Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 մայիս էջ 2–7
  • Ընդօրինակենք հավատարիմ հրեշտակներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդօրինակենք հավատարիմ հրեշտակներին
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀ ԵՆ
  • ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
  • ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԵՆ
  • ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ ԺՈՂՈՎԸ
  • Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»
    2009 Դիտարան
  • Ովքե՞ր կամ ի՞նչ են հրեշտակները?
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 մայիս էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19

ԵՐԳ 6 Երկինքը Աստծու փառքն է հռչակում

Ընդօրինակենք հավատարիմ հրեշտակներին

«Գովաբանեք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ» (ՍԱՂ. 103։20)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Մենք շատ բաներ կարող ենք սովորել հավատարիմ հրեշտակներից։

1-2. ա) Ինչո՞վ ենք տարբերվում հրեշտակներից։ բ) Ի՞նչ ընդհանրություններ ունենք հրեշտակների հետ։

ԵՀՈՎԱՆ քեզ ձգել է դեպի իրեն և այդպիսով հրավիրել է լինելու իր սիրառատ ընտանիքի մի մասը։ Այն բաղկացած է աշխարհի տարբեր մասերում ապրող բազմաթիվ մարդկանցից, ինչպես նաև միլիոնավոր հավատարիմ հրեշտակներից (Դան. 7։9, 10)։ Ինչպես գիտենք, հրեշտակները շատ են տարբերվում մեզանից։ Օրինակ՝ նախքան մարդկանց արարումը նրանք երկար ժամանակ արդեն իսկ գոյություն են ունեցել (Հոբ 38։4, 7)։ Բացի այդ՝ հրեշտակները մեզանից անհամեմատ զորեղ են։ Նրանք այնքան սուրբ են ու արդար, որ անկատար մարդիկ որքան էլ ձգտեն, չեն կարող հավասարվել նրանց (Ղուկ. 9։26)։

2 Այդուհանդերձ, մենք հրեշտակների հետ նաև շատ ընդհանրություններ ունենք։ Օրինակ՝ հրեշտակների նման մենք ազատ կամք ունենք, ինչպես նաև օժտված ենք Եհովայի գեղեցիկ հատկությունները արտացոլելու ունակությամբ։ Նրանց պես մենք էլ ունենք անուններ, բնավորության ուրույն գծեր և տարբեր հանձնարարություններ ենք կատարում։ Ինչպես հրեշտակները, այնպես էլ մենք մեր Արարչին պաշտելու կարիքով ենք ստեղծված (1 Պետ. 1։12)։

3. Ի՞նչ կարող ենք սովորել հավատարիմ հրեշտակներից։

3 Քանի որ մենք հրեշտակների հետ շատ ընդհանուր բաներ ունենք, նրանց լավ օրինակը կարող է քաջալերական և ուսանելի լինել մեզ համար։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք հավատարիմ հրեշտակների պես խոնարհ ու դիմացկուն լինել, սիրել մարդկանց և ջանքեր գործադրել ժողովը մաքուր պահելու հարցում։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԽՈՆԱՐՀ ԵՆ

4. ա) Ինչպե՞ս են հրեշտակները խոնարհություն դրսևորում։ բ) Ինչո՞ւ են հրեշտակները խոնարհ (Սաղմոս 89։7)։

4 Հավատարիմ հրեշտակները խոնարհ են։ Թեև նրանք փորձառու են, հզոր և իմաստուն, սակայն հնազանդվում են Եհովայի հրահանգներին (Սաղ. 103։20)։ Եհովայի կողմից նրանք տարբեր հանձնարարություններ են ստանում, բայց երբեք չեն պարծենում իրենց արածով և չեն ցուցադրում իրենց գերմարդկային զորությունը։ Նրանք միշտ ուրախ են կատարելու Աստծու կամքը, անգամ եթե չի իմացվելու, թե տվյալ հանձնարարությունը իրենցից ով է արել (Ծննդ. 32։24, 29; 2 Թագ. 19։35)։a Նրանք հրաժարվում են փառաբանվելուց, որովհետև փառքը Եհովային է պատկանում։ Ինչո՞ւ են հրեշտակները այդքան խոնարհ. քանի որ սիրում են Եհովային և խորապես հարգում են նրան (կարդա Սաղմոս 89։7)։

