Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 դեկտեմբեր էջ 14–19
  • Ընդօրինակենք Եհովայի խոնարհությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդօրինակենք Եհովայի խոնարհությունը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՀՈՎԱՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾ Է
  • ԵՀՈՎԱՆ ԽՈՀԵՄ Է
  • ԵՀՈՎԱՆ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ Է
  • ԵՀՈՎԱՆ ՊԱՏՎՈՒՄ Է ԽՈՆԱՐՀՆԵՐԻՆ
  • Որդեգրիր Եհովայի ու Հիսուսի մտածելակերպը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Զգա տալու երջանկությունը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 դեկտեմբեր էջ 14–19

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50

ԵՐԳ 48 Միշտ քայլենք Եհովայի հետ

Ընդօրինակենք Եհովայի խոնարհությունը

«Ընդօրինակեք Աստծուն որպես նրա սիրելի զավակներ» (ԵՓԵՍ. 5։1)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Եհովայի խոնարհությունը ընդօրինակելու չորս կերպեր։

1. Ինչո՞վ է Եհովայի խոնարհությունը տպավորիչ։

ԵՐԲ նայում ենք իշխանություն ունեցող մարդկանց, կարո՞ղ ենք ասել, որ նրանք խոնարհ են։ Դժվար թե։ Սակայն Եհովան, լինելով ամենակարող, խոնարհ է (Սաղ. 113։5-8)։ Նա իր բոլոր գործերում խոնարհություն է դրսևորում, նրա մեջ հպարտության նշույլ անգամ չկա։ Մեզ համար օգտակար կլինի քննել Եհովայի գեղեցիկ հատկանիշներից չորսը և տեսնել, թե ինչպես է նրա խոնարհությունը արտացոլվում դրանցից յուրաքանչյուրի մեջ։ Հոդվածում կտեսնենք նաև, թե Հիսուսը ինչպես է ընդօրինակել իր Հոր խոնարհությունը։ Այս ամենը քննելը կօգնի մեզ ավելի մտերմանալ Եհովայի հետ և ավելի շատ ընդօրինակել նրան։

ԵՀՈՎԱՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾ Է

2. Սաղմոս 62։8-ը ի՞նչ է հայտնում մեզ Եհովայի մասին (տես նաև նկարը)։

2 Հպարտ մարդիկ սովորաբար հասանելի չեն լինում։ Նրանց ուռճացած «ես»-ը դրդում է վարվել այնպես, որ ուրիշները վարանեն մոտենալ իրենց կամ առհասարակ խուսափեն իրենցից։ Որքա՜ն է Եհովան տարբերվում նրանցից։ Քանի որ մեր երկնային Հայրը խոնարհ է, նա հորդորում է մեզ դիմել իրեն և պատմել մեր բոլոր մտահոգությունների և զգացումների մասին (կարդա Սաղմոս 62։8)։ Ճիշտ ինչպես հոգատար հայրն է պատրաստակամորեն լսում իր երեխաների մտահոգությունները, այնպես էլ Եհովան է հաճույքով լսում իր ծառաների աղոթքները, ինչը ցույց է տալիս, որ նա իսկապես հասանելի անձնավորություն է։ Նա նույնիսկ Աստվածաշնչում գրել է տվել բազմաթիվ այդպիսի աղոթքներ (Հեսու 10։12-14; 1 Սամ. 1։10-18)։ Սակայն երբեմն ինչ-ինչ պատճառներով գուցե մտածենք, թե արժանի չենք աղոթելու Եհովային։

Երեխան պատմում է հորը, թե ինչպես է ինքնաթիռով խաղալիս պատահմամբ կոտրել ծաղկամանը, իսկ հայրը ուշադիր լսում է նրան։

Ընդօրինակելով Եհովային՝ հայրը խոնարհաբար լսում է իր որդուն, որը խաղալիս կոտրել է ծաղկամանը (տես պարբերություն 2)


3. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան ցանկանում է՝ կանոնավոր աղոթենք իրեն։

