ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10
ԵՐԳ 31 Քայլենք Աստծու հետ
Որդեգրիր Եհովայի ու Հիսուսի մտածելակերպը
«Քանի որ Քրիստոսը որպես մարդ տառապանքներ կրեց, դուք էլ զինվեք նրա մտածելակերպով» (1 ՊԵՏ. 4։1)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Պետրոս առաքյալը սովորեց մտածել Հիսուսի պես։ Մենք էլ կարող ենք նույնն անել։
1-2. Ինչպե՞ս է դրսևորվում Եհովայի հանդեպ սերը, և ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց դա։
«ՍԻՐԵՔ ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, ձեր ամբողջ ուժով և ձեր ամբողջ մտքով» (Ղուկ. 10։27)։ Հիսուսը հստակ նշեց, որ սա Մովսիսական օրենքի ամենակարևոր պատվիրանն է։ Նկատենք, որ Եհովայի հանդեպ մեր սերը դրսևորվում է սրտով, այսինքն՝ ցանկություններով, զգացմունքներով և հույզերով։ Այն դրսևորում ենք նաև՝ մեր ողջ էությամբ նվիրված լինելով և մեր ուժը՝ էներգիան, ներդնելով։ Եհովային սիրում ենք նաև մեր մտքով, ինչը ներառում է մեր մտածելակերպը։ Ճիշտ է, մենք երբևէ չենք կարող ամբողջությամբ հասկանալ Եհովայի մտածելակերպը, բայց կարող ենք համեմատաբար ավելի լավ ըմբռնել այն՝ ուսումնասիրելով «Քրիստոսի միտքը», քանի որ Քրիստոսը մտածում էր ճիշտ այնպես, ինչպես իր Հայրը (1 Կորնթ. 2։16 և «մենք Քրիստոսի միտքն ունենք» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, անգլ.)։
2 Հիսուսը սիրում էր Եհովային իր ողջ մտքով։ Նա գիտեր, թե որն էր Աստծու կամքը իր առնչությամբ ու պատրաստ էր դրան ներդաշնակ վարվելու, թեև դա նշանակում էր տառապել հանուն ճշմարտության։ Իր Հոր կամքը կատարելու վրա կենտրոնանալով՝ Հիսուսը թույլ չտվեց, որ ինչ-որ բան շեղի իրեն իր նպատակից։
3. Պետրոս առաքյալը ի՞նչ հնարավորություն ուներ և ի՞նչ հորդորեց իր հավատակիցներին (1 Պետրոս 4։1)։
3 Պետրոսը և մյուս առաքյալները պատիվ ունեին անձամբ շփվելու Հիսուսի հետ և որդեգրելու նրա մտածելակերպը։ Երբ Պետրոսը Աստծու ներշնչմամբ գրեց իր առաջին նամակը, քրիստոնյաներին հորդորեց զինվել Քրիստոսի մտածելակերպով (կարդա 1 Պետրոս 4։1)։a Պետրոսը, գրելով «զինվեք», ռազմական ոլորտի բառ օգտագործեց։ Ուստի քրիստոնյաները, ընդօրինակելով Քրիստոսի մտածելակերպը, հզոր զենք կունենան մեղավոր հակումների և Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհի դեմ պայքարելու համար (2 Կորնթ. 10։3-5; Եփես. 6։12)։
4. Ինչպե՞ս կարող է այս հոդվածը օգնել, որ վարվենք Պետրոսի խորհրդի համաձայն։
4 Այս հոդվածում կքննենք, թե ինչ մտածելակերպ ուներ Հիսուսը, և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։ Նրա օրինակն ուսումնասիրելով՝ կիմանանք, թե ինչպես կարող ենք 1) ընդօրինակել Եհովայի մտածելակերպը, ինչը կօգնի մեզ մեկ մտքի լինել, 2) խոնարհ լինել և 3) ողջամիտ լինել՝ աղոթելով ու ապավինելով նրան։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ
5. Ի՞նչ իրավիճակում Պետրոսը թերացավ ընդօրինակել Եհովայի մտածելակերպը։
5 Հիշենք մի դեպք, երբ Պետրոսը թերացավ ընդօրինակել Եհովայի մտածելակերպը։ Հիսուսն իր աշակերտներին ասել էր, որ պետք է գնա Երուսաղեմ, այնտեղ մատնվի կրոնական առաջնորդների ձեռքը, տառապանքներ կրի և ի վերջո մահապատժի ենթարկվի (Մատթ. 16։21)։ Պետրոսի համար գուցե դժվար էր ընդունել այն փաստը, որ Եհովան թույլ կտա, որ Հիսուսը՝ Իսրայելի հույսը և խոստացված Մեսիան, մահանա (Մատթ. 16։16)։ Ուստի նա մի կողմ տարավ Հիսուսին ու ասաց. «Տե՛ր, այդպիսի բաներ մի՛ ասա։ Թող նման բան չպատահի քեզ» (Մատթ. 16։22)։ Պետրոսը համաձայն չէր Հիսուսի հետ, քանի որ Եհովայի պես չէր մտածում։
6. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ իր մտածելակերպը ներդաշնակ է Եհովայի մտածելակերպին։
6 Հիսուսի մտածելակերպը լիովին ներդաշնակ էր իր երկնային Հոր մտածելակերպին։ Ուստի նա Պետրոսին ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քար ես ինձ համար, քանի որ Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց» (Մատթ. 16։23)։ Հնարավոր է՝ Պետրոսը լավ մղումներ ուներ, բայց Հիսուսը մերժեց նրա խորհուրդը։ Եթե Հիսուսը ինքն իրեն խնայեր, Եհովայի կամքի համաձայն վարված չէր լինի։ Այս իրավիճակում Պետրոսը Եհովայի մտածելակերպը որդեգրելու վերաբերյալ արժեքավոր դաս սովորեց։ Այդ կարևոր դասը մենք նույնպես պետք է սովորենք։
7. Հետագայում ինչպե՞ս Պետրոսը ցույց տվեց, որ ցանկանում է Եհովայի պես մտածել (տես նկարը)։
7 Հետագայում Պետրոսը ցույց տվեց, որ ցանկանում է Եհովայի պես մտածել։ Երբ եկավ ժամանակը, որ անթլփատ այլազգիները Աստծու ժողովրդի մաս կազմեն, նա ուղարկվեց քարոզելու Կոռնելիոսին, ով լինելու էր քրիստոնյա դարձած առաջին այլազգիներից մեկը։ Հրեաները գրեթե առնչություն չունեին այլազգիների հետ, ուստի զարմանալի չէ, որ Պետրոսը այդ հանձնարարությունը ստանձնելու համար օգնության կարիք ուներ։ Երբ նա հասկացավ Աստծու կամքը այդ հարցի վերաբերյալ, շտկեց իր տեսակետը։ Արդյունքում նա «առանց հակառակվելու» կատարեց իր հանձնարարությունը (Գործ. 10։28, 29)։ Պետրոսը քարոզեց Կոռնելիոսին ու նրա տան անդամներին, և նրանք մկրտվեցին (Գործ. 10։21-23, 34, 35, 44-48)։
Պետրոսը մտնում է Կոռնելիոսի տուն (տես պարբերություն 7)
8. Ինչի՞ց կերևա, որ մեր մտածելակերպը ներդաշնակ է Եհովայի մտածելակերպին (1 Պետրոս 3։8)։
