Թող ձեր ամուսնության օրը ուրախ և արժանավայել լինի
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆՍ օրը իմ կյանքի ամենաիմաստալից և ուրախ օրերից մեկն է եղել»,— ասում է Գորդոնը, որը գրեթե 60 տարի է, ինչ ամուսնացած է։ Ինչո՞ւ է ամուսնության օրը ճշմարիտ քրիստոնյաների համար մեծ իմաստ կրում։ Այդ օրը քրիստոնյան սրբազան երդում է տալիս այն անձնավորություններին, ում ջերմորեն սիրում է՝ իր ապագա կողակցին ու Եհովա Աստծուն (Մատթէոս 22։37; Եփեսացիս 5։22–29)։ Անշուշտ, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, ցանկանում են, որ իրենց ամուսնության օրը ոչ միայն ուրախ անցնի, այլև պատիվ բերի ամուսնության Հիմնադրին (Ծննդոց 2։18–24; Մատթէոս 19։5, 6)։
Ի՞նչ կարող է անել փեսան, որ այդ ուրախ իրադարձությունը արժանավայել անցնի։ Ինչպե՞ս կարող է հարսը պատվել թե՛ փեսային և թե՛ Եհովային։ Ինչպե՞ս կարող են ներկաները նպաստել, որ ամուսնության օրն ուրախ անցնի։ Այս հարցերի պատասխանները կարող ենք գտնել՝ քննարկելով աստվածաշնչյան մի քանի սկզբունքներ։ Դրանց կիրառումը նվազագույնի կհասցնի այն հավանական խնդիրները, որոնք կարող են ստվեր գցել այդ հատուկ իրադարձության վրա։
Ո՞վ է պատասխանատուն
Շատ երկրներում Եհովայի վկա ծառայողը կարող է օրինականորեն անցկացնել ամուսնության արարողություն և զույգին գրանցել։ Նույնիսկ եթե օրենքով պահանջվում է, որ ոչ Վկա քաղաքացիական ծառայողն ամուսնացնի զույգին, գուցե հարսն ու փեսան ցանկանան, որ դրանից հետո ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան ելույթ ներկայացվի։ Այդ ելույթում փեսային հորդոր է տրվում կատարել ընտանիքի գլխի իր աստվածատուր դերը (Ա Կորնթացիս 11։3)։ Հետևաբար, փեսան է կրում գլխավոր պատասխանատվությունը, թե ինչ տեղի կունենա ամուսնության արարողության ժամանակ։ Ինչ խոսք, այդ արարողությանն ու, եթե նախատեսվում է հավաքույթ, այդ հավաքույթին սովորաբար վաղօրոք են պատրաստվում։ Ի՞նչ դժվարությունների հետ կարող են կապված լինել այդ պատրաստությունները։
Դժվարություններից մեկը կարող է լինել այն, որ հարսի կամ փեսայի հարազատները փորձեն իրե՛նք որոշել, թե ինչպես պիտի անցնեն ամուսնության հետ կապված նախապատրաստությունները։ Ռոդոլֆոն, որը ամուսնական շատ արարողություններ է անցկացրել, նշում է. «Երբեմն փեսայի հարազատները նրա վրա մեծ ճնշում են գործադրում, մանավանդ այն դեպքերում, երբ օգնում են փեսային հարսանեկան խնջույքի հետ կապված ծախսերը փակելու հարցում։ Հնարավոր է՝ նրանք լիովին համոզված են, որ ամուսնական արարողությունը և խնջույքը պետք է այսպես կամ այնպես անցկացվի։ Այս ամենի պատճառով փեսան կարող է զրկվել պատասխանատուի իր սուրբգրային պարտականությունը կատարելու հնարավորությունից»։
Մաքսը, որն ավելի քան 35 տարի ամուսնական արարողություններ է անցկացրել, նկատում է. «Շատ հարսեր իրենք են որոշում, թե ամուսնական արարողությունն ու խնջույքը ինչպես պետք է կատարվեն, իսկ փեսաները իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն գրեթե չեն ստանում»։ Դեյվիդը, որը նույնպես շատ ամուսնություններ է գրանցել, ասում է. «Փեսաները առաջնորդություն չեն վերցնում և սովորաբար լիարժեքորեն չեն մասնակցում ամուսնության նախապատրաստությանը»։ Ինչպե՞ս կարող է փեսան հարկ եղած ձևով կատարել իր պարտականությունը։
Խորհրդակցությունը նպաստում է ուրախությանը
Նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ կազմակերպելու համար փեսան պետք է խորհրդակցի մյուսների հետ։ Աստվածաշունչը պարզ ասում է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս» (Առակաց 15։22)։ Սակայն փեսան շատ ‘խանգարումներից’, այսինքն՝ ձախողումներից կարող է խուսափել, եթե նախապատրաստությունների մասին նախ խորհրդակցի իր հարսի, հարազատների և նրանց հետ, ովքեր կարող են աստվածաշնչյան իմաստուն խորհուրդներ տալ։
Այո՛, շատ կարևոր է, որ հարսն ու փեսան նախ միասին քննարկեն իրենց հետաքրքրող հարցերն ու հավանական իրավիճակները։ Ինչո՞ւ։ Տեսնենք, թե ինչ են ասում Իվանն ու իր կինը՝ Դելուինը, որոնք տարբեր մշակույթներից են, սակայն արդեն երկար տարիներ է, ինչ ընտանեկան երջանիկ կյանք են վայելում։ Վերհիշելով, թե ինչպես էին նախապատրաստվում իրենց ամուսնությանը՝ Իվանն ասում է. «Ես հստակորեն գիտեի, թե որոնք են իմ ցանկությունները մեր ամուսնության առնչությամբ. պետք է լիներ հարսանեկան խնջույք, որին կմասնակցեին իմ բոլոր ընկերները, հարսանեկան տորթ, իսկ իմ հարսը պետք է սպիտակ զգեստ հագներ։ Սակայն Դելուինը ցանկանում էր, որ հարսանիքը փոքր ու համեստ լիներ՝ առանց հարսանեկան տորթի։ Նա նույնիսկ մտածում էր հարսանեկան զգեստի փոխարեն սովորական զգեստ հագնել»։
Ինչպե՞ս կարողացան Իվանն ու Դելուինը հարթել իրենց միջև եղած տարաձայնությունը. նրանք անկեղծորեն ու սիրալիր իրար հետ խորհրդակցեցին (Առակաց 12։18, ԱԱ)։ Իվանը շարունակում է. «Մենք ուսումնասիրեցինք ամուսնական արարողությանը վերաբերող աստվածաշնչյան հոդվածներ, օրինակ, «Դիտարանի» 1984 թ. ապրիլի 15–ի համարում տպագրված հոդվածները (անգլ.; [1985 թ., օգոստոսի 1, ռուս.])։a Դրանք մեզ օգնեցին հոգևոր տեսանկյունից նայել այդ իրադարձությանը։ Հաշվի առնելով մեր տարբեր ծագումները՝ մենք անձնական նախընտրության մի քանի հարցերում փոխզիջման գնացինք ու որոշակի համաձայնության եկանք»։
Արետն ու Փենին նույն կերպ վարվեցին։ Արետն ասում է. «Փենին ու ես քննարկեցինք մեր՝ իրարից տարբերվող ցանկությունները ու եկանք փոխադարձ համաձայնության։ Աղոթքով խնդրեցինք Եհովային օրհնել մեր ամուսնության օրը։ Ես նաև խորհուրդ հարցրեցի մեր ծնողներից և ժողովի որոշ փորձառու ամուսիններից։ Նրանց առաջարկությունները մեծապես օգնեցին մեզ։ Որպես արդյունք՝ մեր ամուսնության օրը հրաշալի անցավ»։
Արժանավայել հագուկապ և հարդարանք
