էր՝ «Դու մենակ չես»» (Ես. 41։10, 13)։
Եղբայրը, ով ժողովի հանդիպման ժամանակ քննարկում է անցկացնում, հաճույքով լսում է, թե ինչպես են ներկաները և մի վատառողջ եղբայր, ով տեսակապի միջոցով է մասնակցում հանդիպմանը, մեկնաբանություններ տալիս (տես պարբերություն 6)
6. Ի՞նչ կարող ենք անել հավատակիցներին օգնելու համար (տես նկարը)։
6 Ի՞նչ կարող են անել մյուսները։ Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ եղբայրներին ու քույրերին հոգ տանելու հարցում երեցները առաջնորդություն վերցնեն։ Սակայն պետք է հիշենք, որ Եհովան բոլորիս է հորդորում քաջալերել և օգնել ուրիշներին (Գաղ. 6։10)։ Սիրո անգամ մի փոքր դրսևորումը կարող է հզոր ազդեցություն ունենալ հիվանդ անհատի վրա։ Օրինակ՝ երեխան կարող է բացիկի կամ նկարի միջոցով քաջալերել մի եղբոր։ Պատանին կարող է առօրյա գործեր կամ գնումներ կատարել մի քրոջ համար։ Կարելի է նաև ուտելիք պատրաստել և թողնել վատառողջ հավատակցի դռան մոտ։ Ինչ խոսք, համավարակի ընթացքում ժողովում յուրաքանչյուրն էլ քաջալերանքի կարիք ունի։ Թերևս կարող ենք ժողովի հանդիպումից հետո մի փոքր երկար մնալ և շփվել եղբայրների ու քույրերի հետ՝ լինի դա ֆիզիկապես, թե տեսակապի միջոցով։ Չպետք է մոռանանք, որ երեցները նույնպես քաջալերանքի կարիք ունեն։ Ոմանք շնորհակալական երկտող են ուղարկել երեցներին, ովքեր համավարակի ընթացքում միշտ զբաղված են եղել՝ հոգալով հավատակիցների կարիքները։ Որքա՜ն լավ է, որ յուրաքանչյուրն իր լուման է ներդնում միմյանց շարունակ «մխիթարելու և կերտելու» հարցում (1 Թեսաղ. 5։11)։
ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ
7. Աղետից հետո ի՞նչ դժվարություններ գուցե առաջանան։
7 Աղետը կարող է մի վայրկյանում տակնուվրա անել մարդկանց կյանքը։ Նրանք գուցե կորցնեն իրենց ունեցվածքը, տները և անգամ հարազատներին։ Մեր եղբայրներն ու քույրերը պաշտպանված չեն նման ողբերգություններից։ Ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։
8. Երեցներն ու ընտանիքի գլուխները ի՞նչ կարող են անել նախքան աղետը։
8 Ի՞նչ կարող են անել երեցները։ Երեցնե՛ր, օգնեք ձեր հավատակիցներին նախապատրաստվել աղետներին։ Հավաստիացեք, որ ժողովում բոլորը գիտեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի ապահով լինեն և կապ հաստատեն երեցների հետ։ Մարգրեթը, ում մասին խոսեցինք նախորդ հոդվածում, ասում է. «Երեցները տեղական կարիքների ժամանակ մեզ հիշեցրին, որ անտառային հրդեհների սեզոնը դեռ չի ավարտվել։ Նրանք ասացին, որ եթե իշխանությունները տարհանման հրահանգ տան, կամ եթե իրավիճակը վտանգավոր լինի, մենք պետք է անմիջապես լքենք մեր տները»։ Դա ժամանակահարմար առաջնորդություն էր, քանի որ հինգ շաբաթ անց այդ տարածքում խոշոր անտառային հրդեհ բռնկվեց։ Եթե դու ընտանիքի գլուխ ես, կարող ես ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկել, թե ինչ պետք է անի ընտանիքի յուրաքանչյուր անդամ աղետի ժամանակ։ Եթե ընտանիքով պատրաստված լինեք, ավելի հավանական է, որ աղետի ժամանակ հանգստություն կպահպանեք։
9. Ի՞նչ կարող են անել երեցները աղետից առաջ և հետո։