5. Հովհաննես առաքյալին ուղղելիս մի հրեշտակ ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց (տես նաև նկարը)։

5 Աստվածաշնչից հիշենք մի դեպք, որը ցույց է տալիս, թե որքան խոնարհ են հրեշտակները։ Մոտ 96թ.-ին մի հրեշտակ, ում անունը մենք չգիտենք, Հովհաննես առաքյալին տեսիլքում ակնածանք ներշնչող բաներ ցույց տվեց (Հայտն. 1։1)։ Այդ ամենը տեսնելով՝ ինչպե՞ս արձագանքեց առաքյալը։ Նա ընկավ հրեշտակի ոտքերի առաջ, որ երկրպագի նրան, սակայն այդ հավատարիմ ոգեղեն էակն անմիջապես կանգնեցրեց նրան՝ ասելով. «Մի՛ արա այդ բանը։ Զգո՛ւյշ եղիր։ Ես ընդամենը քո և քո եղբայրների ծառայակիցն եմ.... Աստծո՛ւն երկրպագիր» (Հայտն. 19։10)։ Խոնարհության ինչպիսի՜ դրսևորում։ Հրեշտակը փառքի կամ գովաբանության չէր ձգտում։ Նա Հովհաննեսի ուշադրությունն անմիջապես հրավիրեց Եհովա Աստծու վրա։ Բայց միևնույն ժամանակ այնպես չարեց, որ առաքյալը իրեն ստորադաս զգա։ Չնայած որ այդ հրեշտակը շատ ավելի երկար ժամանակ էր ծառայում Եհովային, և Հովհաննեսից անհամեմատ զորեղ էր, խոնարհաբար նրան իր ծառայակիցը կոչեց։ Ու թեև նա ստիպված էր ուղղել տարեց առաքյալին, սակայն դա կոպտորեն չարեց, այլ բարությամբ խոսեց նրա հետ։ Հրեշտակը թերևս հասկացել էր, որ Հովհաննեսը իր տեսածից տպավորված էր ցանկացել պաշտել իրեն։

Հրեշտակը թույլ չի տալիս, որ Հովհաննեսը խոնարհվի իր առաջ ու երկրպագի իրեն։

Հովհաննեսի հետ խոսելիս հրեշտակը խոնարհություն դրսևորեց (տես պարբերություն 5)


6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հրեշտակների խոնարհությունը։

6 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հրեշտակների խոնարհությունը։ Մեր հանձնարարությունները կատարելիս մենք նույնպես գլուխ չենք գովի և չենք պարծենա մեր ունեցած հաջողություններով (1 Կորնթ. 4։7)։ Եթե մյուսներից ավելի երկար ժամանակ է, ինչ ծառայում ենք Եհովային, կամ որոշակի պատասխանատվություններ ունենք, մեզ նրանցից բարձր չենք դասի։ Իրականում որքան շատ պատասխանատվություններ ունենք, այնքան ավելի համեստ կարծիք պետք է ունենանք ինքներս մեր մասին (Ղուկ. 9։48)։ Հրեշտակների պես մենք ուզում ենք ծառայել ուրիշներին, ոչ թե նրանցից ավելի կարևոր երևալ։

7. Ինչպե՞ս կարող ենք խոնարհություն դրսևորել, երբ ինչ-որ մեկին ուղղում կամ խորհուրդ ենք տալիս։

7 Մենք կարող ենք խոնարհություն դրսևորել նաև այն ժամանակ, երբ ուղղում կամ խորհուրդ ենք տալիս ինչ-որ մեկին, օրինակ՝ մեր հավատակցին կամ երեխային։ Երբեմն կարիք է լինում ուղիղ խորհուրդ տալու։ Բայց ինչպես հրեշտակը Հովհաննեսին ուղղելիս բարություն դրսևորեց, այնպես էլ մենք կձգտենք ուղիղ, բայց և բարությամբ խորհուրդ տալ դիմացինին, որ վերջինս չվհատվի։ Եթե մեզ մյուսներից վեր չդասենք, դիմացինին ուղղելիս կլինենք հարգալից ու կարեկից և մեր խորհուրդը կհիմնենք Աստվածաշնչի վրա (Կող. 4։6)։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

