ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48
ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ
«Հոբ» գիրքը՝ տառապանքի սպեղանի
«Հստակ է, որ Աստված անարդարացի չի վարվում, Ամենակարողը արդարությունը չի խեղաթյուրում» (ՀՈԲ 34։12)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
«Հոբ» գիրքը հայտնում է այն մասին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, և թե մենք ինչպես կարող ենք դիմանալ դրան։
1-2. Ինչո՞ւ արժե կարդալ «Հոբ» գիրքը։
ՎԵՐՋԵՐՍ առիթ ունեցե՞լ ես ընթերցելու «Հոբ» գիրքը։ Թեև այս հնագույն գիրքը գրվել է մոտ 3 500 տարի առաջ, սակայն հաճախ այն համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոց։ Անդրադառնալով «Հոբ» գրքի պարզ կառուցվածքին, գեղեցիկ ոճին ու տպավորիչ լեզվին՝ մի աշխատություն դրա հեղինակին կոչում է «գրական հանճար»։ Այս հիանալի գիրքը գրի է առել Մովսեսը, սակայն դրա իրական հեղինակը Եհովա Աստվածն է (2 Տիմոթ. 3։16)։
2 «Հոբ» գիրքը կարևոր նշանակություն ունի Աստվածաշնչում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Պատճառներից մեկն այն է, որ դրանում բացահայտվում է բոլոր բանական էակներին վերաբերող կարևոր հարցը՝ Եհովայի անվան սրբացումը։ Այն նաև սովորեցնում է մեզ Եհովայի զարմանահրաշ հատկությունների մասին, ինչպիսիք են սերը, իմաստությունը, արդարությունը և զորությունը։ «Հոբ» գրքում Եհովայի առնչությամբ 31 անգամ օգտագործվում է «Ամենակարող» տիտղոսը՝ ավելի շատ, քան Սուրբ Գրքի մյուս հատվածներում միասին վերցված։ Այս գիրքը նաև պատասխանում է բազմաթիվ կենսական հարցերի, այդ թվում՝ մի հարցի, որը մինչ օրս շատերին է անհանգստացնում. ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։
3. Որո՞նք են այն օգուտներից մի քանիսը, որ կստանանք՝ ուսումնասիրելով «Հոբ» գիրքը։
3 Ճիշտ ինչպես լեռան վրայից կարող ենք պարզ տեսնել ողջ շրջակայքը, այնպես էլ «Հոբ» գիրքը օգնում է փորձություններին նայել «բարձրից»՝ Եհովայի տեսանկյունից։ Այս հոդվածում կտեսնենք, թե «Հոբ» գիրքն ինչպես կարող է օգնել մեզ, երբ տառապանքներ ենք կրում։ Կիմանանք, թե իսրայելացիներն ինչ օգուտ կարող էին քաղել Հոբի մասին պատմությունից, և թե մենք ինչ օգուտ կարող ենք քաղել։ Նաև կխոսենք այն մասին, թե աստվածաշնչյան այս արձանագրության միջոցով ինչպես կարող ենք օգնել ուրիշներին։
ԱՍՏՎԱԾ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ, ՈՐ ՀՈԲԸ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ԿՐԻ
4. Ի՞նչ ակնհայտ տարբերություն կար Հոբի ու Եգիպտոսում ապրող իսրայելացիների միջև։
4 Այն ժամանակ, երբ իսրայելացիները ստրուկ էին Եգիպտոսում և տառապանքներ էին կրում, Հուս կոչվող երկրում, որը հավանաբար գտնվում էր Խոստացված երկրի արևելքում և Արաբիայի հյուսիսային կողմերում, Հոբ անունով մի մարդ էր բնակվում։ Ի տարբերություն Եգիպտոսում ապրող իսրայելացիների, որոնք սկսել էին կուռքեր պաշտել, նա հավատարմորեն ծառայում էր Եհովային (Հեսու 24։14; Եզեկ. 20։8)։ Եհովան նրա մասին ասաց. «Երկրի վրա նրա նման.... մարդ չկա» (Հոբ 1։8)։a Հոբը չափազանց հարուստ էր և մեծ հարգանք էր վայելում, ավելի մեծ, քան Արևելքում ապրող որևէ մեկը (Հոբ 1։3)։ Որքա՜ն պետք է որ Սատանան կատաղած լիներ՝ տեսնելով, որ այս անվանի ու ազդեցիկ մարդը անարատությամբ ծառայում է Աստծուն։
5. Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ Հոբը տառապի (Հոբ 1։20-22; 2։9, 10)։
5 Սատանան պնդեց, որ Հոբը կհրաժարվի ճշմարիտ երկրպագությունից, եթե տառապանքներ կրի (Հոբ 1։7-11; 2։2-5)։ Թեև Եհովան շատ էր սիրում Հոբին, բայց Սատանայի հանդուգն պնդումը բազմաթիվ կարևոր հարցեր բարձրացրեց, ուստի Աստված Սատանային թույլ տվեց, որ փորձի ապացուցել իր պնդումը (Հոբ 1։12-19; 2։6-8)։ Սատանան Հոբից խլեց նրա հոտերն ու նախիրները, այնպես արեց, որ նրա տասը երեխաները մահանան և նրան ոտքից գլուխ ցավոտ թարախապալարներով պատուհասեց։ Բայց այս հավատարիմ մարդու անարատությունը կոտրելու անմարդկային փորձերը ձախողվեցին (կարդա Հոբ 1։20-22; 2։9, 10)։ Ժամանակի ընթացքում Եհովան վերականգնեց Հոբի առողջությունը, ունեցվածքը, լավ համբավը և նրան ևս տասը երեխա պարգևեց։ Նա նաև հրաշքով երկարացրեց Հոբի կյանքը 140 տարով՝ այնքան, որ նա տեսավ իր ժառանգների չորս սերնդի բարգավաճումը (Հոբ 42։10-13, 16)։ Ինչո՞վ էր այս արձանագրությունն օգտակար հնում ապրած մարդկանց համար, և ի՞նչ օգուտ է այն տալիս մեզ այսօր։
6. Ի՞նչ օգուտ կարող էին քաղել իսրայելացիները՝ իմանալով, թե Աստված ինչու է թույլ տալիս տառապանքը (տես նաև նկարը)։
6 Ինչ օգուտ կարող էին քաղել իսրայելացիները։ Իսրայելացիների կյանքը Եգիպտոսում հեշտ չէր։ Օրինակ՝ Հեսուն և Քաղեբը իրենց երիտասարդությունն անցկացրին ստրկության մեջ։ Այնուհետև, ոչ իրենց մեղքով, 40 տարի դեգերեցին անապատում։ Եթե իսրայելացիները իմացել են Հոբի փորձությունների մասին պատմությունը, և թե դրանք ինչպես են ավարտվել, անկասկած, դա օգնել է նրանց, ինչպես նաև նրանց ապագա սերունդներին հասկանալու, թե իրականում ով է պատասխանատու տառապանքի համար։ Նրանք գուցե նաև ըմբռնել են, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, և թե որքան շատ է կարևորում մարդու անարատությունն ու հավատարմությունը։
Իսրայելացիները, ովքեր երկար տարիներ ստրուկ էին Եգիպտոսում, հետագայում կարող էին օգուտ քաղել՝ իմանալով Հոբի մասին պատմությունը (տես պարբերություն 6)
7-8. Ինչպե՞ս է «Հոբ» գիրքն օգնում նրանց, ովքեր տառապանքներ են կրում։ Բեր օրինակ։
7 Ինչ օգուտ ենք քաղում։ Ցավոք, շատերն այսօր կորցրել են Աստծու հանդեպ հավատը, քանի որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են լավ մարդկանց վատ բաներ պատահում։ Տեսնենք Հեյզելիb օրինակը, ով ապրում է Ռուանդայում։ Երիտասարդ տարիքում նա հավատում էր Աստծուն։ Սակայն նրա կյանքում ամեն ինչ փոխվեց։ Նրա ծնողները ամուսնալուծվեցին, և նրան մեծացրեց խորթ հայրը, ով շատ վատ էր վերաբերվում նրան։ Պատանեկան տարիքում նրան բռնաբարեցին։ Հեյզելը մխիթարության համար գնաց իրենց պաշտամունքի վայր, բայց այդպես էլ մխիթարություն չստացավ։ Հետո նա նամակ գրեց Աստծուն, որտեղ ասում էր. «Աստվա՛ծ, աղոթում էի քեզ և ձգտում էի լավ բաներ անել, բայց լավի դիմաց չարով հատուցեցիր։ Ես հրաժարվում եմ քեզնից և մտադիր եմ անել այն, ինչը կերջանկացնի ինձ»։ Որքա՜ն է մեր սիրտը ցավում Հեյզելի նման մարդկանց համար, ում կյանքը ստիպել է հավատալ, որ Աստված է իրենց տառապանքի պատճառը։
8 Սակայն «Հոբ» գրքի արձանագրությունից իմանում ենք, որ ոչ թե Աստված է տառապանքի պատճառը, այլ Սատանան։ Նաև իմանում ենք, որ ճիշտ չէ եզրակացնել, թե այն մարդիկ, ովքեր տառապում են, հնձում են այն, ինչ ցանել են։ Աստվածաշունչն ասում է, որ «անսպասելի ժամանակ անկանխատեսելի դեպքեր» կարող են պատահել ցանկացած մեկին (Ժող. 9։11; Հոբ 4։1, 8)։ Բացի այդ՝ իմանում ենք, որ երբ հավատարմորեն դիմանում ենք փորձություններին, այդպիսով Եհովան պատասխան է տալիս Սատանային և պաշտպանում իր համբավը (Հոբ 2։3; Առակ. 27։11)։ Այս ճշմարտությունները սովորական բան չենք համարում. դրանք բացահայտում են այն, թե ինչու ենք մենք կամ մեր սիրելիները տառապում։ Հեյզելը հետագայում Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրեց Աստվածաշունչը և հասկացավ, որ Աստված չէ իր տառապանքի պատճառը։ Նա ասում է. «Ես նորից աղոթեցի Աստծուն և սիրտս բացեցի նրա առաջ։ Եհովային ասացի, որ երբ ասել էի, թե հեռանում եմ նրանից, իրականում չէի ուզում այդպես վարվել։ Ես պարզապես լավ չէի ճանաչում նրան։ Հիմա հասկանում եմ, որ Եհովան սիրում է ինձ։ Վերջապես երջանիկ եմ ու բավարարված»։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ գիտենք, թե ինչու է նա թույլ տալիս տառապանքը։ Այժմ տեսնենք, թե Հոբի մասին պատմությունը ինչպես կարող է օգնել մեզ փորձությունների ժամանակ։
«ՀՈԲ» ԳԻՐՔԸ ՕԳՆՈՒՄ Է ՄԵԶ ԴԻՄԱՆԱԼ
9. Ի՞նչ վիճակում էր Հոբը, երբ նստած էր մոխրի մեջ (Հակոբոս 5։11)։
9 Հոբը միայնակ նստած էր մոխրի մեջ, նրա մարմինը պատված էր թարախապալարներով, և նա ցավից կռացել էր։ Նրա մաշկը, որ հիվանդության պատճառով սևացել էր, շերտ-շերտ դուրս էր գալիս։ Հոբը ֆիզիկապես հյուծված էր։ Նա ոչինչ չէր կարողանում անել, միայն կավի մի բեկոր առած՝ ինքն իրեն քերում էր ու հառաչում ցավից։ Բայց նա ոչ միայն շարունակում էր պարզապես գոյատևել, այլև հավատարմորեն դիմանում էր (կարդա Հակոբոս 5։11)։ Ի՞նչն օգնեց Հոբին դիմանալ։
10. Ի՞նչ փոխհարաբերություններ ուներ Հոբը Եհովայի հետ։ Բացատրիր։