9 Եթե քարոզչական խմբի վերակացու ես, հավաստիացիր, որ ունես քո խմբի քարոզիչների ճշգրիտ կոնտակտային տվյալները։ Ցուցակ կազմիր և միշտ թարմացրու այն, որպեսզի աղետի դեպքում կարողանաս կապ հաստատել յուրաքանչյուր քարոզչի հետ և իմանալ, թե ով ինչի կարիք ունի։ Կարևոր է, որ աղետի ժամանակ քո ձեռք բերած այդ տեղեկությունը անմիջապես փոխանցես երեցների խորհրդի կոորդինատորին, ով իր հերթին կապ կհաստատի շրջանային վերակացուի հետ։ Համատեղ ջանքերը կարող են մեծ արդյունքներ բերել։ Հրդեհի բռնկումից հետո Մարգրեթի շրջանային վերակացուն 36 ժամ շարունակ արթուն էր մնացել, որպեսզի կազմակերպեր երեցների աշխատանքը, ովքեր պետք է կապ հաստատեին 450 տեղահանված հավատակիցների հետ և հոգ տանեին նրանց մասին (2 Կորնթ. 11։27)։ Այդպիսով բոլոր տեղահանվածները ապահովվեցին կացարանով։
10. Ինչո՞ւ է հովվելու գործը կարևոր երեցների համար (Հովհաննես 21։15)։
10 Երեցների պարտականության մեջ է մտնում նաև հավատակիցներին հոգևորապես և զգացապես աջակցելը (1 Պետ. 5։2)։ Երբ աղետ է լինում, երեցները նախ պետք է հավաստիանան, որ յուրաքանչյուր հավատակից ապահով վայրում է և ունի սնունդ, հագուստ և կացարան։ Սակայն կարևոր է հիշել, որ տուժած հավատակիցները անգամ ամիսներ անց հնարավոր է՝ հոգևոր և էմոցիոնալ աջակցության կարիք ունենան (կարդա Հովհաննես 21։15)։ Հարոլդ անունով մի եղբայր, ով ծառայում է մասնաճյուղի կոմիտեում և բազմիցս այցելել է աղետից տուժած եղբայրների ու քույրերի, ասում է. «Աղետից հետո ուշքի գալու համար ժամանակ է պետք։ Գուցե նրանք ժամանակի ընթացքում վերադառնան իրենց բնականոն կյանքին, սակայն հարազատի մահվան պատճառած ցավը, ընտանեկան ժառանգության կորուստը կամ աղետի սարսափելի տեսարանները երկար ժամանակ թերևս հանգիստ չտան նրանց։ Նման հիշողությունները կարող են կրկին ու կրկին ցավ պատճառել նրանց։ Սա չի նշանակում, թե նրանք հավատի պակաս ունեն։ Բնական է, որ մարդ նման ապրումներ է ունենում»։
11. Ինչի՞ կարիք գուցե ընտանիքները շարունակ ունենան։
11 Երեցները լուրջ են վերաբերվում Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին. «Լաց լինողների հետ լաց եղեք» (Հռոմ. 12։15)։ Աղետից տուժածներին թերևս կարիք լինի հավաստիացնել, որ թե՛ Եհովան և թե՛ հավատակիցները շատ են սիրում նրանց։ Երեցները կարող են օգնել ընտանիքներին, որ շարունակեն իրենց հոգևոր գործունեությունը՝ աղոթեն, ուսումնասիրեն Աստվածաշունչը, հաճախեն ժողովի հանդիպումներին և մասնակցեն քարոզչական գործին։ Նրանք նաև կարող են հորդորել ծնողներին, որ օգնեն իրենց երեխաներին կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք աղետը չի կարող խլել նրանցից։ Սիրելի՛ ծնողներ, հիշեցրեք ձեր երեխաներին, որ Եհովան միշտ իրենց Ընկերը կլինի և միշտ օգնության կհասնի իրենց։ Նաև բացատրեք նրանց, որ ինչ էլ լինի, նրանք համաշխարհային մի մեծ ընտանիք ունեն, որի անդամները միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել նրանց (1 Պետ. 2։17)։
Եթե ձեր տարածքում աղետ լինի, կարո՞ղ ես մասնակցել տուժածներին օգնելու աշխատանքներին (տես պարբերություն 12)e
12. Ի՞նչ կարող են անել մյուսները աղետից տուժածներին օգնելու համար (տես նկարը)։