8. ա) Ինչպե՞ս է Ղուկաս 15։10 համարը ցույց տալիս, որ հրեշտակները սիրում են մարդկանց։ բ) Ի՞նչ դեր ունեն հրեշտակները քարոզչական գործում (տես նաև նկարը)։

8 Հրեշտակները մարդկանց անկարևոր չեն համարում և անտարբեր չեն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում նրանց կյանքում։ Նրանք սիրում են մարդկանց և ուրախանում են, երբ մի մեղավոր զղջում է, այսինքն, երբ Եհովայի մոլորված գառնուկը վերադառնում է, կամ ինչ-որ մեկը փոփոխություններ է անում իր կյանքում և սկսում է ծառայել Եհովային (կարդա Ղուկաս 15։10)։ Բացի այդ՝ հրեշտակները ակտիվորեն աջակցում են քարոզչական գործին (Հայտն. 14։6)։ Ճիշտ է, նրանք անձամբ չեն քարոզում մարդկանց, բայց կարող են քարոզիչներին ուղղորդել այն անհատների մոտ, ովքեր ցանկանում են իմանալ Եհովայի մասին։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող պնդել, որ այս կամ այն իրավիճակում հենց հրեշտակներն են միջամտել, քանի որ Եհովան մարդկանց օգնում կամ իր ծառաներին ուղղություն է տալիս նաև այլ միջոցներով, օրինակ՝ իր սուրբ ոգով (Գործ. 16։6, 7)։ Բայց մի բան հստակ է. հրեշտակները ակտիվորեն ներգրավված են քարոզչական գործում։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ երբ քարոզում ենք բարի լուրը, հրեշտակները մեզ հետ են (տես նաև «Նրանց աղոթքները անպատասխան չմնացին» շրջանակը)։b

Ամուսինները քայլում են քաղաքի փողոցներից մեկով՝ իրենց հետ տանելով ցուցատախտակը։ Հրեշտակները վերևից ուղղորդում են քրոջը, որ նկատի նստարանին նստած երիտասարդ մի կնոջ, ով տխուր է։

Ամուսնական զույգը ավարտել է ցուցատախտակով ծառայությունը։ Տունդարձի ճանապարհին քույրը նկատում է մի կնոջ, ով տխուր է։ Քույրը գիտի, որ հրեշտակները կարող են ուղղորդել մեզ նրանց մոտ, ովքեր հոգևոր աջակցություն են փնտրում։ Նա մղվում է խոսելու այդ կնոջ հետ և մխիթարելու նրան (պարբերություն 8)


Նրանց աղոթքները անպատասխան չմնացին

Հնարավոր է, որ ստորև նշված դեպքերում Եհովան հրեշտակների միջոցով է պատասխանել մարդկանց աղոթքներին։

  • Պերուում 12-ամյա մի աղջիկ իր մոր հետ հեռախոսով ծառայելիս զրուցեց մի կնոջ հետ, ով Աստծուն խնդրել էր, որ ինչ-որ մեկին ուղարկի իրեն օգնելու։ Կնոջ կարծիքով՝ այդ աղջկա զանգը իր աղոթքների պատասխանն էր, ուստի նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել և կարճ ժամանակ հետո սկսեց հաճախել ժողովներին։

  • Ռումինիայում մի կին որոշ ժամանակ Աստվածաշունչ էր ուսումնասիրել, բայց հետո դադարեցրել էր ուսումնասիրությունը։ Հետագայում նա տեղափոխվել էր Իտալիա և մի ընտանիքում աշխատում էր որպես խնամող։ Այդ ընթացքում նրա մեջ Աստվածաշնչի ուսումնասիրությունը վերսկսելու ցանկություն առաջացավ։ Այդ կինը տեղի Վկաներից ոչ մեկին չէր ճանաչում, ուստի օգնության համար դիմեց Եհովային։ Կարճ ժամանակ անց այդ ընտանիքը նրան խնդրեց, որ մի խանութից առևտուր անի իրենց համար, բայց խորհուրդ տվեց, որ զրույցի չբռնվի խանութի տիրոջ հետ՝ ասելով. «Նա Եհովայի վկա է և իր հաճախորդների հետ Աստվածաշնչից է խոսում»։ Խանութի տերը՝ մեր եղբայրը, իհարկե քարոզեց այդ կնոջը, և վերջինս, համարելով, որ դա իր աղոթքների պատասխանն է, վերսկսեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը և հոգևորապես առաջադիմեց։ Այդ կնոջ տղաներից մեկը, իր մոր օրինակից տպավորված, նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովներին։

  • Վկա ամուսինները որոշել էին վաճառել իրենց ավտոմեքենան։ Երբ մի տղամարդ իր կնոջ հետ եկավ տեսնելու մեքենան, Վկաներն առիթն օգտագործեցին բացատրելու նրանց, որ այն վաճառում են, որպեսզի պարզեցնեն իրենց կյանքը և ավելի շատ ժամանակ ունենան մարդկանց Աստվածաշունչ ուսուցանելու համար։ Այդ տղամարդն ասաց. «Երեկ ես աղոթել էի. «Խնդրում եմ, Աստվա՛ծ իմ, այնպես արա, որ հանդիպեմ մեկին, ով ինձ կօգնի։ Դատարկության զգացումը համակել է ինձ։ Ես փնտրում եմ ճիշտը, բայց չեմ կարողանում գտնել»»։ Այդ մարդու կարծիքով՝ նրանց հանդիպումը իր աղոթքի պատասխանն էր։ Նա, նրա կինը և երկու դեռահաս աղջիկները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանց ընտանիքը այժմ հաճախում է ժողովներին։

9. Մարդկանց սիրելու հարցում ի՞նչ անելով կարող ենք ընդօրինակել հրեշտակներին։

9 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հրեշտակներին մարդկանց սիրելու հարցում։ Երբ հայտարարվում է, որ ինչ-որ մեկը վերականգնվել է, հրեշտակների պես մենք էլ ենք ուրախանում։ Մենք ջերմորեն ընդունում ենք մեր հավատակցին և հավաստիացնում նրան մեր սիրո մեջ (Ղուկ. 15։4-7; 2 Կորնթ. 2։6-8)։ Հրեշտակներին ընդօրինակում ենք նաև, երբ մեր հնարավորությունների սահմաններում մասնակցում ենք քարոզչությանը (Ժող. 11։6)։ Եվ ինչպես որ հրեշտակներն են աջակցում մեզ քարոզչական գործում, այնպես էլ մենք կարող ենք կերպեր փնտրել, որ աջակցենք մեր հավատակիցներին ծառայության մեջ։ Օրինակ՝ գուցե ծրագրենք ծառայել քիչ փորձ ունեցող քարոզիչների հետ կամ էլ օգնենք տարեց կամ առողջական խնդիրներ ունեցող մեր հավատակիցներին, որ նրանք նույնպես կարողանան մասնակցել ծառայությանը։

10. Ի՞նչ ենք սովորում Սառայի օրինակից։

10 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե մեր հանգամանքները թույլ չեն տալիս ծառայության մեջ անել այնքան, որքան կուզեինք։ Նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք համագործակցել հրեշտակների հետ։ Ուշադրություն դարձնենք Սառայիc օրինակին, ով ապրում է Հնդկաստանում։ Մոտ 20 տարի ռահվիրա ծառայելուց հետո Սառան առողջական լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի հետևանքով դարձավ անկողնային հիվանդ։ Բնական է, որ քույրը շատ վհատված էր։ Բայց իր հոգևոր ընտանիքի սիրառատ աջակցության և Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության շնորհիվ Սառան աստիճանաբար վերագտավ ուրախությունը։ Այնուամենայնիվ, նա պետք է հարմարվեր իր նոր հանգամանքներին և ծառայության այլ ձևեր փորձեր։ Սառան չէր կարողանում անգամ նստել, որպեսզի նամակներ գրեր, ուստի միայն հեռախոսով էր ծառայում։ Նա զանգահարում էր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվել էին Աստծու Խոսքով, և վերջիններս նրան ասում էին, թե ուրիշ ովքեր կցանկանային ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ընդամենը մի քանի ամսում Սառան 70 հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Բայց նրանց բոլորի հետ ուսումնասիրություն անցկացնելը նրա ուժերից վեր էր, ուստի ժողովի հավատակիցներին խնդրեց, որ ոմանց հետ նրանք ուսումնասիրեն։ Այդ անհատներից շատերն այժմ ժողով են գնում։ Միայն պատկերացրու հրեշտակների ուրախությունը, երբ համագործակցում են Սառայի նման անձնվեր քարոզիչների հետ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով մասնակցում են ծառայությանը։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԵՆ

11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հրեշտակները դիմացկունություն դրսևորելու հարցում հրաշալի օրինակ են։

11 Հավատարիմ հրեշտակները հրաշալի օրինակ են դիմացկունություն դրսևորելու հարցում։ Հազարավոր տարիներ է, ինչ նրանք դիմանում են անարդարությանն ու չարությանը։ Նրանք տեսել են, թե ինչպես են Սատանան և բազմաթիվ այլ ոգեղեն արարածներ, որոնք մի ժամանակ իրենց հետ ուս ուսի ծառայում էին Եհովային, ըմբոստացել նրա դեմ (Ծննդ. 3։1; 6։1, 2; Հուդա 6)։ Աստվածաշնչում խոսվում է հավատարիմ հրեշտակներից մեկի մասին, ով մի քանի օր շարունակ ստիպված է եղել պայքարել մի հզոր դևի դեմ (Դան. 10։13)։ Բացի այդ՝ հրեշտակները տեսել են, որ մարդկության պատմության ողջ ընթացքում շատ քիչ թվով մարդիկ են թիկունք կանգնում ճշմարիտ երկրպագությանը։ Չնայած այս ամենին՝ այդ հավատարիմ ոգեղեն արարածները շարունակում են եռանդով և ուրախությամբ ծառայել Եհովային։ Նրանք վստահ են, որ ճիշտ ժամանակին Աստված ամբողջությամբ կվերացնի անարդարությունը։

12. Ի՞նչը կօգնի մեզ դիմանալ։

12 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հրեշտակների դիմացկունությունը։ Հրեշտակների պես մենք էլ գուցե ականատես լինենք անարդարության կամ բախվենք հակառակության։ Բայց համոզված ենք, որ Եհովան ճիշտ ժամանակին կվերացնի չարությունը։ Ուստի ինչպես հրեշտակները, այնպես էլ մենք «չենք հանձնվում ու շարունակում ենք ճիշտն անել» (Գաղ. 6։9)։ Հիշենք նաև, որ Աստված խոստացել է օգնել մեզ դիմանալ (1 Կորնթ. 10։13)։ Մենք կարող ենք խնդրել նրանից իր սուրբ ոգին, որը կօգնի զարգացնել համբերություն և ուրախություն (Գաղ. 5։22; Կող. 1։11)։ Իսկ հակառակության բախվելիս թող որ լիովին ապավինենք Եհովային և չտրվենք վախին. չէ՞ որ նա միշտ մեր կողքին կլինի և կզորացնի մեզ (Եբր. 13։6)։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ ԺՈՂՈՎԸ

13. Այս վերջին օրերում ի՞նչ հատուկ հանձնարարություն ունեն հրեշտակները (Մատթեոս 13։47-49)։

13 Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետաքրքրվում են բարի լուրով։ Նրանցից ոմանք փոփոխություններ են անում և դառնում ճշմարիտ քրիստոնյաներ, մինչդեռ ոմանք չեն ցանկանում ծառայել Աստծուն։ Եհովան հրեշտակներին մի հատուկ հանձնարարություն է տվել այս վերջին օրերում (կարդա Մատթեոս 13։47-49)։ Նրանք պետք է «արդարների միջից առանձնացնեն անօրեններին»։ Այսինքն՝ հրեշտակները նշանակված են, որ օգնեն ժողովը մաքուր պահել։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր այլևս հրաժարվում են շփվել մեզ հետ, անկախ նրանից, թե որն է դրա պատճառը, էլ չեն կարող վերադառնալ ժողով։ Դա նաև չի նշանակում, որ ժողովում խնդիրներ չեն լինելու։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք համոզված լինել, որ հրեշտակները ամեն բան անում են, որպեսզի օգնեն մաքուր պահել ժողովը։

14-15. Ինչպե՞ս կարող ենք հրեշտակներին ընդօրինակելով՝ նպաստել ժողովի հոգևոր ու բարոյական մաքրությանը (տես նաև նկարները)։

14 Ինչպե՞ս կարող ենք հրեշտակներին ընդօրինակելով՝ նպաստել ժողովի մաքրությանը։ Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ պահպանենք մեր հարաբերությունները Եհովայի հետ՝ ճիշտ ընկերներ ընտրելով և խուսափելով ցանկացած բանից, ինչը կարող է վնասել նրա հետ մեր ընկերությունը։ Այդպիսով կնպաստենք ժողովի բարոյական և հոգևոր մաքրությանը (Սաղ. 101։3)։ Մենք կարող ենք նաև մեր հավատակիցներին օգնել, որ նվիրված մնան Եհովային։ Օրինակ, եթե իմանանք, որ նրանցից մեկը լուրջ մեղք է գործել, սիրուց մղված՝ կհորդորենք նրան խոսել երեցների հետ։ Իսկ եթե նա չանի դա, մենք երեցներին կտեղեկացնենք կատարվածի մասին. չէ՞ որ ուզում ենք՝ հոգևորապես թույլ մեր հավատակիցները հնարավորինս շուտ օգնություն ստանան (Հակ. 5։14, 15)։

15 Ցավոք, լուրջ մեղք գործած անհատներից ոմանք չեն զղջում և հեռացվում են ժողովից։ Նման դեպքերում մենք չպետք է «որևէ շփում ունենաք» նրանց հետ (1 Կորնթ. 5։9-13)։d Այս կարգը օգնում է, որ ժողովը մաքուր մնա։ Ավելին՝ այդպիսի մարդկանց հետ չշփվելով՝ մենք իրականում բարություն ենք դրսևորում նրանց հանդեպ։ Մեր այդ վճռական դիրքորոշումը կարող է մղել նրանց սթափվելու։ Եվ եթե նրանք վերադառնան, մենք Եհովայի և հրեշտակների հետ կուրախանանք նրանց համար (Ղուկ. 15։7)։

Համակցված նկարներ։ 1. Երկու քույր, այգու նստարանին նստած, սուրճ են խմում։ Քույրերից մեկը խոսում է, իսկ մյուսը ուրիշ կողմ է նայում։ 2. Որոշ ժամանակ անց այն քույրը, որը խոսում էր, Թագավորության սրահում մոտեցել է երկու երեցի։

Ի՞նչ պետք է անենք, երբ իմանում ենք, որ մեր հավատակիցը լուրջ մեղք է գործել (տես պարբերություն 14)e


16. Ո՞ր հարցերում ես ցանկանում ընդօրինակել հրեշտակներին։

16 Ի՜նչ մեծ պատվի է Եհովան արժանացրել մեզ՝ հնարավորություն տալով հավատի աչքերով տեսնել ոգեղեն ոլորտը և համագործակցել հրեշտակների հետ։ Եկեք ընդօրինակենք այդ հավատարիմ ոգեղեն էակներին. նրանց պես լինենք խոնարհ, սիրենք մարդկանց, համբերությամբ դիմանանք ու նպաստենք ժողովի բարոյական և հոգևոր մաքրությանը։ Եթե այդպես վարվենք, Եհովային պաշտողների մեծ ընտանիքի անդամները կլինենք հավիտյան։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՆՄԱՆ՝

  • լինել խոնարհ,

  • սիրել մարդկանց,

  • նպաստել ժողովի մաքրությանը։

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

a Միլիոնավոր հրեշտակներից միայն երկուսի անունն է նշված Աստվածաշնչում՝ Միքայելի և Գաբրիելի (Դան. 12։1; Ղուկ. 1։19)։

b Ավելի շատ օրինակներ կարող ես գտնել «Դիտարանի հրատարակությունների ցանկում» «Հրեշտակներ» վերնագրի «Հրեշտակային աջակցություն (օրինակներ)» ենթավերնագրի տակ (անգլ., ռուս.)։

c Անունը փոխված է։

d Ինչպես նշվեց 2024թ. Կառավարիչ մարմնի №2 հաշվետվության մեջ, երբ ժողովից հեռացված անհատը գալիս է հանդիպումներին, քարոզիչները կարող են Աստվածաշնչով կրթված իրենց խղճի թելադրանքով որոշել՝ ողջույնի պարզ խոսքեր ասել նրան, թե ոչ։

e ՆԿԱՐ։ Մի քույր հորդորում է իր ընկերուհուն խոսել երեցների հետ։ Ժամանակ է անցնում, բայց նրա ընկերուհին այդպես էլ չի մոտենում երեցներին, և քույրը ինքն է նրանց հայտնում տեղի ունեցածի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը