ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51
ԵՐԳ 132 Հիմա մեկ մարմին ենք
Թող ձեր հարսանիքը պատիվ բերի Եհովային
«Ամեն ինչ թող պատշաճ ձևով ու կարգուկանոնով արվի» (1 ԿՈՐՆԹ. 14։40)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Քրիստոնյա զույգը կարող է իր հարսանիքի օրը պատիվ բերել Եհովային։
1-2. Եհովան ի՞նչ տեսակետ ունի հարսանիքի վերաբերյալ։
ՆՇԱՆՎԱ՞Ծ ԵՔ։ Շնորհավորում ենք։ Հավանաբար զբաղված եք հարսանիքի կազմակերպչական գործերով։ Եհովան ուզում է, որ դուք վայելեք ձեր հարսանիքի օրըa և միասին երջանիկ ապագա ունենաք (Առակ. 5։18; Երգ 3։11)։
2 Եհովան արժանի է, որ ձեր հարսանիքի օրը փառք բերեք նրան։ Ինչո՞ւ է դա կարևոր, և ինչպե՞ս կարող եք դա անել։ Թեպետ այս հոդվածը հիմնականում վերաբերում է այն զույգերին, որոնք պատրաստվում են ամուսնանալ, սակայն այստեղ քննվող սկզբունքները կարող են յուրաքանչյուրիս օգնել պատիվ բերել Եհովային, երբ մասնակցում ենք հարսանիքի, կամ երբ մեզնից խորհուրդ են հարցնում այն կազմակերպելու վերաբերյալ։
ՁԵՐ ՀԱՐՍԱՆԻՔԸ ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՊԱՏԻՎ ԲԵՐԻ ԵՀՈՎԱՅԻՆ
3. Քրիստոնյա զույգը իր հարսանիքը կազմակերպելիս ի՞նչ պետք է հաշվի առնի և ինչո՞ւ։
3 Քրիստոնյա զույգը իր հարսանիքը կազմակերպելիս պետք է հաշվի առնի Աստծու Խոսքում պարփակված սկզբունքները. չէ՞ որ Աստված է ամուսնության Հիմնադիրը։ Նա է կազմակերպել առաջին հարսանիքը և ամուսնական կապով միավորել Ադամին ու Եվային (Ծննդ. 1։28; 2։24)։ Ուստի հարսանիքը կազմակերպելիս զույգը գլխավորապես պետք է մտածի Եհովայի տեսակետի մասին։
4. Է՞լ ինչ պատճառ ունեք ձեր հարսանիքի օրը Եհովային փառք բերելու։
4 Եհովայի տեսակետը հաշվի առնելու ևս մի կարևոր պատճառ ունեք. նա ձեր երկնային Հայրն է և լավագույն Ընկերը (Եբր. 12։9)։ Անկասկած ուզում եք պահպանել նրա հետ ձեր մտերիմ հարաբերությունները, ուստի չեք ցանկանում, որ ձեր հարսանիքի օրը կամ մեկ այլ օր լինի մի բան, ինչը ցավ կպատճառի ձեր Ընկերոջը (Սաղ. 25։14)։ Մտածելով այն ամենի մասին, ինչ Եհովան արել է ձեզ համար և դեռ անելու է՝ անշուշտ կհամաձայնեք, որ նա արժանի է, որ ձեր հարսանիքի օրը փառք բերեք նրան (Սաղ. 116։12)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՏԻՎ ԲԵՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
5. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել զույգին ծրագրել հարսանիքը։
5 Աստվածաշնչում հարսանեկան արարողության կամ դրան հաջորդող խնջույքի վերաբերյալ կանոնների ցանկ չկա։ Ուստի հարսանիքը կազմակերպելիս կարելի է հաշվի առնել տարբեր հանգամանքներ, սովորույթներ և նախասիրություններ։ Ճշմարիտ քրիստոնյաները նաև պետք է հնազանդվեն «կայսրի» հաստատած օրենքներին (Մատթ. 22։21)։ Ամեն դեպքում, աստվածաշնչյան չափանիշների համաձայն կազմակերպված հարսանիքը փառք կբերի Եհովային և կուրախացնի նրան։ Իսկ որո՞նք են այդ չափանիշները։
6. Ինչո՞ւ է կարևոր, որ զույգը հնազանդվի ամուսնության վերաբերյալ պետական օրենքներին։
6 Հնազանդվեք պետության օրենքներին (Հռոմ. 13։1, 2)։ Բազմաթիվ երկրներում զույգերը նախքան ամուսնանալը պետք է հնազանդվեն որոշ օրենքների։ Նրանք պիտի իմանան, թե ինչ պահանջներ կան այն երկրում, որտեղ ապրում են։ Եթե չգիտեք, թե ինչպես տեղեկություն գտնել դրանց վերաբերյալ, օգնության համար անկաշկանդ դիմեք երեցներին։b
7. Ի՞նչ մթնոլորտ պետք է տիրի հարսանիքի օրը։
7 Արժանավայել մթնոլորտ ստեղծեք (1 Կորնթ. 10։31, 32)։ Ձգտեք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ձեր հարսանիքին տիրի ոչ թե աշխարհի ոգին, այլ դրսևորվի Աստծու ոգու առաջ բերած պտուղը (Գաղ. 5։19-26)։ Գլխավորության վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքի համաձայն՝ փեսան է պատասխանատու այն բանի համար, որ հարսանիքը անցնի ուրախ և արժանավայել։ Ի՞նչը կօգնի հասնել այդ նպատակին։ Աստծու պարգևի՝ ընտանեկան կառույցի հանդեպ երախտագիտություն կառաջացնի Աստվածաշնչի վրա հիմնված հարսանեկան ելույթը՝ ներկայացված սիրով, ջերմությամբ և արժանավայել կերպով։ Բոլոր ներկաները կարող են օգուտ քաղել այդ ելույթից, քանի որ դրանում ընդգծվում է այդ իրադարձության լրջությունը։ Հետևաբար քրիստոնյա զույգերի մեծ մասը նախընտրում է, եթե հնարավոր է, Թագավորության սրահում անցկացնել հարսանեկան ելույթը։ Եթե դուք էլ նման ցանկություն ունեք, ապա հնարավորինս վաղօրոք գրավոր խնդրանք ներկայացրեք տվյալ սրահից օգտվող ժողովներից մեկի երեցների խորհրդին։
8. Ի՞նչը կօգնի արժանավայել մթնոլորտ պահպանել հարսանեկան խնջույքի ժամանակ (Հռոմեացիներ 13։13)։
8 Կարդա Հռոմեացիներ 13։13։ Եթե որոշել եք հարսանեկան խնջույք կազմակերպել, ի՞նչ կարող եք անել, որ այն չարտացոլի աշխարհի ոգին։ Հռոմեացիներ 13։13-ում հունարենից թարգմանված «սանձարձակ խրախճանքներ» արտահայտությունը վերաբերում է այն հավաքույթներին, որոնց ժամանակ չարաշահվում է ալկոհոլը, և մինչև ուշ գիշեր երաժշտություն է հնչում։ Եթե որոշել եք ոգելից խմիչք մատուցել, միջոցներ ձեռնարկեք, որ ոչ ոք չափից շատ չխմի։c Եթե երաժշտություն է հնչելու, հոգ տարեք, որ այն այնպիսի բարձրության լինի, որ չխանգարի հյուրերի շփմանը։ Այնպիսի երգեր ընտրեք, որոնց ժանրն ու խոսքերը բացասաբար չեն ազդի ներկաների հավատի վրա։
9. Ի՞նչ պետք է ի մտի ունենա զույգը, եթե ոմանք խնջույքի ժամանակ ուզում են որևէ խոսք ասել կամ ժամանցային համար ներկայացնել։
9 Ձեր հարսանեկան խնջույքին ուրիշները կարճ խոսքեր ասելո՞ւ են, սահիկաշարեր, տեսանյութեր կամ ժամանցային համարներ լինելո՞ւ են։ Նման բաները հաճախ համ ու հոտ են հաղորդում այդ օրվան։ Սակայն համոզվեք, որ այդ ամենը տեղին կլինի (Փիլիպ. 4։8)։ Մտածեք՝ արդյոք դրանք հարգանք արտահայտո՞ւմ են ուրիշների հանդեպ, չե՞ն նսեմացնում ամուսնական կառույցը, և, որ ավելի կարևոր է, պատիվ բերո՞ւմ են Եհովային։ Թեև հումորները գուցե տեղին լինեն, բայց հավաստիացեք, որ ոչ ոք անպատշաճ, օրինակ՝ սեռական բնույթի կատակներ չի անի (Եփես. 5։3)։ Եթե ձեր ընտանիքի անդամները և ընկերները որոշել են որևէ խոսք ասել խնջույքին, նախապես խոսեք նրանց հետ, որպեսզի վստահ լինեք, որ նրանք հասկանում են, թե ինչ եք նրանցից ակնկալում, և հարգում են ձեր ցանկությունները։
10. Ինչո՞ւ զույգը պետք է համեստ լինի իր հարսանիքը կազմակերպելիս (1 Հովհաննես 2։15-17)։
10 Համեստ եղեք (կարդա 1 Հովհաննես 2։15-17)։ Եհովան գնահատում է, երբ իր ծառաները ձգտում են պատվել իրեն, ոչ թե անտեղի ուշադրություն են հրավիրում իրենք իրենց վրա։ Ուստի համեստ քրիստոնյաները կխուսափեն չափից մեծ գումար ծախսելուց և «ունեցածը ցուցադրաբար ներկայացնելուց»։ Իսկ ինչո՞վ է օգտակար համեստ հարսանիք անելը։ Դա պարզ երևում է Նորվեգիայից Մայք անունով մի եղբոր խոսքերից։ Նա ասում է. «Մենք պարտքերի տակ չընկանք և կարողացանք շարունակել ռահվիրայությունը։ Մեր հարսանիքը պարզ էր, բայց և գեղեցիկ ու հիշարժան»։ Հնդկաստանից մի քույր էլ՝ Տաբիթան, ասում է. «Մենք խուսափեցինք բազմաթիվ գլխացավանքներից։ Քանի որ մեր հարսանիքը համեստ էր, քիչ բան կար պլանավորելու և տարակարծիք լինելու շատ առիթներ չեղան»։
Անկախ նրանից, թե քրիստոնյան որտեղ է ապրում, նրա հարսանիքը կարող է լինել համեստ, գեղեցիկ և հիշարժան (տես պարբերություններ 10-11)
11. Ինչպե՞ս կարող են հարսն ու փեսան համեստ լինել հագուկապի և հարդարանքի հարցում (տես նաև նկարները)։
11 Որոշե՞լ ես՝ ինչ ես հագնելու այդ օրը։ Անկասկած ուզում ես հնարավորինս լավ տեսք ունենալ։ Նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում հարսն ու փեսան հատուկ ուշադրություն էին դարձնում իրենց տեսքին (Ես. 61։10)։ Իհարկե, հարսանեկան հագուստը գուցե որոշ չափով տարբերվի այն հագուստից, որը կրում եք այլ առիթներով, բայց այն, միևնույն է, պետք է համեստ լինի (1 Տիմոթ. 2։9)։ Թող որ ձեր հագուստը կամ տեսքը հարսանեկան օրվա ամենից աչքի ընկնող բանը չլինի (1 Պետ. 3։3, 4)։
12. Ինչո՞ւ զույգը չպետք է հետևի իր տեղանքում տարածված հարսանեկան հակասուրբգրային սովորույթներին։
12 Մի՛ հետևեք հակասուրբգրային սովորույթներին (Հայտն. 18։4)։ Սատանայի աշխարհը հարսանեկան սովորույթները ապականել է հեթանոսական, ոգեհարցական և սնոտիապաշտական տարրերով։ Եհովան հստակ նախազգուշացնում է մեզ հեռու մնալ այդպիսի անմաքուր բաներից (2 Կորնթ. 6։14-17)։ Գուցե ձեր տարածքում կան սովորույթներ կամ ավանդույթներ, որոնք կասկածելի են, և չեք կողմնորոշվում՝ ձեր հարսանիքի օրը դրանց հետևել, թե ոչ։ Այդ դեպքում ուսումնասիրեք դրանց ծագումը և հաշվի առեք աստվածաշնչյան սկզբունքները։
13. Ինչպե՞ս կարող է զույգը ընդօրինակել Եհովային, երբ նվերներ է ստանում։
13 Ձեր տեղանքում ընդունվա՞ծ է, որ հյուրերը նվերներ տան ամուսնացող զույգին։ Հրավիրվածները, գուցե իրենց ֆինանսական վիճակից ելնելով, տարբեր նվերներ տան։ Ինչ խոսք, քրիստոնյաներին հորդոր է տրվում առատաձեռն լինել, և դա նրանց ուրախություն է պատճառում (Առակ. 11։25; Գործ. 20։35)։ Սակայն մենք չենք ցանկանա, որ մեր հյուրերը պարտավորված զգան նվեր տալու կամ այնպիսի զգացում ունենան, թե համեստ նվերը չի գնահատվի։ Մենք ընդօրինակում ենք Եհովային՝ ձգտելով նվերներ ստանալու վերաբերյալ ունենալ նրա տեսակետը, որպեսզի մարդիկ չկաշկանդվեն տալ իրենց ունեցածին համապատասխան և դա անեն սրտանց (2 Կորնթ. 9։7)։
ԽՈՒՍԱՓԵՔ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԿԱՄ ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ԴՐԱՆՔ
14. Որոշ զույգեր ի՞նչ խնդիրների են բախվում։
14 Երբ ծրագրում ես Եհովային պատիվ բերող հարսանիք կազմակերպել, հնարավոր է՝ խնդիրների բախվես։ Օրինակ՝ գուցե դժվար լինի համեստ հարսանիք անել։ Չառլին, ով Սողոմոնի կղզիներից է, ասում է. «Շատ դժվար էր կողմնորոշվել, թե ում հրավիրել խնջույքին։ Մենք բազմաթիվ ընկերներ ունենք, և մեր մշակույթն այնպիսին է, որ բոլորը ակնկալում են, որ իրենց կհրավիրեն»։ Տաբիթան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Մեր տեղանքում ընդունված է մեծ խնջույքներ անել։ Ուստի ժամանակ պահանջվեց, որ մեր ծնողները համակերպվեն այն մտքին, որ մենք որոշել ենք ընդամենը մոտ 100 հոգի հրավիրել»։ Իսկ Հնդկաստանում ապրող Սառան ասում է. «Որոշ մարդիկ մեծ շեշտ են դնում սոցիալական կարգավիճակի վրա։ Զարմիկներս ճոխ հարսանիք էին արել, և այդ հանգամանքը ճնշում էր ինձ, ու մտածում էի, որ իմը ավելի ճոխ պետք է լինի»։ Ի՞նչը կօգնի ձեզ հաղթահարել այս և նմանատիպ խնդիրները։
15. Հարսանիքը պլանավորելիս ինչո՞ւ է կարևոր հաճախ աղոթել։
15 Հարսանիքը պլանավորելիս հաճախ աղոթեք։ Կարող եք Եհովային աղոթել ցանկացած հարցի կամ ձեր զգացումների մասին (Փիլիպ. 4։6, 7)։ Խնդրեք նրան, որ օգնի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել, հանդարտ մնալ, երբ անհանգիստ եք, և քաջ լինել, երբ դրա կարիքն առաջանա (1 Պետ. 5։7)։ Եհովայի հանդեպ ձեր վստահությունը ավելի կամրանա, երբ տեսնեք, թե ինչպես է նա գործում հօգուտ ձեզ։ Տաբիթան, ում մասին նշեցինք այս հոդվածում, ասում է. «Ես ու նշանածս անհանգստանում էինք, որ տարաձայնություններ կունենանք միմյանց և մեր ընտանիքների հետ։ Ուստի ամեն անգամ, երբ քննարկում էինք հարսանիքի հետ կապված հարցերը, նախ աղոթում էինք։ Զգում էինք, որ Եհովան իսկապես օգնում է մեզ, և այդ քննարկումները խաղաղ մթնոլորտում էին անցնում»։
16-17. Հարսանիքը պլանավորելիս ինչո՞ւ է կարևոր լավ հաղորդակցվել։
16 Խոսեք պարզ և նրբանկատորեն (Առակ. 15։22)։ Հարսանիքը պլանավորելիս դուք պետք է տարբեր որոշումներ կայացնեք։ Օրինակ՝ պիտի որոշեք ամսաթիվը, որքան գումար եք ծախսելու, ում եք հրավիրելու և այլն։ Նախքան որոշում կայացնելը միասին քննարկեք ձեր տարբերակները և հաշվի առեք դրանց վերաբերյալ սուրբգրային սկզբունքներն ու հասուն և փորձառու հավատակիցների խորհուրդները։ Ձեր նախընտրությունների մասին խոսելիս եղեք բարեհամբույր, ողջամիտ և զիջող։ Եթե ձեր ընտանիքի անդամները, օրինակ՝ ծնողները, ողջամիտ առաջարկներ են անում, ձգտեք կիրառել դրանք։ Ձեր հարսանիքը հատուկ իրադարձություն է նաև նրանց համար։ Եթե չեք կարող ընդունել նրանց առաջարկը, նրբանկատորեն բացատրեք, թե ինչու (Կող. 4։6)։ Թող ընտանիքի անդամները հստակ տեսնեն, որ ձեր առաջնային նպատակն է անցկացնել ուրախ միջոցառում, որը պատիվ կբերի Եհովային։
17 Ձեր նախընտրությունների մասին ծնողներին հայտնելը կարող է հատկապես դժվար լինել, եթե նրանք Վկա չեն։ Բայց դուք կկարողանաք նրբանկատորեն դա անել։ Հնդկաստանում ապրող Սանթոշ անունով մի եղբայր ասում է. «Մեր ծնողները ցանկանում էին, որ մեր հարսանեկան արարողության մեջ հինդուական ծեսեր ներառենք։ Երկար ժամանակ պահանջվեց, որ ես ու նշանածս բացատրենք նրանց մեր դիրքորոշումը։ Այն հարցերում, որոնցում հնարավոր էր զիջումների գնալ՝ առանց Եհովային տհաճեցնելու, փոփոխություններ արեցինք։ Օրինակ՝ փոխեցինք խնջույքի ճաշացանկը և որոշեցինք, որ երգ ու պար չի լինի, քանի որ նրանք սովոր չէին նման բաների»։
18. Ի՞նչ կարող եք անել, որ հարսանիքի օրը ամեն ինչ հարթ լինի (1 Կորնթացիներ 14։40; տես նաև նկարը)։
18 Տեղը-տեղին պլանավորեք։ Եթե ամեն ինչ լավ կազմակերպեք, հավանական է, որ հարսանիքի օրը սթրեսը քիչ կլինի (կարդա 1 Կորնթացիներ 14։40)։ Թայվանում ապրող Ուեյն անունով մի եղբայր ասում է. «Մեր հարսանիքից մի քանի օր առաջ փոքր հանդիպում կազմակերպեցինք նրանց հետ, ովքեր ցանկություն էին հայտնել միջոցառման հետ կապված օգնել մեզ։ Մենք քննարկեցինք մեր ծրագրերը և փորձեր արեցինք, որպեսզի համոզվենք, որ հարսանիքը սահուն կընթանա»։ Հյուրերի հանդեպ հարգանքից ելնելով՝ հարկավոր է ամեն բան անել, որ հարսանիքի յուրաքանչյուր մաս ծրագրված ժամանակին սկսվի։
Հարսանիքը լավ պլանավորելը կօգնի, որ այն սահուն ընթանա (տես պարբերություն 18)
19. Ի՞նչը կօգնի վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ լինելու է խնջույքին։
19 Շատ խնդիրներ հնարավոր է կանխել, եթե նախապես մտածեք, թե ինչ կարող է լինել (Առակ. 22։3)։ Օրինակ՝ եթե ձեր տարածքում ընդունված է, որ հարսանեկան խնջույքին գան չհրավիրված մարդիկ, մտածեք, թե ինչ կարելի է անել դրանից խուսափելու համար։ Համոզվեք, որ ձեր ոչ Վկա բարեկամները գիտեն, թե ինչ է լինելու խնջույքին, և նրանց բացատրեք հարսանեկան որոշ սովորույթների վերաբերյալ ձեր տեսակետը։ Կարող եք նրանց jw.org կայքից ուղարկել «Ինչպե՞ս են անցկացվում Եհովայի վկաների հարսանեկան արարողությունները» հոդվածի հղումը։ Ամեն ինչ վերահսկողության տակ պահելու համար կարող եք խնդրել մի հասուն եղբոր, որ լինի ձեր «խնջույքի պատասխանատուն» (Հովհ. 2։8)։ Եթե նրան հստակ ասեք հարսանիքի հետ կապված ձեր բոլոր ծրագրերի մասին, նա կկարողանա օգնել, որ հարսանիքը անցնի արժանավայել կերպով և ծրագրածի համաձայն։
20. Ի՞նչ պետք է հիշի զույգը իր հարսանիքի վերաբերյալ։
20 Երբ մտածեք, թե որքան բան կա անելու ձեր հարսանիքը պլանավորելու համար, գուցե մտահոգվեք։ Սակայն հիշեք, որ հարսանիքը ընդամենը մեկ օր է լինում։ Դա առաջին օրն է այն գեղեցիկ կյանքի, որ միասին կարող եք վայելել որպես Եհովայի ծառաներ։ Ուստի ամեն բան արեք, որ հարսանիքը լինի պարզ և արժանավայել։ Վստահեք Եհովային։ Հետևելով նրա տված խորհուրդներին՝ դուք կկարողանաք այնպիսի հարսանիք կազմակերպել, որը միայն ջերմ ու հաճելի հուշեր կարթնացնի, և ափսոսանքի ոչ մի զգացում չեք ունենա (Սաղ. 37։3, 4)։
ԵՐԳ 107 Աստվածային սիրո օրինակը
a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Շատ մշակույթներում հարսանիքի օրը հարսանեկան ելույթ է արվում, և զույգը Աստծու առաջ ամուսնական երդում է տալիս։ Դրանից հետո գուցե նաև խնջույք լինի։ Իսկ այն երկրներում, որտեղ ընդունված չէ հարսանեկան արարողություն կամ խնջույք անել, միևնույն է, զույգը կարող է օգուտներ քաղել՝ քննելով հարսանիքի հետ կապված աստվածաշնչյան սկզբունքները։
b Այն, թե ինչպես են քրիստոնյաները վերաբերվում ամուսնության վերաբերյալ օրենքներին, տես «Դիտարանի» 2006 թ. հոկտեմբերի 15-ի համարում հրատարակված «Արժանավայել ամուսնություն Աստծու և մարդկանց առջև» հոդվածը։
c jw.org կայքում տես «Արժե՞ ալկոհոլ մատուցել» տեսանյութը։