12 Ի՞նչ կարող են անել մյուսները։ Եթե ձեր երկրում աղետ լինի, հարցրու երեցներին, թե ինչով կարող ես օգնել տուժածներին։ Գուցե կարիք լինի ժամանակավորապես կացարան տրամադրել տարհանված հավատակիցներին կամ շինարարության կամավորներին։ Կամ հնարավոր է՝ պետք լինի սնունդ և այլ անհրաժեշտ իրեր հասցնել տուժածներին։ Եթե նույնիսկ աղետը այլ երկրում է եղել, միևնույն է, դու կարող ես օգնել տուժածներին։ Ինչպե՞ս։ Նախ՝ կարող ես աղոթել նրանց համար (2 Կորնթ. 1։8-11)։ Բացի այդ՝ կարող ես ֆինանսապես աջակցել տուժածներին օգնելու աշխատանքներին՝ նվիրատվություն անելով համաշխարհային գործի համար (2 Կորնթ. 8։2-5)։ Եթե հնարավորություն ունես որպես կամավոր գնալ աղետի վայր, այդ մասին տեղեկացրու երեցներին։ Եվ եթե հրավիրվես մասնակցելու աղետից տուժածներին օգնելու աշխատանքներին, ըստ ամենայնի, դասընթացներ կանցնես, որպեսզի կարիքի դեպքում օգնության հասնես։
ՀԱԼԱԾԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ
13. Ի՞նչ դժվարությունների են բախվում մեր հավատակիցները այն երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է։
13 Այն երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելված է, հալածանքը կարող է ավելի բարդացնել մեր հավատակիցների կյանքը։ Հալածանքից բացի՝ նրանք գուցե ունենան տնտեսական խնդիրներ, հիվանդանան, կամ էլ նրանց հարազատը մահանա։ Արգելքի պատճառով երեցները թերևս չկարողանան այցելել այս հավատակիցներին կամ ազատորեն հաղորդակցվել նրանց հետ, որպեսզի քաջալերեն նրանց։ Նման հարցի առաջ կանգնեց Անդրեյ անունով մի երեց, ում մասին արդեն խոսել ենք նախորդ հոդվածում։ Իր քարոզչական խմբում ծառայող քույրերից մեկը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Մի օր նա վթարի ենթարկվեց և մի քանի վիրահատություն տարավ, ինչի պատճառով ի վիճակի չէր աշխատել։ Չնայած համավարակին և մեր գործունեության վրա դրված արգելքին՝ հավատակիցները իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ արեցին նրան օգնելու համար։ Այո՛, Եհովան հոգ տարավ իր ծառայի մասին։
14. Եհովային վստահելու հարցում ի՞նչ օրինակ կարող են թողնել երեցները։
14 Ի՞նչ կարող են անել երեցները։ Անդրեյը աղոթեց և արեց այն, ինչ կարող էր։ Իսկ ինչպե՞ս Եհովան պատասխանեց նրա աղոթքին։ Նա իր այն ծառաների միջոցով, ովքեր տեղաշարժվելու ավելի մեծ ազատություն ունեին, օգնեց այդ քրոջը։ Ոմանք նրան մեքենայով տանում էին բժշկի, մյուսները ֆինանսապես էին աջակցում։ Եհովան մղեց այդ քույրերին ու եղբայրներին անելու այն, ինչ կարող էին, և օրհնեց նրանց միահամուռ ջանքերն ու քաջությունը (Եբր. 13։16)։ Սիրելի՛ երեցներ, եթե մեր գործունեության վրա դրված արգելքի պատճառով չեք կարող անձամբ օգնել հավատակիցներին, խնդրեք, որ մյուսները դա անեն (Երեմ. 36։5, 6)։ Եվ ամենակարևորը՝ վստահեք Եհովային։ Նա կօգնի ձեզ, որ հոգ տանեք ձեր եղբայրների ու քույրերի մասին։
15. Ի՞նչ կարող ենք անել, որ հալածանքի ժամանակ նպաստենք մեր միասնությանը։
15 Ի՞նչ կարող են անել մյուսները։ Արգելքի ժամանակ գուցե ստիպված լինենք հավաքվել փոքր խմբերով։ Ուստի անչափ կարևոր է, որ խաղաղ փոխհարաբերություններ ունենանք իրար հետ։ Հարկավոր է պայքարել Սատանայի, ոչ թե միմյանց դեմ։ Պետք է ձգտենք անտեսել եղբայրների սխալները կամ էլ անհապաղ հարթենք մեր միջև առաջացած տարաձայնությունները (Առակ. 19։11; Եփես. 4։26)։ Լավ կլինի, որ ուրիշներին օգնելու հարցում նախաձեռնող լինենք (Տիտոս 3։14)։ Երբ հավատակիցները օգնեցին այն քրոջը, որի մասին քիչ առաջ նշեցինք, դա լավ ազդեցություն ունեցավ քարոզչական ողջ խմբի վրա։ Նրանք այնքան մտերմացան իրար հետ, որ ասես մեկ ընտանիք դարձան (Սաղ. 133։1)։
