ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27
ԵՐԳ 79 Սովորեցրու նրանց հաստատ կանգնել
Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին Եհովային ծառայելու որոշում կայացնել
«Հավատի մեջ հաստատուն եղեք.... զորացեք» (1 ԿՈՐՆԹ. 16։13)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ Եհովային ծառայելու որոշում կայացնելու համար հավատ ու քաջություն ունենան։
1-2. ա) Ինչո՞ւ են որոշ ուսումնասիրողներ վարանում ճշմարտության կողմը բռնել։ բ) Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։
ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ունեցե՞լ ես Եհովայի վկա դառնալու առնչությամբ։ Գուցե վախեցել ես, որ աշխատակիցներդ, ընկերներդ կամ ընտանիքիդ անդամները երես կթեքեն քեզնից, կամ մտածել ես, որ երբեք չես կարողանա ապրել Աստծու սահմանած չափանիշներով։ Եթե ունեցել ես նման անհանգստություններ, ուրեմն կհասկանաս այն մարդկանց, ովքեր ուսումնասիրում են Աստվածաշունչը, բայց վարանում են Եհովայի վկա դառնալ։
2 Հիսուսը գիտեր, որ նման վախերը կարող են խանգարել անհատի հոգևոր առաջադիմությանը (Մատթ. 13։20-22)։ Բայց նա ձեռք չքաշեց այն մարդկանցից, ովքեր վարանում էին դառնալ իր հետևորդները։ Դեռ ավելին՝ նա աշակերտներին իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է օգնել բարի լուրով հետաքրքրվող մարդկանց՝ 1) հասկանալ, թե ինչն է խոչընդոտում իրենց առաջադիմությանը, 2) խորացնել իրենց սերը Եհովայի հանդեպ, 3) ճիշտ առաջնահերթություններ դնել և 4) հաղթահարել խոչընդոտները։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին, երբ ինչ-որ մեկին «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միջոցով օգնում ենք ճշմարտության կողմը բռնել։
ՕԳՆԻՐ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆԸ
3. Թերևս ի՞նչն էր Նիկոդեմոսին հետ պահում Հիսուսի աշակերտը դառնալուց։
3 Նիկոդեմոսը, ով հրեաների ճանաչված առաջնորդներից էր, դժվարանում էր Հիսուսի աշակերտը դառնալու որոշում կայացնել։ Ընդամենը վեց ամիս էր, ինչ Հիսուսը սկսել էր իր ծառայությունը, երբ Նիկոդեմոսը հասկացավ, որ նա Մեսիան է (Հովհ. 3։1, 2)։ Սակայն նա «վախենում էր հրեաներից» և Հիսուսի հետ գաղտնի էր հանդիպում (Հովհ. 7։13; 12։42)։ Գուցե նա մտածում էր, որ եթե դառնա Հիսուսի աշակերտը, շատ բան կկորցնի։a
4. Հիսուսն ինչպե՞ս օգնեց Նիկոդեմոսին հասկանալ, թե ինչ է Աստված ակնկալում նրանից։
4 Նիկոդեմոսը քաջատեղյակ էր Մովսիսական օրենքին, բայց նա օգնության կարիք ուներ հասկանալու, թե ինչ է Եհովան ակնկալում իրենից, և Հիսուսն օգնեց նրան։ Նա միշտ պատրաստ էր ժամանակ տրամադրել Նիկոդեմոսին և անգամ գիշերը հանդիպեց նրա հետ։ Հիսուսը հստակ նշեց, թե աշակերտ դառնալու համար ինչ պետք է աներ Նիկոդեմոսը. նա պետք է զղջար իր մեղքերի համար, ջրում մկրտվեր և հավատ դրսևորեր Աստծու Որդու հանդեպ (Հովհ. 3։5, 14-21)։
5. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշունչ ուսումնասիրողին օգնել հասկանալու, թե ինչն է նրան խանգարում առաջադիմել։
5 Անգամ եթե անհատը լավ գիտի Աստվածաշունչը, գուցե կարիք լինի նրան օգնելու հասկանալ, թե ինչն է խոչընդոտում իր առաջադիմությանը։ Աշխատանքը կամ ընտանիքի կողմից հալածանքը գուցե խանգարի նրան հոգևոր նպատակներ դնել։ Ուստի ժամանակ տրամադրիր նրան։ Օրինակ՝ հրավիրիր սուրճ խմելու կամ զբոսնելու։ Ազատ միջավայրում դու կօգնես նրան անկաշկանդ խոսել իր խնդիրների մասին։ Հորդորիր նրան փոփոխություններ անել ոչ թե քեզ հաճեցնելու ցանկությունից մղված, այլ Եհովայի հանդեպ սիրուց։
6. Ի՞նչ կարող ես անել, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը քաջություն ունենա կիրառելու իր սովորածը (1 Կորնթացիներ 16։13)։
6 Եթե անհատը վստահ լինի, որ Եհովան կօգնի իրեն ապրել աստվածաշնչյան չափանիշներով, քաջություն կունենա կիրառելու սովորածը (կարդա 1 Կորնթացիներ 16։13)։ Աստվածաշունչ ուսուցանողի քո դերը կարելի է համեմատել դպրոցի ուսուցչի հետ։ Դպրոցում ուսուցիչներիցդ ո՞ր մեկին էիր ավելի շատ սիրում։ Հավանաբար նրան, ով համբերությամբ օգնում էր քեզ վստահել սեփական ուժերիդ։ Նմանապես՝ Աստվածաշնչի լավ ուսուցիչը ոչ միայն անհատին սովորեցնում է, թե ինչ է Աստված պահանջում, այլև հավաստիացնում է, որ Եհովայի օգնությամբ նա կարող է անհրաժեշտ փոփոխություններն անել իր կյանքում։ Իսկ դո՞ւ ինչպես կարող ես օգնել նրան։
ՕԳՆԻՐ ՆՐԱՆ ԽՈՐԱՑՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ
7. Ինչպե՞ս էր Հիսուսն իր ունկնդիրներին օգնում խորացնել Եհովայի հանդեպ իրենց սերը։
7 Հիսուսը գիտեր, որ եթե իր աշակերտները սիրեն Աստծուն, կմղվեն կիրառելու իրենց սովորածը։ Հիսուսի ունկնդիրներից ոմանք, հնարավոր է, սիրող հայր չէին ունեցել։ Ուստի հաճախ նա այնպիսի բաներ էր սովորեցնում նրանց, որոնք օգնում էին խորացնել սերը իրենց երկնային Հոր հանդեպ։ Օրինակ՝ մի անգամ նա խոսեց մի մարդու մասին, ով իր երեխաներին լավ բաներ է տալիս, և դրանով ցույց տվեց, թե որքան սիրառատ է Եհովան (Մատթ. 7։9-11)։ Իսկ մեկ այլ առիթով նա խոսեց մի կարեկից հոր մասին, ով ջերմությամբ ընդունեց իր որդուն, որը ժամանակին սխալ ուղի էր բռնել։ Պատկերացրու, թե ինչ էին զգում նրա ունկնդիրները։ Նրանք կարող էին տեսնել, թե որքան կարեկից է Եհովան իր երկրային զավակների հանդեպ (Ղուկ. 15։20-24)։
8. Ինչպե՞ս կարող ես օգնել անհատին խորացնել իր սերը Եհովայի հանդեպ։
8 Դու նույնպես կարող ես օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին, որ խորացնի իր սերը Եհովայի հանդեպ, եթե ուսուցման ժամանակ հաճախ նրա ուշադրությունը հրավիրես Աստծու հատկությունների վրա։ Յուրաքանչյուր դասընթացի ժամանակ օգնիր նրան տեսնել իր սովորածի ու Եհովայի սիրո միջև եղած կապը։ Իսկ երբ քննարկում եք Հիսուսի զոհագործության վերաբերյալ թեման, ցույց տուր, թե այն ինչպես է առնչվում անձամբ իրեն (Հռոմ. 5։8; 1 Հովհ. 4։10)։ Աստվածաշունչ ուսումնասիրողը, ամենայն հավանականությամբ, կմղվի սիրել Եհովային, եթե խորհրդածի անձամբ իր հանդեպ նրա դրսևորած սիրո մասին (Գաղ. 2։20)։
9. Ի՞նչն օգնեց Մայքլ անունով մի տղամարդու փոխել իր կյանքը։
9 Քննենք Ինդոնեզիայում ապրող Մայքլ անունով մի մարդու օրինակը։ Նա փոքրուց գիտեր ճշմարտությունը, բայց չէր մկրտվել։ 18 տարեկանում բեռնատարի վարորդ աշխատելու նպատակով նա մեկնեց արտերկիր։ Այնուհետև վերադարձավ Ինդոնեզիա և ամուսնացավ, բայց ստիպված եղավ լքել ընտանիքը, և կրկին մեկնեց արտասահման՝ աշխատելու։ Այդ ընթացքում նրա կինն ու դուստրը սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը և հոգևորապես առաջադիմեցին։ Իր մոր մահից հետո Մայքլը որոշեց վերադառնալ տուն և հոգ տանել հոր մասին։ Նա սկսեց Աստծու Խոսքն ուսումնասիրել։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 27-րդ դասի «Իմանանք ավելին» բաժնի քննարկումը շատ տպավորեց Մայքլին։ Երբ նա մտածեց այն մասին, թե ինչ զգացումներ է ունեցել Եհովան՝ տեսնելով իր Որդու տառապանքը, նրա աչքերը արցունքով լցվեցին։ Հիսուսի փրկագնի համար խոր գնահատանքով լցված՝ նա մղվեց փոխելու իր կյանքը և մկրտվեց։
ՕԳՆԻՐ ՃԻՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՆԵԼ
10. Հիսուսն ինչպե՞ս օգնեց իր աշակերտներին ճիշտ առաջնահերթություններ դնել (Ղուկաս 5։5-11; տես նաև նկարը)։
10 Հիսուսի աշակերտները հասկացել էին, որ նա է խոստացված Մեսիան, բայց նրանք դեռ օգնության կարիք ունեին, որ կարողանային ծառայությունն իրենց կյանքում առաջնային համարել։ Պետրոսն ու Անդրեասը արդեն որոշ ժամանակ էր, ինչ Հիսուսի աշակերտներն էին, երբ նա հրավիրեց նրանց լիաժամ ծառայել (Մատթ. 4։18, 19)։ Նրանք ձկնորսության ծաղկող բիզնես ունեին և հավանաբար աշխատում էին Հակոբոսի և Հովհաննեսի հետ (Մարկ. 1։16-20)։ Այնուամենայնիվ Պետրոսն ու Անդրեասը ընդունեցին Հիսուսի հրավերը և «թողեցին ցանցերը»։ Այդ որոշումը կայացնելիս նրանք ըստ ամենայնի նաև մտածել էին, թե Հիսուսին հետևելու հետ մեկտեղ ինչպես են հոգ տանելու իրենց ընտանիքի համար։ Իսկ ի՞նչը մղեց նրանց փոխել իրենց առաջնահերթությունները։ Ղուկասի Ավետարանից տեսնում ենք, որ Հիսուսի արած հրաշքը ամրացրեց նրանց վստահությունն այն բանում, որ Եհովան կարող է հոգ տանել իրենց համար (կարդա Ղուկաս 5։5-11)։
Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Հիսուսն ինչպես օգնեց իր աշակերտներին ճիշտ առաջնահերթություններ դնել (տես պարբերություն 10)b
11. Ինչպե՞ս կարող ենք մեզ հետ տեղի ունեցած դեպքերի միջոցով ամրացնել ուսումնասիրողի հավատը։
11 Ինչ խոսք, մենք չենք կարող հրաշքներ անել, բայց կարող ենք պատմել դեպքեր այն մասին, թե ինչպես է Եհովան աջակցում նրանց, ովքեր իր կամքն անելը իրենց կյանքում առաջնային են համարում։ Թերևս հիշում ես՝ ինչպես էր Եհովան օգնում քեզ, երբ նոր էիր սկսել հաճախել ժողովի հանդիպումներին։ Գուցե արտաժամ աշխատելը խանգարում էր քեզ ներկա լինել հանդիպումներին, և դու մոտեցար քո գործատիրոջը ու բացատրեցիր, թե ինչու չես կարող այլևս արտաժամ աշխատել։ Պատմիր քո օրինակը ուսումնասիրողին և նշիր, թե ինչպես է ամրացել հավատդ, երբ տեսել ես, որ Եհովան աջակցում է քեզ, որպեսզի կարողանաս իրեն պաշտելը առաջնային համարել։
12. ա) Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի դասընթացին հրավիրենք տարբեր քարոզիչների։ բ) Ինչպե՞ս կարող ես տեսանյութերի միջոցով արդյունավետորեն ուսուցանել։ Բեր օրինակ։
12 Աստվածաշունչ ուսումնասիրողի համար օգտակար կլինի նաև լսել, թե ինչպես են մյուս քրիստոնյաները ճիշտ առաջնահերթություններ դրել։ Ուստի դասընթացին հրավիրիր տարբեր անցյալ ունեցող հավատակիցների։ Խնդրիր նրանց պատմել, թե ինչպես են ընդունել ճշմարտությունը և թե ինչ են արել Եհովային ծառայելը առաջնային դարձնելու համար։ Բացի այդ՝ ժամանակ տրամադրիր, որ դիտեք «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի «Իմանանք ավելին» բաժնի տեսանյութերը, և եթե կարիք կա, «Բացահայտիր ավելին» բաժնի տեսանյութերից։ Ահա մի առաջարկ, թե ինչպես կարող ես տեսանյութի միջոցով արդյունավետորեն ուսուցանել։ 37-րդ դասը ուսումնասիրելիս «Եհովան կհոգա մեր կարիքները» տեսանյութը դիտելուց հետո ընդգծիր դրանում ամփոփված սկզբունքները, և թե դրանք ինչպես կարող են օգնել ուսումնասիրողին անհատապես։
ՕԳՆԻՐ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Ինչպե՞ս Հիսուսն իր աշակերտներին պատրաստեց փորձություններին։
13 Հիսուսն իր հետևորդներին բազմիցս ասել է, որ նրանք մարդկանց կողմից հակառակության են բախվելու՝ անգամ հարազատների կողմից (Մատթ. 5։11; 10։22, 36)։ Իր երկրային ծառայության ավարտին նա նախազգուշացրեց իր աշակերտներին, որ նրանք գուցե մահանան իրենց հավատի համար (Մատթ. 24։9; Հովհ. 15։20; 16։2)։ Հիսուսը հորդորեց նրանց քարոզելիս զգույշ լինել։ Նա նաև խորհուրդ տվեց չվիճաբանել հակառակորդների հետ և խորագետ լինել, որպեսզի կարողանան շարունակել քարոզել։
14. Ինչպե՞ս կարող ենք օգնել անհատին, որ պատրաստ լինի հակառակությանը (2 Տիմոթեոս 3։12)։
14 Մենք ուսումնասիրողին կօգնենք պատրաստ լինել առերեսվելու հակառակությանը, եթե նախապես խոսենք նրա հետ այն մասին, թե ինչ կարող են ասել իր աշխատակիցները, ընկերները և հարազատները (կարդա 2 Տիմոթեոս 3։12)։ Որոշ աշխատակիցներ թերևս ծաղրեն անհատի նոր ապրելակերպը։ Մյուսներն էլ, նույնիսկ մոտ հարազատները, գուցե քննադատեն Աստվածաշնչի վրա հիմնված նրա հավատալիքները։ Շատ կարևոր է նրա հետ հնարավորինս շուտ խոսել հակառակության մասին։ Այդպիսով, երբ նա փորձության բախվի, անակնկալի չի գա և պատրաստ կլինի ճիշտ արձագանքելու։
15. Ի՞նչը կօգնի անհատին հաղթահարել ընտանիքից եկող հակառակությունը։
15 Ընտանիքի անդամներից եկող հակառակության մասին խոսելիս հորդորիր անհատին մտածել, թե որը կարող է լինել նրանց արձագանքի պատճառը։ Նրանք գուցե մտածեն, որ իրենց հարազատին մոլորեցրել են, կամ էլ պարզապես կանխակալ տրամադրվածություն ունենան Եհովայի վկաների նկատմամբ։ Անգամ Հիսուսի հարազատները բացասաբար արձագանքեցին նրա գործունեությանը (Մարկ. 3։21; Հովհ. 7։5)։ Աստվածաշունչ ուսումնասիրողին սովորեցրու, որ մարդկանց, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների հանդեպ լինի համբերատար և նրբանկատ։
16. Ինչպե՞ս կարող ենք անհատին օգնել, որ ուրիշների հետ նրբանկատորեն խոսի։
16 Անգամ եթե անհատի հարազատները հետաքրքրվում են ճշմարտությամբ, նա իմաստնորեն վարված կլինի, եթե միանգամից ամեն ինչի մասին չխոսի նրանց հետ։ Հակառակ դեպքում նրանք կհոգնեն և այլևս չեն ցանկանա խոսել նրա կրոնի մասին։ Ուստի հորդորիր նրան, որ իր հավատալիքների մասին խոսի այնքան, որ նրա հարազատները ցանկանան մեկ ուրիշ անգամ շարունակել զրույցը (Կող. 4։6)։ Նա կարող է հորդորել նրանց այցելել jw.org կայք, ինչը հնարավորություն կտա իրենց ուզած չափով տեղեկություններ ստանալ Եհովայի վկաների մասին։
17. Ինչպե՞ս կարող ես սովորեցնել ուսումնասիրողին ճիշտ պատասխանել Եհովայի վկաների վերաբերյալ հարցերին (տես նաև նկարը)։
17 Ուսումնասիրողին կարող ես օգնել, որ բարեկամների կամ աշխատակիցների հարցերին պարզ պատասխաններ պատրաստի՝ օգտվելով jw.org կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնից (2 Տիմոթ. 2։24, 25)։ Յուրաքանչյուր ուսումնասիրության վերջում քննարկեք «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի «Ոմանք ասում են» բաժինը։ Հորդորիր ուսումնասիրողին, որ իր բառերով պատասխանի հարցերին։ Առաջարկներ արա, որոնց օգնությամբ նա կկարողանա հղկել իր պատասխանը։ Նման կերպ նախապատրաստվելը կօգնի նրան սովորել վստահությամբ պաշտպանել իր հավատը։
Հորդորիր ուսումնասիրողին մասնակցել քարոզչությանը՝ նրա հետ նախապես պատրաստվելով (տես պարբերություն 17)c
18. Ինչպե՞ս կարող ես մղել ուսումնասիրողին ժողովի հետ մասնակցելու քարոզչական գործին (Մատթեոս 10։27)։
18 Հիսուսը հորդորեց իր աշակերտներին հանրորեն քարոզել բարի լուրը (կարդա Մատթեոս 10։27)։ Որքան շուտ անհատը սկսի խոսել իր հավատի մասին, այնքան ավելի շուտ կսովորի ապավինել Եհովային։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրան այդպիսի նպատակ դնել։ Եթե ձեր տարածքում քարոզարշավ է ծրագրվում, մղիր նրան մտածելու, թե ինչ պետք է անի քարոզիչ դառնալու համար։ Բացատրիր, թե ոմանց համար ինչու է ավելի հեշտ քարոզչության մեջ առաջին քայլերն անել քարոզարշավների ժամանակ։ Նրա համար կարող է օգտակար լինել նաև միջշաբաթյա հանդիպմանը ելույթ ներկայացնելը կամ երկխոսություններին մասնակցելը։ Դա կօգնի նրան համոզվածությամբ խոսել իր հավատալիքների մասին։
ՎՍՏԱՀԻՐ
19. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է իր աշակերտներին, և ինչպե՞ս կարող ենք նրա նման վարվել։
19 Նախքան երկինք բարձրանալը Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նրանք միավորվելու են իր հետ։ Այդ ժամանակ նրանք չհասկացան, որ նա խոսում է նրանց՝ երկինք գնալու մասին։ Հիսուսը գիտեր, որ որոշ բաներ հասկանալու համար նրանց ժամանակ է հարկավոր։ Բայց դրա վրա կենտրոնանալու փոխարեն նա կենտրոնացավ նրանց հավատարմության վրա (Հովհ. 14։1-5, 8; 16։12)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք էլ կարող ենք ուսումնասիրողին ցույց տալ, որ վստահ ենք՝ նա ուզում է հաճեցնել Եհովային։
Որքան շուտ անհատը սկսի խոսել իր հավատի մասին, այնքան ավելի շուտ կսովորի ապավինել Եհովային
20. Մալավիում ապրող մի քույր ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է ուսումնասիրողին։
20 Վստահ եղիր, որ ուսումնասիրողը ցանկանում է ճիշտ վարվել։ Նկատի առնենք Մալավիում ապրող Չիֆունդո անունով մի քրոջ օրինակը։ Նա «Վայելիր կյանքը հավիտյան» գրքով Աստվածաշնչի դասընթաց էր անցկացնում Ալինաֆե անունով մի երիտասարդ կաթոլիկ կնոջ հետ։ 14-րդ դասը քննարկելուց հետո Չիֆունդոն նրան հարցրեց, թե ինչ կարծիք ունի սրբապատկերներ օգտագործելու վերաբերյալ։ Ալինաֆեն վրդովված պատասխանեց. «Դա անձնական ընտրության հարց է»։ Մեր քույրը մտածեց, որ այդ կինը կդադարեցնի ուսումնասիրությունը։ Սակայն համբերությամբ շարունակեց դասընթացը՝ հույսը չկտրելով, որ նա մի օր կփոխի իր տեսակետը։ Մի քանի ամիս հետո, երբ նրանք քննարկում էին 34-րդ դասը, Չիֆունդոն տվեց դասում գրված հետևյալ հարցը. «Աստվածաշունչ ուսումնասիրելը և Եհովային ավելի լավ ճանաչելը ի՞նչ օգուտներ են բերել քեզ»։ Մեր քույրն ասում է. «Ալինաֆեն մի քանի բան նշեց, որոնցից մեկն այն էր, որ Վկաները չեն մասնակցում այնպիսի արարողությունների, որոնք Աստվածաշունչը դատապարտում է»։ Շուտով Ալինաֆեն դադարեց սրբապատկերներ օգտագործելուց և մկրտվեց։
21. Ինչպե՞ս կարող ենք անհատի սրտում բոցավառել Եհովային ծառայելու ցանկությունը։
21 Այո՛, Եհովան է աճեցնողը, բայց մենք մեր լուման ունենք անհատի հոգևոր առաջադիմության հարցում (1 Կորնթ. 3։7)։ Մեր դերը պարզապես Աստծու պահանջները մարդուն հայտնելը չէ։ Մենք նաև օգնում ենք նրան խոր սեր զարգացնել Եհովայի հանդեպ։ Բացի այդ՝ հորդորում ենք դրսևորել այդ սերը՝ ճիշտ առաջնահերթություններ դնելով, նաև սովորեցնում ենք դժվարությունների բախվելիս ապավինել Եհովային։ Երբ ուսումնասիրողի հանդեպ մեր վստահությունն ենք արտահայտում, նա համոզվածությամբ է լցվում, որ ինքն էլ կարող է ապրել Եհովայի սահմանած չափանիշներով և նրան ծառայելու որոշում կայացնել։
ԵՐԳ 55 Նրանցից մի՛ վախեցիր
a Հիսուսի հետ հանդիպումից երկուսուկես տարի անց Նիկոդեմոսը դեռ հրեաների բարձրագույն ատյանի անդամ էր (Հովհ. 7։45-52)։ Մի աշխատության մեջ ասվում է, որ ըստ ավանդության՝ Նիկոդեմոսը աշակերտ է դարձել Հիսուսի մահից հետո միայն (Հովհ. 19։38-40)։
b ՆԿԱՐ։ Պետրոսն ու մյուս ձկնորսները թողեցին ձկնորսությունը, որպեսզի հետևեն Հիսուսին։
c ՆԿԱՐ։ Քույրն օգնում է ուսումնասիրողին նախապատրաստվել, որ ուրիշների հետ խոսի իր կրոնից։