8 Տարիներ անց Պետրոսը հորդորեց իր հավատակիցներին, որ «մեկ մտքի լինեն» (կարդա 1 Պետրոս 3։8)։ Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք կարող ենք մեկ մտքի լինել, եթե յուրացնենք Եհովայի մտածելակերպը, որն արտացոլված է նրա Խոսքում։ Օրինակ՝ Հիսուսը հորդորեց իր հետևորդներին Թագավորությունը իրենց կյանքում առաջնային համարել (Մատթ. 6։33)։ Պատկերացրու, որ ձեր ժողովում քարոզիչներից մեկը որոշել է լիաժամ ծառայություն սկսել։ Փոխանակ հորդորելու, որ խնայի իրեն, լավ կլինի՝ դրական բաներ ասես նրա նպատակի վերաբերյալ և առաջարկես քո օգնությունը։
ԽՈՆԱՐՀ ԵՂԻՐ
9-10. Ինչպե՞ս Հիսուսը արտառոց խոնարհություն դրսևորեց։
9 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը Պետրոսին և իր մյուս առաքյալներին խոնարհության վերաբերյալ մի կարևոր դաս սովորեցրեց։ Ավելի վաղ նա Պետրոսին ու Հովհաննեսին ուղարկեց, որ ամեն ինչ պատրաստեն վերջին ընթրիքի համար, որն ինքը անելու էր իր առաքյալների հետ։ Այլ բաների թվում նրանք պետք է պատրաստեին մի տաշտ և սրբիչներ, որպեսզի հյուրերի ոտքերը ընթրիքից առաջ լվացվեին։ Բայց ո՞վ էր անելու խոնարհություն պահանջող այդ գործը։
10 Հիսուսը չվարանեց անել այդ գործը և այդպիսով արտառոց խոնարհություն դրսևորեց։ Ի զարմանս նրա առաքյալների՝ նա արեց մի բան, ինչը սովորաբար ծառան էր անում։ Հիսուսը հանեց իր վերնահագուստը, սրբիչը կապեց գոտկատեղին, տաշտի մեջ ջուր լցրեց և սկսեց լվանալ նրանց ոտքերը (Հովհ. 13։4, 5)։ Հիսուսից, անշուշտ, բավական ժամանակ պահանջվեց, որ լվանա 12 առաքյալների ոտքերը, այդ թվում՝ Հուդայի, ով պատրաստվում էր դավաճանել իրեն։ Այնուամենայնիվ, նա խոնարհաբար լվաց բոլորի ոտքերը։ Դրանից հետո Հիսուսը համբերությամբ բացատրեց նրանց. «Հասկացա՞ք, թե ինչ արեցի։ Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք կոչում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա։ Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պետք է միմյանց ոտքերը լվանաք» (Հովհ. 13։12-14)։
Իսկական խոնարհությունը.... ներառում է մարդու ամենախոր մտքերը
11. Ինչպե՞ս Պետրոսը փաստեց, որ սովորել է խոնարհ լինել (1 Պետրոս 5։5 և ծանոթագրություն; տես նաև նկարը)։
11 Պետրոսը խոնարհություն սովորեց իր Ուսուցչից։ Հիսուսի՝ երկինք գնալուց հետո Պետրոսը հրաշք գործեց՝ բուժելով ի ծնե կաղ մի մարդու (Գործ. 1։8, 9; 3։2, 6-8)։ Բնականաբար այս տպավորիչ արարքը աննկատ չմնաց, և մի մեծ ամբոխ հավաքվեց (Գործ. 3։11)։ Արդյո՞ք Պետրոսը տրվեց փառքի վայելքին, հատկապես, որ նրա մշակույթում հեղինակությունն ու դիրքը մեծ կարևորություն ունեին։ Ո՛չ, նա խոնարհաբար փառքն ուղղեց Եհովային ու Հիսուսին՝ ասելով. «Հիսուսի հանդեպ մեր հավատի շնորհի՛վ այս մարդը, որին դուք տեսնում ու ճանաչում եք, առողջացավ ձեր աչքի առաջ» (Գործ. 3։12-16)։ Խոնարհություն զարգացնելու անհրաժեշտության վերաբերյալ Պետրոսի խոսքերը, որ նա գրել է քրիստոնյաներին ուղղած իր նամակում, թերևս հիշեցնեն այն դեպքը, երբ Հիսուսը սրբիչը կապեց իր գոտկատեղին և լվաց առաքյալների ոտքերը (կարդա 1 Պետրոս 5։5-ը և ծանոթագրությունը)։