3 Մենք կարող ենք աղոթել Եհովային, նույնիսկ եթե մտածում ենք, թե արժանի չենք նրա սիրուն։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Կորած որդու մասին առակում Հիսուսը Եհովային նմանեցրեց մի գորովալից հոր, ում որդին, որը զղջացել էր իր մեղքերի համար, մտածում էր, թե արժանի չէ, որ ընտանիքը հետ ընդունի իրեն։ Սակայն ինչպե՞ս վարվեց նրա հայրը, երբ նա տուն վերադարձավ։ Հիսուսն ասաց, որ հայրը հենց որ հեռվից տեսավ նրան, «վազեց որդուն ընդառաջ, գրկեց նրան ու համբուրեց» (Ղուկ. 15։17-20)։ Եհովան ճիշտ այդպես է վարվում. երբ որևէ մեկը, ում սիրտը մեղքի կամ անհանգստության ծանրությունից կոտրվել ու փշրվել է, աղոթում է, մեր խոնարհ Հայրը ամենայն ուշադրությամբ լսում է նրան (Ողբ 3։19, 20)։ Եհովան, կարեկցանքից մղված, «վազում է» նրան ընդառաջ, որ մխիթարի և հավաստիացնի իր գթասրտության ու սիրո մեջ (Ես. 57։15)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան մեզ ընդառաջ «վազում»։ Հաճախ նա դա անում է երեցների, մեր ընտանիքի Վկա անդամների և իր մյուս ծառաների միջոցով (Հակ. 5։14, 15)։ Եհովան նման կերպով աջակցում է մեզ, քանի որ ուզում է՝ մտերիմ լինենք իր հետ։

4. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը հասանելի անձնավորություն էր։

4 Հիսուսն ընդօրինակում է իր Հորը։ Իր Հոր նման՝ Հիսուսը խոնարհ է։ Ուստի երբ նա երկրի վրա էր, մարդիկ անկաշկանդ մոտենում էին նրան և ազատորեն հարցեր տալիս։ Երբ նա որևէ հարցի մասին նրանց կարծիքն էր ուզում իմանալ, նրանք ասում էին այն, ինչ իրականում զգում էին (Մարկ. 4։10, 11; Մատթ. 16։13-16)։ Իսկ երբ նրանք սխալներ էին անում, վախից չէին դողում, որովհետև գիտեին, որ Հիսուսը բարի է, գթասիրտ ու համբերատար (Մատթ. 17։24-27)։ Քանի որ Հիսուսը կատարելապես ընդօրինակում էր իր Հորը, նրա աշակերտները, նրան նայելով, ավելի լավ էին ճանաչում Եհովային (Հովհ. 14։9)։ Նրանք հասկանում էին, որ Եհովան ընդհանրապես նման չէ այդ օրերում ապրող կոպիտ, հպարտ ու անտարբեր կրոնական առաջնորդներին, այլ խոնարհ է ու հասանելի։

5. Ինչպե՞ս կարող է խոնարհությունը օգնել մեզ հասանելի լինել։

5 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։ Խոնարհություն զարգացնելով՝ մենք հասանելի կդառնանք։ Այս հատկությունը կպաշտպանի մեզ նախանձից, հպարտությունից ու հիշաչարությունից՝ հատկանիշներ, որոնք վանում են ուրիշներին։ Խոնարհությունը նաև կօգնի մեզ լինել բարի, համբերատար և ներողամիտ՝ հատկանիշներ, որոնք գրավում են ուրիշներին (Կող. 3։12-14)։ Հատկապես երեցները պետք է ձգտեն լինել հասանելի։ Ինչ խոսք, հասանելի լինելու համար նրանք պետք է իրենց հավատակիցների հետ լինեն։ Սա նշանակում է, որ նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանդիպումներին ներկա լինեն ֆիզիկապես, ոչ թե առանց լուրջ պատճառի տեսակապով միանան դրանց։ Եվ որքանով որ նրանց հանգամանքները թույլ են տալիս, պետք է հավատակիցների հետ տնից տուն ծառայեն։ Եթե քարոզիչներն ավելի լավ ճանաչեն երեցներին, կվստահեն նրանց ու ազատ կխոսեն նրանց հետ, երբ դրա կարիքը զգան։

ԵՀՈՎԱՆ ԽՈՀԵՄ Է

6-7. Բեր օրինակներ, թե ինչպես է Եհովան զիջումների գնացել, երբ իր ծառաները ինչ-որ բան են խնդրել իրենից։

6 Բազմաթիվ հպարտ մարդիկ անխոհեմ են վարվում ուրիշների հետ առնչվելիս։ Բայց քանի որ Եհովան խոնարհ է, նա խոհեմ է, այսինքն՝ զիջող, թեպետ և բոլորից ամեն առումով գերազանց է։ Հիշենք, թե նա ինչպես վարվեց Մովսեսի քույր Մարիամի հետ։ Մարիամն ու Ահարոնը սկսեցին տրտնջալ ու խոսել Մովսեսի դեմ, ով Եհովայի ներկայացուցիչն էր։ Ըստ էության՝ Մարիամի անհարգալից վերաբերմունքը Եհովայի հանդեպ էր։ Այդ պատճառով Եհովան շատ բարկացավ նրա վրա և բորոտությամբ պատուհասեց։ Իսկ երբ Ահարոնը խնդրեց Մովսեսին իր քրոջ համար, և Մովսեսն աղաչեց Եհովային բուժել նրան, ինչպե՞ս վարվեց Եհովան։ Աստված կառչած չէր իր կայացրած դատավճռին, քանի որ հպարտ չէ։ Նա խոնարհ է, ուստի լսեց Մովսեսի խնդրանքը և բուժեց Մարիամին (Թվեր 12։1-15)։

7 Եհովան խոնարհությամբ վարվեց նաև Եզեկիա թագավորի հետ։ Իր մարգարեի միջոցով Եհովան թագավորին տեղեկացրեց, որ նա մահանալու է։ Եզեկիան, աղեկտուր լացելով, խնդրեց Եհովային բուժել իրեն։ Ի պատասխան՝ Աստված գթասրտորեն թագավորի կյանքն ավելացրեց 15 տարով (2 Թագ. 20։1, 5, 6)։ Այո՛, մեր Հայրը խոնարհ է, ուստի կարեկից է ու զիջող։

8. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսը խոհեմ է (Մարկոս 3։1-6)։

8 Հիսուսն ընդօրինակում է իր Հորը։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը չէր կառչում Օրենքի տառին, երբ բարի գործեր էր անում ուրիշների համար։ Այդպիսով նա խոհեմությամբ էր վարվում։ Օրինակ՝ նա Շաբաթ օրը բուժում էր մարդկանց, թեև իր քարսիրտ հակառակորդները դեմ էին դրան (կարդա Մարկոս 3։1-6)։ Լինելով ժողովի գլուխը՝ Հիսուսը շարունակում է խոհեմ լինել։ Երբ ժողովում ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործում, նա, մեծ համբերություն դրսևորելով, հնարավորություն է տալիս այդ մարդուն ուղղվելու (Հայտն. 2։2-5)։

9. Ինչպե՞ս կարող ենք խոհեմություն զարգացնել և դրսևորել այն (տես նաև նկարները)։

9 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։ Խոնարհաբար ընդօրինակելով Եհովային՝ մենք պետք է ջանանք խոհեմ լինել ու վարվել այդ մտածելակերպի համաձայն (Հակ. 3։17)։ Օրինակ՝ խոհեմ ծնողները ամենաթող չեն, բայց չեն էլ ակնկալում, որ երեխաները իրենց կարողությունից վեր բաներ պետք է անեն։ Դա լավ երևում է Հակոբի օրինակից, ում մասին գրված է Ծննդոց 33։12-14-ում։ Խոնարհ և խոհեմ ծնողները նաև իրենց երեխաներին չեն համեմատում իրար հետ։ Երեցները նույնպես պետք է խոհեմ լինեն։ Կերպերից մեկը խորհրդում ծառայող երեցների մեծամասնության կայացրած որոշմանը թիկունք կանգնելն է, եթե այդ որոշմամբ չեն ոտնահարվում աստվածաշնչյան չափանիշները (1 Տիմոթ. 3։2, 3)։ Մեզանից ամեն մեկը կարող է ձգտել հասկանալ դիմացինի տեսակետը, նույնիսկ եթե միևնույն հարցի վերաբերյալ այլ տեսակետ ունի (Հռոմ. 14։1)։ Անկասկած, ժողովում բոլորս պետք է ձգտենք այնպես վարվել, որ մեր «խոհեմությունը ակնհայտ լինի բոլորին» (Փիլիպ. 4։5)։