10 Հոբը Եհովային ասաց, թե ինչ է զգում (Հոբ 10։1, 2; 16։20)։ Օրինակ՝ 3-րդ գլխից իմանում ենք, որ Հոբը դառնությամբ գանգատվեց իր գլխին եկած ողբերգությունների համար, քանի որ սխալմամբ կարծում էր, թե Եհովան է դրանց պատճառը։ Այնուհետև իր երեք ընկերների հետ բանավիճելու ժամանակ նա վճռականորեն փաստարկներ բերեց, որ անարատ է՝ հաճախ իր պատասխաններն ուղղելով Եհովային։ Հոբի խոսքերից երևում էր, որ նա մի պահ իրեն Աստծուց արդար համարեց (Հոբ 10։1-3; 32։1, 2; 35։1, 2)։ Իրականում, սակայն, նա ընդունեց, որ երբ փորձում էր փաստել իր անարատությունը, երբեմն իր «խոսքերը անսանձ» էին (Հոբ 6։3, 26)։ Իսկ 31-րդ գլխում կարդում ենք, որ Հոբը ցանկանում էր, որ Աստված արդարացներ իրեն (Հոբ 31։35)։ Ինչ խոսք, Հոբը ճիշտ չվարվեց՝ պահանջելով, որ Եհովան իրեն հստակ պատասխանի, թե ով է կանգնած իր տառապանքի հետևում։
11. Ինչպե՞ս Եհովան արձագանքեց անարատության վերաբերյալ Հոբի պատասխանին։
11 Այս արձանագրությունն ընթերցելով՝ տեսնում ենք, որ Հոբի հուսահատ ճիչը արտահայտում է նրա անսասան նվիրվածությունը Եհովայի հանդեպ ու հաստատուն հույսն առ այն, որ նա իրեն անարատ կհամարի։ Երբ Աստված փոթորկի միջից պատասխանեց Հոբին, մանրամասներ չհայտնեց նրա տառապանքի պատճառների մասին։ Նաև չմեղադրեց նրան գանգատվելու համար, ոչ էլ հիշատակեց անմեղությունը փաստելու նրա պայքարի մասին։ Փոխարենը Եհովան ուղղեց Հոբին, ինչպես հայրը՝ որդուն։ Դա նրան օգնելու լավագույն ձևն էր։ Արդյունքում Հոբը խոնարհաբար ընդունեց, որ շատ քիչ բան գիտի, և զղջաց իր անմտածված խոսքերի համար (Հոբ 31։6; 40։4, 5; 42։1-6)։ Այս արձանագրությունը ի՞նչ օգուտ կարող էր բերել անցյալում ապրած մարդկանց, և ինչո՞վ է այն օգտակար մեզ համար։
12. Ի՞նչ օգուտ կարող էին քաղել իսրայելացիները Հոբի մասին արձանագրությունից։
12 Ինչ օգուտ կարող էին քաղել իսրայելացիները։ Հոբի հետ պատահածից իսրայելացիները կարող էին շատ բան սովորել։ Ուշադրություն դարձնենք Մովսեսի օրինակին։ Երբ նա ստանձնեց Իսրայելի ազգի առաջնորդը լինելու դերը, բազմաթիվ դժվարությունների դիմացավ, հիասթափություններ ունեցավ և վհատեցնող իրավիճակներում հայտնվեց։ Ի տարբերություն ըմբոստ իսրայելացիների, որոնք հաճախ գանգատվում էին Եհովայից, Մովսեսը իր մտահոգությունները հայտնում էր Եհովային (Ելք 16։6-8; Թվեր 11։10-14; 14։1-4, 11; 16։41, 49; 17։5)։ Բացի այդ՝ Մովսեսը չկոտրվեց, երբ Եհովան ուղղեց նրան։ Երբ իսրայելացիները Կադեսում ճամբար դրեցին (հավանաբար դա անապատում դեգերելու 40-րդ տարում էր), Մովսեսը «անխոհեմ խոսքեր» ասաց և թերացավ մեծարել Եհովայի անունը (Սաղ. 106։32, 33)։ Արդյունքում Եհովան թույլ չտվեց Մովսեսին մտնել Խոստացված երկիր (2 Օրենք 32։50-52)։ Այս խրատը թերևս ցավ պատճառեց Մովսեսին, բայց նա խոնարհաբար ընդունեց այն։ Հոբի մասին պատմությունը կարող էր իսրայելացիների գալիք սերնդին օգնել դիմանալու փորձություններին։ Այս պատմության մասին մտածելով՝ հավատարիմները կարող էին սովորել, թե ինչպես արտահայտել իրենց զգացումները Եհովային և խուսափել նրա առաջ արդարանալուց։ Նրանք նաև կարող էին սովորել, որ հարկավոր է խոնարհաբար ընդունել Եհովայի խրատը։
13. Հոբի մասին արձանագրությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմացկունություն դրսևորել (Եբրայեցիներ 10։36)։
13 Ինչ օգուտ ենք քաղում։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք նույնպես դիմացկունության կարիք ունենք (կարդա Եբրայեցիներ 10։36)։ Մեզանից ոմանք ֆիզիկական կամ զգացական խնդիրներ ունեն, դժվարություններ՝ ընտանիքում, կորցրել են սիրելի հարազատի կամ այլ լուրջ խնդիր են հաղթահարում։ Երբեմն ուրիշներն իրենց խոսքերով ու գործերով գուցե աղ լցնեն մեր վերքի վրա, ու դիմանալն ավելի դժվար լինի (Առակ. 12։18)։ «Հոբ» գիրքը սովորեցնում է, որ մենք կարող ենք մեր խորունկ զգացումները հայտնել Եհովային՝ վստահ լինելով, որ նա կլսի մեզ (1 Հովհ. 5։14)։ Եվ անգամ եթե մեր անկեղծ աղաչանքները երբեմն վերածվեն «անսանձ խոսքերի», ինչպես եղավ Հոբի պարագայում, Եհովան մեզ չի դատապարտի։ Նա մեզ կտա ուժ և իմաստություն, որոնք կօգնեն դիմանալ (2 Տար. 16։9; Հակ. 1։5)։ Աստված գուցե նաև մեզ անհրաժեշտ չափով շտկի, ինչպես արեց Հոբի դեպքում։ «Հոբ» գիրքը սովորեցնում է, թե ինչպես թևաթափ չլինել և շարունակել ծառայել Եհովային, երբ խորհուրդ կամ խրատ ենք ստանում նրա Խոսքից, կազմակերպությունից կամ մեր հասուն ընկերներից (Եբր. 12։5-7)։ Ինչպես որ Հոբը օգուտներ քաղեց՝ խոնարհաբար ընդունելով խրատը, այնպես էլ մենք օգուտ կստանանք, եթե թույլ տանք, որ խրատը շտկի մեզ (2 Կորնթ. 13։11)։ Իսկապես, Հոբի օրինակը մեզ արժեքավոր դասեր է սովորեցնում։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ենք այս հավատարիմ մարդու մասին պատմության միջոցով օգնել ուրիշներին։
«ՀՈԲ» ԳՐՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕԳՆԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
14. Քարոզելիս ի՞նչ տրամաբանություն կարող ենք օգտագործել տառապանքի գոյությունը բացատրելու համար։
14 Եղե՞լ է այնպես, որ ծառայության ժամանակ հանդիպես մեկին, ով հարցրել է, թե ինչու են մարդիկ տառապում։ Ի՞նչ ես ասել նրան։ Գուցե Աստվածաշնչից ցույց ես տվել, թե ինչ է տեղի ունեցել Եդեմի պարտեզում։ Հնարավոր է՝ խոսել ես այն մասին, որ Սատանան՝ չար ոգեղեն մի էակ, առաջին մարդկային զույգին խաբելով, հրահրել է նրանց ըմբոստանալ Աստծու դեմ (Ծննդ. 3։1-6)։ Ապա նշել ես, որ Ադամի ու Եվայի ըմբոստությունից հետո մարդիկ սկսել են տառապել ու մահանալ (Հռոմ. 5։12)։ Եվ ի վերջո բացատրել ես, որ Աստված թույլ է տալիս, որպեսզի բավարար ժամանակ անցնի, և Սատանայի սուտը քողազերծվի, ու այդ ընթացքում քարոզվի բարի լուրն այն մասին, որ ապագայում մարդիկ կրկին կատարյալ են լինելու (Հայտն. 21։3, 4)։ Սա հարցին պատասխանելու լավ տարբերակ է և կարող է արդյունավետ լինել։
15. Ինչպե՞ս կարող ենք «Հոբ» գրքի միջոցով պատասխանել տառապանքի վերաբերյալ հարցին (տես նաև նկարները)։
15 Տեսնենք, թե «Հոբ» գրքի միջոցով ինչպես կարող ենք օգնել մարդկանց հասկանալու, թե ինչու ենք տառապում։ Երբ ինչ-որ մեկը նման հարց է տալիս, նախ գովիր նրան իմաստալից հարցի համար։ Ապա ասա, որ Հոբը, ով Աստծուն հավատարիմ մարդ էր և շատ տառապանքներ էր կրում, նմանատիպ հարց բարձրացրեց։ Նա նույնիսկ մտածում էր, թե Աստված է իր ցավերի պատճառը (Հոբ 7։17-21)։ Զրուցակիցդ գուցե ինչ-որ չափով զարմանա, որ իր բարձրացրած հարցը հազարամյակների պատմություն ունի։ Այնուհետև նրբանկատորեն բացատրիր, որ Հոբի տառապանքի պատճառը ոչ թե Աստված էր, այլ Սատանան։ Վերջինս այդպիսով փորձում էր ապացուցել, որ մարդիկ Աստծուն ծառայում են միայն եսասիրական շարժառիթներով։ Նշիր նաև, որ թեև Աստված չէր Հոբի տառապանքի պատճառը, բայց այն թույլ տալով՝ նա ցուցաբերեց իր վստահությունն այն բանում, որ իրեն հավատարիմ մարդիկ կփաստեն Սատանայի սխալ լինելը։ Եվ վերջում ասա, որ ժամանակի ընթացքում Աստված օրհնեց Հոբին իրեն հավատարիմ մնալու համար։ Այսպիսով՝ կարող ես մխիթարել մարդկանց՝ հավաստիացնելով, որ Աստված չէ նրանց տառապանքներ պատճառում։
Ինչպե՞ս կարող ենք «Հոբ» գրքի միջոցով հավաստիացնել ուրիշներին, որ «Աստված անարդարացի չի վարվում» (տես պարբերություն 15)
16. Պատմիր մի դեպք, երբ «Հոբ» գիրքը օգնել է դժվարության մեջ եղող մի մարդու։
16 Տեսնենք, թե «Հոբ» գիրքն ինչպես օգնեց Մարիո անունով մի մարդու։ 2021 թ.-ին, երբ մի քույր հեռախոսով քարոզում էր, իր առաջին զանգին պատասխանեց Մարիոն։ Մեր քույրը նրան բացատրեց, որ Աստված ոչ միայն լսում է մեր աղոթքները, այլև հրաշալի ապագա է խոստանում։ Երբ նա ցանկացավ իմանալ Մարիոյի կարծիքը, վերջինս ասաց, որ ուզում էր ինքնասպան լինել և նամակ էր գրում այն պահին, երբ նա զանգեց։ Մարիոն ասաց. «Ես հավատում եմ Աստծուն, բայց այս առավոտ մտածում էի, որ նա թողել է ինձ»։ Հաջորդ անգամ նրանք խոսեցին Հոբի տառապանքների մասին։ Մարիոն որոշեց կարդալ «Հոբ» գիրքն ամբողջությամբ, ուստի մեր քույրը նրան ուղարկեց Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Արդյունքում Մարիոն սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և մեծ ոգևորությամբ սովորել սիրառատ Աստծու մասին, ով հետաքրքրված է նրանով։
17. Ինչո՞ւ ես երախտապարտ Եհովային, որ նա իր Խոսքում ընդգրկել է «Հոբ» գիրքը (Հոբ 34։12)։
17 Հստակ է, որ Աստծու Խոսքը մեծ զորություն ունի օգնելու մարդկանց, այդ թվում նրանց, ովքեր տառապանքներ են կրում (Եբր. 4։12)։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա «Հոբ» գիրքն ընդգրկել է իր ներշնչմամբ գրված Խոսքում (Հոբ 19։23, 24)։ Այս գիրքը հավաստիացնում է մեզ, որ «Աստված անարդարացի չի վարվում» (կարդա Հոբ 34։12)։ Դրանից իմանում ենք, թե Աստված ինչու է թույլ տալիս տառապանքը, և թե ինչպես կարող ենք դիմանալ դրան։ Այն նաև օգնում է մխիթարել նրանց, ովքեր տառապում են։ Հաջորդ հոդվածում «Հոբ» գրքից այլ հետաքրքիր մտքեր կքննենք, օրինակ՝ թե ինչպես արդյունավետորեն խորհուրդ տալ։
ԵՐԳ 156 Հավատն է հուր
a Աստծու հավատարիմ ծառա Հովսեփի մահից (մ.թ.ա. 1657) մինչև Մովսեսի՝ Իսրայելի առաջնորդ նշանակվելու (մ.թ.ա. մոտ 1514) ժամանակահատվածը Հոբն ակներևաբար կենդանի է եղել։ Ուստի Եհովայի ու Սատանայի միջև զրույցը և Հոբի փորձությունները հավանաբար այդ ժամանակ են տեղի ունեցել։
b Որոշ անուններ փոխված են։