Հրաշք գործելուց հետո Պետրոսը խոնարհաբար փառքն ուղղեց Եհովային ու Հիսուսին։ Մենք նույնպես կարող ենք խոնարհություն դրսևորել, եթե բարի գործեր անենք առանց ճանաչում կամ վարձատրություն ակնկալելու (տես պարբերություններ 11-12)
12. Ինչպե՞ս կարող ենք Պետրոսի նման շարունակ խոնարհություն զարգացնել։
12 Խոնարհություն զարգացնելու հարցում մենք կարող ենք ընդօրինակել Պետրոսին։ Հիշենք, որ իսկական խոնարհությունը պարզապես ճիշտ բառեր ասելուց ավելին է։ Պետրոսը խոնարհությունը նկարագրելու համար օգտագործել է «խոնարհամտություն» բառը, որը ներառում է մարդու ամենախոր մտքերը։ Մենք բարի գործեր ենք անում ուրիշների համար ոչ թե նրանց հիացնելու նպատակով, այլ քանի որ սիրում ենք Եհովային և մարդկանց։ Եթե ուրախությամբ մեր ձեռքից եկածն անում ենք Եհովային և մեր եղբայրներին ծառայելու համար, անկախ նրանից՝ մեր ջանքերը նկատվում են, թե ոչ, իսկական խոնարհություն ենք դրսևորում (Մատթ. 6։1-4)։
«ՈՂՋԱՄԻՏ ԵՂԵՔ»
13. Ի՞նչ է նշանակում լինել «ողջամիտ»։
13 Ի՞նչ է նշանակում լինել «ողջամիտ» (1 Պետ. 4։7)։ Ողջամիտ քրիստոնյան ձգտում է ճիշտ որոշումներ կայացնել, որոնք ներդաշնակ են Եհովայի մտածելակերպին։ Այդպիսի քրիստոնյան գիտի, որ կյանքում Եհովայի հետ լավ հարաբերություններ ունենալուց ավելի կարևոր բան չկա։ Նա հավասարակշռված տեսակետ ունի իր մասին՝ գիտակցելով, որ չունի բոլոր հարցերի պատասխանները։ Նա լիովին ապավինում է Աստծուն՝ հաճախակի խոնարհաբար նրանից առաջնորդություն խնդրելով։b
14. Ի՞նչ իրավիճակում Պետրոսը չապավինեց Եհովային։
14 Հիսուսն իր մահվանը նախորդող գիշերը իր աշակերտներին նախազգուշացրեց. «Այս գիշեր բոլորդ կլքեք ինձ այն ամենի պատճառով, ինչ տեղի կունենա ինձ հետ»։ Սակայն Պետրոսը վստահությամբ ասաց. «Նույնիսկ եթե բոլորն էլ քեզ հետ տեղի ունեցածի պատճառով լքեն քեզ, ես երբեք չեմ լքի»։ Այդ գիշեր Հիսուսն իր աշակերտներից մի քանիսին հորդորեց. «Արթուն մնացեք և շարունակ աղոթեք» (Մատթ. 26։31, 33, 41)։ Եթե Պետրոսը կիրառեր այդ խորհուրդը, անհրաժեշտ պահին քաջություն կունենար խոստովանելու, որ Հիսուսի աշակերտն է։ Բայց նա ուրացավ իր Տիրոջը, ինչի համար խորապես զղջաց (Մատթ. 26։69-75)։
15. Հիսուսն ինչպե՞ս ողջամտություն ցուցաբերեց իր մահվանը նախորդող գիշերը։
15 Հիսուսը լիովին ապավինում էր Եհովային։ Թեև նա կատարյալ էր, մի քանի անգամ աղոթեց այդ գիշեր։ Դա նրան քաջություն տվեց վարվելու իր Հոր կամքի համաձայն (Մատթ. 26։39, 42, 44; Հովհ. 18։4, 5)։ Անշուշտ, Պետրոսը երբեք չէր մոռանա, թե Հիսուսն ինչպես այդ գիշեր բազմիցս աղոթեց Եհովային։