16. Կողոսացիներ 4։3, 18 համարների համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք օգնել հալածանքի ենթարկվող եղբայրներին ու քույրերին։
16 Տասնյակ հազարավոր եղբայրներ ու քույրեր հավատարմորեն ծառայում են Եհովային՝ չնայած կառավարության սահմանած արգելքներին։ Այսօր նրանցից ոմանք ազատազրկված են իրենց հավատի համար։ Մենք կարող ենք աղոթել նրանց, նրանց ընտանիքների և այն հավատակիցների համար, ովքեր վտանգում են իրենց ազատությունը, որպեսզի նրանց հոգևոր, ֆիզիկական և իրավաբանական աջակցություն տրամադրեն (կարդա Կողոսացիներ 4։3, 18)։c Երբեք մի՛ թերագնահատիր աղոթքի ուժը (2 Թեսաղ. 3։1, 2; 1 Տիմոթ. 2։1, 2)։
Ի՞նչ կարող ես անել այսօր, որ օգնես ընտանիքիդ պատրաստվել հալածանքին (տես պարբերություն 17)
17. Ինչպե՞ս կարող ես այսօրվանից պատրաստվել հալածանքին։
17 Դու կարող ես այսօրվանից ընտանիքիդ հետ պատրաստվել հալածանքին (Գործ. 14։22)։ Մի՛ փորձիր պատկերացնել, թե ինչ վատ բաներ գուցե լինեն։ Փոխարենը՝ մտերմացիր Եհովայի հետ և օգնիր երեխաներիդ, որ նրանք էլ նույնն անեն։ Եթե մտատանջություններդ ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում, սիրտդ դատարկիր Եհովայի առաջ (Սաղ. 62։7, 8)։ Ընտանիքով քննարկեք, թե ինչու կարող եք վստահել նրան։d Եվ երբ աղետ լինի, պատրաստվածությունն ու Եհովայի հանդեպ վստահությունը կօգնեն, որ ձեր երեխաները քաջ լինեն և խաղաղություն ունենան։
18. Ի՞նչ ապագա է սպասում մեզ։
18 Աստծու խաղաղությունը մեզ ապահովության զգացում է պարգևում (Փիլիպ. 4։6, 7)։ Համավարակի, աղետների և հալածանքի ժամանակ Եհովան հանդարտեցնում է մեր սիրտը՝ տալով այդ խաղաղությունը։ Նա հովվում է մեզ ջանասեր երեցների միջոցով։ Բացի այդ՝ բոլորիս հնարավորություն է տվել օգնելու միմյանց, ինչը մեծ պատիվ է մեզ համար։ Այն խաղաղությունը, որ վայելում ենք այսօր, օգնում է մեզ պատրաստվել ապագայում սպասվող ավելի դժվար փորձությունների և նույնիսկ «մեծ նեղությանը» (Մատթ. 24։21)։ Այդ ժամանակ կարիք կլինի, որ պահպանենք մեր խաղաղությունը և ուրիշներին էլ օգնենք, որ նույնն անեն։ Մեծ նեղությունից հետո այլևս չեն լինի մտահոգություն պատճառող իրավիճակներ։ Մենք վերջապես կվայելենք այն, ինչ Եհովան միշտ ցանկացել է, որ ունենանք՝ կատարյալ ու հարատև խաղաղություն (Ես. 26։3, 4)։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
a Եհովան նեղության մեջ լինողներին հաճախ օգնում է իր հավատարիմ ծառաների միջոցով։ Նա քեզ էլ կարող է քաջալերանքի աղբյուր դարձնել հավատակիցներիդ համար։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, ովքեր նեղության մեջ են։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Մասնաճյուղը և գլխավոր վարչությունը անհատական նամակներ չեն փոխանցում բանտում գտնվող մեր հավատակիցներին։
d Տես «Հիմա է ժամանակը, որ պատրաստվես հալածանքներին» հոդվածը «Դիտարանի» 2019 թ. հուլիսի համարում։
e ՆԿԱՐ։ Ամուսինները ուտելիք են բերել մի ընտանիքի, որը աղետից հետո ապրում է ժամանակավոր կացարանում։