Միանգամայն հասկանալի է, որ թե՛ հարսը և թե՛ փեսան իրենց ամուսնության օրը ցանկանում են գեղեցիկ տեսք ունենալ (Սաղմոս 45։8–15)։ Համապատասխան հագուստ ձեռք բերելու համար նրանցից գուցե ժամանակ, ջանքեր ու դրամ պահանջվի։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները նրանց կօգնեն ընտրել արժանավայել ու գեղեցիկ հագուստ։
Խորհենք այն մասին, թե հարսը ինչպիսի հագուստ է կրում այդ օրը։ Թեև մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, այնուամենայնիվ Աստվածաշնչի խորհուրդները բոլորին են վերաբերում։ Աստծու Խոսքն ասում է, որ կանայք «վայելուչ հագուստով ամօթխածութիւնով [«համեստությամբ», ՆԱ] եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն»։ Քրիստոնյա կանայք պետք է այս խորհրդին հետևեն ամեն ժամանակ, և հատկապես՝ ամուսնության օրը։ Ճշմարտությունն այն է, որ ամուսնական արարողությունը ուրախ անցկացնելու համար ‘մեծածախս հանդերձ’ (ԱԱ) չի պահանջվում (Ա Տիմոթէոս 2։9; Ա Պետրոս 3։3, 4)։ Այս խորհրդի կիրառումը բավականության մեծ զգացում է առաջ բերում։
Դեյվիդը, որի խոսքերը մեջբերեցինք վերևում, ասում է. «Զույգերի մեծ մասը ձգտում է հետևել աստվածաշնչյան սկզբունքներին, և նրանք գովասանքի են արժանի։ Սակայն եղել են դեպքեր, երբ հարսը կամ նրա ընկերուհիները անհամեստ՝ մեծ լանջաբաց (դեկոլտե) ունեցող կամ թափանցիկ հագուստներ են կրել»։ Մի փորձառու երեց, հարս ու փեսայի հետ նախօրոք հանդիպելով, օգնեց նրանց հոգևոր տեսակետ պահպանել այս հարցում։ Ինչպե՞ս։ Նա հարցրեց, թե նրանք ինչպիսի հագուստն են համարում բավականաչափ համեստ, որը հնարավոր կլիներ հագնել քրիստոնեական հանդիպումներին։ Իհարկե, հարսանեկան հագուստը կարող է տարբերվել այն հագուստից, որը կրում ենք ժողովի հանդիպումներին, և, բացի այդ, տեղի սովորույթները կարող են որոշակի դեր ունենալ այս հարցում։ Սակայն հագուստն իր համեստությամբ պետք է արտացոլի քրիստոնեական բարձր չափանիշները։ Թեև աշխարհում ոմանք Աստվածաշնչի բարոյական չափանիշները չափազանց սահմանափակող են համարում, ճշմարիտ քրիստոնյաները թույլ չեն տալիս, որ աշխարհն իրենց մտցնի իր կաղապարի մեջ (Հռովմայեցիս 12։2; Ա Պետրոս 4։4)։
Փենին ասում է. «Արետի ու ինձ համար ավելի կարևոր էր ոչ թե հագուստն ու հարսանեկան խնջույքը, այլ բուն արարողությունը՝ իրադարձության հոգևոր մասը։ Դա էր օրվա ամենակարևոր մասը։ Իմ մտքում տպավորվել են ոչ թե հարսանեկան հագուստն ու ուտեստեղենը, այլ ներկաների հետ վայելած ընկերակցությունը և այն ուրախությունը, որ զգում էի՝ ամուսնանալով իմ սիրած անձնավորության հետ»։ Քրիստոնյա զույգերի համար օգտակար կլինի հիշել այս մտքերը, երբ պատրաստվում են ամուսնանալ։
Թագավորության սրահ՝ հարգանքի արժանի վայր