16. Պետրոսն ինչպե՞ս փաստեց, որ ողջամտություն է զարգացրել (1 Պետրոս 4։7)։
16 Ժամանակի ընթացքում Պետրոսը սկսեց ավելի շատ աղոթել և ապավինել Եհովային։ Հարություն առնելուց հետո Հիսուսը Պետրոսին և մյուս առաքյալներին վստահեցրեց, որ նրանք կստանան սուրբ ոգին, որպեսզի կարողանան քարոզել բարի լուրը, սակայն հորդորեց, որ մինչ այդ մնան Երուսաղեմում (Ղուկ. 24։49; Գործ. 1։4, 5)։ Իսկ ի՞նչ էր անում Պետրոսը մինչ սպասում էր։ Նա իր հավատակիցների հետ «անդադար աղոթում» էր (Գործ. 1։13, 14)։ Հետագայում Պետրոսն իր առաջին նամակում հավատակիցներին քաջալերեց ողջամիտ լինել և ապավինել Եհովային՝ նրան աղոթելով (կարդա 1 Պետրոս 4։7)։ Պետրոսը սովորեց վստահել Եհովային և դարձավ ժողովի սյուներից մեկը (Գաղ. 2։9)։
17. Անկախ մեր բնածին ունակություններից՝ ի՞նչ պետք է շարունակենք անել (տես նաև նկարը)։
17 Ողջամիտ լինելու համար մենք պետք է աղոթքի միջոցով մտերմանանք Եհովայի հետ։ Մենք գիտակցում ենք, որ անկախ մեր բնածին ունակություններից՝ պետք է միշտ աղոթենք Եհովային։ Ուստի հատկապես այն ժամանակ, երբ պետք է կարևոր որոշումներ կայացնենք, Եհովայից առաջնորդություն ենք խնդրում՝ վստահ լինելով, որ նա գիտի, թե ինչը մեզ համար հաստատ լավ կլինի։
Պետրոսը սովորեց աղոթքի միջոցով ապավինել Եհովային։ Մենք նույնպես կարող ենք ողջամիտ լինել և Եհովայից օգնություն խնդրել, հատկապես կարևոր որոշումներ կայացնելիս (տես պարբերություն 17)c
18. Ինչպե՞ս կարող ենք մեր մտածելակերպը համահունչ դարձնել Եհովայի մտածելակերպին։
18 Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա մեզ ստեղծել է իր հատկություններն արտացոլելու ունակությամբ (Ծննդ. 1։26)։ Իհարկե, մենք չենք կարող կատարելապես ընդօրինակել Եհովային (Ես. 55։9)։ Սակայն Պետրոսի պես կարող ենք մեր մտածելակերպը Եհովայի մտածելակերպին ավելի համահունչ դարձնել։ Ուրեմն եկեք ձգտենք ընդօրինակել Եհովայի մտածելակերպը և լինենք խոնարհ ու ողջամիտ։
ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված, իմ Ընկեր
a 1 Պետրոս 4։1-ում «մտածելակերպ» բառը կարող է վերաբերել տրամադրվածությանը, վերաբերմունքին, հայացքներին։
b «Ողջամիտ» կամ «հոգևորապես առողջ» արտահայտությունների մասին լրացուցիչ տեղեկություն կարող ես գտնել jw.org կայքում և JW Library հավելվածում՝ «Աստվածաշնչյան համարների բացատրություն» ենթաբաժնի «2 Տիմոթեոս 1։7-ի բացատրությունը. «Աստծու տված ոգին մեր մեջ ոչ թե վախկոտություն է առաջացնում....»» հոդվածի «Ողջամտություն» պարբերությունը։
c ՆԿԱՐ։ Մի քույր, մինչ սպասում է աշխատանքի ընդունվելու համար հարցազրույց անցնելուն, մտքում աղոթում է։