Համակցված նկարներ. հայրը ուրախությամբ իր երեխաների հետ ծառայում է տնետուն։ 1. Որդին մի մարդու առաջարկում է «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը, իսկ հայրը, որդուն նայելով, ժպտում է։ 2. Ավելի ուշ նրա դուստրը մի կնոջ առաջարկում է jw.org կայքի այցեքարտը, իսկ հայրը, նայելով դստերը, ժպտում է։

Հայրը խոհեմ է և ծառայության հարցում իր երեխաներից ճիշտ ակնկալիքներ ունի (տես պարբերություն 9)


ԵՀՈՎԱՆ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ Է

10. Ինչպե՞ս է Եհովան համբերություն դրսևորել։

10 Հավանաբար նկատել ես, որ հպարտ մարդիկ չեն սիրում սպասել։ Հպարտությունը նրանց անհամբեր է դարձնում։ Եհովան, ով համբերելու հարցում գերագույն օրինակն է, միանգամայն տարբերվում է այդ մարդկանցից։ Հիշենք, որ Նոյի օրերում Եհովան ասաց, որ կսպասի 120 տարի և հետո միայն կվերացնի չարերին (Ծննդ. 6։3)։ Այդ ընթացքում Նոյը մեծացրեց իր երեխաներին և ընտանիքի հետ տապան կառուցեց։ Իսկ հետագայում, երբ Աբրահամը Սոդոմի ու Գոմորի կործանման վերաբերյալ հարցեր տվեց Եհովայի կողմից ուղարկված հրեշտակին, վերջինս համբերությամբ լսեց նրան։ Հպարտ անձնավորությունը այդ հարցերին գուցե այսպես պատասխաներ. «Ինչպե՞ս ես համարձակվում հարցեր տալ ինձ»։ Մինչդեռ ընդօրինակելով Եհովային՝ այդ հրեշտակը համբերություն դրսևորեց Աբրահամի հանդեպ (Ծննդ. 18։20-33)։

11. 2 Պետրոս 3։9-ի համաձայն՝ ինչո՞ւ է Եհովան համբերություն դրսևորում այսօր։

11 Եհովան այսօր էլ է խոնարհաբար համբերություն դրսևորում։ Նա սպասում է իր սահմանած ժամանակին, որ վերջ դնի այս համակարգին։ Ինչո՞ւ է նա համբերում. «որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (կարդա 2 Պետրոս 3։9)։ Անկասկած, Եհովայի համբերությունը մեծ արդյունքներ է տվել։ Միլիոնավոր ազնվասիրտ մարդիկ հնարավորություն են ունեցել մտերմանալու նրա հետ, և հույս ունենք, որ դեռ միլիոնավորներ էլ նույն կերպ կվարվեն։ Այնուամենայնիվ, Եհովայի համբերությունն անսպառ չէ, ու թեև նա սիրում է մարդկանց, բայց ամենաթող չէ. նա թույլ չի տա, որ չարությունը հավերժ տևի (Ամբ. 2։3)։

12. Հիսուսն ինչպե՞ս է ընդօրինակում Եհովայի համբերությունը։

12 Հիսուսն ընդօրինակում է իր Հորը։ Հիսուսը հազարավոր տարիներ շարունակ ընդօրինակում է Եհովայի համբերությունը։ Նա ականատես է եղել, թե ինչպես է Սատանան զրպարտել Եհովային և նրա հավատարիմ ծառաներին (Ծննդ. 3։4, 5; Հոբ 1։11; Հայտն. 12։10)։ Հիսուսը նաև տեսնում է, որ մարդիկ անասելի տառապանքներ են կրում։ Կարելի է պատկերացնել, թե նա որքան է ցանկանում «քանդել Բանսարկուի գործերը» (1 Հովհ. 3։8)։ Ի՞նչն է օգնում Հիսուսին համբերությամբ սպասելու, մինչև որ Եհովան նրան թույլ կտա վերջ դնել Բանսարկուի գործերին։ Առնվազն նրա խոնարհությունը, որը մղում է նրան ժամկետները որոշելու վերաբերյալ հարցը թողնել Եհովային՝ այն անձնավորությանը, ով իրավասու է դա անելու (Գործ. 1։7)։