Քրիստոնյա շատ զույգեր իրենց ամուսնական արարողությունը ցանկանում են Թագավորության սրահում անցկացնել, եթե, իհարկե, կա Թագավորության սրահ։ Ինչո՞ւ։ Մի զույգ ասում է. «Մենք գիտակցում էինք, որ ամուսնությունը Եհովայի սրբազան կառույցն է։ Թագավորության սրահում՝ մեր երկրպագության վայրում ամուսնանալը մեզ վրա մեծ ազդեցություն թողեց ու հենց առաջին օրվանից օգնեց հիշել, որ ամուսնական կյանքում Եհովայի կարիքն ունենք։ Արարողությունը Թագավորության սրահում անցկացնելու օգուտներից մեկն էլ այն էր, որ այնտեղ ներկա գտնվող մեր ոչ Վկա հարազատները տեսան, թե մեզ համար որքան կարևոր է Եհովային երկրպագելը»։
Եթե երեցները, որոնք պատասխանատու են Թագավորության սրահի համար, տան իրենց համաձայնությունը, որ արարողությունն անցկացվի Սրահում, ապա զույգը պետք է նախօրոք տեղեկացնի նրանց, թե ինչ պատրաստություններ է նախատեսում անել այնտեղ։ Հարսն ու փեսան ցույց կտան իրենց խոր հարգանքը արարողությանը հրավիրվածների հանդեպ, եթե Սրահ գան նշանակված ժամին։ Նրանք, անշուշտ, կցանկանան հավաստիանալ, որ ամեն ինչ տեղի կունենա արժանավայել ձևով (Ա Կորնթացիս 14։40)։b Այդպես՝ ամուսնացողները կխուսափեն անվայել արարքներից, որոնք հատուկ են աշխարհում անցկացվող շատ հարսանիքների (Ա Յովհաննէս 2։15, 16)։
Հրավիրվածները նույնպես կարող են ցույց տալ, որ Եհովայի տեսակետն ունեն ամուսնության վերաբերյալ։ Օրինակ՝ նրանք չեն ակնկալի, որ տվյալ արարողությունը գերազանցի մյուս արարողություններին, կարծես թե քրիստոնյաները պետք է իրար հետ մրցեն, թե ում ամուսնությունն է ավելի ճոխ։ Հասուն քրիստոնյաները նաև գիտակցում են, որ Թագավորության սրահում հարսանեկան ելույթ լսելն ավելի կարևոր ու օգտակար է, քան դրանից հետո խնջույքին կամ հավաքույթին մասնակցելը։ Եթե ժամանակը կամ հանգամանքները քրիստոնյային թույլ են տալիս ներկա գտնվել այդ երկու մասերից միայն մեկին, անշուշտ, նա կնախընտրի լսել հարսանեկան ելույթը։ Ուիլյամ անունով մի երեց ասում է. «Եթե հյուրերը առանց որևէ լուրջ պատճառի բաց են թողնում Թագավորության սրահում ներկայացվող ելույթը, սակայն հետո մասնակցում են խնջույքին, ցույց են տալիս, որ բարձր չեն գնահատում այդ իրադարձության հոգևոր մասը։ Նույնիսկ եթե մեզ չեն հրավիրել մասնակցելու հարսանեկան խնջույքին, այնուամենայնիվ կարող ենք ցույց տալ մեր աջակցությունը հարս ու փեսային և հիանալի վկայություն տալ նրանց ոչ Վկա հարազատներին՝ ներկա գտնվելով Թագավորության սրահում անցկացվող արարողությանը»։
Ուրախություն, որ շարունակվում է ամուսնության օրից հետո
Կոմերցիոն աշխարհը հարսանեկան արարողությունները մեծ եկամուտների աղբյուր է դարձրել։ Համաձայն վերջերս արված մի հետազոտության՝ ԱՄՆ–ում անցկացվող հարսանիքները միջին հաշվով «արժեն 22 000 դոլար, այլ խոսքով՝ միջին ամերիկյան ընտանիքի [տարեկան] եկամտի կեսը»։ Գտնվելով առևտրի աշխարհի պրոպագանդայի ազդեցության տակ՝ շատ նորապսակներ կամ նրանց հարազատները այդ մեկ օրվա համար մեծ պարտքեր են անում, որոնք չեն կարողանում մարել տարիներ շարունակ։ Կարելի՞ է նման վարվելակերպը ամուսնության իմաստուն սկիզբ համարել։ Նրանք, ովքեր չգիտեն կամ չեն ցանկանում առաջնորդվել աստվածաշնչյան սկզբունքներով, կարող են իրենց այսպիսի անխոհեմ շռայլություն թույլ տալ։ Սակայն նման հարսանիքներից որքա՜ն են տարբերվում ճշմարիտ քրիստոնյաների հարսանիքները։
Հաշվի առնելով իրենց հնարավորությունները և առաջնորդվելով ողջամտությամբ, ինչպես նաև կարևորություն տալով հարսանեկան արարողության հոգևոր կողմին՝ շատ քրիստոնյա զույգեր փոքր հարսանիք են արել և ի վիճակի են եղել իրենց ժամանակն ու միջոցները տրամադրել Աստծու կամքի կատարմանը (Մատթէոս 6։33)։ Ահա Լոյդի և Ալեքսանդրայի օրինակը, ովքեր իրենց ամուսնությունից հետո՝ 17 տարի, շարունակել են լիաժամ ծառայել։ Լոյդն ասում է. «Ոմանց կարծիքով՝ մեր հարսանիքը շատ հասարակ էր, սակայն Ալեքսանդրայի ու ինձ համար այն անչափ հաճելի իրադարձություն էր։ Մենք գիտեինք, որ մեր ամուսնության օրը պիտի ոչ թե ֆինանսական բեռ դնի մեր ուսերին, այլ լինի Եհովայի հիմնած ամուսնական կառույցը մեծարող հրաշալի արարողություն ու երկուսիս էլ մեծ ուրախություն պատճառի»։
Ալեքսանդրան ավելացնում է. «Նախքան մեր ամուսնությունը ես լիաժամ էի ծառայում և չէի ցանկանում թողնել ծառայությունս ճոխ հարսանիք անելու պատճառով։ Իհարկե, մեր ամուսնության օրը հատուկ էր։ Սակայն այդ օրը մեր համատեղ կյանքի լոկ առաջին օրն էր։ Մենք կիրառեցինք հետևյալ խորհուրդը. պետք է կենտրոնանալ ոչ թե ամուսնության բուն արարողության, այլ ապագա ընտանեկան կյանքի վրա՝ հետևելով Եհովայի առաջնորդությանը։ Եհովան, անկասկած, մեզ առատ օրհնություններ պարգևեց»։c
Այո՛, ձեր ամուսնության օրը յուրահատուկ իրադարձություն է։ Այդ օրը ձեր ցուցաբերած վերաբերմունքը և ձեր կատարած գործողությունները կարող են լավ սկիզբ դնել ձեր հետագա ամուսնական կյանքին։ Ուստի փնտրեք Եհովայի առաջնորդությունը (Առակաց 3։5, 6)։ Թող ձեզ համար ամենակարևորը լինի այդ օրվա հոգևոր մասը։ Աստված ձեզանից յուրաքանչյուրին տվել է որոշակի դեր, ուստի միմյանց օգնե՛ք այդ դերերը կատարելու համար։ Այդպես դուք ամուր հիմք կդնեք ձեր ամուսնության համար և, Եհովայի օրհնությամբ, ձեր ուրախությունը դեռ երկար կշարունակվի ամուսնության օրից հետո (Առակաց 18։22)։
[ծանոթագրություններ]
a Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2002 թ. փետրվարի 8–ի համարը (ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Եթե հարսն ու փեսան մտադիր են որևէ մեկին խնդրել լուսանկարելու կամ նկարահանելու Թագավորության սրահում տեղի ունեցող արարողությունը, ապա նրանք պետք է նախօրոք հավաստիանան, որ ոչինչ չի նսեմացնի ամուսնության արարողությունը։
c Տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքի 26–րդ էջը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 29-րդ էջի վրա]
Զույգերը պետք է հարգալից ու անկեղծորեն միմյանց հետ խորհրդակցեն հարսանեկան հարցերի շուրջ
[նկար 31-րդ էջի վրա]
Թող ձեզ համար ամենակարևորը լինի ամուսնության օրվա հոգևոր մասը