13. Հիսուսն ինչպե՞ս համբերություն դրսևորեց առաքյալների նկատմամբ և ինչո՞ւ։

13 Երկրի վրա Հիսուսը համբերություն դրսևորեց իր առաքյալների նկատմամբ։ Օրինակ՝ երբ նրանք կրկին ու կրկին վիճում էին, թե իրենցից ով է ամենամեծը, Հիսուսը չհիասթափվեց նրանցից, այլ շարունակեց համբերել (Ղուկ. 9։46; 22։24-27)։ Նա վստահ էր, որ ժամանակի ընթացքում նրանք կփոխվեն և ավելի խոնարհ կդառնան։ Եղե՞լ է, որ մի քանի անգամ նույն սխալը կրկնես։ Եթե՝ այո, ապա մի՞թե երախտապարտ չես, որ այդպիսի խոնարհ ու համբերատար Թագավոր ունես։

14. Ինչպե՞ս կարող ենք համբերություն զարգացնել։

14 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։ Եթե «Քրիստոսի միտքն ունենանք», մեր մտածելակերպն ու գործելակերպը ավելի ու ավելի կնմանվեն Եհովայի մտածելակերպին ու գործելակերպին (1 Կորնթ. 2։16)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ Քրիստոսի միտքը։ Կարճ ճանապարհ չկա։ Մենք պետք է ընթերցենք Ավետարանները։ Պետք է նաև ժամանակ տրամադրենք ու մտածենք, թե այդ արձանագրությունները ինչպես են բացահայտում Հիսուսի տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Եվ իհարկե, պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ Հիսուսի պես խոնարհ մտավիճակ ունենալ։ Եթե Քրիստոսի միտքն ունենանք, ավելի շատ կնմանվենք Աստծուն և համբերատար կլինենք ինքներս մեր ու մեր հավատակիցների հանդեպ (Մատթ. 18։26-30, 35)։

ԵՀՈՎԱՆ ՊԱՏՎՈՒՄ Է ԽՈՆԱՐՀՆԵՐԻՆ

15. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ պատվում է խոնարհներին (Սաղմոս 138։6)։

15 Կարդա Սաղմոս 138։6։ Խոնարհ մարդկանց համար մեծ պատիվ է տիեզերքի Գերիշխանի ուշադրությանն արժանանալը։ Նկատի առնենք մի քանի մարդկանց օրինակ, ում ուրիշները գուցե վերևից են նայել, բայց ում Եհովան ուշադրության է արժանացրել։ Նրանցից ոմանց անունները գուցե չմտաբերենք, բայց Եհովան հոգ է տարել, որ նրանց մասին գրվի։ Օրինակ՝ Եհովան ներշնչեց Մովսեսին, որ գրի առնի նահապետների օրերում ապրող մի դայակի՝ Դեբորայի անունը։ Նա ընդհանուր հաշվով մոտ 125 տարի հավատարմորեն ծառայեց Իսահակի և Հակոբի տանը։ Թեև այս հավատարիմ կնոջ մասին շատ բան հայտնի չէ, բայց Եհովան հոգ է տարել, որ իր ներշնչմամբ գրված արձանագրության մեջ նշվի, թե որքան սիրված է եղել նա (Ծննդ. 24։59; 35։8, ծնթ.)։ Դարեր անց Եհովան Դավթին, ով մի պատանի հովիվ էր, նշանակեց Իսրայելի ազգի թագավոր (2 Սամ. 22։1, 36)։ Իսկ Հիսուսի ծնվելուց կարճ ժամանակ անց Աստված հրեշտակներ ուղարկեց խոնարհ հովիվների մոտ, որպեսզի նրանք առաջինը իմանան Բեթլեհեմի մոտակայքում ապագա Մեսիայի ծնվելու մասին։ Այդպես նա պատվեց նրանց (Ղուկ. 2։8-11)։ Եվ երբ Հովսեփն ու Մարիամը Հիսուսին բերեցին տաճար, Եհովան պատվեց տարեց Սիմեոնին ու Աննային՝ նրանց հնարավորություն տալով տեսնել իր Որդուն (Ղուկ. 2։25-30, 36-38)։ Իրոք որ, «թեև Եհովան բարձր է, բայց խոնարհներին ուշադրություն է դարձնում»։

16. Ինչպե՞ս էր Հիսուսը վարվում մարդկանց հետ՝ ընդօրինակելով իր Հորը։

16 Հիսուսն ընդօրինակում է իր Հորը։ Իր Հոր նման նա պատվում էր խոնարհներին։ Հիսուսը «անուսում և հասարակ» մարդկանց սովորեցնում էր Աստծու թագավորության մասին ճշմարտությունը (Գործ. 4։13; Մատթ. 11։25)։ Նա նաև բուժում էր հիվանդներին՝ վերականգնելով ոչ միայն նրանց առողջությունը, այլև արժանապատվությունը (Ղուկ. 5։13)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը նա լվաց իր առաքյալների ոտքերը, ինչը ծառայի գործ էր (Հովհ. 13։5)։ Եվ նախքան երկինք համբարձվելը նա պատվեց իր բոլոր խոնարհ հետևորդներին՝ թե՛ այդ ժամանակվա, թե՛ ապագա՝ նրանց հանձնարարելով ամենակարևոր գործը, որ մարդ երբևէ կարող է անել. օգնել մարդկանց հավիտենական կյանքի ուղին բռնելու (Մատթ. 28։19, 20)։

17. Ինչպե՞ս կարող ենք պատվել ուրիշներին (տես նաև նկարը)։

17 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։ Մենք պատվում ենք մարդկանց, երբ բարի լուրը քարոզում ենք բոլորին՝ անկախ նրանց ազգությունից, մաշկի գույնից կամ կրթության մակարդակից։ Մենք նաև պատվում ենք մեր եղբայրներին ու քույրերին, երբ նրանց մեզնից բարձր ենք համարում՝ անկախ նրանից, թե ինչ ունակություններ կամ պատասխանատվություններ ունենք (Փիլիպ. 2։3)։ Եհովան ուրախանում է, երբ այս և այլ կերպերով միմյանց «պատվելու հարցում առաջինն ենք լինում» (Հռոմ. 12։10; Սոփ. 3։12)։

Երկու քույրեր Աստվածաշունչ են ուսումնասիրում դատապարտյալ մի կնոջ հետ ուղղիչ հաստատությունում։

Մենք ընդօրինակում ենք Եհովայի խոնարհությունը՝ բարի լուրը քարոզելով ամեն տեսակ մարդկանց (տես պարբերություն 17)a


18. Ինչո՞ւ ենք ցանկանում ընդօրինակել Եհովային։

18 Եթե ընդօրինակենք մեր սիրառատ երկնային Հոր խոնարհությունը, կդառնանք ավելի հասանելի, խոհեմ և համբերատար։ Բացի այդ՝ կպատվենք ուրիշներին, ինչպես Եհովան է անում։ Թող որ մեր ջանքերը, որ գործադրում ենք մեր խոնարհ Աստծու հետ ավելի մտերմանալու համար, մեզ ավելի արժեքավոր դարձնեն նրա աչքում (Ես. 43։4)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆԵԼ ՄԵԶ, ՈՐ ԼԻՆԵՆՔ՝

  • հասանելի,

  • խոհեմ,

  • համբերատար։

ԵՐԳ 159 Եհո՛վա, արժանի ես մեծ փառքի

a ՆԿԱՐ։ Քույրերը խոնարհաբար ընդօրինակում են Եհովային և ուսուցանում ազատազրկված կանանց։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը